23.11.2024
Մամուլ. Հանուն Փաշինյանի հեռացման ՀԱԿ-ում չեն բացառում դաշինքը մոնղոլ-թաթարների հետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Լիդերների վերջին հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել է, որ չի աջակցի Ռոբերտ Քոչարյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդների միջեւ խորը տարաձայնությունները դեռ շարունակում են տարբեր դրսեւորումներ ունենալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր մտերիմների մոտ հայտարարել է, որ չի ցանկանում որեւէ ձեւով աջակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցում: Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը հայտնել է նեղ շրջապատում, որ նպատակ ունի ընտրությունների ժամանակ աջակցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին, եւ ասել է՝ բոյկոտելու ենք ընտրությունները, մենք 4-5 պատգամավորական մանդատ ստանալու համար չենք լեգիտիմացնի կապիտուլյանտին։ Սարգսյանն իր մտերիմ շրջապատում ասել է, որ ՀՀԿ-ն տարբեր հարցումների միջոցով պարզել է՝ ցածր վարկանիշ ունի, իսկ այդ ձեւով ընտրությունների մասնակցելը կխայտառակի իրեն, ինչի համար էլ ճիշտ է համարում Վանեցյանին աջակցելը, քան լինել Ռոբերտ Քոչարյանի կողքին: Ավելին՝ լիդերների վերջին հանդիպման ժամանակ դա բացահայտ Սարգսյանն ասել է Ռոբերտ Քոչարյանին՝ հստակ նշելով, որ նրան չի աջակցելու: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀԿ-ականների կարկառուն թեւն էլ հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանն իր դեմքով չգնա ընտրությունների, ապա իրենք կմտնեն այն ցուցակը, որը կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը: Կարելի է ասել՝ այս պահին ՀՀԿ-ում երկփեղկվածություն է, եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները դժգոհ են նրա կեցվածքից հատկապես այն առումով, որ վերջինս բաց չի ներկայացնում իր քայլերն ու անելիքները թիմի մոտ։ Ինչպես թաքուն հրաժարական տվեց, այնպես էլ գաղտնի է պահում հիմա իր իրական նպատակները հարազատ կուսակցությունից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նկատելիորեն կրճատել է վստահելիների շրջանակը, մեր տեղեկություններով, վերջին շրջանում նա իր թիմից 2 հոգու է անվերապահ վստահում՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին եւ նախարար Սուրեն Պապիկյանին։ Վստահելիների մեջ են նաեւ աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ու խորհրդական Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլից» Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի ու Հայկ Սարգսյանի միջոցով էլ խմբակցությունն է կառավարում։ Հենց այս մարդիկ են մեկնում նրա հետ մարզեր։ Կատակում են, թե Փաշինյանի մեքենան որ պահին «խոդ» են տալիս, Արփի Դավոյանն արդեն այցելության վայրում է։ Սա դժգոհություններ է առաջացրել թիմում, ոմանք փորձում են վերականգնել կամուրջները, ինչ-ինչ հարցեր լուծել, սակայն Փաշինյանը չի շտապում բավարարել բոլորի ցանկությունները եւ թերեւս որոշել է առանց արտաքին ճնշումների կազմել ընտրական ցուցակը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի ցուցումով այսօրվանից ԲՀԿ-ականները, խմբերի բաժանված՝ մարզային «նախընտրական» այցելություններ կունենան: Գրաֆիկը հագեցած է, գրեթե ամեն օր այց է նախատեսվում։ Այսօր ԲՀԿ-ականներից ձեւավորված խմբերը կլինեն Արմավիրում, յուրաքանչյուրը մի քանի համայնք կայցելի, իսկ օրվա վերջում «շեֆին» ամփոփ տեղեկատվություն կփոխանցեն։ Հաջորդ օրը Արագածոտնի հերթն է, եւ այսպես կլինեն բոլոր մարզերում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը եւս արդեն երկու շաբաթ է՝ թիմով մարզեր է այցելում, այսօրվանից մարզեր կմեկնեն նաեւ Հայրենիքի փրկության շարժման անդամները։ Չհայտարարված քարոզարշավը սկսված է»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյա­նը, ինչպես հայտնի է, օրերս հայտարարել է, որ պատրաստվում է ակտիվ մասնակցել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն չի նշել, թե ինչ ձևաչափով է պատրաստվում մասնակցել: Արդյոք նա անձա՞մբ է իր թեկնածությունը դնելու, թե որևէ քաղաքական ուժի է աջակցելու: Այս ֆոնին լուրեր են տարածվում, որ Արա Աբրահամյանը պատրաստվում է սատարել «Սարգիս-Կարոլինա» ընկերության փայատերերից մեկին՝ գործարար, նախկին պետական պաշտոնյա Երվանդ Թարվերդյանին, որը պատրաստվում է կուսակցություն հիմնել: «Հրապարակը» փորձեց Ռուսաստանի հայերի միության գրասենյակից ճշտել, թե որքանով են համապատասխանում իրակա­նությանն այդ լուրերը, ինչ ֆորմատ է ենթադրում Ռուսաստանում երկար տարիներ բնակվող երկքաղաքացի Արա Աբրահամյանի հայտարարած մասնակցությունը հայաստանյան ընտ­րություններին, և արդյոք նա պատրաստվում է աջակցել Թարվերդյա­նին: Աբրահամյանի տեղակալ Լուսիկ Ղուկասյանն ասաց, որ առաջին անգամ է լսում «Թարվերդյան» ազգա­նունը: «Կներեք, իսկ ո՞վ է Երվանդ Թարվերդյանը: Տպավորություն ունեմ, որ այդտեղ ավելի լավ են տե­ղեկացված Աբրահամյանի ծրագրե­րին, քան ինքը՝ Աբրահամյանը»: Լուսիկ Ղուկասյանը մեզ փոխանցեց Ռուսաստանի հայերի միության նախագահի պատասխանը, որը կրկին անորոշ էր. «Արա Աբրահամյանն ամենաակտիվ մասնակցությունը կունենա ընտրություններում: Նա կոչ է անում ամբողջ ժողովրդին, յուրաքանչյուր հայի, ողջ սփյուռքին՝ մի կողմ չքաշվել պետության և ողջ ազգի համար ճակատագրական այս պահին: Նա ոչ թե որպես ՌՀՄ նախագահ, այլ որպես Հա­յաստանի քաղաքացի է մասնակցելու ընտրական գործընթացին: Իսկ թե ինչ ձևաչափով՝ կհայտարարի առա­ջիկայում: Սեփական թեկնածության առաջադրումն ինքնանպատակ չէ: Այսօր հարցը ոչ թե թեկնածուի անձը կամ պաշտոնն է, այլ կործանարար գործընթացները, պետականության կորուստը կանխելն է: Դրան է տանում Փաշինյանի և նրա աջակիցների քաղաքականությունը»: Ի դեպ, Արա Աբրահամյանի մաս­նակցության մի կարևոր խոչընդոտ կա՝ նա վերջին չորս տարվա ուղիղ կեսը պետք է Հայաստանում ապրած լինի, յուրաքանչյուր տարվա մեջ՝ վեց ամիս, և դա հեշտ է պարզել՝ մեկնումի և վերադարձի ամսաթվերով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանում գործող բազմաթիվ մանր ու միջին կուսակցություններ հայտարարել են, որ պատրաստ են մասնակցելու իշխանությունների նախաձեռնած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն այդ կուսակցություններում տեղի ունեցող քննարկումների ընթացքում մշտապես հնչում է այն թեզը, որ հասարակությունը այս պահին պատրաստ չէ ընտրությունների: Իրականում բոլոր կուսակցություններն էլ հասկանում են, որ ընտրությունների դեպքում իրենք հաջողության որևէ հույս չունեն հասարակության կողմից կա՛մ ճանաչված չլինելու, կա՛մ ընդհանրապես մերժված լինելու պարագայում: Ոչ իշխանական, այդ թվում և խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց անցկացրած ուսումնասիրությունները ոչ մի լավատեսություն չեն ներշնչում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղյակ չեն ո՛չ այն մասին, թե ինչ օրենսգրքով ենք գնալու ընտրությունների, ո՛չ ընտրությունների ժամկետի մասին։ Ընտրություններ կազմակերպող մարմինն այդ ամենի մասին իմանում է