VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը չի շտապում հրապարակային աջակցել իր իշխանության օրոք արտգործնախարար աշխատած
Վարդան Օսկանյանի կողմից հիմնադրվելիք «Համախմբում» կուսակցությանը: Այսօր նախատեսված է այդ կուսակցության հիմնադիր համագումարը, որին Քոչարյանը չի մասնակցի, քանի որ արտերկրում է՝ Աթենքում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ Վարդան Օսկանյանը եւ մյուսները դիմել են Քոչարյանին՝ իրենց առաջնորդելու համար, նա փաստացի հրաժարվել է: Ըստ նույն լուրերի՝ նա իր շուրջ համախմբվել ցանկացողներին ասել է, որ ամեն ինչով կաջակցի նրանց, ինչ-որ պահի հնարավոր է նաեւ հրապարակային սատարի, սակայն, այս պահին համաձայն չէ առաջնորդել: «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ
Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել իրենց եւ Ռոբերտ Քոչարյանի համագործակցության հնարավոր տարբերակները: «Մենք այդ թեմայով ավելի քան մանրամասն խոսել ենք եւ ասել ենք տեսակետը, ես նախորդ ասածներին ավելացնելու բան չունեմ»,- պատասխանեց Մարգարյանը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առողջապահական գործակալության աշխատակիցները, որոնց մեղադրում են առողջարանի կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու մեջ, ազատված չեն աշխատանքից, շարունակում են իրականացնել իրենց պարտականությունները։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարար
Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով «Հրապարակի» հարցին։ «Մենք քննչական մարմնից որեւէ միջնորդագիր չունենք նրանց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»,- ասաց նախարարը։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող գործակալության պաշտոնյաներից մեկին նա բնորոշեց որպես արհեստավարժ մասնագետ։ Ենթադրվում է, որ խոսքը գործակալության պետի՝
Սարո Ծատուրյանի մասին է, թեեւ նրա անունը նախարարը չտվեց։ Նա չկարողացավ հայտնել ապօրինի գործարքների արդյունքում պետությանը հասցված վնասի չափը՝ ասելով, որ դա կպարզվի նախաքննության արդյունքում։ Նաեւ չբացահայտեց, թե հանգստյան որ գոտիների ուղեգրերի հետ էին մախինացիաներ արվել։ Փաստորեն, «Հրապարակի» լուրը, թե կեղծ ուղեգրերով անձանց մեծ մասը բուժվել է նախագահի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին պատկանող «Գանձաղբյուր» առողջարանում, մնաց առանց պաշտոնական մեկնաբանության, քանի որ այդ հարցը նախաքննական տեղեկություն է եւ հրապարակման ենթակա չէ»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2013 թվականից մինչև հիմա մեր պաշտոնական վիճակագրությունը ամեն տարի ցույց է տվել տնտեսական աճ, այսինքն ՀՀ Համախառն ներքին արդյունքը անընդհատ աճել է: Սակայն միջազգային ֆինանսական կառույցները հենվում են այլ ցուցանիշի վրա։ Խնդիրն այն է, որ մեր պաշտոնական վիճակագրությունը ՀՆԱ-ի փոփոխությունը ցույց է տալիս բացառապես ՀՀ դրամով, իսկ օրինակ Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակել է մի տեղեկանք, որում հաշվի է առնում մեր տնտեսության ծավալը բացառապես դոլարով արտահայտված, և ստացվում է բոլորովին այլ պատկեր։ Ըստ այդմ, 2015 թվականին, երբ մեր պաշտոնական վիճակագիրները ներկայացրին Հայաստանում 3 տոկոսանոց տնտեսական աճ, իրականում մեր տնտեսությունը անցած տարի 9.3 տոկոսի անկում է գրանցել։ Եթե 2014 թվականին մեր ՀՆԱ-ն կազմել է 11 միլիարդ 644 միլիոն դոլար, ապա 2015-ին այդ ցուցանիշը եղել է 10 միլիարդ 561 միլիոն»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանության ներսում սպասվող փոփոխությունների մասին
Սերժ Սարգսյանը որեւէ մեկին ոչինչ չի հայտնում, նա միանձնյա որոշումներ է կայացնում: «Բոլորին կասկածում է եւ ստուգում, առաջիկա պլանների մասին էլ՝ ով կմնա, ով կգնա, ոչինչ չգիտեն, անգամ ամենամոտ կանգնած մարդիկ»,-պատմում է մեր աղբյուրը: Այս օրերին նորից բուռն քննարկվում են նախագահի աշխատակազմի ղեկավար
