VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած Սահմանադրական դատարանը դեռևս շարունակում է քննարկել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ միավորված գործը, և դժվար է կանխատեսել, թե ինչ որոշում կկայացվի հուլիս 17-ին, սակայն իշխանության ներսում ակտիվորեն քննարկվում է տարբեր պաշտոններում թեկնածուների հարցը: «Փաստ» թերթի տեղեկություններով, ամենաբարդը ԱԳ նախարարի հարցն է: Ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի նախարար նշանակել ոչ թե «համակարգից», այլ քաղաքական անձի: Ըստ այդմ, այս պահին, կարծես, ընտրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի թեկնածությունը, որն, ի դեպ, վերջին շրջանում բավական ակտիվ է միջպետական հարաբերությունների ու բանակցությունների առումով: Նույն աղբյուրները փոխանցում են, որ փոխվարչապետներ կնշանակվեն ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը և Փաշինյանի ամենահավատարիմ «զինակիցներից» մեկը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 27-ին Արա Այվազյանը հրաժարական տվեց, մայիսի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվեց աշխատանքից, եւ առայսօր Հայաստանն ԱԳ նախարար չունի։ Նախկին նախարարները՝ Արա Այվազյանն ու Զոհրաբ Մնացականյանը, զբոսնում են քաղաքում, վայելում իրենց ազատությունը, իսկ ԱԳՆ-ում բարձիթողի վիճակ է։ Նախօրեին Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Շուշի, եւ ԱԳՆ-ում չկա մեկը, որ հայտարարություն անի, նոտա տարածի, մեկնաբանություն տա։ ԱԳ նախարարի փնտրտուքը շարունակվում է, մեր տեղեկություններով՝ Փաշինյանը հայտնվել է փակուղում՝ թեկնածու չի գտնում։ Տարբեր անուններ կան՝ Ռուբեն Ռուբինյան, Արարատ Միրզոյան, Մհեր Գրիգորյան, անգամ՝ Դավիթ Տոնոյան։ Վերջինիս նշանակումը հավանության կարժանանար Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից, սակայն չի ընկալվի հայ հասարակության կողմից՝ պատերազմում պարտության մեղավորին ԱԳՆ բերելը կընկալվի որպես ապագա պարտությունների ազդակ՝ նաեւ արտաքին ոլորտում։ Արարատ Միրզոյանը հրաժարվել է պաշտոնից։ Մհեր Գրիգորյանն էլ իրեն լավ է զգում «ապաքաղաքականացված» փոխվարչապետի կարգավիճակում՝ հակված չէ գնալ ԱԳՆ ու քաղաքական պատասխանատվություն կիսել։ Մեր հարցին նա պատասխանեց․ «Չեմ կարող մեկնաբանել, կոռեկտ չեմ համարում դա անել, խնդրում եմ՝ մինչեւ կառավարության ձեւավորման պահը դրա հետ կապված որեւէ հարցի մեկնաբանություն չակնկալել ինձնից»։ Փնտրվում է թեկնածու, որն «ընդունելի կլինի բոլոր կողմերի եւ բոլոր ժողովուրդների համար»։
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ շարունակվում է պաշտոնները մեջ-մեջ անելու գործընթացը: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, որոշվել է, թե ովքեր են լինելու եւս երկու պաշտոնի ղեկավարներ: Այսպիսով` ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը, ամենայն հավանականությամբ` կստանձնի ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Ճիշտ է, ՔՊ-ականներն առանձնապես դժգոհ չեն հանձնաժողովի գործող նախագահ Նարեկ Զեյնալյանից, սակայն նա համարվում է բավական պասիվ գործիչ եւ, բացի այդ, վերջինս ավելի հեշտությամբ կհամակերպվի լինել շարքային պատգամավոր, քան Թորոսյանը: Իսկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանին սպասվում է դիվանագիտական աշխատանքը: Ըստ շրջանառվող լուրերի, հնարավոր է, որ նա նշանակվի Լատվիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանգստյան օրերին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը որոշել է թիմին անձամբ ներկայացնել խորհրդարանի նոր կազմին ԱԺ նոր նախագահի, փոխնախագահների թեկնածուներին, խմբակցության ղեկավարին ու քարտուղարին: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիան, կարելի է ասել, համակերպվել է ՔՊ վարչության անդամների որոշման հետ, քանի որ խմբակցության համաձայնությանը չեն էլ սպասել, որոշել են ու եկել ներկայացրել: Իմքայլականների մի ստվար զանգված այդքան էլ կողմ չի եղել հատկապես ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի թեկնածությունների հետ, բայց քանի որ ոչ մի ձեւով չեն կարողացել որոշման վրա ազդել, լուռ համաձայնել են: Նիկոլ Փաշինյանն ասել է թիմին, որ այս անգամ խորհրդարանը պետք է ավելի զգոն ու զգաստ լինի, քանի որ այլ ընդդիմություն է օրենսդիր մարմին մտնում: Օրենսդիրներին Փաշինյանը կոչ է արել զգաստանալ ու սկսել աշխատել: Ի դեպ, երեկ էլ խմբակցությունից պատգամավորները հեռախոսազանգեր են ստացել. ճշտել են՝ ովքեր են քաղաքում, կկարողանան 67 ձայն ապահովել հուլիսի 14-ին կամ 15-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար: Օրը դեռ վերջնական չէ, օրակարգում նախատեսված է ներառել հիմնականում երկրորդ ընթերցման հարցեր»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քննչական կոմիտեում կադրային փոփոխություններ կլինեն։ Դրան ձեռնամուխ է լինելու նորընտիր նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը երեկ նշանակվել է այդ պաշտոնին՝ փոխարինելով Հայկ Գրիգորյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին քննարկվում է Գրիգորյանին Զինվորական դատախազությունում պաշտոն տալու հարցը։ Նա ՔԿ էր եկել բանակից, կրկին կվերադառնա, իսկ մինչ այդ Քյարամյանը կադրային փոփոխություններ կանի, եւ վարչությունների ներսում աշխատակիցների մեծ մասը շունչները պահած սպասում են իրենց ճակատագրին։ Տեղեկացնենք, որ, մեզ հասած տեղեկություններով, Քյարամյանը մտադիր է վարչությյունների ներսում փոփոխություններ անել եւ տեղակալների կամ օգնականների պաշտոններում նշանակել իր վստահելի մարդկանց։ Հավելենք, որ սա Արգիշտի Քյարամյանի տասներորդ պաշտոնն է այս ընթացքում. 2018 թվականից հասցրել է պաշտոններ զբաղեցնել ՊԵԿ-ում, ՊՎԾ-ում, մեկ օրով՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ տնօրենի տեղակալ, տնօրեն, հիմա էլ՝ Քննչական կոմիտեի նախագահ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հեռացող նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմին հրաժեշտի պարգեւավճար է տվել՝ միանվագ պարգեւ։ Թե խոսքն ում մասին է, քանի հոգու եւ ինչ չափի, անհայտ է։ Կարգադրության մեջ նշված չէ դա։ Նախկինում «հավելվածով» մանրամասներին ծանոթանում էինք։ Դատելով կարգադրության գաղտնի լինելու հանգամանքից՝ կարելի է հեռուն գնացող եզրակացություններ անել։ ԱԺ խոսնակի խորհրդական Վահան Կարապետյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով․ գրավոր հարցում ուղարկեք։ Սակայն ԱԺ նախագահն այլ ուշագրավ որոշումներ էլ է կայացրել․ «Կարգադրություններ» բաժնում կան մշտական հանձնաժողովների փորձագետների մրցույթների մասին հայտարարություններ, մասնավորապես՝ եվրոպական ինտեգրման, առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովների փորձագետների։ Յոթերորդ գումարման խորհրդարանը շարունակում է գործել մինչեւ ԱԺ առաջին նիստը, ինչը նշանակում է, որ 3 տարի գործող փորձագետները դեռ պետք է իրենց պաշտոններում մնային, հատկապես որ նրանք կարող են քաղաքական թիմի անդամ չլինել։ Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել փոխել նրանց․ այս հարցին ԱԺ մեր աղբյուրն ասաց, որ սա ընտրություններից հետո խորհրդարանում կադրային ջարդի հետեւանք է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեյտինգայինով ընտրություններին մասնակցած ՀՀԿ-ական հայտնի դեմքերը, որոնք 2017-ին մեկ ձայնը 5-10 հազար դրամով առնում էին, այս անգամ խուսափել են անգամ նախընտրական խոստումներ տալուց, որ քրեական գործեր հարուցելու հիմքեր չտան։ Իշխանական պատժիչ մեքենան, որը լծվել էր ընդդիմությանը հետեւելուն, որ մի քանի նման դեպք բացահայտեն եւ վարկաբեկեն ընդդիմադիրներին, ընդամենը մի քանի էպիզոդիկ դեպք «հայտնաբերեց», որոնք բավականին կասկածելի են կամ էլ առավելագույնը՝ ներքեւից բխող նախաձեռնություններ, որոնց թելերը «վերեւ» չեն հասնում։ Մի դեպքն առնչվում է Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, որը միամտություն էր ունեցել ուղիղ հեռախոսակապով խոսել պատասխանատուներից մեկի հետ։ Իբրեւ թե փորձել է ակնարկներով բան հասկացնել, ասել է՝ «բուկլետները բերել են, մենակ թե գույնը կանաչ ա, փոխեմ, բերեմ տամ քեզ»։ Անգամ ամենաբթամիտ օպերատիվ աշխատողն այս արտահայտությունը կվերագրեր ընտրակաշառքին, եւ սրա հիման վրա էլ հետեւել են եւ «դեպքի վայրում» բռնել Խլղաթյանին ու եւս մեկ անձի։ Սակայն, ըստ իրավաբանների, գործի ապացույցները բավարար չեն՝ հնարավոր չէ հայտնաբերված գումարն ընտրակաշառք դիտել, քանի որ այն հանձնելու պահին չեն առգրավել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «89-ամյա Էդուարդո Էռնեկյանն ընդունված է եղել մեր բոլոր իշխանությունների կողմից․ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2001-ին, ձեռք է բերել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանի հետ, 2006-ին՝ Կոնվերս բանկը, 2003-ին հիմնադրել է «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն եւ սկսել է «Կարաս» գինու արտադրությունը։ 2004-ից նրա կառավարմանն է հանձնվել «Հայփոստ»-ը։ Սերժ Սարգսյանի օրոք՝ 2013-ին, նա 51 մլն դոլարով ձեռք է բերել ԱԳՆ-ի շենքը, իսկ 2017-ին նրան ազգային հերոսի կոչում են տվել։ Նրան հյուրընկալել են Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը եւ այլք։ Երեկ նա Նիկոլ Փաշինյանին ասում էր․ «Պարոն վարչապետ, ուզում էի հնարավորինս արագ գալ եւ Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, որովհետեւ դա շատ կարեւոր է, եւ մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը․․․ ես Ձեր տրամադրության տակ եմ»։
«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում ԿԸՀ-ն պարտավոր է վճարել ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի քարտուղարներին եւ նախագահներին: Պարզվում է` մինչ օրս ԿԸՀ-ն որեւէ լումա հանձնաժողովի անդամներին չի փոխանցել: ՙԻրավունքի՚ հետ զրույցում հանձնաժողովի անդամներից մեկը նշեց, որ դիմել է «ՎՏԲ» բանկ` գումարը ստանալու նպատակով, սակայն բանկից նշել են, որ ԿԸՀ-ի անփութության պատճառով մինչ օրս ԿԸՀ-ն համապատասխան ցուցակները բանկին չի փոխանցել: «Իրավունքը» դիմեց ԿԸՀ-ի մամուլի պատասխանատու Հերմինե Հարությունյանին` հասկանալու համար, ինչու մինչ օրս հանձնաժողովի անդամներն իրենց հասանելիք գումարը չեն ստացել: Մեր հարցին ի պատասխան` ԿԸՀ-ի մամուլի պատասխանատուն նշեց, որ աշխատանքն ընթացքի մեջ է, պարզապես ԿԸՀ-ն խիստ ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: Ուշագրավ է, որ ԿԸՀ-ում տեղյակ չեն, որ անկախ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ԿԸՀ-ն պարտավոր է հանձնաժողովի անդամներին վճարել հասանելիք 68.000 դրամ աշխատավարձը 10 աշխատանքային օրվա ընթացքում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «2020 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը: Ենթադրվում էր, որ մինչև 2020 թվականի աշուն պետք է պատրաստ լիներ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից հետո այն պետք է դրվեր հանրային քննարկման: Սակայն 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ հանձնաժողովի աշխատանքները փաստացի դադարեցվել են: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները մտադիր են նորից վերադառնալ սահմանադրական փոփոխություններին, բայց այս անգամ խոսքը խորքային, արմատական փոփոխությունների մասին է, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գրեթե նոր Սահմանադրության։ Մասնավորաբար, խոսքը վերաբերում է կառավարման մոդելի փոփոխությանը՝ անցում կատարելով կիսանախագահական կառավարման համակարգին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռևս ոչ պաշտոնական մակարդակով, այս օրերին իշխանությունների հետ աշխատող իրավաբանական շրջանակները լծված են հարցի դետալային ուսումնասիրության գործընթացին։ Փաշինյանը մտադիր է սահմանադրական հանրաքվեն անցկացնել մինչև այս տարվա վերջ, սակայն դա ֆիզիկապես, կարծես, հնարավոր չէ, ուստի քննարկվում է ամենաուշը 2022 թվականի գարնանն այն կյանքի կոչելու հնարավորությունը: Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանության մեջ կան նաև այնպիսիք, որոնք հորդորում են անցում կատարել ոչ թե կիսանախագահական, այլ լիարժեք նախագահական կառավարման մոդելին։ Եթե իշխանություններին հաջողվի նշյալ ժամկետներում հանրաքվե կազմակերպել ու «անցկացնել» սահմանադրական իրենց փոփոխությունները, ապա, ամենայն հավանականությամբ, եկող տարի կարող ենք նոր ընտրություններ ունենալ, այս անգամ՝ նախագահական»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» հավաստի տեղեկությունների համաձայն, պետական բոլոր գերատեսչություններին ներքին հրաման է տրվել, որպեսզի պարտադիր պատվաստվեն Covid-ի դեմ եւ ներկայացնեն տնօրինությանը փաստ` պատվաստման մասին: Հակառակ դեպքում` պետք է աշխատանքից ազատման դիմում ներկայացնեն: Ըստ նույն աղբյուրների, այլ է իրավիճակն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների շրջանում: Նրանց զգուշացվել է, որ չպատվաստվելու դեպքում, թեպետ չեն ազատվի աշխատանքից, բայց կզրկվեն պարգեւավճարներից, եւ աշխատավարձից կրճատումներ կարվեն»: