18.08.2025
Լուսանկարը` IRNA
prev Նախորդ նորություն

Իրանի հայազգի պատգամավորը՝ Իրան–Հայաստան սահմանային հասանելիության փոփոխության դեմ

Լուսանկարը` alikonline.ir
Լուսանկարը` alikonline.ir

Իրանի Մաջլիսի հայ պատգամավոր Գեղարդ Մանսուրյանը դեմ է հանդես եկել Իրանի և Հայաստանի միջև սահմանային հասանելիության ցանկացած փոփոխության կամ սահմանափակման։ IRNA-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ Թեհրանն «անշեղ կանգնած է սահմանների անվտանգության և ստատուս քվոյի պահպարման» դիրքերում, իսկ երկու երկրների սահմանը «չպետք է փակվի»։


Մանսուրյանը, ով նաև Իրան–Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահն է, Հարավային Կովկասը բնորոշեց որպես «Իրանի և Հայաստանի կոկորդ», շեշտելով տարածաշրջանի կենսական նշանակությունը երկու կողմերի համար։ Անդրադառնալով նախագահ Մասուդ Փեզեշքյանի Երևանի այցին՝ պատգամավորը նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, և Հայաստանի իշխանությունները «լավ գիտակցում են Իրանի դերակատարությունը որպես իրենց ազգային անվտանգության գործոն»։


Նա հիշեցրեց 2020–2021 թթ. Իրանում անցկացված զորավարժությունները՝ նշելով, որ դրանք, իր ձևակերպմամբ, խափանել են որոշ հակառակորդների մտադրությունները «բռնակցել» Սյունիքը։


Դիտարկելով օգոստոսի սկզբին ԱՄՆ միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ որոնք վերաբերում են Նախիջևանն Ադրբեջանի հիմնական տարածքին կապող հաղորդուղուն (զանգեզուրյան ծրագրին), Մանսուրյանը ակնկալեց, որ Փեզեշքյանը կբարձրացնի «կոնկրետ հարցեր և երկիմաստություններ» ու շեշտեց, որ Իրանն անպայման պետք է մասնակցի այդ նախագծին։ Նրա խոսքով՝ մտահոգություններ կան այն տեղեկությունների վերաբերյալ, թե հաղորդուղու անվտանգությունն ապահովելու են ամերիկյան ընկերությունները, ինչը Երևանի կողմից արդեն մերժվել է։


Պատգամավորը հավելեց, որ վերջերս կայացած հեռախոսազրույցներում հայ պաշտոնյաները հստակ ազդարարել են՝ հաշվի են առնում Իրանի «կարմիր գծերը» և թույլ չեն տա վնասել երկու երկրների ազգային շահերն ու անվտանգությունը։

 Լուսանկարը` alikonline.ir
18.08.2025
Իրանի հայազգի պատգամավորը՝ Իրան–Հայաստան սահմանային հասանելիության փոփոխության դեմ