Արմեն Գրիգորյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը ձգտում է կանոնակարգել իր բազմավեկտոր քաղաքականությունը։ Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը՝ մեկնաբանելով ՀՀ Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի նշանակումն արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Նրա խոսքով՝ ռազմական բլոկն ու տնտեսական բլոկը պետք է ավելի սերտ աշխատեն Ռուսաստանի հետ, իսկ ԱԳՆ-ն ու ֆինանսական բլոկը պետք է ավելի ակտիվ աշխատեն Արևմուտքի հետ: «Ուստի Գրիգորյանին, որպես բացահայտ սորոսական, ուժային բլոկից տեղափոխում են արտաքին քաղաքականություն», - ընդգծեց նա:
Հաշվի առնելով Արմեն Գրիգորյանի հակառուսական անցյալը և այն փաստը, որ մինչև 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» Գրիգորյանն աչքի էր ընկնում հակառուսական, հակապուտինյան հայտարարություններով, արդյոք պետք է հասկանալ այդ նշանակումը՝ Հայաստանը Ռուսաստանից «պոկելու» ձգտում։ Լեպեխինի խոսքով՝ Հայաստանը չի կտրվում Ռուսաստանից։ Երևանն ուղղակի ձգտում է ավելի պրագմատիկ վերաբերվել ՌԴ-ին՝ առավելագույնը քաղել Ռուսաստանից. «Նախ՝ ռազմական իմաստով, երկրորդ՝ տնտեսության բազային ճյուղերի ոլորտում»։
«Քաղաքական, գաղափարական, մշակութային, այո: Փաշինյանի կառավարությունը գնալով ավելի է խորանալու գլոբալիզմի թակարդների մեջ։ Այսինքն՝ ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև հայկական իրական շահերից։ Փաստորեն, Հայաստանում այս տարվա աշնանից սկսվելու է երկճյուղային տնտեսություն ձեւավորվել: Ռուսաստանն իր վրա կվերցնի հայկական տնտեսության բազմաթիվ վնասների (գազի, այլ հումքի արտոնյալ մատակարարում, վարկեր, սարքավորումներ, ԱԷԿ, Հայկական գյուղատնտեսական արտադրողին աջակցություն, հայկական արտադրանքի շուկայի, սպառազինության մատակարարման, տրանսպորտային ոլորտում ներդրումներ կատարելու և այլն), իսկ ՀՀ իշխող դասը ճարպակալելու է արևմուտքի աջակցության հաշվին, որը կհանի հայկական տնտեսության սերուցքը», - ամփոփել է ռուս քաղաքագետը:
VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 27-ից Հայաստանն ապրում է գրեթե առանց ԱԳՆ-ի։ Սկզբում հրաժարական է տվել նախարար Արա Այվազյանը, որից հետո նրա տեղակալներն ու մինչ օրս ոչ մի նշանակում չի եղել։ Այս ամբողջ ընթացքում մամուլը տարբեր անուններ է նշել հնարավոր նոր նախարարի՝ Արարատ Միրզոյանից, Ռուբեն Ռուբինյանից մինչև Մհեր Գրիգորյան։ Նախօրեին տեղեկություն էր ստացվել, որ Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում է կայացրել նախկինում հակառուսական գործողություններով աչքի ընկած Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղարին նշանակել այդ պաշտոնում:
Արմեն Գրիգորյանն այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց, բայց դարձավ ոչ թե արտաքին գործերի նախարար, այլ տեղակալ։ Սակայն Հայաստանը դեռ կառավարություն չի ձևավորել, այնպես որ, միանգամայն հնարավոր է, Արմեն Գրիգորյանը դեռ նշանակվի ԱԳՆ ղեկավար։
Լիա Խոջոյան