Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկությունը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ որոշում
Սահմանադրական դատարանը որոշեց, որ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկությունը համապատասխանում է Սահմանադրությանը:
Սահմանադրական դատարանը, քննության վերցնելով Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, որոշել է.
«ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը»։
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում:
«Բարգավաճ Հայաստան»-ը Նաիրա Զոհրաբյանին Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով դիմել էր Սահմանադրական դատարան՝ իշխանական իմքայլական պատգամավորների նախագիծը որակելով հակասահմանադրական։
Իշխող խմբակցությունը պաշտոնանկությունը պատճառաբանում էր Նաիրա Զոհրաբյանի՝ Ֆեյսբուքում կատարած հետևյալ գրառմամբ․ «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։