Վիգեն Սարգսյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու մասին լուրերը։ Ասում են, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին էլ ետ կուղարկեն Ֆրանսիա՝ դեսպան: Ի դեպ, Ֆրանսիայում մեր դեսպանը՝
Վիգեն Չիթեչյանը, որը պաշտոնավարում է 2009 թվականից, ծառայության ժամկետը վաղուց է լրացրել, բայց նրան ետ չեն կանչում, եւ նա, ըստ էության, տեղապահ է մնում, որպեսզի երբ գա պահը, այդ տեղն զբաղեցնի Նալբանդյանը։ Թե երբ կլինեն այս նշանակումները, լավատեղյակները պնդում են, որ մինչեւ ընտրությունները դժվար թե նման արմատական փոփոխություն լինի, բայց դե՝ ո՞վ գիտի»:
«Իրատես de facto» թերթը գրում է. «Քաղաքական վերադասավորումներն ակտիվ փուլ են մտնում: Նոր հայտ ներկայացրած ուժերը շտապում են համագումարներ գումարել եւ ցուցադրել իրենց «զինանոցը»: Այսօր Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը վերջապես կհիմնադրվի: Կասկածից վեր է, որ դրա թիկունքում կանգնած մարդիկ դեռ չեն «գաղտնազերծվի», կսպասեն հարմար պահի: ԲՀԿ-ից պոկված մյուս թեւն էլ է «բարգավաճման» գործընթացի մեջ: Հուլիսի 9-ին նախատեսված է
Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր համագումարը: Ի տարբերություն նախորդի, այս ուժի հարցում իշխանությունների ակնկալիքներն այլ են: Մեր տեղեկություններով, իշխանությունը նպատակ ունի ռուսամետ ուժ ստեղծելու եւ «Ալյանս» կուսակցությունն ու «Ռեֆորմիստներին» իրար միացնելու: Ավելին, որոշ տեղեկություններով, ռեֆորմիստները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց համագումարին ներկա լինի անձամբ երկրի ղեկավարը: Այսինքն, այս ուժերի միավորումից իշխանամերձ մի բլոկ է ստեղծվում, որտեղ, ըստ մեր աղբյուրի, կարող են լինել ՀՀԿ նախընտրական ցուցակում տեղ չգտած անձինք: Ասել է` իշխանությունը նպատակ ունի այս դաշինքը խորհրդարան բերելու, բայց իր կազմած ցուցակով ու մարդկանցով: Փաստորեն, «Ալյանս»-«Ռեֆորմիստներ» ապագա տանդեմը ՀՀԿ-ի «պահեստային» ուժն է դառնալու»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով, ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 34 հազար 692 ուղեւոր: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած պաշտոնական վիճակագրությունից, որոնցում ներկայացված են Հայաստանի երկու օդանավակայաններից՝ «Զվարթնոցից» եւ «Շիրակից» ուղեւորների մեկնման եւ ժամանման տվյալները: Հարկ է նկատել, որ ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը: Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, սակայն մյուս կողմից էլ հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ավտոբուսով մեկնել, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է, եւ անվճար ուղեբեռ տեղափոխելու հնարավորությունն էլ ավելի մեծ է: Հարկ է նշել, որ ավտոմոբիլային տրանսպորտով մեկնում-ժամանումների տվյալները հրապարակում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ եռամսյակային կտրվածքով»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դաշնակցության եւ Հանրապետականի «ամուսնությունից» հետո «հարսնաքուր» ԲՀԿ-ն ու «խաչեղբայր» ՀԱԿ-ը կրկին սիրահարվել են միմյանց, եւ չի բացառվում, որ առաջիկայում կրկին միություն կազմեն` ներգրավելով նաեւ այլ ուժերի։ Այդ առնչությամբ արդեն խոսակցություններ կան, ու չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի կողմից կառավարվող ԲՀԿ-ն ու Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ն ընդհանուր դաշինքով մասնակցեն ԱԺ ընտրություններին. փողը՝ ԲՀԿ-ից, կառույցներն ու ընդդիմադիր իմիջը՝ ՀԱԿ-ից ֆորմատով, չթողնելով, որ փոշիանա Գագիկ Ծառուկյանից, Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո անտեր մնացած էլեկտորատը, ինչին դեմ չէ նաեւ Սերժ Սարգսյանը»: