22.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 76 նոր դեպք, մահացել է 5 մարդ
prev Նախորդ նորություն

Երևանի մի շարք շենքեր հանվել են գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից

Կառավարության այսօրվա որոշմամբ Երեւանի մի շարք շենքեր հանվել են գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից, որոնց թվում է «Դոլմամա» ռեստորանի շենքը:


Կառավարության հունիսի 10-ի նիստում կայացված որոշմամբ 2013 թ. «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» 958-Ն որոշման ցանկից հանվեցին Պուշկինի 4 տուն․ Պուշկինի 8․ Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածք հասցեները։


Նշվում է, որ տվյալ որոշմամբ «Դոլմամա» ռեստորանի շենքի տարածքը ևս հանվեց գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից։ Այդ մասին խոսեց նա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը. «Սա հայտնի Դոլմամայի շենքի տարածքներն են, բավական երկար գործընթաց է անցել»։


Ըստ նրա՝ վերոնշյալ հասցեներում մի քանի շենքեր ճանաչվել են նաև մշակութային արժեք ներկայացնող, և փաստացի այդ քաղաքաշինական գործընթացում մեծ առաջընթաց չի եղել։ «Նաև հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը՝ որոշում է կայացվել տվյալ հասցեները հանել 2013 թվականի կառավարության որոշումից։ Նման պատմամշակութային շենքերի ձևափոխումը, քանդումը, տեղափոխումն ընդունելի չէ մեր կառավարության համար»,- ասաց Ավինյանը։


«Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը վերջերս բարձրաձայնել էր, որ ԴԱՀԿ-ից նամակ էր ստացել, որ 15 օրվա ընթացքում պետք է ազատեր Երևանի Պուշկինի 10 հասցեում գտնվող իր ռեստորանի տարածքը։ Այս տարածքը դեռ 2008 թվականին կառավարության որոշմամբ ճանաչվել էր բացառիկ գերակա հանրային շահ։ 2013 թվականին կառավարությունը դարձյալ նմանօրինակ որոշում էր ընդունել տարածքի վերաբերյալ։


Փաստաբաններն ու «Դոլմամայի» սեփականատերը պահանջում էին անվավեր ճանաչել նախորդ կառավարության՝ 2013 թվականի 958-Ն որոշումը, որով կառավարությունը որոշել էր Պուշկինի վերոնշյալ հասցեների և Լալայանց 37 շենքերի տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ։


Հատկանշական է, որ տարածքների ձեռք բերողը նույն որոշմամբ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունն էր, որի հիմնադիրներն են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Սամվել Մայրապետյանը և նրա կինը` պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը:


Կառավարության հիմնավորումն այն է եղել, որ տարածքում բազմաֆունկցիոնալ կառուցապատում էր նախատեսվում, և «նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով»։


Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը կառավարության նիստում ասաց, որ այսօր գործում է վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է մինչև 2018 թվականը գերակա հանրային շահ ճանաչված տարածքների օգտագործման և այդ տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործընթացների վիճակը։