Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
Մեկօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ըստ առկա տեղեկատվության՝ Վրաստանի կառավարության ղեկավարին և նրա հետ ժամանած պատվիրակությանը "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Այնուհետև ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա վրացական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախատեսվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ընդլայնված կազմով և դեմ առ դեմ ձևաչափով: Բացի այդ, տեղի կունենա ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ:
Նշենք, որ սա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին այցն է 2021 թվականի փետրվարին կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո ։ Ավելի վաղ Ղարիբաշվիլին Հայաստան էր այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով (2014 թվականին), այնպես էլ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում (2020 թվականին):