VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է մեդիահոլդինգ հիմնել։ Զոհրաբյանն այդ տեղեկությունը չէր հերքել, սակայն մանրամասներ չէր ասել։ Մեզ հետ զրույցում երեկ նա հայտնեց, որ գրանցել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը, որի կանոնադրությունը լայն հնարավորություն է տալիս՝ ստեղծելու մեդիահոլդինգ։ «Առաջիկայում ես շատ ավելի մանրամասն այդ ամենի մասին կխոսեմ իմ համակիրների հետ միասին։ Լինելու եմ քաղաքական առաջնագծում»,- ասաց նա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ՝ վարչությունների պետերի հետ քննարկելու ԱԳ նախարար-փոխնախարարների հարցը։ Ըստ մեր աղբյուրի, արդյունքում որոշվել է, որ գոնե 2 փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու են դիվանագետներ, ընդ որում՝ ոչ այնքան հայտնի եւ ոչ այնքան հեղինակավոր։ Մեզ ասացին, որ ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների՝ Տիգրան Սեյրանյանի եւ Տիգրան Մկրտչյանի վրա։ Տիգրան Սեյրանյանը, որը ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանի հորեղբոր որդին է, Չեխիայում եւ Սլովակիայում մեր դեսպանն էր, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է։ Իսկ Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանն էր մերձբալթյան երկրներում, սակայն մարտի 15-ի հրամանագրով հետ է կանչվել եւ կադրերի ռեզերվում է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից օրերս ազատված Հայկ Գրիգորյանը, ըստ ամենայնի, զինդատախազ կնշանակվի: Սա պաշտոնի իջեցում է համարվում, եւ նա, առաջարկը ստանալով, սկզբում չի համաձայնել, սակայն համոզել են, ինչպես ժամանակին համոզեցին ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին՝ ստանձնել ատոմակայանի տնօրենի պաշտոնը։ Փաշինյանը նախկին փորձից դասեր է քաղել՝ ոչ մեկին անպաշտոն չի թողնում, որ «թշնամիների» ճամբարը չհամալրեն: Իսկ ՔԿ արդեն նախկին պետը կարող էր շատ բան ավելացնել Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի պատմածներին։ Գրիգորյանին փոխելու որոշումը հասունացել է պատերազմից հետո, երբ ՔԿ պետը շեֆի որոշ հրահանգները սրբորեն չի կատարել: Գործող զինդատախազ Վահե Հարությունյանն աշխատում է դեռեւս նախկինների ժամանակներից: Չնայած Գրիգորյանը հակված էր դառնալ Հակակոռուպցիոն մարմնի նախագահ, սակայն այդ պաշտոնը Փաշինյանը խոստացել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, քանի որ ՀՔԾ-ն լուծարվելու է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել արտաքին գործերի նախարարի հնարավոր նշանակման որոշման կայացման մասին: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ իշխանությունները վերջնական որոշում են կայացրել, եւ կառավարության ձեւավորումից հետո այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, չնայած հիմնական թեկնածուներից էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մեր տեղեկություններով՝ որոշում է կայացվել, որ Մհեր Գրիգորյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես փոխվարչապետ եւ ՀՀ սահմանային ու անվտանգային հարցերով հենց նա է զբաղվելու: Ավելին, մեր տեղեկություններով՝ հենց Գրիգորյանն էլ առանձնապես ցանկություն չի ունեցել գնալ ԱԳ նախարար: Սակայն մշուշոտ է մնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ապագան. նա եւս համարվում էր նախարարի թեկնածու, սակայն նրա գործակալական անցյալը խանգարում է այդպիսի պատասխանատու պաշտոնի նշանակման համար, բացի այդ, մասնակցել է մինչ հեղափոխությունը հակապուտինյան ակցիաներին, ուստի նրա նշանակումը չեղարկվել է: Եվ չնայած Միրզոյանը մտերիմ շրջապատում տարածել է, թե ինքն է մերժել ԱԳ նախարար նշանակվելու առաջարկը, իրականում այդպես չէ: Նույնիսկ նրա՝ ՌԴ-ու ՀՀ դեսպան նշանակվելու հավանականությունն է փոքր, քանի որ ինչքան էլ Միրզոյանը հիմա ռուսական շրջանակներում ընկերներ ու վստահելիներ է փնտրում, նրան չեն վստահում եղբայրական ՌԴ-ում եւս: Ի դեպ, հետաքրքիր է, որ Արմեն Գրիգորյանը եւս «նախորդ կյանքում», երբ քաղակտիվիստ էր աշխատում, հակապուտինյան դիրքորոշումներով էր հանդես գալիս, ուստի հետաքրքիր է՝ նրա նշանակումը մեր ռազմավարական եղբոր կողմից ինչպես կընդունվի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար «Իմ քայլը» խմբակցության ներսում թեժ քննարկումներ են: Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը տարբեր տեղերում հայտարարում է, որ ինքը մանդատ է ստանալու եւ դառնա հենց այդ հանձնաժողովի նախագահը: Սակայն խմբակցությունն ամենեւին էլ կողմ չէ այդ տարբերակին, եւ ներքին քննարկումների ժամանակ ասվել է, որ մեծամասնությունը չի ցանկանում՝ Թորոսյանը ԱԺ-ում դիրքեր ունենա: Պատգամավորների մեծամասնությունը ցանկանում է, որ կրկին Նարեկ Զեյնալյանն ընտրվի այդ պաշտոնում: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ խմբակցությունում ազատ է թողնված այդ որոշումը, իրենք իրենց կամքով կորոշեն՝ ում են ընտրելու՝ Թորոսյանին, թե Զեյնալյանին: Եվ քանի որ հանձնաժողովի նախագահի ընտրությունը կայանում է փակ, գաղտնի քվեարկությամբ, ապա չի բացառվում, որ հենց Նարեկ Զեյնալյանն էլ ընտրվի այդ պաշտոնում. ի վերջո, Թորոսյանին դեմ հանդես եկողները շատ են, եւ քվեարկությունը լավ առիթ է իրենց վերաբերմունքը գործով ցույց տալու համար: Ամեն դեպքում, արձանագրենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեժ պայքար է»:
«Իրավունք» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ լայնամասշտաբ քննարկումներ են ընթանում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի դեմ քրեական գործ հարուցելու նախադրյալներ կան: Ըստ որոշ իրավապաշտպանների՝ Հակոբյանի՝ բունկերում լինելու եւ անհասկանալի գործունեություն ծավալելու վերաբերյալ հատուկ քայլեր պետք է ձեռնարկի ոչ միայն Քննչական կոմիտեն, այլեւ ԱԱԾ-ն: Պատերազմից ավելի քան 10 ամիս անց, ի վերջո, հարուցվե՞ց քրեական գործ, թե՞ ոչ, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանից: Թադեւոսյանի խոսքով՝ Աննա Հակոբյանի դեմ որեւէ քրեական գործ չի հարուցվել, իսկ ահա ինչ վերաբերվում է Հակոբյանի բունկերային արկածներին, ապա մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ ամենի վերաբերյալ Քննչական կոմիտեում անգամ նման խոսակցություններ չկան»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. 2020 թվականի հուլիսյան դեպքերի եւ սեպտեմբերյան 44-օրյա պատերազմի արդյունքում, այսպես ասած, քավության նոխազ դարձավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Ինչպե՞ս. փորձենք իրադարձությունները միմյանց հետ շաղկապելով վերհիշել ու վերլուծել: Արտակ Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվեց 2020 թվականի հունիսի 8-ին եւ նույն օրն այդ պաշտոնին նշանակվեց Օնիկ Գասպարյանը: Պաշտոնապես մեկնաբանվել էր, որ Արտակ Դավթյանի առանձնատանը կորոնավարակի խիստ կարանտինի պայմաններում տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը՝ մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ, եւ դա է հիմք հանդիսացել նրան այդ փուլում աշխատանքից ազատելու համար: Բայց ուշագրավ էր այն, որ այդ հարսանիքի մասին նախապես տեղյակ է եղել նույն Նիկոլ Փաշինյանը. նա նախապես գիտեր, որ լինելու է Արտակ Դավթյանի որդու հարսանիքը, եւ հետագայում պարզվեց, որ նրան ազատելու պատճառներն իրականում այլ էին, քան հարսանիքի կազմակերպումը: Եվ Օնիկ Գասպարյանին այդ պաշտոնում նշանակելուց ընդամենը մեկ ամիս չորս օր անց սկսվեցին Տավուշյան դեպքերը, երբ պաշտոնապես պարզաբանվեց, որ հուլիսի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմից ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Ադրբեջանի սահմանապահ ուժերի զինծառայողները փորձել են մոտենալ հայկական զինված ուժերի դիրքերին: Այդ փոքրիկ միջադեպից պատվով դուրս եկանք, իսկ, ահա, սեպտեմբերյան դեպքերը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմն Արցախում, մենք պարտվեցինք: Գասպարյանին իրավունքի ուժով հեռացրին աշխատանքից բավականին կասկածահարույց հանգամանքներում: Եվ, ահա, այդ ամենից հետո, երբ Գասպարյանն իր ազատումը վիճարկում էր դատարանում, կրկին Արտակ Դավթյանը «մաքուր» վերանշանակվեց նույն ԳՇ պետի պաշտոնում: Այսքանից հետո տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ինչպե՞ս ստացվեց՝ Արտակ Դավթյանը շրջանցեց պատերազմի պատասխանատվությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո ակտիվ քննարկվում էր Շուշիի բանկերում մնացած փողերի հարցը։ Նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում արված լուսանկարներում բազմաթիվ ինկասացիոն ավտոմեքենաներ էին երեւում, եւ համոզմունք կար, որ մերոնք ավելի ժրաջան տեղափոխում են դրամական միջոցները, քան արվեստի գործերը։ Այժմ լուրեր կան, որ ադրբեջանցիները հայկական դրամի վաճառքով են զբաղված՝ 100 հազար դրամը վաճառում են 100 դոլարով։ Արցախի մեր աղբյուրը հավատացրեց, որ խոսքը մեծ գումարների մասին չէ, դրամի առաջարկն արել են Հադրութում գտնվող ադրբեջանցի զինվորականները, սակայն մեկ շաբաթ անց հետաքրքրվողներին պատասխանել են, որ առաջարկն ուժի մեջ չէ։ Հետո պարզվել է, որ նրանք ռուսների միջոցով Արցախի խանութներից սնունդ եւ այլ ապրանքներ են գնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի պահանջներից մեկն էլ մանդատների բաշխման նոր կարգ սահմանելն է, ՍԴ-ն, ըստ օրենքի, ունի նման լիազորություն։ Եթե արձանագրում են, որ ընտրախախտումներն էական ազդեցություն են ունեցել, ապա մանդատների բաշխման նոր կարգ է սահմանվում, եւ ըստ այդմ՝ պակասեցնում են իշխող մեծամասնության մանդատները ու ավելացնում ընդդիմությանը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն ստացել է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7։ Այսինքն՝ ՔՊ-ն ունի ԱԺ 2/3-ը եւ կարող է միանձնյա անցկացնել բոլոր նախաձեռնությունները, ընդունել սահմանադրական օրենքներ։ «Հայաստան» դաշինքը երեկ ՍԴ-ում պահանջեց՝ մեծամասնություն ունեցող խմբակցությանը տրվող մանդատները սահմանափակել պատգամավորական ընդհանուր մանդատների թվի մինչեւ 3/5-ով։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ՔՊ-ն խորհրդարանում չունենա 3/5։ Միայնակ չի կարող ընդունել սահմանադրական օրենքները․ համաձայն ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրական օրենքներ են համարվում ԱԺ կանոնակարգը, ընտրական, դատական օրենսգրքերը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը, հանրաքվեի, կուսակցությունների, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ է դրել խստացնել խորհրդարանում մուտքն ու ելքը, ինչպես նաեւ պատգամավորների անվտանգությունը: Տեղեկացանք, որ իշխանությունները որոշել են Պետական պահպանության ծառայության միջոցով վերահսկել բոլոր այն անձանց մուտքը, որոնք իրավունք կունենան խորհրդարան մտնել: ՊՊԾ-ն պետք է ոտքից գլուխ «հետազոտի» այն անձանց, որոնք օրենսդիր մարմին կմտնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ աշխատակարգում եւս փոփոխություններ կլինեն. նպատակ կա լրագրողների մուտքը խստացնել, աշխատանքային պայմաններն ու շարժը նվազեցնել, սահմանափակել, պատգամավորների հետ հարցազրույցները կանոնակարգել, որպեսզի ցանկացած պարագայում լրագրողներին չհաջողվի մոտենալ հայրենի օրենսդիրներին: Ինչպես հայտնի է, լրագրողներից ամենաշատը խուսափող խմբակցությունը եղել է «Իմ քայլը»: Հիմա այդ ծրագրերն իրականացնելու ակտիվ գործընթացներ են մշակվում, տարբերակներ առաջ քաշվում: Իշխանական ֆրակցիայի մեծամասնությունը կարծում է, որ վտանգավոր ընդդիմություն է գալու խորհրդարան. հիշել են 1999-ի հոկտեմբերի 27-ը: Ու ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անձամբ է հանձնարարել խստացնել բոլոր պայմաններն ու կանոնները: Կարելի է ասել՝ իշխանությունը սարսափած է, ամեն քայլի դիմելու է իր անվտանգությունը ապահովելու համար»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. Կորոնավիրուսային հիվանդության դեմ այս տարվա մայիս ամսից պատվաստվում են նաև զինծառայողները: Պատվաստումն իրականացվում է «Սպուտնիկ Վի» և «Աստրազենեկա» պատվաստանյութերով: Այս մասին ի պատասխան «Հայկական Ժամանակի» հարցմանը՝ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ըստ նախարարության՝ պատվաստումները և պատվաստանյութի ընտրությունը զինված ուժերում իրականացվում են կամավորության սկզբունքով, և բոլոր ցանկացողների համար պատվաստանյութերը հասանելի են ինչպես ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական հաստատություններում, այնպես էլ ՀՀ-ում գործող այլ բուժհիմնարկներում, որտեղ իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները: Պատվաստանյութերը նախարարությանը տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Թե քանի՞ զինծառայող է արդեն պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ, նախարարությունից թիվ չեն նշել: