24.11.2024
Մամուլ. Սամվել Բաբայանին պաշտոն տալու հարցը դարձել է Փաշինյանի գերնպատակը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Նախարարը չի տիրապետում ո՛չ իրավիճակին, ո՛չ իր գործառույթներին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ իշխանական վերին օղակներում հիացած են Մենյուի Վահանով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանով, պարզվում է` նախարարությունում սկանդալ է հասունանում:  «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` նախարարի որոշ տեղակալներ մտադիր են Քերոբյանի վերանշանակման դեպքում` ինքնակամ հրաժարական տալ: Պատճառը ոչ միայն Քերոբյանի հետ համատեղ աշխատելու անհնարինությունն է, այլ այն, որ վերջինս չի տիրապետում ոչ իրավիճակին, եւ ոչ էլ իր գործառույթներին: Ըստ մեր աղբյուրի` Հայկական «Մենյու» ընկերության հիմնադիր Քերոբյանը, իր հին աշխատանքի «հովերով» տարված, նախարարությունը դարձրել է «ճ» կլասի ընկերություն»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` լուրջ փոփոխություններ են սպասվում Պաշտպանության նախարարությունում: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը միավորելու են Պաշտպանության նախարարության հետ: Արդյունքում նախարարության շուրջ երեք հազարի հասնող աշխատակիցներից ուղիղ կեսին սպասվում է կրճատում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել պաշտպանության նախարարի ԺՊ-ի պաշտոնից, ապա նախագահականից լրատվամիջոցներին հայտնեցին, որ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի թեկնածությունը։ Մինչդեռ Փաշինյանն իրավունք չունի ներկայիս կարգավիճակում նախարար կամ նախարարի ԺՊ նշանակել, քանի որ ինքն էլ է ԺՊ։ Սահմանադրության 150-րդ հոդվածն ասում է․ «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է ՍԴ: ՍԴ-ն դիմումը քննում եւ որոշում է կայացնում 5-օրյա ժամկետում: Եթե նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»։ Հավանաբար, ավելի ուշ գիտակցեցին, եւ օրվա վերջին Կարապետյանը նշանակվեց Պնախարարի առաջին տեղակալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններից ուղիղ 1 ամիս անց Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի՝ Ալիեւի հետ ունեցած նոր պայմանավորվածությունների հետեւանք է։ Իշխանական աղբյուրները քիչ հավանական են համարում, որ այն կվերածվի լայնամասշտաբ պատերազմի։ Դեռ ընտրություններից առաջ ակտիվորեն քննարկվում էր Տավուշի անկլավների, Տիգրանակերտը՝ Քյարքին հանձնելու հեռանկարը, Մեղրիի ճանապարհաշինության, ինչպես նաեւ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների մեկնարկի հարցը։ Չի բացառվում, որ կողմերը վերջնական համաձայնության չեն եկել, եւ Ադրբեջանը ճնշման միջոցով է փորձում ստանալ ուզածը, սակայն միանգամայն հնարավոր է, որ համաձայնությունը, իրականում, կայացել է, պարզապես առանց լարում առաջացնելու Նիկոլ Փաշինյանը ռիսկ չի անում նոր զիջումների գնալ եւ արցախյան պատերազմի պես լարվածությունը կհասցնի պիկին, որպեսզի հետո արդարանա՝ եթե չզիջեի, մի ամբողջ ժողովուրդ կարող էր ոչնչանալ, ես 2 միլիոն մարդու փրկեցի լայնամասշտաբ պատերազմից։ Հիշեցնենք, որ անցած գիշեր Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ լարվածություն է առաջացել, հակառակորդն անգամ ականանետ է կիրառել, ողջ երկինքը լուսավորված է եղել»: 


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Մայրաքաղաք Երեւանին ամենամոտ սահմանային կետում՝ Երասխի հարակից դիրքերում սադրանքներ հրահրելն ունի երեք նպատակ: Դրանցից առաջինով Բաքուն ցանկանում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրել իրեն ձեռնտու դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Այս դեպքում Ալիեւը համառորեն չի կարողանում հասկանալ, որ ռազմատենչությամբ եւ ուժի դիրքերից խոսելով երկրների միջեւ երկարատեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավոր չէ հասնել, առավել եւս, որ հայկական կողմն ունի սադրանքներին անհամարժեք կոշտ պատասխանելու բոլոր ռեսուրսները եւ իրավունքը... Հիմնահարցերից գլխավորը Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար սկզբունքի իրացումն է: Վերջինս կարող է լուծվել միայն քաղաքական բանակցությունների միջոցով, իսկ ռազմական ճանապարհով լուծման փորձերը որոշակի ժամանակահատված հետո անխուսափելիորեն բերելու են համարժեք պատասխանի: Իսկ հայ ժողովրդի պատմությունը ցույց է տալիս, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան հասկանում են միայն անհամարժեք կոշտ պատասխանի լեզուն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր դարձած 18 անձ ինքնաբացարկ է ներկայացրել․ 16-ը՝ ՔՊ-ից, 2-ը՝ «Հայաստան» դաշինքից։ ՔՊ-ից՝ ապագա կառավարության անդամներն են․ փոխվարչապետ Սուրեն Պապիկյան, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, վարչապետ Նիկոլ Փաշինյան, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան, սոցապնախարար Նարեկ Մկրտչյան, տարածքային կառավարման նախարարի թեկնածու Ռոմանոս Պետրոսյան, մարզպետներ՝ Գնել Սանոսյան, Համբարձում Մաթեւոսյան, Հովհաննես Հարությունյան, Դավիթ Գեւորգյան, Արամ Խաչատրյան, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան, ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյան։ Արարատ Միրզոյան, որը, հավանաբար, ԱԳ նախարար կդառնա, իսկ Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ-ում դեսպան»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն այս օրերին քննարկում են այն հարցը, թե ովքեր պետք է առաջիկայում ինքնաբացարկ ներկայացնեն, ու ովքեր պետք է գնան խորհրդարան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի եռյակից արդեն Լիլիթ Մակունցը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Ըստ մեր տեղեկությունների՝ Մակունցն արդեն ճամպրուկային տրամադրություն ունի, քանի որ օգոստոսի սկզբին պետք է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում լինի` ՀՀ դեսպանի կարգավիճակում: ՔՊ նախընտրական ցուցակի առաջին տասնակից խորհրդարան կգնան Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Արփի Դավոյանն ու Արսեն Թորոսյանը: Իշխանության ցուցակի 20-րդ համար Արմեն Փամբուխչյանը կմնա ԱԻՆ-ում, հնարավոր է առաջիկայում նախարար նշանակվի: ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին եւս կուղարկեն խորհրդարան, այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման որոշում է կայացրել: 33-րդ համարը՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ինքնաբացարկ է ներկայացրել։


«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը հետ կանչվեց Ինդոնեզիայում, Մալայզիայում եւ Սինգապուրում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Այս հետկանչը ոմանց զարմանք պատճառեց, քանի որ Աղաջանյանը 1992 թվականից արտաքին գործերի համակարգում է, փորձառու եւ հմուտ դիվանագետ է համարվում, տարբեր երկրներում է աշխատել, 2011-2018 թվականներին եղել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանը, իսկ 18-ից՝ ասիական երկրներ է գործուղվել։ Մենք տեղեկացանք, որ նրա հետկանչը տառացիորեն մի քանի օրվա մեջ է որոշվել։ Բանն այն է, որ ՀՀ դեսպանները փակ չաթ ունեն, որտեղ շփվում են միմյանց հետ։ Այս չաթում՝ պատերազմից հետո, բուռն քննարկումներ են ընթացել, եւ Ձյունիկ Աղաջանյանը մեղադրել է գործընկերներին՝ տղամարդ դեսպաններին՝ լռելու, հայրենիքին դավաճանելու, իրենց ընդվզումը չհայտնելու համար։ Անցել է տեւական ժամանակ, եւ, մեզ հասած տեղեկություններով, ինչ-որ մեկն ուշացումով մատնել է Աղաջանյանին՝ ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրելով դեսպանի պահվածքի վրա եւ տրամադրելով չաթում ծավալված խոսակցությունը։ Դրան հաջորդել է ԱԳՆ կադրերի բաժնի մի շարքային աշխատակցի զանգն Աղաջանյանին, թե պատրաստվեք ռոտացիայի, եւ տառացիորեն 2 օրվա ընթացքում դեսպանը հետ է կանչվել։ Չնայած ԱԳՆ-ում կադրերի նշանակման, նաեւ՝ դեսպանների, մեծ սղություն կա, եւ գործող իշխանությունը չի կարողանում այդ բացը լրացնել, բայց այլախոհ դեսպանին մի օր անգամ թույլ չեն տվել մնալ, որ արարողություններ անի եւ դեսպանընկալ երկրի պաշտոնական շրջանակներին հրաժեշտ տա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի հոր գործողությունների մասով հարուցված քրեական գործը կարճվեց: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ հարուցված քրեական գործը կարճվել է վաղեմության ժամկետի հիմքով, եւ վնասը փոխհատուցվել է: Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերեւույթ ապօրինի ներգործության միջոցներ՝վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ: Այդ հիմնադրամի տնօրենը Վարդապետյանի հայրն է։ Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարում գրել էր, որ Վարդապետյանը կարող է նշանակվել արդարադատության նախարար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանը երեկ հրապարակել է «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործով ամբողջական որոշումը։ Հիշեցնենք, որ նշյալ կուսակցություններն ու դաշինքները պահանջում էին անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունները, սակայն հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը, այսինքն՝ ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր չճանաչվեցին։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է ամբողջական որոշումը եւ առանձնացրել հետաքրքիր դրվագները:


Օրինակ՝ անդրադառնալով ընդդիմադիրների այն դիրքորոշմանը, թե հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը չէր կարող մնալ վարչապետի պաշտոնակատար, Սահմանադրական դատարանի եզրակացությունում ասված է. «Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության հրաժարականից հետո՝ մինչեւ նորանշանակ վարչապետի պաշտոնի ստանձնումը, Կառավարության անդամների պաշտոնավարման շարունակականության սահմանադրական պահանջը վերաբերում է ոչ թե վարչապետից բացի Կառավարության մյուս անդամներին, այլ Կառավարության բոլոր անդամներին՝ ներառյալ վարչապետի պաշտոնում նշանակված անձի պաշտոնավարմանը: Ն.Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում պաշտոնավարումը համահունչ է սահմանադրական կարգավորումներին»։ Անդրադառնալով իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին դիմումներին՝ ՍԴ-ն գտել է. «Չի հիմնավորվում, որ վարչական ռեսուրսը Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի կողմից օգտագործվել է կազմակերպված եղանակով եւ ունեցել զանգվածային բնույթ, ուստի դրա օգտագործման համադրումը չի փաստում, որ այն որեւէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա»:Նաեւ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դիմողների վկայակոչած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից կիրառված արտահայտությունների՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների վրա ունեցած ազդեցության հարցին, գտնում է, որ դրա վերաբերյալ դիմողների պնդումները հիմնավոր չեն: Հավելենք, որ ՍԴ որոշումը բաղկացած է 87 էջից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում այս տարի անասնակերի դեֆիցիտ կա: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ ֆերմերներից այն մասին, որ այս տարի ջրի սակավության պատճառով բավարար քանակությամբ խոտ չեն կարողացել հավաքել. չեն կարողացել ոռոգել դաշտերը եւ խոտի ակնկալած քանակությունը չեն հավաքել: Իսկ եթե անասնատերը կարողանում է հայթայթել, ապա շատ բարձր գնով եւ քիչ քանակությամբ. խոտի մեկ հակի գինը գերազանցում է 1800 դրամը՝ հասնելով 2000 դրամի: Ավելին, մասնագետների կանխատեսմամբ՝ անասնակերի պակասի եւ բարձր գնի պատճառով չի բացառվում, որ առաջիկայում անասնագլխաքանակը կկրճատվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախից մեծ քանակությամբ անասնագլխաքանակ է տեղափոխվել Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում, այդ պատճառով անասնակերի պահանջարկն է ավելացել: Բայց, չնայած սրան, անասնակերով չապահովելու դեպքում ֆերմերները ստիպված են լինելու իրենց անասուններին հարկադիր մորթի ենթարկել: Հետաքրքիր է՝ էկոնոմիկայի նախարարի ԺՊ Վահան Քերոբյանը տեղյակ է արդյոք այս խնդրի մասին, ձեռնարկում է որեւէ բան, թե ոչ: Այս պահի դրությամբ, կարծես թե, առարկայական ոչինչ չի արվում նրա եւ նրա ղեկավարած կառույցի կողմից: