Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը:
«Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում (Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում – խմբ.) հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը: Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են, որովհետև դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ:
«Ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է։ Պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային»,- նշել է նա։
Ավելի վաղ Երեւանը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում:
Նվբել էր նաև, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
Սահմանին իրավիճակը նախօրեին քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը։ Ավելի վաղ պարոն Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ քննարկել էր Լեռնային Ղարաբաղի իրավիճակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: