23.11.2024
Սյունիքի սահմանին խնդրի լուծումը շատ մոտ է, կրակոցներ ու վիրավորներ չկան. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են Պարսից ծոց-Սև ծով համագործակցությունը

Երևանում Հայաստանի և Վայաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են տրանսպորտային տոգիստիկ հարցեր: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից:


Հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկրների քաղաքական հարաբերություններն ավանդաբար ջերմ են և հիմնված են մեր ժողովուրդների, երկրների պատմական բարեկամության և եղբայրության վրա։


«Մեր օրակարգում, կարծում եմ, ունենք և պետք է քննարկենք նաև տարածաշրջանի իրադրությանը և հեռանկարներին վերաբերող հարցեր, փորձենք համադրել մեր պատկերացումները՝ իհարկե, մեր ավանդական կապերը քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային ուղղություներով խորացնելու համար։ Եվ, իհարկե, մեր երկրներն ու ժողովուրդները պետք է աջակցեն իրար՝ մեր պետությունների բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու գործում», - ասել է հանդիպման պաշտոնական մասում իր ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանը:


Իր հերթին Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը շահագրգռված է՝ Հայաստանում և ողջ տարածաշրջանում լինեն խաղաղության, կայունության և զարգացման հարցում։ «Մենք պետք է քննարկենք՝ ինչպես զարգացնենք մեր առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունները, այնպիսի հարցեր, ինչպիսին տրանսպորտն է, լոգիստիկան։ Այս հարցերը մեզ էլ ավելի կմերձեցնեն, իհարկե, նաև տարածաշրջանային պրիզմայով», - ասել է Վրաստանի վարչապետը։


Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։


«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և այդ համատեքստում մտքեր փոխանակել այսօր ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմամբ, ինչը կարևոր է համագործակցության զարգացման համար: Այս առումով Նիկոլ Փաշինյանը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների խախտման փորձերը:


Զրուցակիցները ևս մեկ անգամ գոհունակությամբ փաստել են հայ-վրացական հարաբերությունների դարավոր բարեկամական բնույթը, որն ամուր հիմք է բարեկամության և փոխշահավետ գործակցության խորացման համար:


Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել է տրանսպորտային կոմունիկացիաների, ներառյալ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը: Կողմերը հետաքրքրվածություն են հայտնել այս ուղղությամբ համատեղ նոր ծրագրեր նախաձեռնելու հարցում և պայմանավորվել ինտենսիվ աշխատել: Երկուստեք հեռանկարային է համարվել փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ ակտիվ աշխատանքը:


Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների հարցին և փոխանակվել դրանց վերացման ուղղությամբ կատարվող քայլերի վերաբերյալ տեղեկատվությամբ», - ասված է պաշտոնական մամուլի հաղորդագրությունում: