24.11.2024
Երևանում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում` թուրքագետ Վլադիմիր Ավատկովի մասնակցությամբ
prev Նախորդ նորություն

Ղազարյան. ՀՀ-ն Իրանի կողմից պետք է դիտարկվի որպես արդյունաբերական հարթակ և ելք դեպի ԵԱՏՄ

Այն, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, շատ շահեկան է հարևանների համար: Ու հատկապես Իրանի համար, որը Հայաստանի անկախության ու դժվարին տարիներին մշտապես եղել է մեր պետության կողմից: Այս մասին «Հյուսիս-Հարավ առանցքով . Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան համագործակցության արդի վիճակն ու զարգացման հեռանկարները» կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Այս փուլում, բանախոսի խոսքով, Հայաստանը պետք է ցույց տա պատժամիջոցների կաղապարներից ազատվող Իրանին այն ամենը, ինչ կարող է անել իր համար, քանի որ Հայաստանը շարունակում է մնալ կարևորագույն խաչմերուկներից մեկը տարածաշրջանում: Դրան է միտված Հյուսիս-Հարավ ճանապարհը, Իրան-Հայաստան երկաթուղին, որը մի օր անպայման կյանք կստանա, բայց այսօր, ասաց Ղազարյանը, Հայաստանը պետք է այնպես անի, որ Իրանն իրեն դիտարկի իբրև արդյունաբերական հարթակ, որտեղ հնարավոր է ապրանք արտադրել, ապրանք մշակել, փաթեթավորել և դուրս գալ ԵԱՏՄ.

«Դուրս գալ ԵԱՏՄ լիարժեք, առանց տեխնիկական ու կանոնակարգային խոչընդոտների, առանց մաքսատուրքի կամ այլ քաշքշուկների: Սա է մեր առաջին խնդիրներից մեկը: Մենք ունենք տնտեսության ճյուղեր, որոնք շահեկան են, որտեղ հնարավոր է դա անել, այն էլ՝ MADE IN ARMENIA սերտիֆիկացում ստանալով»,- թվարկեց Արսեն Ղազարյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ որքան էլ Իրանը ինտեգրացվի, նա միևնույն է մնալու է լուրջ մրցակից իր շուկայի ներուժով և ոչ միայն նավթամթերքի արտադրությամբ: Եվ Հայաստանը պետք է դրանից լայնորեն օգտվի՝ առաջարկելով նաև իր ազատ առևտրի երեք գոտիները:

Նույնքան էլ Արսեն Ղազարյանը վստահ է, որ որքան էլ Հայաստանը մեծ տեմպերով զարգացնի իր տնտեսությունը՝ միևնույն է, եթե չունի մեծածավալ արտահանումներ խոշոր շուկաներ, Հայաստանը տարեկան 2-3 տոկոսից ավելի ՀՆԱ-ի աճ չի ունենա:

«Հայաստանն ունի 40 տոկոս անմշակ գյուղատնտեսական հողեր, արդյունաբերական մեծ հզորություններ, որոնց միայն 30-40 տոկոսն է օգտագործում, ունի կրթական համակարգ IT ոլորտում, որը համապատասխանում է համաշխարհային մակարդակին և սա հենց այն ոլորտներից մեկն է, որ Իրանին պետք է օգնի առկա տեխնիկական բացերը արագ հաղթահարել»,- թվարկեց նա:

Նա ասաց, որ նկատելի է արևմտյան դեսպանատների հետաքրքրությունը Հայաստան-Իրան համագործակցության հանդեպ՝ ի՞նչ հնարավորություններ կան, ի՞նչ հեռանկարներ են նշմարվում հարցերի շրջանակով: Այնպես որ Հայաստանը պետք է կարողանա նաև արևմտյան կապիտալը բերել երկիր, առավել ևս այսօր դրա հիմքերը կարծես թե կան, երբ Կառավարությունը մեկնարկել է պայքար կոռուպցիայի, մենաշնորհների և այլ արատավոր երևույթների դեմ, որոնք խոչընդոտում են տնտեսության զարգացումը:

«Առանց դրա տնտեսական զարգացում չկա, առանց դրա ներդրումներ էլ չկան: Իսկ Հայաստանը կարևոր կամուրջ եղել է և պետք է հետագայում ևս մնա այդպիսին»,-հավելեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը:

Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպվել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցի, Ռուսաստանի «Գիտելիք» ընկերության, «Կովկասյան համագործակցություն»ոչ առևտրային գործընկերության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից: