24.11.2024
Աթեշյանը պետք է Հայաստան չգա. Կարծիքներ
prev Նախորդ նորություն

Կոնսենսուսը կայացավ. Ո՞ւմ անուններն ընտրություններից հետո կգրվեն ոսկե տառերով

4+4+4 ձևաչափով ընթացող իշխանություն-ընդդիմություն բանակցությունների արդյունքում երեկ Ազգային ժողովում ստորագրվեց Ընտրական նոր օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փախհամաձայնության մասին հայտարարությունը: Այն ստորագրել են ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունները:

Ստորագրման արարողությունից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ սա պատմական պահ է, քանի որ ինքը չի հիշում նախկինում մի դեպք, երբ ԱԺ-ում ներկայացված քաղաքական բոլոր ուժերը համաձայնության գան հարցերից մեկի շուրջ: Ռուստամյանի կարծիքով՝ Ընտրական օրենսգիրքը հիմք է ստեղծում ազատ, արդար ընտրությունների և եթե դրսևորվի քաղաքական կամք ընտրությունների ժամանակ, որ Հայաստանն ունենա աննախադեպ, բարձր որակի ընտրություններ, ապա «բոլորի անունները կգրվեն եթե ոչ ոսկե, ապա մեծ տառերով»:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, ապա այն հրաժարվեց իր ստորագրությունը դնել ԸՕ շուրջ իշխանության ներկայացրած առաջարկների տակ՝ պահպանելով չեզոքություն: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը մասնավորապես հայտարարեց, անգամ եթե այս փոփոխությունները կատարվեն, ապա միևնույն է հունիսի 1-ից ուժի մեջ մտած Ընտրական օրենսգիրքը շատ ավելի վատն է, քան նախկինում գործողը, քանի որ այն զգալիորեն նվազեցնում է ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողությունը։ Քաղհասարակությունը խոստացավ՝ իրենք հանդես կգան առանձին հայտարարությամբ:

Համաձայն այն փոփոխությունների, որոնց շուրջ երկար սպասված կոնսենսուսը երեկ վերջապես կայացավ, կուսակցությունների համար հասանելի կլինեն անգամ այն տեղամասերում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները, որտեղ նրանք չեն ունեցել հանձնաժողովի անդամներ կամ վստահված անձինք։ Ընտրական գործընթացը կկազմակերպվի նույնականացման քարտերով, որոնք պետության կողմից մինչև ընտրությունները կտրամադրվեն անվճար։ Բացի այս, քվեարկությունից առաջ կստուգվեն ընտրողների տասը մատնահետքերը, իսկ բոլոր 2000 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ: Համաձայնություն է ձեռք բերվել, որ ընտրական գործընթացը կհեռարձակվի նաև ուղիղ եթերով։