Եվրոպան պետք է վերջ տա լռությանը. Երևան այցելած ԵԽ պատգամավորի կոչը
Եվրոպան պետք է վերջ տա լռությանը՝ չթողնելով Հայաստանին միայնակ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ֆրանսիական «Le Figaro»-ում հրապարակված սյունակում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին, որն օրերս այցելել էր Հայաստան:
Նա ընդգծել է, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով 2020 թվականի պատերազմում Հայաստանը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցավ: Միաժամանակ, նա ընթերցողների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի վրա՝ նշելով, որ ադրբեջանական կողմի այդպիսի անմարդկային շանտաժը չպետք է երկար շարունակվի, և Եվրոպան պետք է ցույց տա, որ ամբողջովին չի կորցրել իր սկզբունքները։
VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 6-ին Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն:
«Եվրոպան սա պետք է տեսնի, որպեսզի հասկանա, թե ինչ էր այդ պատերազմը», - հայտարարել էր Ֆրանսուա-Քսավիե Բելլամին նայելով այդ գերեզմաններին, գրել էր դեսպանը: