Կառավարությունը 2020 թվականին աշխատել է Ճգնաժամային կառավարման ռեժիմում. Փաշինյան
2019 թվականը Հայաստանի համար աննախադեպ հաջող տարի էր, այդ ժամանակահատվածում գրանցվել են աճի ամենաբարձր տեմպերն անցած տասը տարիների ընթացքում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 2020 թվականի ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան հաշվետվությունը։
Թեև խոսքը 2020 թվականի ծրագրի կատարման մասին է, վարչապետը որոշել է մանրամասն ներկայացնել տվյալներ 2019 թվականի ձեռքբերումների մասին՝ անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին (7.6%), բյուջեի եկամտային մասով պլանի գերակատարման ծավալներին (ավելի քան 63 մլրդ դրամ)։ Նա նշել է, որ նախորդ տարվա առաջին երկու ամիսներին տնտեսական աճի դինամիկան շարունակվել է, տնտեսական ակտիվությունն այդ ամիսներին կազմել է շուրջ 9 տոկոս:
Սակայն, շարունակեց Փաշինյանը, արդեն մարտին Հայաստանում սկսեցին գրանցել կորոնավիրուսով վարակման դեպքեր՝ սկիզբ դնելով երկրում ճգնաժամային շրջանին։ «Թվում էր, թե կորոնավիրուսը կդառնա 2020 թվականի վատագույն հիշողությունը, սակայն սեպտեմբերին սկսվեց 44-օրյա պատերազմը, որը մեզ համար չափազանց ծանր հետեւանքներ ունեցավ», - հայտարարել է վարչապետը: Հաշվի առնելով նշված բոլոր իրադարձությունները՝ ՀՀ կառավարությունն աշխատել է Ճգնաժամային կառավարման ռեժիմում, հայտարարել է Փաշինյանը։