24.11.2024
Հատուկ ուժերն ամեն ինչ անում են, որ Հայաստանը հետընթաց զարգացման ինտենսիվ տեմպերով ապրի
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանն ապտակել է Հայկ Մարությանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ Նիկոլ Փաշինյանը բավականին լարված հարաբերությունների մեջ են: Պարզվում է` Փաշինյանն ու Մարությանը կիրակի օրը` երեկոյան, հանդիպել են: Ըստ մեր աղբյուրի` Մարությանի եւ Փաշինյանի հանդիպման նպատակը եղել է հաշտության եզրեր գտնելը, սակայն հանդիպման ընթացքում կրքերը թեժացել են, բանը հասել է նրան, որ Փաշինյանն ապտակել է Հայկ Մարությանին, իսկ ահա Մարությանն անվայել խոսքեր է ասել Փաշինյանին: Մեր աղբյուրը նաեւ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը Մարությանին ժամանակ է տվել, որպեսզի վերջինս արագ հեռանա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Մարության-ՔՊ հարաբերություններից։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել դեռ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Մարությանը այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ վերջնականապես հաստատվել է, որ հունիսի 20-ին ընտրություններ են լինելու։ Նա այդ ժամանակ անձամբ է գնացել կուսակցության գրասենյակ եւ հրաժարվել կուսակցության անդամությունից, որն է’լ ավելի է բորբոքել իրավիճակը։ Այսինքն՝ այդ դիմումը դեռ ընտրություններից առաջ է գրվել, սակայն միայն այս պահին հրապարակային դարձավ տեղեկությունը։ Իշխանություններն ամեն կերպ ձգտում էին ընտրություններից առաջ ցույց տալ, թե Հայկ Մարությանի հետ տարաձայնություն չկա։ Դա է պատճառը, որ վարչապետի արդեն նախկին խորհրդական, ներկայումս աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Մարությանից դժգոհեց ընտրություններից հետո։ Այս ամենի արդյունքում իշխանությունը որոշել է վերընտրվելուց հետո ազատվել Հայկ Մարությանից, սակայն դեռ չի հաջողվում։ Հավելենք, որ Երեւան քաղաքը եղել է Փաշինյանի ձախողումը. այստեղ նա ստացել է ձայների 44 տոկոսը, իսկ մի քանի ընտրատեղամասում էլ՝ պարտվել ընդդիմադիր մրցակիցներին։


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ն ընտրություններից հետո վարչության նիստ չի արել, եւ չեն որոշել, թե ով է լինելու ԱԺ նախագահը, սակայն այդ հարցը համարում են որոշված․ այդ պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նիկոլ Փաշինյանը որոշել է գնահատել նրա անձնական հավատարմությունն իրեն, բայց նաեւ նրան պահել բռի մեջ եւ ԱԺ է գործուղել Արսեն Թորոսյանին, ում խմբակցության ղեկավար կընտրեն։ Դրանով վարչապետը կկարողանա վերահսկել միմյանց հետ բարդ հարաբերություններ ունեցող Սիմոնյանին ու Թորոսյանին՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով։ Ի դեպ, Արսեն Թորոսյանն ԱԺ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Սուրեն Պապիկյանին, իսկ Ալեն Սիմոնյանը ՔՊ խմբակցության ղեկավար էր պատկերացնում Հայկ Կոնջորյանին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի հարցը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդում։ Մի կողմից՝ Միքայել Մինասյանի բացահայտումից հետո, թե Միրզոյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ, ինչը վերջինս եւս հաստատեց, ԱԱԾ գործակալին ԱԺ նախագահ կարգելն անընդունելի քայլ կլիներ։ Մյուս կողմից՝ Միրզոյանն իրեն պասիվ ու չեզոք է պահել եւ փաշինյանական «դուդուկի տակ» լավ չի «պարել»։ Ասենք, նրան կրծքով այնպես չի պաշտպանել, ինչպես Ալեն Սիմոնյանը։ Բայց նա 3 տարի երկրի երկրորդ դեմքն է եղել, եւ չեն կարող հենց այնպես «թոշակի» ուղարկել, ուստի պետք է համարժեք պաշտոն առաջարկեն։ Մեր տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ նրան համոզում են, որ ստանձնի ԱԳ նախարարի պաշտոնը, որտեղ հարմար թեկնածու չեն գտնում, սակայն նա հրաժարվում է։ Ըստ ամենայնի, որեւէ կարեւոր երկրում դեսպան կնշանակվի, հավանաբար՝ Ռուսաստանում, որտեղ գործող դեսպանից՝ Վարդան Տողանյանից, վաղուց են ուզում ազատվել եւ հարմար թեկնածու չեն գտնում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ԱԳՆ-ից մոտ 10 դիվանագետ՝ ընտանիքներով, պատրաստվում են մեկնել իրենց նշանակման երկրներ՝ ռոտացիոն կարգով մեր ներկայացուցչություններում աշխատելու, սակայն կառավարությունից որոշել են, որ Արա Այվազյանի նշանակած կադրերը չպետք է մեկնեն։ «Սթրվեք տեղներդ»՝ հրահանգել են նրանց։ Այժմ կառավարության գրաքննիչները նստած՝ մանրակրկիտ ուսումնասիրում են դիվանագետների ՖԲ էջերը: Ու, Աստված մի արասցե, եթե հայտնաբերեն ՔՊ-ի կամ նրա առաջնորդի դեմ մի քոմենթ կամ լայք, նրանք կզրկվեն ոչ միայն արտասահմանում աշխատելու իրավունքից՝ ապրուստի միջոցից, այլեւ առաջխաղացման հեռանկարից։ Ինքնուրույն մտածող, պրոֆեսիոնալ դիվանագետներին փչացնելու գործընթացը շարունակվում է։ ԱԳՆ-ում լարված վիճակ է, ասում են՝ համբերենք, տեսնենք՝ ով է նախարար գալիս։ Փաշինյանը որոշել է չներել իր դեմ դուրս եկած ԱԳՆ-ին՝ բոլորը պատժվելու են, այդ թվում՝ Վահագն Մելիքյանը, որի դեմ վաղուց է տրամադրված»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առաջիկայում լրանում է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պայմանագրի ժամկետը, եւ վերջինիս զինվորական ընկերները սպասում են ՊՆ-ի որոշմանը, թե նրա հետ նախարարությունը նոր պայմանագիր կկնքի, որպեսզի շարունակի ծառայությունը բանակում, թե ոչ: Խաչատուրովի զինվորական ընկերները մտահոգված են՝ եթե ՊՆ-ն նրա հետ նոր պայմանագիր չկնքի, ապա բանակը լուրջ զինվորականի կկորցնի: Անձամբ Խաչատուրովն իր մտերիմ մարդկանց ասել է, որ ո՛չ տարիքային, ո՛չ էլ այլ խնդիր չունի եւ պատրաստ է շարունակել ծառայությունը, իսկ մնացածն էլ իր որոշելիքը չէ, այլ ՊՆ-ի, իսկ ավելի կոնկրետ՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը պետք է որոշում կայացնի: ՊՆ-ում, հաշվի առնելով վերջին գործընթացները, բավականին լուրջ են տրամադրված. բանակը պետք է ազատվի խաչատուրովներից: Բացի այդ, երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց Փաշինյանի հրաժարականը, պահանջի տակ ստորագրել էր նաեւ Գրիգորի Խաչատուրովը, այնուհետեւ՝ մարտի 10-ին, Գրիգորի Խաչատուրովը հայտարարություն էր տարածել` շեշտելով, որ կրկին պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ՊՆ-ից մեզ հասած լուրերի համաձայն՝ Խաչատուրովը կարժանանա ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանի եւ Իշխան Մաթեւոսյանի ճակատագրին, այսինքն՝ ստիպված կլինի լքել բանակը: Նրանց հետ նոր պայմանագիր չկնքվեց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պողպատյա մանդատը ստանալուն պես Նիկոլ Փաշինյանն արագ քայլերով շարժվում է դեպի բռնապետություն։ Կառավարությունը քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով նախատեսում է սահմանափակել e-gov.am կայքում հրապարակվող տեղեկատվությունը։ Կառավարությունն ԱԱԾ-ի հետ համատեղ քննարկման արդյունքում եկել է եզրահանգման, որ e-gov.am կայքից պետք է հեռացնել մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը, քանի որ, իրենց կարծիքով, «մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում ռիսկային տվյալներ են համարվում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը եւ պայմանագրի պատճենը»։ Նշենք, որ սովորաբար մեկ անձից կատարվող գնումները կոռուպցիոն ամենաբարձր ռիսկն են պարունակում։ Մեկ այլ սահմանափակում՝ պետական աշխատակիցների օտարերկրյա գործուղումների մասին տեղեկատվությունն այլեւս չի տեղադրվի կայքում։ govtravel.am կայքում տեղադրվում է պետական աշխատողների թռիչքների վերաբերյալ հաշվետվություն, ինչը, պարզվում է, կառավարության համար ռիսկեր է առաջացնում «ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից»: «Առաջարկվում է հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները եւ առաջարկությունները»: Այդ տեղեկությունները կհատկացվեն լրագրողներին, եթե լրացուցիչ հարցում անեն՝ տրամադրման անհրաժեշտությունն ու նպատակները հիմնավորելով: Երբ ժամանակին Սերժ Սարգսյանը որոշեց կառավարության նիստերի որոշ հատված փակ անցկացնել, Նիկոլ Փաշինյանն այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ ձայնը հասել էր մինչեւ Եվրոպա»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շրջանառության մեջ է դրել վարչապետի որոշման նախագիծ, որով առաջարկվում է e-gov.am կայքում հրապարակվող պետական աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հաշվետվությունների կառուցվածքում կատարել փոփոխություններ, մասնավորաբար, հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները: Պատճառաբանության մեջ նշված է, որ հաշվետվությունում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից: «Որոշման փոփոխությունը նպատակ ունի կանխել վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի հետ կապված առաջացած նոր ռիսկերը, ինչպես նաև թույլ չտալ այդ տեղեկատվությունը օգտագործել տարբեր տնտեսական և քաղաքական վերլուծություններում ի վնաս ՀՀ պետական շահի»,- նշված է մեկնաբանության մեջ: Այս նախագիծը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել մասնագիտական շրջանակների կողմից: Նրանք ռիսկեր են տեսնում մասնավորաբար աշխատանքի թափանցիկության, ինչպես նաև հանրային ռեսուրսների ծախսման և արդյունավետության նկատմամբ հանրային վերահսկման առումով: Որոշ փորձագետների համոզմամբ, տեղեկատվության սահմանափակումը պետք է կարգավորվի բացառապես օրենքով»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ծանր օր էր: Օրենքով սահմանված տոնական օր էր, նույնիսկ ոչ աշխատանքային, իսկ զգացումները չափազանց հակասական էին: Նախ՝ որքան էլ զավեշտալի չհնչի, գործող իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, գոնե մեկ օրով հիշում էին, որ Սահմանադրություն ունենք, շնորհավորում էին Սահմանադրության ընդունման օրը՝ պաթետիկ, ամպագոռգոռ արտահայտություններ անելով սահմանադրականության, պետության, պետականության մասին: Երբ այդ ամենի մասին խոսում են մյուսները, հասկանում ես, բայց երբ այդ ամենը հնչում է այս իշխանավորների, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, մի տեսակ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում: Ի վերջո, այս մարդիկ երեք տարի շարունակ Սահմանադրության, սահմանադրականության ու օրենքների հետ վարվել են, ինչպես ցանկացել են, դրանք մեկնաբանել են, ինչպես հարմար է եղել իրենց քիմքին՝ սկսյալ ՍԴ դատավորներ փոխելուց մինչև ընտրողական ու կարված քրեական գործեր:Ինչպես նախկինում, այսօր էլ նրանք պարտադրում են համայնքների ղեկավարներին հրաժարական ներկայացնել միայն այն պատճառով, որ նրանց բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը պարտվել է: Ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ օրենքներ, կարևորը մեկ անձի կամքն է ու ցանկությունը: Հենց այս համատեքստում էլ տեղավորվում է նաև երեկվա գեներալական կոչման շնորհումների շքերթը: Այստեղ մի շատ հետաքրքիր օրինաչափություն կա. բարձր կոչման արժանացածների մեջ հիմնականում նրանք էին, որոնք այս երեք տարում անվերապահ սատարել են Նիկոլ Փաշինյանին, կատարել նրա բոլոր ցանկությունները: Այդուամենայնիվ, ասենք՝ շնորհավոր, ու ցանկանանք, որ այլևս երբեք, ոչ մի պարագայում կոչումներն ու պարգևները չտրվեն բացառապես անձին ունեցած նվիրումի համար, այլ պետությանը, պետականությանը, Սահմանադրությանը, օրենքներին ու այն բնագավառին, որտեղ իրականացվում է ծառայությունը... Հա, ու Սահմանադրության մասին էլ միայն հուլիս 5-ին չհիշենք»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխող թիմում կարծում են, որ նորընտիր ԱԺ առաջին նիստը կկայանա հուլիսի 26-ին։ Եթե ընդդիմությունը ՍԴ-ում չվիճարկեր ընտրությունների արդյունքները, տեղի կունենար հուլիսի 5-ին: ՍԴ-ն միավորել է 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը եւ նիստի օր նշանակել հուլիսի 9-ը՝ ժամը 11։00-ին, բանավոր ընթացակարգով։ Զեկուցող դատավորը Էդգար Շաթիրյանն է։ ՍԴ-ն որոշում կկայացնի 15-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչեւ հուլիսի 17-ը:


«Փաստ» օրաթերթը գրում է. « «Փաստ» թերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններում ընտրություններից հետո մի շարք աշխատակիցներ, մյուսների համար անհասկանալի, պարգևատրումներ և այլ հավելավճարներ են ստանում՝ ցուցակներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հետաքրքիր «զուգադիպությամբ», խրախուսվում են այն աշխատակիցները, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել ՔՊԿ-ի նախընտրական շտաբերի աշխատանքներում: Պետական հիմնարկներում խոսում են, որ, ըստ էության, իշխող ուժը իր ակտիվիստներին, որոնք նաև այդ հիմնարկների աշխատակիցներ են, «շնորհակալություն» է հայտնում կամ պարզապես վարձատրում է՝ պետության հաշվին: Այս փաստը հարուցել է պետական համակարգի այլ աշխատակիցների վրդովմունքը: Պետական հիմնարկներում դժգոհում են, թե այդ ո՞ր լավ աշխատանքի համար են պարգևատրվում այդ մարդիկ, նրանք հատուկ ոչինչ չեն արել այն գործառույթների շրջանակներում, որի պատասխանատուն կամ աշխատակիցն են, սակայն ոչ մի բացատրություն չեն ստանում: Այն դեպքերում, երբ հարցերը շատանում ու համառանում են, տրվում է կարճ ու կոնկրետ պատասխան՝ ձեր գործը չէ, այդպես է ասվել, ուրեմն այդպես է պետք: Մեզ հասած տեղեկություններով, այս գործընթացը համատարած է, ընդգրկում է պետական համակարգը ամբողջությամբ։ Ստացվում է՝ նրանց, ովքեր, օրինակ՝ հրաժարվել են ստիպողաբար մասնակցել Փաշինյանի հանրահավաքին, համատարած ազատում են աշխատանքից, իսկ ովքեր իրենց համար աշխատանք են տարել, պարգևատրում են պետության հաշվին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ամեն 7 օրը մեկ կկրկնապատկվեն: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը: «Մեզ մոտ վիրուսի վերարտադրման ցուցանիշն աստիճանաբար աճ է գրանցել, այսինքն՝ եկել էր մի պահ, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը մեր երկրում 0.3-ից մինչեւ 0.4 էր, եւ այն գրեթե չէր տարածվում, հարաբերական հանգիստ վիճակ էր: Բայց այսօր արդեն 1.3 է, արդեն՝ 1.29, իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր անձ առնվազն երկրորդ մարդուն պետք է վարակի. այ սա նշանակում է, որ արդեն տարածվում է: Եւ թվերի վրա էլ ենք մենք տեսնում. պահ էր եկել, որ 0.4-0.5 վերարտադրման ցուցանիշի դեպքում մեր դեպքերի քանակն իջել էր օրական մինչեւ 40-50, բայց այսօր արդեն այդ դեպքերի թիվը100-ից բարձր է: Այսպես դեռ աննկատ ձեւով աճը կտեսնենք, բայց կգա մի պահ, եւ երկրաչափական պրոգրեսիայով ինքը կաճի, եւ ամեն 7 օրը մեկ մեր դեպքերը կկրնապատկվեն»,- բացատրեց մասնագետը: Մեր զրուցակիցը, անդրադառնալով «հնդկական շտամ»-ին, ասաց, որ առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե մեր երկրում որ ենթատեսակն է շրջանառվում: «Ռուսաստանում, տեսնում եք, թե ինչ սարսափելի համաճարակային իրավիճակ է, եւ բազմիցս պատասխանատու կառույցները հայտարարել են, որ «հնդկական շտամ»-ն է շրջանառվում: Նույնիսկ հայտարարվում է, որ արդեն Ռուսաստանում գուցե «հնդակական շտամ» ենթատեսակն ինքն իր հերթին ենթարկվել է փոփոխության, եւ հաշվի առնելով, որ մեր բնակչության տեղաշարժը դեպի Ռուսաստան շատ ինտենսիվ է՝ շատ հնարավոր է, որ Հայաստան եւս այն ներթափանցի»,- նկատեց մասնագետը: