23.11.2024
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
prev Նախորդ նորություն

Սյունիքի սահմանին խնդրի լուծումը շատ մոտ է, կրակոցներ ու վիրավորներ չկան. Քոչարյան

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Սյունիքում սահմանային միջադեպի վերաբերյալ այս պահին տեղի են ունենում բանակցություններ:


«Այնտեղ կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան: Բանակցություներն ընթանում են այդ թվում ռուսկան կողմի ներգրավվածությամբ», - լրագրողների հետ զրույցում այսօր՝ մայիսի 12-ին, ասել է Քոչարյանը՝ համոզմունք հայտնելով, որ իրավիճակը շուտով կհանգուցալուծվի:


Նրա խոսքով, ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է: Պաշտոնյայի համոզմամբ, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը, նաև Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում:


«Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով», - ասել է Քոչարյանն ու նկատել, որ Ադրբեջանը, թեև ոչ պետական մակարդակով, սակայն սկսել է բարձրաձայնել, թե Ռուսաստանի ներկայությունն այս հրադադարի ռեժիմում այնքան էլ ցանկալի չէ:


Հակառակորդի նման գործողությունները, նշել է Քոչարյանը, քաղաքական կոմպոնենտ են պարունակում, որի նպատակը նաև ՀՀ ներքաղաքական կյանքում լարվածություն առաջացնելն է: Քոչարյանը վստահեցրեց, որ հենց հիմա ընթանում են բանակցություններ:


«Հենց հիմա այնտեղ է գտնվում հրադադարի ռեժիմի մեջ ներգրավված ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը, բանակցությունների փուլում ենք: Եվ ես համոզված եմ, որ դա ավարտվելու է հանգուցալուծմամբ»,- ասաց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ խնդիրը կա, բաց դրա լուծումը շատ մոտ է:


«Զոհեր չկան, վիրավորներ չկան, կրակոցներ չկան, չեն էլ եղել»,-ասաց Քոչարյանը:


Կրակոցների մասին տեղեկությունները Քոչարյանը համարեց պլանավորված պրովոկացիա՝ հորդորելով չտրվել դրանց, հասարակության գերլարված վիճակում չպահել: Նրա վստահեցմամբ՝ տարածվող տարատեսակ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: