Երևանի կենտրոնը, Հյուսիսային պողոտան, որը կառուցվեց մարդկանց արցունքների ու զրկանքների հիմքի վրա այն սկզբունքով, որ պետք է լինի Երևանի այցեքարտը, բարձրաճաշակ խանութներով ու ռեստորաններով, որպեսզի մարդիկ զբոսնելիս հիանան, մի քանի օր է, ինչ կորցրել է իր դեմքը:
Օգտատիրոջ լուսանկարները հենց Հյուսիսային պողոտայից են, սակայն այնպիսի տպավորություն է, թե գործ ունենք ոչ թե մայրաքաղաքի կենտրոնական պողոտայի հետ, այլ ինչ-որ արևելյան բազարի... թեպետ, այս անվանումը հիանալի սազում է՝ հերթ պահողները, նստարաններին ու հատակին քնած մարդիկ իրանցիներ են, որոնք այս օրերին Հայաստան են ժամանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու նպատակով:
Իհարկե, եթե մեր պետությունը նման հնարավորություն ընձեռում է օտարերկրացիներին, ապա վերջիններիս չես մեղադրի, թե ինչու են իրենք օգտվում այդ հնարավորությունից: Գուցե պետությունը հաշվարկել է, որ զբոսաշրջության համար էլ է սա օգուտ՝ դե, կգան պատվաստվելու, մի քանի օր էլ կմնան, գումար կծախսեն: Թեև կոնկրետ այս լուսանկարները դիտելիս հասկանում ես, որ սեփական բարձով ու վերմակով Երևան ժամանած ու կենտրոնում տեղավորված իրանցիները խախտում են պետության սպասումները:
Ամեն դեպքում, գուցե ճիշտ կլիներ կազմակերպել գործընթացն այնպես, որ նման տհաճ տեսարանների ականատես չլինենք, էլ չխոսանք այն մասին, որ երեկ ողջ օրվա ընթացքում Հյուսիսային պողոտայից լուրեր էին ստացվում, որ հերթում հայերը և իրանցիները անընդհատ վեճի են բռնվում:
Ի դեպ, ՀՀ առողջապահության նախարարությունը նախօրեին հերթական տեղեկատվությունը ներկայացրեց, թե մինչ օրս, պատվաստման գործընթացի մեկնարկից սկսած, քանիսն է պատվաստվել: Ըստ այդմ, Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է արդեն 108 հազար 107 քաղաքացի: Բայց հարց՝ այս թվից քանի՞սն են հենց ՀՀ քաաղաքացիները կամ ՀՀ-ում մշտական ապրողները, որոնց համար էլ, ի վերջո, պետությունը պատվաստման գործընթացն իրականացնում է անվճար, դրսից պատվաստանյութ ձեռք բերում:
Իսկ գուցե կարևորը վիճակագրություն ներկայացնել է, և կարևոր չէ, թե ում հաշվին է այդ վիճակագրությունը լրացվում...
Լիա Խոջոյան