մամուլից։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրինք․ «Ձեզ համար անակնկա՞լ էին արտահերթ ընտրությունների որոշումը եւ վարչապետի հայտարարությունը»։ Պատասխանեց․ «Արտահերթ կամ հերթական ընտրությունները նշանակվում են նախագահի հրամանագրով։ Հենց նշանակվում են, մեր գործառույթները նոր մեկնարկում են»։ Այսինքն, վարչապետը խախտե՞լ է կարգը՝ ընտրությունների մասին հայտարարելով․ «Ընտրությունների նշանակման իրավական հիմքը նշեցի՝ հանրապետության նախագահի հրամանագիրն է։ Հրամանագիրը կլինի, էդ օրվանից կհաշվարկենք ժամկետները եւ կսահմանենք ժամանակացույցը»։ ԿԸՀ նախագահին հարցրինք նաեւ՝ իսկ վարչապետը Ձեզ հետ քննարկե՞լ է ընտրությունների անցկացման օրը։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ նման հարց չի քննարկվել»։ Այսինքն՝ Դուք էլ արտահերթի մասին վարչապետի ֆեյսբուքյան հայտարարությունից եք իմացել։ «Այդ հայտարարությանը ծանոթացել եմ էնպես, ինչպես մյուսները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմն առաջիկայում պատրաստվում է պատվիրակություն ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ: Բանն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը կարծես թե գլխացավանք է դարձել իշխող թիմի համար, եւ իշխանությունները ելքեր են փնտրում: Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ իշխանությունները որոշել են՝ ոչ թե պետք է ամբողջապես փոխել Ընտրական օրենսգիրքը, այլ բավարարվել միայն վարկանիշային ընտրակարգը հանելով եւ հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ պարզ համամասնական համակարգով: Նշենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը գտնվում է Վենետիկի հանձնաժողովում, որտեղ պետք է քննարկեն եւ փորձագիտական կարծիք հայտնեն, ու որքան էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, թե Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը ընդդիմությունը թողել է իշխանության հայեցողությանը, այնուամենայնիվ, Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի համար կարեւորություն է ներկայացնում այն, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունը պետք է ընդունվի լայն կոնսենսուսով, այսինքն՝ քաղաքական դաշտի դերակատարները նաեւ ԱԺ-ից դուրս պետք է իրենց համաձայնությունը տան։ Այնպես որ, եթե անգամ իշխանական խմբակցությանը հաջողվի կոնենսուս ապահովել խորհրդարանում, նրանք մտավախություն ունեն, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարող է չստորագրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Եվ հենց դա է պատճառը, որ իշխանական ուժը պատրաստվում է առաջիկայում միջնորդներ ուղարկել նախագահի մոտ, որպեսզի հասկանան նրա դիրքորոշումը եւ պլանները։ Նկատենք՝ եթե խորհրդարանական ուժեր ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն հայտարարում են, թե ցանկացած ընտրակարգի պարագայում իրենք կմասնակցեն արտահերթ ընտրություններին, ապա արտախորհրդարանական ուժերին կողմնորոշվելու համար կարեւոր է հենց ընտրակարգի փոփոխությունը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին պարզ կլինի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարան ուղարկված դիմումի ճակատագիրը: Ինչպես հայտնի է, մարտի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան էր դիմել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով։ Արմեն Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաեւ նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության եւ դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում: Ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները եւ ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչեւ այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս եւ հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման եւ կիրառման համատեքստում»: Եվ, ահա, տեղեկացանք, որ դիմումը նախնական ուսումնասիրման փուլում է (ժամկետը` մուտքագրման պահից 30 օր): Դրանից հետո աշխատակարգային նիստում պետք է քննության առնվի դիմումը քննության ընդունելու հարցը: Սակայն, մեր տեղեկություններով, որոշումը կհրապարակվի մինչեւ սահմանված ժամկետի ավարտը, եւ դիմումը կընդունվի քննության»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է մասնակցել հունիսի 20-ին նախատեսվող ընտրություններին․ լուրեր կան, որ քննարկումների մեջ է տարբեր ուժերի հետ։ «Մենք էս պահին պայքարում ենք, որ Նիկոլ Փաշինյանին հանենք՝ առանց ընտրության, հիմա ընտրություններից մենք չենք խոսում»,- ասաց նա։ Իսկ եթե չստացվի՞ նրան առանց ընտրության հեռացնելը, Բագրատյանը հիշեց հին, հայտնի արտահայտությունը՝ ի պատասխան «եթե»-ով հարցերի․ «Եթե մորաքույրս տղա ծնվեր, քեռիս կլիներ»։ Բայց մարդիկ, ուժեր կան, որ ե՛ւ պայքարում են հեռացման համար, ե՛ւ զուգահեռ քննարկում են հավանական ընտրություններին մասնակցության հարցը։ «Մենք էդ տեսակը չենք, մենք դա սխալ ենք համարում, մենք դա համարում ենք դավաճանություն 17 ուժերի նկատմամբ»,- ասաց Բագրատյանը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ցանկացած պետության ողնաշարը դատական համակարգն է։ Կա դատական կայացած համակարգ՝ տնտեսությունը կզարգանա, հասարակությունը բնականոն կյանքով կապրի, վենդետաներ չեն լինի, կրիմինալը ներքին կյանքում դերակատարում չի ունենա, արդար ընտրություններ կկազմակերպվեն, մարդկանց անօրինական չեն ազատի աշխատանքից, առհասարակ՝ պաշտպանված կլինեն բոլորի իրավունքները, և ոչ ոք չի կարողանա օրենքն անպատիժ խախտել ու հղփանալ։ Իսկ անկախ ու կայացած դատարաններ ունենալու համար նախ այն պետք է տարանջատել իշխանության մյուս ճյուղերից, հատկապես՝ գործադիրից, ինքնաբավ լինի, ֆինանսապես ապահովված, դատավորները հոգեպես ամուր ու կիրթ լինեն, իրենց առաքելության գիտակցումն ունենան։ Թույլ և աղքատ երկրներում, որտեղ իշխանության ճյուղերի տարանջատումը լիարժեք չէ, իսկ հասարակությունը տգետ է ու չարացած, կայացած դատական համակարգ ունենալը կրկնակի բարդ է։ Իշխանության գլխին կանգնածները դատական համակարգի աշխատանքին միջամտելու գայթակղությանն են միշտ տրվում, իսկ հասարակությունը պատրաստ է հայհոյել ու մինչև վերջ նվաստացնել իր կամքը չկատարող դատավորներին։ Եթե երկրիդ ղեկին կանգնած անձինք գիտակցում են դատարանների դերը և օգնում, որ նրանք անկախանան, երկիրը զարգանում է, հասարակությունը համերաշխ է, մարդու իրավունքները՝ պաշտպանված, պաշտոնյաները՝ զուսպ։ Բայց մեզանում աննախադեպ վիճակ է ստեղծվել, երբ դատարանների անկախության թիվ 1 թշնամին երկրի ղեկավարն է։ Նա ամեն ինչ արեց Սահմանադրական դատարանը ոչնչացնելու, իրեն ծառայեցնելու համար՝ չհաջողեց, իր կամքին դեմ գնացող դատավորներին հալածեց, իսկ ամենակարևորը՝ դատարանների որոշումները չկատարելու ավանդույթն է ուզում հիմնել»:


«Իրավունք» օրաթերթը գրում է. «Ինչպե՞ս է գնահատում օրերս ԱԺ-ի կողմից ըն­դունված ԲԴԽ լիազորություններն ընդլայնող օրենքի նախագիծը ՀՀ-ում ամենահեղինակավոր դատավորներից մեկը՝ Վե­րաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: «Իրավունքի» հետ զրույցում պա­րոն Ազարյանը մեկնաբանեց.


«Ամբողջովին կիսում եմ ԲԴԽ նա­խագահի տեսակետը: Անկեղծ ավելացնելու ոչինչ չունեմ, ան­հեթեթություն է: Այս տեսակետը կիսում են նաև հանրապետության դատավոր­ների զգալի մասը: Մասնավոր զրույցնե­րի ժամանակ բոլորը միանշանակ պնդում են, որ կա խնդիր: Թե ինչպես դատավորները դրան կարձագանքեն, ես չեմ կարող ասել, բայց այնպես չէ, որ ԲԴԽ նախագահն իր հարցազրույցում միայն անձնական սուբյեկտիվ կարծիքը հայտնեց: Նրա մտահոգությունը բոլոր այն դատավորների մտահոգությունն է, ովքեր քիչ թե շատ մտահոգված են դա­տական իշխանության ապագայով ու անկախությամբ:


-Պարոն Ազարյան, բայց չէ՞ որ նա­խագծի հեղինակները իրավաբաններ էին, ու ենթադրվում է, որ հասկացել են, թե ինչ վտանգավոր տարրեր է իր մեջ պարունա­կում իրենց ներկայացրած նախագիծը: Ինչո՞ւ գնացին դրան:


-Գիտեք, անհիմն մեղադրանք դար­ձյալ իրավաբաններն են, չէ՞, առաջադ­րում, մեղադրական եզրակացություններ այն գործերով, որոնցով ամբաստանյալ­ները հետագայում արդարացվում են, դարձյալ իրավաբաններն են հաստա­տում: Այնպես որ, իրավաբան էլ կա, իրավաբան էլ: Իրավաբաններ կան, ով­քեր պատվերներ են կատարում՝ կլինի քաղաքական, ընկերական, թե այլ: Բայց կան իրավաբաններ, ովքեր միայն օրենքի շրջանակում են գործում:


-Պարո՛ն Ազարյան, այս նախագծով, ըստ էության, ստացվում է, որ դատավորը արդարադատություն իրականացնելիս նաև պետք է մտածի կողմերին «չնեղաց­նելու» մասին:


-Տեսեք, դատարան մուտք են արվում գործեր, որոնց հիմքում կա վեճ: Վեճը կամ այս կողմի օգտին պետք է լուծվի, կա՛մ մյուս: Համաձայն եք, չէ՞ նաև, որ գրեթե իննսուն և ավել տոկոս վեճերի դեպքում կողմերից մեկը դժգոհ է մնում: Նույնը քրեական գործերով, գործը մուտք է լինում դատարան, որի արդյուն­քում կա՛մ մեղադրանքի կողմն է հաղ­թում, կա՛մ պաշտպանության: Կողմերից մեկը, ըստ-էության, հիմնականում դժգոհ է մնում: Պատկերացրեք, որ նման ցան­կացած դժգոհության դեպքում միանգա­մից բողոք է ներկայացվում ԲԴԽ այդ դատավորի վրա: Ու ես Ձեզ ասեմ, որ իմ ընկեր պաշտպաններն արդեն իսկ կար­ծիք են հայտնում, որ այդ օրենքի միջո­ցով ձեռք են առնելու այդ օրենքը ընդու­նողներին: Պատկերացրեք՝ օրական մի դատավորի վրա հինգ-վեց բողոք գնա: Ես կրկնում եմ՝ իմ ընկեր, ծանոթ շատ պաշտպաններ արդեն իսկ ասել են, որ միտումնավոր բողոքներ են ներկայաց­նելու՝ ցույց տալու, թե ինչ հիմար օրենք­ներ են ընդունել: Ստացվում է, որ ԲԴԽ-ն էլ անելիք չունի, պետք է նստի ու անհե­թեթ բողոքներով զբաղվի: Այստեղ տեղին է մեջբերել Բուլգակովի հայտնի արտահայտությունը. «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդու­նեն, օրենքներ են ընդունում»: Այս մար­դիկ չեն հասկանում, որ մեղադրյալին կալանավորելու համար պետք են պայ­մաններ և հիմքեր: Դա օրենքով է նա­խատեսված: Պայմանը հիմնավոր կաս­կածն է, ապացույց կամ ապացույցներ առ այն, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող արարքը: Անհրաժեշտ են նաև հիմքեր, որ անձը կխուսափի, կթաքնվի քննությունից, դատավարու­թյան մասնակիցների՝ տուժողների, վկա­ների վրա անօրինական ազդեցություն կգործադրի ու կկատարի օրենքով չնա­խատեսված այլ արարքներ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից ոչ հեռու, Խնածախ գյուղի մոտ փոքր հայկական դիրք է մնացել, որը հսկում են զինվորականները, իսկ նրանց օգնում են տեղի բնակիչներ, նախկին ազատամարտիկներ, կամավորներ՝ լավ հասկանալով դիրքի կենսական նշանակությունն այս տեղանքի համար։ Այս դիրքը բոլոր կողմերից շրջափակված է ադրբեջանական զորքով։ Ուժերի հարաբերակցությունը, եթե թվեր չբացահայտենք, այնպիսին է, որ թշնամին շեշտակի առավելություն ունի մեր տղաների համեմատ։ «Փաստացի սա մեր սահմանն է, մենք այն պահում ենք, բայց իրենք երբ ուզենան, մեզ կգրավեն։ Մենք «կոլցոյի» մեջ ենք։ Նայում ենք չորս կողմ՝ մի 100 մետր հեռու ադրբեջանցին է կանգնած, իրանց դրոշն է խփած»,- ասում է Խնածախը պահող զինծառայողներից մեկը։ Նա վստահեցնում է, որ ե՛ւ ինքը, ե՛ւ ընկերները գեթ մեկ րոպեով զինվորական հանդերձանքը չեն հանում։ «Մենք, կարելի է ասել, շրջափակման մեջ ենք։ Որ ֆորմեն հանենք, կարող են հարձակվել, գերի վերցնել ու ասել՝ ահաբեկիչներ են»,- ասում է մեր զրուցակիցը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կենդանիների գլխաքանակն ավելացել է, բայց խոզերի գլխաքանակը զգալի պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 613 հազար 413, 2020-ին՝ 579 հազար 256, 2019-ին՝ 571 հազար 861, այսինքն՝ մեկ տարվա ընթացում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 34 հազար 157-ով: Կովերի գլխաքանակն է ավելացել Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռիի, Արագածոտնի մարզերում: Ի դեպ, տեղեկացնենք, որ կովերի գլխաքանակը 2018 թվականին կազմել է 266 հազար 800, 2019-ին՝ 253 հազար 990, 2020-ին՝ 251 հազար 716, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ 265 հազար 810: Փոխարենը 9.1 տոկոսով կամ 23 հազար 31-ով պակասել է խոզերի գլխաքանակը: Եթե 2020 թվականին խոզերի գլխաքանակը կազմել է 223 հազար 252, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ այն 200 հազար 221 է: Պաշտոնապես Հայաստանում ոչխարի գլխաքանակը 8.4 տոկոսով կամ 53 հազար 841-ով ավելացել է, այսինքն՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում ոչխարի գլխաքանակը կազմել է 693 հազար 439, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 639 հազար 598»: