Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։
«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որոնք ստացվում են: Ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվում է, անցել են Հայաստանի տարածք: Եթե սա ճիշտ է, նշանակում է՝ ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել հետագա կորուստների: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գիտակցի՝ մեր քաղաքականությունը աջակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ հղի նոր պատերազմի վտանգով», - գրել է կոնգրեսականը ֆեյսբուքյան իր էջում։
Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին, որը «սովորաբար ոտնահարում է հարևանների ինքնիշխանությունը»։
«Ես կապի մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել եմ նրանց ավելի խորը ներգրավվել Մինսկի խմբի մաշխատանքներում, այժմ ավելի առարկայական, քան երբևէ: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է հենց օրեր հետո, երբ Պետական քարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար մարդու իրավունքների խախտումներ է թույլ տալիս ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը», - գրել է նա:
Ավելի վաղ Երեւանը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Նշվել էր նաև, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
Սյունիքի սահմանային իրավիճակը քննարկելու նպատակով մայիսի 12-ի գիշերը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհդի նիստ: Կառավարության ղեկավարը պաշտոնապես հաստատել է՝ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ «Դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ», - ընդգծել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է:
«Բայց սա տարբերակներից մեկն է։ Պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային», - նշել է նա:
Սահմանին իրավիճակը նախօրեին քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը։ Ավելի վաղ պարոն Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ քննարկել էր Լեռնային Ղարաբաղի իրավիճակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
Հայտնի է միայն, որ երեկ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ։ Ըստ ռուսական կողմի՝ Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են «իրավիճակը այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»:
Պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա Հայաստանի պետական սահմանի հատման, այս հարցի շուրջ Մոսկվայի դիրքորոշման կամ հնարավոր քայլերի մասին: Հատկանշական է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրեր առաջ էր Երևանում անվտանգության ապահովման երաշխքներ էր տվել։
«Մենք հավատարիմ ենք մեր դաշնակցի` Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հանձնառությանը։ Այդ մասին խոսվել է նաև նախագահ Պուտինի հետ Ձեր հանդիպումներում և պարբերաբար իրականացվող մեր պաշտպանական գերատեսչությունների շփումներում։ Այստեղ ոչ մի կասկած չի կարող լինել», - Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել էր Սերգեյ Լավրովը։