VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին պաշտոն տալու հարցը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գերնպատակը։ ՌԴ իշխանությունների համար մերժելի այս թեկնածուին ՊՆ-ում առանցքային պաշտոնի նշանակելը դարձել է անհնար, իսկ Բաբայանը ցանկություն չունի երկրորդական, երրորդական դեր կատարել։ Սկզբում քննարկում կար, որ նա կդառնա պաշտպանության նախարար, վերջերս խոսվում է ՀՀ ռազմական տեսուչի պաշտոնում հավանական նշանակման մասին, սակայն Բաբայան-Փաշինյան դուետը վերջին օրերին մտմտում է ՊՆ-ն ամբողջությամբ «ռուլիտ անելու» նոր օղակ ձեւավորելու մասին։ Դա կլինի կառավարությանը ենթակա վերահսկողական մարմնի, թե այլ կառույցի տեսքով՝ դեռ հայտնի չէ։ Մեզ ասացին, որ առայժմ քննարկում են նման պաշտոն ստեղծելու եւ Բաբայանին նշանակելու սխեմաները։ Հիմա արդեն ԱԺ-ում ունեցած իրենց 71 մանդատով ցանկացած նոր օղակի ստեղծումը, ցանկացած կառուցվածքի ձեւավորումը՝ անգամ ամենաաբսուրդ, հնարավոր է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին անսպասելիորեն Նիկոլ Փաշինյանը որոշեց գլխատել Պետեկամուտների կոմիտեն՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն արդեն, կարելի է ասել, հրաժեշտ է տվել պաշտոնին։ Մի քանի օր առաջ նա աշխատակազմին տեղեկացրել է, որ հեռանում է՝ սպասում են նոր կառավարության ձեւավորմանը, որ այս փոփոխությունն արձանագրեն։ Երեկ հայտնի դարձավ, որ հեռանում է նաեւ նրա առաջին տեղակալը՝ Ռաֆիկ Մաշադյանը, որն Աննա Հակոբյանի հեռավոր ազգականն է։ Երեկ առավոտյան Մաշադյանն իր ենթակայությամբ աշխատող կազմին հաղորդել է այդ լուրը։ Ի դեպ, ՊԵԿ-ում հարկային հատվածի անխափան աշխատանքն ապահովում էր հենց Մաշադյանը՝ որպես ամենափորձառու եւ հարկային համակարգից գլուխ հանող պաշտոնյա։ Ըստ որոշ լուրերի՝ ՊԵԿ-ում այս «կոտորածի» պատճառներից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է, որի հանդեպ գործող ղեկավարները պատշաճ հարկային տեռոր չեն իրականացրել՝ հարուցելով «շեֆի» դժգոհությունը։ Բայց քանի որ Էդվարդ Հովհաննիսյանը հլու-հնազանդ ծառայել է այլ հարցերում, անգամ ընտրությունների ժամանակ ձայներ է ապահովել, ուստի որոշել են նրան մի գործ տալ։ Մեր տեղեկություններով՝ նա կզբաղեցնի ապագա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի առաջին տեղակալի պաշտոնը>:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապագա կառավարության կազմն արդեն որոշակիանում է։ Կլինեն հիմնականում հին դեմքեր։ Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարար կնշանակվի, ինչպեսեւ գրել էինք, ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը։ Վաղարշակ Հարությունյանը կդառնա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Նախկին ԱԽՔ, այժմ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանն արտգործնախարար չի նշանակվի։ Այս պաշտոնը մնացել է Փաշինյանի կոկորդում, չի կարողանում սորոսական Գրիգորյանին նշանակել, քանի որ դա նշանակում է վերջնականապես փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, այլ անձ չի գտնում, ուստի որոշել են շարունակել Արարատ Միրզոյանին համոզելը, որ համաձայնի գնալ ԱԳՆ՝ ե՛ւ Միրզոյանից կպրծնեն, ե՛ւ ԱԳՆ-ից։ Փաշինյանն ուզում է ազատվել նաեւ հարմարվողական Ատոմ Ջանջուղազյանից, սակայն ֆինանսների նախարարի թեկնածու չեն գտնում։ Ինքը՝ Ջանջուղազյանը, խուսանավեց եւ մեր հարցին ի պատասխան ասաց, որ կոռեկտ չէ իր մնալ-չմնալու մասին հարց տալը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը կվերանշանակվեն։ Արդարադատության նախարար կդառնա փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ով ամիսներ առաջ ԱԺ-ից տեղափոխվեց գործադիր եւ նախօրեին Հ1-ի եթերում էր։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծես ՊԵԿ է վերադառնում, որտեղ աշխատել է 2018-19 թթ․՝ ՊԵԿ նախագահի տեղակալ է եղել։ Փոխվարչապետ կվերանշանակվի Մհեր Գրիգորյանը, մյուս փոխվարչապետը կլինի Սուրեն Պապիկյանը, ում ենթակայությանը կհանձնվեն մարզպետարանները, տարածքային կառավարման նախարարությանը ենթակա գրեթե բոլոր ոլորտները։ Նաեւ այդ պատճառով Ռոմանոս Պետրոսյանը, ով փոխարինելու էր Պապիկյանին, հակված չէ ղեկավարել գլխատված նախարարությունը՝ հնարավոր է նոր ՆԳ նախարարությունը ղեկավարի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ աշխատանքային ժամի ավարտին՝ 17:00-18:00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի աշխատասենյակում թեժ վիճաբանություն է եղել ԳՇ պետ Դավթյանի եւ նրա առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի միջեւ: Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունն այնքան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքների, աթոռ, մոխրաման միմյանց վրա նետելուն, որից հետո վեճն արդեն շարունակվել է միջանցքում: Իսկ թե կոնկրետ ինչու եւ ինչ թեմայի շուրջ են վիճել շտաբի պետն ու նրա տեղակալը, աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թեեւ վեճի մի մասը տեղափոխվել է նաեւ միջանցք: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Զինված ուժերի գլխավոր շտաբից՝ նախ հետաքրքրվելով՝ վեճ եղել է, թե ոչ, ինչի շուրջ են վիճել ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու իր առաջին տեղակալը: Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հայտնեց. «Ձեր տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը ՍԴ-ն մերժեց ընդդիմության դիմումները, ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրություն կկազմի, եւ կբաժանեն մանդատները։ 8-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը կկայանա ոչ թե հուլիսի 26-ին, ինչպես ենթադրվում էր, այլ՝ օգոստոսի 2-ին։ Նույն օրն էլ Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ՝ առանց քվեարկության: Սահմանադրության 149-րդ հոդվածով՝ նորընտիր ԱԺ լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո ՀՀ նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության թեկնածուին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին իշխանությունները իրավական գործիքակազմով ճնշումներ են կիրառում այն համայնքապետների (հատկապես Սյունիքի) նկատմամբ, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն. քրեական գործեր, ձերբակալություններ, կալանք: Սակայն ճնշումների շրջանակը սրանով չի սահմանափակվում: «Փաստ» թերթի տեղեկություններով, բացի «անհնազանդ» համայնքապետներից, ներկայումս իշխանության թիրախում են հայտնվել նաև բիզնես շրջանակների տարբեր ներկայացուցիչներ, որոնք չեն սատարել իշխանություններին, առավել ևս՝ ընդդիմադիր կեցվածք են ունեցել։ Մենք տեղեկություն ունենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում մի շարք մարզերում ամենատարբեր պատճառներով բերման են ենթարկվել մի շարք գործարարներ։ Ավելին, նրանցից ոմանք նույնիսկ կալանավորվել են: Ընդ որում, պատճառները, մեր աղբյուրների փոխանցմամբ, մեծամասամբ արհեստական են ու ոչ մի իրավական հիմք չունեն, այսինքն, հիմնականում քաղաքական բնույթ ունեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի եւ հայ-ադրբեջանական սահմանի շուրջ նոր զարգացումներ կլինեն: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2021 թվականի հուլիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման հիմնական հարցերը՝ շեշտը դնելով առեւտրային ներդրումների եւ հումանիտար համագործակցության վրա։ Միեւնույն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Ժան Միշելի հետ հանդիպման ժամանակ, խոսել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության եւ Ադրբեջանի նոր նկրտումների մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մասնավորապես նշել էր. «Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաեւ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային եւ դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում»: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պատերազմին պատրաստ լինելու հրահանգ է տվել: Ի վերջո, ի՞նչ սպասել առաջիկայում, եւ ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցով ՌԴ-ն։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովն անդրադարձավ ԵՄ օրակարգին՝ ասելով, թե նրանք մեծ հույսեր են կապում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերսկսման հետ։ «Կարծում եմ՝ կողմերը դիրքավորվում են սահմանագծման գործընթացին ընդառաջ։ Բոլորը հասկանում են, որ առանց դրա հնարավոր չէ որեւէ ուղղությամբ շարժվել, միայն փոխադարձ մեղադրանքներ են հնչում. սա բարդ իրավիճակ է: Նկատվում է երկուստեք հետաքրքրություն, որին ՌԴ-ն դեմ չէ, բայց ՌԴ-ն նաեւ ակտիվ մասնակցություն ունի ՀՀ անվտանգության գործին, որին ուղիղ այլընտրանք այսօր ՀՀ-ն չունի»,- նշեց նա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ավազի շուկայում իսկական քաոս է. արդեն մի քանի օր է, ինչ ավազի գինը կտրուկ բարձրացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավազի մեկ կիլոգրամը 200 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, այսինքն՝ ավազի 30 կգ պարկը 7500 դրամ է, նախկին 6000 դրամի փոխարեն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ավազի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից հետաքրքրվել ավազի գնի բարձրացման պատճառների մասին: Մեր հարցին ի պատասխան՝ նրանցից մի քանիսը հայտնեցին, որ այս ընթացքում ավազի հանման թույլտվություն չի տրվում. եթե տալիս են, ապա մեծ դժվարությամբ: Ասել է թե՝ ավազի դեֆիցիտ է Հայաստանում, ինչի արդյունքում մեկ բեռնատար ավազի գինը 25000-30000 դրամի փոխարեն այժմ վաճառվում է 40000 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավազի արդյունահանմամբ հիմնականում զբաղվում են նաեւ Արմավիրի եւ Արարատի մարզերում. մասնագետները վաղուց են ահազանգում, որ Արաքս գետի հունից նախատեսվածից ավելի ավազ դուրս բերելու արդյունքում խախտվում է գետի հունը: Մասնագետների խոսքերով՝ մի քանի օլիգարխ-ավազահանքատերերի կողմից Արաքսի հունից եւ ափերից ավազ հանելու հետեւանքով մեր առանց այդ էլ փոքրիկ երկրի տարածքն է՛լ ավելի է փոքրանում, քանի որ գետը թեքվում է դեպի մեր կողմ, եւ սահմանը ջրով է անցնում: Բացի այս, այս մարզերում կան գյուղեր, որոնք չունեն ավազի հանման թույլտվություն, սակայն անարգել ավազ է հանվում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. 2020 թ. մարտին ԵՏՀ-ի խորհուրդը որոշում էր կայացրել զրոյացնել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների համար: Պատճառներից մեկը «ներքին արտադրության բացակայությունն» էր: Սակայն այս որոշումը, ինչպես ասում են, հավերժական չէ: Բանն այն է, որ, ըստ առկա տեղեկությունների, Ռուսաստանն ու Ղազախստանը մտադիր են սկսել էլեկտրամոբիլների արտադրություն: Ըստ այդմ, էլեկտրամոբիլների՝ ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան ներմուծման զրոյական դրույքաչափը գործելու է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Սա նշանակում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել զգալի մաքսատուրք, ինչը էապես կթանկացնի ներմուծված էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների գինը: «Փաստի» տեղեկություններով, հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանում իրացվող էլեկտրամոբիլների համար չի գործում նաև ԱԱՀ-ն, գնալով մեծանում է այդ մեքենաների նկատմամբ հետաքրքրությունը. մարդիկ աշխատում են դրանք ձեռք բերել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Ի դեպ, մեզ հետ զրույցում ոլորտի փորձագետները նշում էին, որ այստեղ լուրջ անելիք ունի նաև պետությունը՝ հնարավորինս աջակցելու այս պրոցեսին, քանզի մի կողմից՝ մեր երկիրը դառնում է «մեքենաների գերեզմանոց», մյուս կողմից՝ առկա է օդի աղտոտվածության լուրջ խնդիր: