25.11.2024
Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկությունը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ որոշում
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն մերժեց ՀԾԿՀ անդամի պաշտոնում Լևոն Բունիաթյանի թեկնածությունը

ԱԺ պատգամավորների քվեարկության արդյունքում իշխող «Իմ քայլը» դաշինքի առաջադրած Լեւոն Բունիաթյանը չի ընտրվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ: Քվեարկությանը մասնակցել է ընդամենը 52 պատգամավոր, որոնցից 13-ը կողմ են եղել Բունիաթյանին, 36-ը՝ դեմ։


Հիշեցնենք, որ խորհրդարանի մի շարք անդամներ, առավելապես անկախ պատգամավորներ, Բունիաթյանի թեկնածությունը խիստ քննադատության էին ենթարկել։


Այսպես, անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Սերգեյ Բագրատյանը մտահոգություն են հայտնել Բունիաթյանի նախորդ գործունեության կապակցությամբ, ով մինչև 2016 թվականը աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում և 2016-ին հայտնի սկանդալից հետո հեռացել է զբաղեցրած պաշտոնից։


Երկու պատգամավորներն էլ կասկած են հայտնել, որ Բունիաթյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անաչառ անդամ կլինի։ Նրանք վստահ չեն, որ թեկնածուն կարող է սպառողների իրավունքների որակյալ պաշտպանություն իրականացնել։


Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը եւս թեկնածուին մեղադրել է անհարգալից վերաբերմունքի եւ պատգամավորների բոլոր հարցերին ուղիղ պատասխանելուց խուսափելու փորձերի մեջ: «Մարդը, ով հավակնում է այդ պաշտոնին, առնվազն պետք է պատկերացում ունենա երկրի իրավիճակի վրա ԱԷԿ-ի աշխատանքի կասեցման հնարավոր ազդեցության մասին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մենք Արցախում զրկվել ենք 6-7 ՀԷԿ-երից, որ դադարեցվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը», - հայտարարեց պատգամավորը:


Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ընդհանրապես Բունիաթյանին կոչ արեց հետ կանչել իր թեկնածությունը։ Նա ընդգծել է, որ Բունիաթյանը այնպիսի մարդու տպավորություն չի թողնում, որը կկարողանա դիմակայել հսկա ընկերություններին, ինչպիսիք են «Գազպրոմ Արմենիան» եւ «Հայաստանի էլեկտրացանցերը»: Նա անարգալից է համարել խորհրդարանի նկատմամբ նման անպատրաստ թեկնածուի առաջադրումը։


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ գնահատում է Բունիաթյանի ազնվությունը: Սակայն, շարունակեց նա, թեկնածուի հիմնական թերությունն է նաեւ ոլորտի մասին ավելի շատ իմանալու նրա դժկամությունն է։ Պատգամավորը նաև մատնանշեց ոլորտի բարեփոխումների հայեցակարգի և մոտեցումների փաստացի բացակայությունը:


Իր անտեղյակությունն ու որոշ հարցերի չտիրապետումը Բունիաթյանը բացատրել է կարճ ժամանակահատվածով, որը նրան տրամադրվել էր նախապատրաստվելու համար։ Նա նաեւ նշել է, որ բարձրացված հարցերից շատերի պատասխանները հնարավոր է տալ միայն ՀԾԿՀ-ում անմիջական աշխատանք սկսելուց հետո: