Պատերազմի մասնակից վարձկան-ահաբեկիչ 2 արաբների քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում ավարտվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի եւ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի կողմից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված եւ գնահատված ապացույցների համակցությամբ՝ հիմնավորվել է, որ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին եւ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, Սիրիայի Արաբական Հանրապետության կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական անձանց եւ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով եւ էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը։
Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին եւ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 395-րդ հոդվածի 3-րդ մասով։
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ: