Իրանի նախագահը Երևանում է՝ բարձրաստիճան քաղաքական-տնտեսական պատվիրակությամբ
Լուսանկարը` IRNA
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նախատեսվում է, որ Հայաստանից հետո նախագահը կմեկնի Բելառուս։
Թեհրանի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այցի նպատակն է խորացնել համագործակցությունը հարևան երկրների հետ և արագացնել արդեն իսկ ստորագրված հայ-իրանական պայմանավորվածությունների գործնական իրականացումը։
Համագործակցության ոլորտները ներառում են էներգետիկան, տրանսպորտը, առևտուրը, ներդրումները, առողջապահությունը, շրջակա միջավայրը, գիտությունը, մշակույթը և զբոսաշրջությունը։
Մեկնելուց առաջ Փեզեշքիանը Հայաստանը բնորոշել է որպես «բարիդրացիական և բարեկամ» երկիր, որի հետ Իրանն ունի ռազմավարական հարաբերություններ։ Նա ընդգծել է, որ այցը «ավելի շատ ուղղված է քայլերի և համաձայնագրերի արագ և արդյունավետ առաջմղմանը»։
Բացի այդ, Հայաստան այցից առաջ Իրանի նախագահը հանդիպում է անցկացրել Երևանի և Բաքվի միջև տրանսպորտային միջանցքի վերաբերյալ համաձայնագրի վերաբերյալ՝ շեշտը դնելով Իրանի ազգային շահերի պաշտպանության վրա։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Իրանի և Հայաստանի, ինչպես նաև Իրանի և Բելառուսի միջև առաջիկա համագործակցության համաձայնագրերն ու հուշագրերը՝ դրանց ժամանակին իրականացման նպատակով։
Պատվիրակության կազմում ընդգրկված են Իրանի քաղաքական և տնտեսական բարձր օղակների ներկայացուցիչներ։ Նախագահին Մեհրաբադի օդանավակայանում ուղեկցել են փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը, Իրանի առաջնորդի օգնական հոջաթոլիսլամ Մոհսեն Ղոմին և կառավարության մի շարք անդամներ։
Այցի շրջանակում օգոստոսի 19-ին Երևանում տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով, ինչպես նաև բանակցություններ կանցկացվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգերով։