24.11.2024
Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի Հայաստանի վերջնական պրոտեկտորացման հարցում
prev Նախորդ նորություն

Հատուկ ուժերն ամեն ինչ անում են, որ Հայաստանը հետընթաց զարգացման ինտենսիվ տեմպերով ապրի

Կարդացի 30 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը գերակա խնդիրների եւ գործունեության ուղղությունների վերաբերյալ: Հասկացա, որ Նիկոլի հասարակական գործընկերները դասեր չեն քաղել անցած երեք տարիներից: Երկիրը կրկին տանում են ներքին առճակատումների՝ առաջարկվում է արհեստական զարգացման օրակարգ`անցումային արդարադատության, դատարանների զտման եւ սահմանադրական բարեփոխումների տեսքով: Այս մասին ասված է ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գեւորգյանի Թելագրամի ալիքում արված գրառման մեջ:


"Այժմ այս օրակարգում են հայտնվել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները: Փաստորեն Նիկոլի պոպուլիստական իշխանությունը պետք է վճռականորեն հաստատվի ոչ միայն Կառավարությունում եւ խորհրդարանում, այլեւ դատարաններում եւ համայնքներում:


Ոչինչ այն մասին, թե ինչպես բարելավել երկրում կառավարման որակը եւ քաղաքացիների բարեկեցությունը, ինչպես վերականգնել հասարակական համերաշխությունը ու խաղաղությունը երկրում պատերազմից հետո, ինչպես ապահովել տնտեսական աճը եւ ինչ անել նոր օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար: Առաջարկվող օրակարգը ճանապարհ է դեպի նոր պարտություններ եւ կապիտուլիացիաներ արտաքին թշնամիների առջեւ:


Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ձգտում է առավելագույն ապաքաղաքականացմանը պետական կառավարման մարմինների համար, բայց մենք գնում ենք այն ճանապարհով, որ քաղաքացիական ծառայությունը տեղավորում են մեկ քաղաքական կուսակցության պատկերացումների շրջանակներում: Ամբողջ աշխարհը գնում է դեպի տեղական ինքնակառավարման մարմինների առավելագույն ազատություն, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դրանք լիովին կախված լինեն կառավարությունից: Եվ այս 30-ից ոչ մեկին չի անհանգստացնում այն փաստը, որ, օրինակ, նույն Նիկոլի հայրենի Իջեւանում արդեն 2 տարի է չկա համայնքի օրինական ընտրված ղեկավար:


Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը աշխատում է, թե ինչպես օգտվել չորրորդ արդյունաբերական հեղափոխության առավելություններից, մինչդեռ Հայաստանում մենք ոչնչացնում ենք մասնավոր սեփականության եւ բանկային գաղտնիքի պաշտպանության իրավական ռեժիմը: Խոսում ենք օտարերկրյա կապիտալով ակտիվների ազգայնացման մասին: Դրան զուգահեռ, մենք սպասում ենք օտարերկրյա ներդրումների: Ներդրումները չեն եկել 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, եւ չեն գալու նաեւ 2021-ի ընտրություններից հետո:


Մենք չենք մտածում ինչպես նվազեցնել երկրում աղքատության աճի ինտենսիվ տեմպերը, որը կբարդանա գյուղատնտեսության աղետալի իրավիճակով, ինչպես խուսափել կրթական վերջնական դեգրադացիայից, ինչպես կասեցնել երկրում միգրացիայի աճող տեմպերը եւ խուսափել դեմոգրաֆիկ արհավիրքից, ինչպես ստեղծել սեփական սահմանների պաշտպանության արդյունավետ համակարգ: Բայց ավելի կարեւոր է գնահատել անցյալը եւ նախկինների գույքը խլել: Դրանով կարելի է տեսարաններ ապահովել, բայց հաց չի լինի:


Թվում է, որ կան հատուկ ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը չտեղավորվի մարդկության զարգացման ժամանակակից մեգա-միտումների մեջ եւ հետընթաց զարգացման ինտենսիվ տեմպերով ապրի:


Ակնհայտ է նաեւ, որ կորում է հայկական աշխարհի, այսպես կոչված, միասնությունը: Նիկոլի եռամյա կառավարումը նոր էներգիա չհաղորդեց հայկական աշխարհին: Սփյուռքը սկսեց ավելի հեռանալ պատմական հայրենիքից, եւ նոր գլոբալ աշխարհում հայերի ուծացման ռիսկերը ավելի զգալի դարձան:


Սեփական ժողովրդով եւ ազգային պետությամբ հպարտության օբյեկտիվ պատճառների բացակայությունը խորացնում է ազգային ինքնության ճգնաժամը, իսկ պատմական անցյալն ու ավանդույթները քայքայվում են կեղծ-հայրենասիրական գաղափարախոսությամբ»։