Վարչապետի «չընտրությունների» երկար ու տանջալի երկրորդ փուլն ավարտված է, խորհրդարանն օրենքի ուժով ցրվեց։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես և նախատեսվում էր, չընտրվեց վարչապետի պաշտոնում։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 1, դեմ ՝ 1, ձեռնպահ՝ 76 պատգամավոր։
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ավանդական չմասնակցեց քվեարկությանը, մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», նույնպես ավանդաբար բոյկոտեց հատուկ նիստը ։
Թեև այսօրվա հատուկ նիստը ձևական բնույթ էր կրում, և կոչված էր ընդամենը պահպանել խորհրդարանը լուծարելու բոլոր ընթացակարգերը, սակայն երկրորդ փուլը երկար ու տանջալի էր։ Փաշինյանն ավանդաբար օգտագործել է խորհրդարանի ամբիոնը, որպեսզի պատասխան տա ընդդիմախոսներին, տվյալ դեպքում վարչապետի պաշտոնակատարը որոշել է պատասխանել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա թիմակիցներին, որոնք նախօրեին գործող իշխանություններին մեղադրել էին բոլոր ճակատներում ձախողումների մեջ:
Փաշինյանը ներկայացրել է իշխանափոխությունից հետո ընդունված կառավարության բոլոր քայլերն ու բարեփոխումները:
Ռոբերտ Քոչարյանը «մուզա» է ծառայել նաեւ պատգամավորների համար։ Վարչապետի ելույթից հետո գրանցվել է 25 պատգամավոր, առավելապես «Իմ քայլը» խմբակցության անդամներ։ Իշխող դաշինքի պատգամավորները նաև գովերգում էին կառավարության գործունեությունը և քննադատում նախկին իշխանությունների կառավարման ժամանակները։ Գործող իշխանության քննադատությունը հնչեցրել են շատ անկախ պատգամավորներ և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ։
Ելույթ ունենալով քննարկումների արդյունքում՝ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցությանը՝ հատկապես ռազմական գործողություններից հետո ցուցաբերած տոկունության համար:
Նա նշել է, որ դեռ երկար ամիսներ ակտիվ լուրեր են շրջանառվում, որ իշխող դաշինքի պատգամավորների մեծ մասին կգնեն, հնչեցվել է 20 մլն դոլար թիվը: Սակայն խմբակցությունն ունի այն պատկերը, որն ունի և «բոլորին ակնհայտ դարձավ, թե ուր են գնացել սահմանին տիրող իրավիճակով մտահոգ այն պատգամավորները, ովքեր շտապել են լքել խմբակցությունը»։ «Հենց այդ պատճառով դուք բոլորդ դարձել եք թիրախ, այն պատճառով, որ չեք վաճառվել, չեք վաճառվել այն պահին, երբ բորսայում եղել են ամենաբարձր գները»,-ասել է Փաշինյանը:
Արդյունքում արվել է այն, ինչ ծրագրված էր Վարչապետը չի ընտրվել, եւ Ազգային ժողովը օրենքի ուժով լուծարվել է։ Յոթերորդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը մինչեւ նոր գումարման խորհրդարանի կազմավորումը: Եթե քվորում ապահովվի, այդ գումարումը կընդունի բոլոր այն օրենքները, որոնք նախկինում անցել են առաջին ընթերցումը։