24.11.2024
Մամուլ. Նախարարը չի տիրապետում ո՛չ իրավիճակին, ո՛չ իր գործառույթներին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմությանը հասանելիք երրորդ փոխխոսնակի հարցը, ըստ ամենայնի, կլուծվի հետեւյալ մեխանիզմով․ «Պատիվ ունեմ» դաշինքն առաջին փորձի հնարավորությունը կտա «Հայաստան» դաշինքին։ Ամենամեծ ընդդիմադիր ուժը կառաջադրի իր թեկնածուին, սակայն եթե գաղտնի քվեարկությամբ թեկնածուն չընտրվի, երկրորդ փորձի հնարավորությունը կիրացնի «Պատիվ ունեմ»-ը։  Իշխանական շրջանակներում, սակայն, «Պատիվ ունեմ»-ից առաջադրվող թեկնածուների հարցում էլ վերապահում ունեն․ եթե դաշինքը ներկայացնի ՀՀԿ-ական թեկնածուի, ապա կրկին կմերժեն։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ այդ պաշտոնը զբաղեցնի ցուցակի երրորդ համարը՝ անհայտ ու շատ երիտասարդ Աննա Մկրտչյանը՝ Քասախի գյուղապետի դուստրը, սակայն իշխանականները հակված են ՊՈւ-ից ընտրել ամենափորձառու եւ ամենահավանական թեկնածուին՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորության թեկնածուների կողմից մանդատներից հրաժարվելու գործընթացը։ Ըստ այդմ, ՔՊ-ից պատգամավորական մանդատից հրաժարվել է 17 անձ , իսկ «Հայաստան» դաշինքից՝ երեքը։ ՔՊ ցուցակից հրաժարվածները հիմնականում մարզպետներ են կամ այն անձինք, որոնք առաջիկայում պաշտոններ կստանան գործադիրում։ Ըստ այդմ, Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, որոնց մեջ շատ են նորեկները՝ ոչ միայն ընդդիմադիր ուժերից, այլ նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ ՔՊ-ից այս անգամ խորհրդարան չեն գնա Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանը եւ Հակոբ Սիմիդյանը։ Նարեկ Մկրտչյանն ու Արմեն Փամբուկյանն էլ կպահպանեն իրենց պաշտոնները։ Խորհրդարանի ՔՊ-ական նորեկներից են՝ Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Գագիկ Մելքոնյան, Հակոբ Արշակյան, Էդուարդ Աղաջանյան, Վիգեն Խաչատրյան, Զարուհի Բաթոյան, Վիլեն Գաբրիելյան, Ալխաս Ղազարյան, Տրդատ Սարգսյան, Հասմիկ Հակոբյան։ «Հայաստան» դաշինքից պատգամավորական մանդատից հրաժարվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ դաշինքի անդամներ Ալեքսանդր Խաչատուրյանն ու Մարիաննա Եփրեմյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակից ոչ ոք չի հրաժարվել մանդատից, եւ առաջին 7 համարներ Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանը եւ Տիգրան Աբրահամյանը կվերցնեն իրենց մանդատները։ Հավելենք, որ վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը. այն տեղի կունենա օգոստոսի երկուսին։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հենց Կարապետյան Կարենի ծրագրերի շնորհիվ են այսօր իշխանությունը եւ մասնավորապես՝ Պապիկյանը, իրենց փիառը կազմակերպում։ Այսօր էլ նա հայտարարել է, որ պատմական Գյումրիի վերականգնման ծրագիրը շարունակվում է, նոր ներդրում կա, բայց չի ասում, թե ով է սկսել այս ծրագիրը, եւ ում շնորհիվ է Գյումրին վերականգնվում։ Բոլոր ոլորտները կազմաքանդած ու լուծարած այս իշխանությունը եթե ինչ-որ բան դեռ շարունակում է, ապա անպայման դա նախկինների սկսած ծրագրերն են, թեեւ այդ ամենն իրենց են վերագրում։ Պատմական Գյումրիի վերականգնման ծրագիրը հենց Կարապետյան Կարենինն էր, նա ուզում էր Գյումրին դարձնել տուրիզմի զարգացման կենտրոն եւ անգամ սեփական գումարներն էր ներդնում դրանում։ Նորերը շարունակում են Կարապետյանի սկսածը, բայց ընդամենը լուսանկարվելու ու հանրությանն աշխատանքի կեղծ իմիտացիայով կերակրելու համար։ Իրականում, Հայաստանում այնպիսի քաոս է ստեղծվել, որ տուրիզմի մասին խոսելն անիմաստ է՝ ով էլ որ ժամանում է երկիր, իշխանությունների մասնակցությունը դրանում զրոյական է։ Գալիս են ռուսները, որոնք ընտրության հնարավորություն չունեն, գալիս են իրանցիները, որոնք պատվաստվում են ու հեռանում, եվրոպական երկրների դեսպանատներն իրենց քաղաքացիներին պարբերաբար զգուշացնում են, որ չգան Հայաստան, իսկ գալու դեպքում էլ այսինչ տարածքներ ու մարզեր չմեկնեն, քանի որ վտանգավոր է։ Իսկ իշխանությունն ու ապագա փոխվարչապետ Պապիկյան Սուրենը շատ լավ գիտեն, որ պատերազմող երկրում տուրիզմի մասին խոսելն անլուրջ է։ Ուղղակի քանի դեռ կարող են, Կարապետյան Կարենի սարքածի ու գաղափարների վրա փիառ կանեն՝ հո չի՞ գալու հետ տանի սարքածն ու ծրագրածը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ինքնաբացարկի դիմում ներկայացրեց նաեւ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը, ում «Քաղպայմանագիրն» այս անգամ «մերժեց» եւ նրան նորից չառաջադրեց ԱԺ նախագահի պաշտոնում, չնայած շատերը համարում են, որ նա չեզոք է իրեն պահել եւ կարողացել է բավականին հաջող կառավարել խորհրդարանի աշխատանքը այս երեք բարդ տարիներին։ Միրզոյանի թիմակիցները երեկ էլ անտեղյակ էին նրա պլաններից, բայց Միրզոյանի հետ վերջին շփումներից ստացած տպավորություններից հասկացել են, որ նա ցանկանում է «թռնել» թիմից եւ որեւէ պաշտոնում որեւէ չափով այլեւս պատասխանատվություն ստանձնելու հակված չէ, չնայած նրան ավելի ու ավելի եռանդուն են համոզում համաձայնել արտգործնախարարի պաշտոնին։ Հաջորդ անակնկալ ինքնաբացարկն «Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանինն էր, ով 3 տարի «Իմ քայլի» ժանդարմի դերն էր խաղում, եւ նաեւ նրա ջանքերով էր խմբակցությունը մնում Փաշինյանի կողքին։ Նա էլ առաջիկայում նշանակվելու է նոր ձեւավորվելիք ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, ում տեսնում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, ապա պլանները փոխվել են, եւ նրա ագրեմանն ուղարկվել է Ռուսաստանի իշխանություններին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի թեկնածուի համար։ Ի դեպ, արդարադատության նախարարի թեկնածուն էլ է հայտնի՝ երեկ շրջանառության մեջ դրվեց նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունը, ում «մանկության երազանքն» է արդարադատության նախարար դառնալը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է հրաժարական տվել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Մեր տեղեկություններով՝ Պն-ում վերջինիս հեռանալը բավականին տարօրինակ ու զարմանալի են ընդունել, քանի որ վերջին ամիսներին, շաբաթներին Վաղարշակ Հարությունյանի մտերիմները երբ հարցրել են, թե կա խոսակցություն, որ նրան ազատելու են եւ փոխարինեն Կարապետյանով, վերջինս պնդել է, թե անիմաստ խոսակցություններ են, եւ նման բան չկա: Ու մինչ նրա մտերիմները զարմացած են ու դեռ չունեն կարեւոր հարցի պատասխանը, թե ինչու նրան ազատեցին, ՊՆ-ում այլ խոսակցություններ են պտտվում: Մասնավորպես, Վաղարշակ Հարությունյանի ազատումը, կարծում են, պատահական չէ, քանի որ իշխանությունները Արշակ Կարապետյանին պատահական չէին ուղարկել ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, այլ նախապես՝ ընտրություններից առաջ, հստակ որոշված է եղել, որ երբ ընտրութունները հաջող ավարտվեն, Արշակ Կարապետյանը նշանակվելու է պաշտպանության նախարար: Լուրեր կան, թե Վաղարշակ Հարությունյանի գործունեության մասով այնքան բան են հասցրել ՀՀ վարչապետին, պնդել, որ նա չի կարողանում կառավարել, չի դիմակայում տարածաշրջանի մարտահրավերներին, որ իշխանությւններն էլ որոշել են նրան փոխել: Ասել է թե՝ Վաղարշակ Հարությունյանի «տակը ՊՆ-ում փորել են», ու բանը հասել է ազատմանը: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն նա ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին ու նամակներին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանը ինչ նշանակվել է այդ պաշտոնին, որոշել է կառավարության ղեկն իր ձեռքը վերցնել: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ նախ Հարությունյանը սկսել է որոշել, թե ով կմնա իր պաշտոնին, ով կհեռանա կառավարությունից, դրան զուգահեռ նաեւ բերում է այն կադրերին, որոնց ցանկանում է նշանակել: Արայիկ Հարությունյանն իր համար ցանկալի անձանց ներկայացնում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, իսկ ոչ ցանկալիներին տեղավորում «սեւ ցուցակներում»: Հարությունյանը, կարելի է ասել, որդեգրել է նախկին աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի վարած քաղաքականությունը ու իր համար ոչ ցանկալի անձանցից արագորեն ազատվում է: Ավելին՝ նա անգամ տարբեր գերատեսչությունների է ներկայացնում նորանշանակ ղեկավարին, ինչպես որ եղավ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանի եւ ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արշակ Կարապետյանի դեպքում: Մենք տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանի այս պահվածքը արդեն հասցրել է առաջացնել նրանց թիմի անդամների զայրութը, ու, ըստ նրանց, առաջիկայում ավելի է լարվելու ներքին իրավիճակը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում գործող իշխանությունների վարքագծից ակնհայտ է դառնում, որ ներկայումս ՀՀ արտաքին քաղաքական կուրսում լուրջ վերադասավորումներ են սպասվում, ավելին՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում այդ մասին եթե ոչ բացահայտ ասելու, ապա բավականին պարզ ակնարկելու։ Ասվածի լավագույն օրինակը վերջին երկու ամիսների ընթացում ՀԱՊԿ-ի դեմ սկսված գրոհն էր։ Սրան գումարած՝ հակառուսական «նվագախումբը» նոր «համերգաշրջանի» բացումն ազդարարեց՝ Ռուսաստանի դեմ քարոզչությանը հերթական թափը հաղորդելով: «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ գործընթացում, բնականաբար, առանցքային ներգրավվածություն ունեն ՀՀ-ում գործող արևմտյան ֆինանսավորում ունեցող շրջանակները, որոնց համար ստեղծվել է բավական նպաստավոր քաղաքական «ռասկլադ», որպեսզի հանրության շրջանում հնարավոր բոլոր տարբերակներով առիթանառիթ հակառուսական արշավ իրականացնեն։ Ավելին, մեծ թափ է հավաքում արևմտյան քարոզչական ալիքը, ինչի համար «պարարտ հող» ստեղծեց նաև Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսվող 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության խոստումը, ինչը տարփողվում է ամենժամյա պարբերականությամբ: Թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է մասնավորաբար տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման թեման և նմանօրինակ մի շարք այլ հարցերն առաջին պլան բերելուն զուգահեռ՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորն ամբողջությամբ թեքել դեպի Արևմուտք՝ հանրության մեջ թեզեր շրջանառելով, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և զարգանալու համար այլ տարբերակ ուղղակի չկա։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա օրերին էլ ավելի կհստակեցվի, թե ինչ քայլեր են նախատեսվում և ինչ «ճանապարհային քարտեզով» պետք է տեղի ունենան առաջիկա զարգացումները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը երեկ հայտարարել էր, որ մասնակցելու է Վանաձորի քաղաքապետի ընտրություններին, որը տեղի կունենա կա՛մ սեպտեմբերի 26-ին, կա՛մ հոկտեմբերի 17-ին։ Ինչպես հայտնի է, Վանաձորի ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով, մեր տեղեկություններով, սոցապի տարածքայինի պետը կառաջադրվի նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանի եւ Մանե Թանդիլյանի հիմնադրած կուսակցական ցուցակով։ Նա այդ պաշտոնում նշանակվել է Առաքելյանի՝ նախարար աշխատած շրջանում, իսկ դրանից առաջ էլ Առաքելյանի ՄՈԳՈ վարկային կազմակերպության «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչն էր։ Իսկ ավելի վաղ անցյալում Այվազյանը ԲՀԿ շարքերն էր համալրել, դարձել Վանաձորի ավագանու անդամ, ապա հեռացել ոչ միայն ԲՀԿ-ից, այլեւ արտագաղթել Հայաստանից, լրատվամիջոցներին էլ հայտնել էր, որ աշխատանքի, եկամտի խնդիր ունի։ Իրականում՝ հայտնվել էր տհաճ պատմությունների մեջ, վարկի դիմաց գրավադրված սեփական տունը դրվել էր աճուրդի, իսկ ինքը հարցազրույցներ էր տվել, հորդորելով իր տան վրա աչք ունեցող պաշտոնյաներին՝ տունը գնել ոչ թե բանկից, այլ իրենից՝ «անհամեմատ ցածր»՝ 250 հազար դոլարով։ Նկատենք, որ մինչ ընդդիմադիր դաշտի առանցքային խաղացողներն ամառային հանգիստն են վայելում, նորաթուխ ուժերն արդեն դիրքավորվում են ՏԻՄ ընտրությունների դաշտում։ Մինչդեռ ենթադրվում էր, որ ՏԻՄ աշնանային ընտրություններում նոր խորհրդարանական ընդդիմությունը շատ ակտիվ է լինելու եւ փորձելու է ամրապնդել ԱԺ ընտրություններում հաղթանակն ու նոր բնագծեր նվաճել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում փոփոխություններ են սպասվում ոչ միայն Հայաստանի ՊՆ-ում, այլև Արցախի պաշտպանության բանակի կազմում։ Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ցանկանում է հրաժարական տալ։ Բանն այն է, որ, ըստ մեր ունեցած տեղեկության, Արզումանյանն ուղղակի այլևս չի ցանկանում աշխատել Արցախի և ՀՀ ղեկավարության հետ: Միաժամանակ ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել Արզումանյանի մատուցած ծառայությունից և մտադիր են նրան համոզել, որպեսզի համաձայնի ՀՀ-ում պաշտպանական ոլորտում որևէ պաշտոն ստանձնել, սակայն Արզումանյանը, ըստ մեր աղբյուրի, կտրականապես դեմ է նման «ռակիրովկային»։ Նշենք նաև, որ դեռևս վերջնական որոշում չկա, թե Արզումանյանի հրաժարականից հետո ում վրա կանգ կառնի ընտրությունը, քանի որ ՊԲ հրամանատարի նման պատասխանատու պաշտոնին հնարավոր չէ նշանակել առաջին իսկ պատահած մարդուն, իսկ պաշտպանության ոլորտում այսօր բարձր սպայական կազմի կադրային լուրջ խնդիր կա»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը։ «Փաստ» թերթին այս առիթով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ իշխանությունները մտադիր են շռայլ պարգևատրումներ և պետական պարգևներ հանձնել տարբեր ոլորտի ներկայացուցիչների, հատկապես նրանց, ովքեր հլու-հնազանդ ծառայում են իրենց։ Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո նմանօրինակ «հարմար առիթ» չի եղել, որպեսզի Փաշինյանը կոչումներ ու պարգևներ շռայլի։ Իհարկե, Անկախության տոնի առթիվ պարգևատրումներ միշտ էլ եղել են, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս անգամ ստացողների ցանկը աննախադեպ մեծ է լինելու: Մեր տեղեկություններով, այս օրերին բավական ինտենսիվ կերպով ցուցակներ են կազմվում, որտեղ ներառվում են բոլոր ոլորտների , հատկապես արդարադատության և իրավապահ ոլորտների մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ իշխանության «սրտի դատավորները», ինչպես նաև որոշ զինվորականներ, որոնք պետք է պարգևատրվեն պետական բարձր պարգևներով և կոչումներով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոզի մսի արտադրության ծավալները 3.4 տոկոսով նվազել են: Բայց, սրան զուգահեռ, խոզի մսի գինն է բարձրացել՝ հասնելով 3700-3800 դրամի: Օրինակ՝ խոզի «չալաղաջի» մեկ կիլոգրամը գերազանցում է 4500 դրամը, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 3200 դրամ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի քիչ քանակությամբ խոզ է ներմուծվել ՀՀ, քան 2019-ին: ՊԵԿ-ի տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանը ներկրել է 129 հատ խոզ, իսկ 2019-ին ՝ 605: Մասնագետների խոսքերով՝ հենց սա է պատճառը, որ խոզի մսի արտադրության ծավալները նվազել են: Ըստ մասնագետների՝ առաջիկայում խոզի միսը կթանկանա: Փոխարենը ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-մայիսին ոչխարի մսի արտադրության ծավալներն ավելացել են 5.1 տոկոսով: Բայց, չնայած սրան, ոչխարի միսը շարունակում է բարձր գնով վաճառվել. այն տեւական ժամանակ է, ինչ գերազանցում է 4000 դրամը: Նշենք, որ ոչխարի միս Հայաստանից հիմնականում արտահանվում է Իրանի Իսլամական Հանրապետություն»: