VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը, ով հաջորդ խորհրդարանում, քաղաքական թիմի որոշմամբ, այլեւս չի զբաղեցնի ԱԺ խոսնակի պաշտոնը, խոր դեպրեսիայի մեջ է՝ վիրավորված է իր հանդեպ վերաբերմունքից։ Նա չի ընդունում որեւէ պաշտոնի առաջարկ, իսկ առաջարկել են արտգործնախարարի, ցանկացած որեւէ երկրում դեսպանի պաշտոնները։ Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստում Փաշինյանը Միրզոյանին եւս մեկ անգամ արտգործնախարարի պաշտոնն առաջարկելուց եւ մերժում ստանալուց հետո տեղում որոշում է կայացրել, որ Արմեն Գրիգորյանը կդառնա արտգործնախարար։ Ապա նրա տեղը՝ ԱԱԽ քարտուղարի պաշտոնն է առաջարկել Միրզոյանին, բայց վերջինս դա էլ է մերժել։ Նրա շրջապատում կարծում են, որ գուցե վայր չդնի մանդատը, սակայն դժվար թե հաճախի ԱԺ նիստերին եւ ինչ-որ պահի հեռանա թիմից։ Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանի նախագահի պաշտոնում ՔՊ-ն ընտրել է Ալեն Սիմոնյանին։ Խոսվում է նաեւ, որ Լենա Նազարյանը նույնպես չի վերցնի մանդատը․ մի կողմից՝ «սիրուն չի», որ մի ընտանիքից 2 հոգի մանդատ ունենա, իսկ նրա ամուսինը՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Նարեկ Բաբայանը, պատգամավոր է դարձել։ Մյուս կողմից՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնից նրան գահընկեց արեցին, եւ նա մտածում է սեփական բիզնես գործունեություն ծավալելու մասին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների ներսում այս օրերին թեժ քննարկվում է այն հարցը, թե խորհրդարանական որ հանձնաժողովները պետք է բաժին հասնեն ընդդիմադիր խմբակցություններին: Ինչպես հայտնի է, Դոնթի բանաձեւով՝ երկու հանձնաժողով պետք է բաժին հասնի «Հայաստան» դաշինքին: Եվ, ահա, իշխանությունների համար առանձնակի կարեւորություն է ներկայացնում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաեւ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը: Այս հանձնաժողովներից ոչ մեկը նրանք չեն պատրաստվում զիջել ընդդիմությանը, սակայն դրանցից մեկը պետք է տան «Հայաստան» դաշինքին: Եվ դրա համար, մեր տեղեկություններով, թեժ քննարկումներ են, թե ինչ եւ ինչպես անել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունը հակված է զիջել Կրթության, Մարդու իրավունքների, ինչպես նաեւ Ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովները, միայն թե այն չորսը ղեկավարեն հենց իրենք: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դեռ վաղ է ասել: Եթե այդ չորս հանձնաժողովները մնան իշխանական խմբակցությանը, ապա Պաշտպանության հարցերով հանձնաժողովը կնախագահի Անդրանիկ Քոչարյանը, Արտաքինը՝ Վլադիմիր Վարդանյանը, Տնտեսականը՝ Բաբկեն Թունյանը, իսկ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահի համար դեռ թեկնածու են փնտրում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց օրենքի նախագիծը, որով իշխանական պատգամավորներն առաջարկում են հնգապատկել պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը՝ դարձնելով 250 հազար։ Իշխանական պատգամավորները ջանասիրաբար փորձում էին համոզել, որ 50 հազար դրամը քչություն է անում, պատգամավորները չեն կարողանում մարզեր այցելել, ծանոթանալ բնակիչների խնդիրներին եւ այլն։ Մինչդեռ մենք հիշում ենք, որ անգամ պատերազմի ժամանակ իմքայլականների Արցախ մեկնումը ձեւակերպվում էր որպես գործուղում, եւ բյուջեից էին ապահովում թե՛ ճանապարհի, թե՛ գիշերակացի ու հյուրանոցային ծախսերը։ Ավելին՝ անգամ սյունեցի պատգամավորներն իրենց հայրենի մարզ այցելությունները ձեւակերպում էին որպես գործուղում, եւ պատգամավորները սեփական գրպանից ծախս չէին անում։ Ուշագրավ է, որ այս նախագծին կողմ չքվեարկեցին որոշ իմքայլական պատգամավորներ, հիմնականում նրանք, ովքեր դուրս են մնացել ՔՊ ցուցակից եւ այլեւս պատգամավոր չեն լինելու՝ Եղիշե Սողոմոնյան, Աննա Կարապետյան, Արտակ Մանուկյան, Արթուր Մանուկյան, Տաթեւիկ Հայրապետյան։ Նրանք ներկա էին դահլիճում, բայց չքվեարկեցին: Իսկ Կոտայքից ընտրված Լիլիթ Ստեփանյանը թեպետ լինելու է հաջորդ խորհրդարանում, սակայն կրկին բոյկոտեց քվեարկությունը: Ներկա գտնվելով հանդերձ՝ քվեարկությանը չմասնակցեցին նաեւ անկախ դարձած մի շարք երբեմնի իմքայլականներ՝ Գոռ Գեւորգյանը, Վարդան Աթաբեկյանը, Սոֆյա Հովսեփյանը։ Դեմ քվեարկած միակ պատգամավորը Նաիրա Զոհրաբյանն էր։ Ուշագրավ է, որ չնայած «Հայաստան» դաշինքի անդամ, գործող պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում էր, սակայն նույնպես չմասնակցեց քվեարկությանը։ 3 պատգամավոր էլ «Լուսավորից» էր ներկա, բայց նրանք էլ չքվեարկեցին։ Օրինագիծն անցավ 70 կողմ ձայնով»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած եւ որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի վերադարձվել է: Հիշեցնենք, որ հայցը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը: Բանն այն է, որ հայցվորը ներկայացրել է մեկ ոչ գույքային պահանջ, որի համար պետք է վճարեր 4000 դրամ պետական տուրքի գումար եւ 1 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջ, որի համար պետք է վճարեր 20 հազար դրամ պետական տուրքի գումար: Այսինքն՝ ընդհանուր առմամբ հայցվորը պետք է վճարեր 24 հազար դրամ պետական տուրքի գումար, այնինչ վճարել է 8000 դրամ: Հենց սա էլ պատճառ է դարձել հայցադիմումը վերադարձնելու համար:
Թովմասյանը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունն այսօր եւ վաղը կլինի Հայաստանում։ Նկատենք՝ վերջին շրջանում էապես ավելացել են արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստանի Հանրապետություն: Խոսքը ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերի, ԵՄ անդամ երկրների ԱԳ 3 նախարարների, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի տարածաշրջանային այցերի մասին է, որին էլ հաջորդում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Հայաստան: Սակայն հետաքրքիր է, որ այցի վերաբերյալ հայաստանյան եւ եվրոպական այլ աղբյուրներում որեւէ տեղեկատվություն չկա, իսկ որ ավելի հետաքրքիր է՝ այցին նախորդեցին ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումն ու եվրոպական հսկայածավալ ներդրումների մասին խոսակցությունները: Ուսումնասիրելով նկատենք ՝ սովորաբար Շառլ Միշելը, բացի պարբերական այցերից, որոնք հաճախ չեն լինում, այցեր է կատարում՝ ունենալով հստակ առաքելություն եւ ծրագիր: Այս տարի նման այցեր եղել են Վրաստան, Թուրքիա հստակ օրակարգով՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական առանձին թեմաներով: Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին հաճախ էր խոսվում, եւ այս տեսանկյունից եւս Արմեն Գրիգորյանի նշանակումն այս այցից առաջ պատահական չէ»:
«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, կարծես, բավականին վախեցած է: Ամառային տապ օրերին Մարիամը հաճախակի գնում է իր հոր ծննդավայր Իջեւան, Իջեւանի գեղատեսիլ վայրերով զմայլվելու եւ լիցքաթափվելու նպատակով: Պարզվում է` օրեր առաջ Մարիամը Իջեւան է գնացել ավելի քան 7 ավտոմեքենայի ուղեկցությամբ: Թե իրականում ինչից եւ ումից է այսքան վախեցած Մարիամը, հստակ չէ, սակայն վերջինիս «թագավորական» հաճույքները գրավել են ականատեսների ուշադրությունը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Անցել է շուրջ 1 ամիս և 16 օր, երբ բացահայտվեց Դատաբժշկական կենտրոնի Աբովյան մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի մասին: Սակայն առ այսօր մեղադրյալներ չկան, իսկ հարուցված քրեական գործով քննությունն ընթանում է: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել են բավականին մեծ թվով մարդիկ, որոնց շարքում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը չկա: Իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում են հարցաքննություններ այն ծնողների հետ, որոնց զավակների դիերն ու մասունքները գտնվում էին պարկերի մեջ: Իսկ թե արդյոք կհաջողվի իշխանությանն այս գործը կոծկել, ցույց կտա ժամանակը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի՝ Հարկադիր կատարման ծառայության աղբյուների փոխանցմամբ՝ Հարկադիր կատարման ծառայությունում անարխիա է տիրում: Մասնավորապես, հուլիսի 14-ին կազմակերպվել է ներքին մրցույթ բաժնի պետերի պաշտոնների համար, որպեսզի դրսից մարդ չմասնակցի, եւ իրենց ցանկալի մարդիկ աշխատեն ԴԱՀԿ-ում: Այդ մրցույթին մասնակցել են միայն տվյալ պաշտոնների ժ/պ-ները, այլ մարդու թույլ չեն տվել մասնակցել։ Ավելին՝ աճուրդի բաժնի պետի համար պայքարող անձի նկատմամբ այս պահին ընթանում է ծառայողական քննություն հարկադիրի աշխատակիցներից մեկին ծեծելու համար։ Այդ «հերոսը» գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի կնոջ ընկերուհու ամուսինն է։ Ի՞նչ ամենաթողություն է ԴԱՀԿ-ում. տեղեկություն ստանալու համար դիմեցինք Հարկադիր կատարման ծառայություն, որտեղից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը հայտնեց. «Մատնանշված միջադեպը եղել է ծառայության երկու աշխատակիցների միջեւ, սակայն, որպես այդպիսին, ծեծ չի եղել, այլ տեղի է ունեցել լեզվակռիվ, վիճաբանություն, որի հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն։ Այն տեղեկությունը, թե տվյալ մրցույթի մասնակիցը որեւէ անձնական առնչություն ունի Գլխավոր հարկադիր կատարողի հետ, իրականությանը չի համապատասխանում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում 2 օր առաջ ներկա եւ նախկին մարզպետների որդիների միջեւ տեղի ունեցած զինված բախման դեպքով քրեական գործ է հարուցվել, 2 հոգի տուժող է ճանաչվել, սակայն ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ մեկը ձերբակալված չէ։ Մինչդեռ ամբողջ Սյունիքը գիտի, թե ովքեր են զինված «ռազբորկայի» մասնակիցներն ու կրակողները։ Բանն այն է, որ գլխավոր դերակատարը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, որն ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել՝ վիրավորելով 2 հոգու։ Ըստ սյունեցիների, նա նույնպես վիրավոր է, սակայն բուժօգնության համար չի դիմել, թաքնված է։ Հիմա իրավապահները ձգտում են նրան ջրից չոր դուրս բերել, թեեւ տուժողներից մեկը կոմայի մեջ է, եւ վիճակը շատ ծանր է։ Փոխարենը իրավապահները ջանասիրաբար բերման են ենթարկում եւ կալանավորում Սյունիքի համայնքապետերին։ Ընդ որում՝ Մեղրիի, ապա Գորիսի քաղաքապետերին՝ նույն սցենարով, խաբեությամբ։ Ասում են՝ մի քիչ սպասեք մոտակայքում, քննիչը չկա, ապա դիմակավորված անձինք հայտնվում են, գետնին տապալում եւ ձերբակալում իրենց համայնքում հարգանք վայելող, կռված հերոսներին։ Եվ երկիրն այսպես կամաց ընկղմվում է իրավական «բեսպրեդելի» մեջ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վարորդները խիստ զայրացած են. բարձրանում է ոչ միայն բենզինի, այլև բնական սեղմված և հեղուկ գազի գները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազը թանկացել է: Մեկ լիտրն արժե 220 դրամ, մինչդեռ օրեր առաջ արժեր 190-200 դրամ: Ի դեպ, հեղուկ գազի մեկ լիտրը որոշ գազալցակայաններում վաճառվում է 230 դրամով: Օրինակ՝ համաշխարհային շուկայում նավթի գները համեմատաբար բարձրացել են, իսկ սեղմված և հեղուկ գազի գները կապված են նավթի գների հետ։ Խոշոր վաճառողները՝ Ռուսաստանը, Իրանը, Իրաքը, բարձրացրել են գները, որովհետև աշխարհում հեղուկ գազի պահանջարկն ընդհանուր աճել է: Մյուս կողմից՝ Հայաստանում բենզինի գինը չի նվազում. ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ պրեմիումը՝ 500 դրամով: Մասնագետների կանխատեսմամբ՝ առաջիկայում վառելիքը էլի կթանկանա՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների բարձրացմամբ: Նկատենք, որ դիզելային վառելիքի գինը ևս բարձրացել է՝ դառնալով 460 դրամ: Իսկ եթե այս գինը պահպանվի կամ է՛լ ավելի բարձրանա, ապա բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, այն ավելի շատ կիրառվում է հողագործական աշխատանքների ժամանակ»: