VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ իշխող թիմն Ընտրական օրենսգրքում դեռեւս փոփոխություններ չի արել, եւ հայտնի չէ՝ ընտրություններն անցկացվելու են ռեյտինգային, թե համամասնական ընտրակարգով, սակայն կուսակցությունները, այդ թվում՝ Հայ ազգային կոնգրեսը, արդեն մասնակցության ֆորմատի փնտրտուքների մեջ են եւ բանակցում են քաղաքական ամենատարբեր ու անհավանական ուժերի հետ։ ՀԱԿ-ականները չեն բացառում՝ հանուն Նիկոլ Փաշինյանի հեռացման անգամ դաշինք կազմեն, տերպետրոսյանական բնորոշմամբ, մոնղոլ-թաթարների հետ, ինչպես տարիներ առաջ բուրժուադեմոկրատական հեղափոխություն էին անում Գագիկ Ծառուկյանի հետ։ ՀԱԿ-ում հասկանում են, որ ռեյտինգայինով միայնակ մասնակցելու դեպքում իրենք շանս չունեն, բացի այդ՝ ֆինանսական ծախսերի խնդիրը կա, ՀԱԿ-ում փողատերեր չկան, դրսից պետք է ֆինանսները հայթայթեն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ից դուրս եկած Գևորգ Պետրոսյանին հաճախ են տեսնում Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի ընկերակցությամբ: Փաստացի Պետրոսյանի ԲՀԿ-ից դուրս գալու դրդապատճառը ոչ այնքան քաղաքական էր, ինչպես նա փորձում էր ներկայացնել, որքան զուտ ներանձնային. Պետրոսյանը որոշեց Ծառուկյանին փոխարինել Քոչարյանով՝ թերևս այդ թևից ստանալով իր համար առավել գրավիչ առաջարկ: Ինչպես ընդունված է ասել, Ծառուկյանի հացի մեջ աղ չկա, ում հաց տվեց, դավաճան դուրս եկավ: 2018թ. խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ խմբակցությունը արդեն երեք պատգամավոր է լքել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը «Քաղպայմանագրին» հանձնարարել է ակտիվ նախընտրական աշխատանքներով զբաղվել, մարզերում վերաբացել գրասենյակները, որոնք փակվել էին 2 տարի առաջ, սակայն պատգամավորներն առանձնապես չեն կոտորում իրենց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք սպասում են նախընտրական ցուցակին, որպեսզի հասկանան՝ աշխատե՞ն, թե՞ ոչ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, որոշ տեղեկություններով, չի շտապում ցուցակները կազմել կամ տեղեկացնել, թե ով որ տեղում է լինելու։ Որոշել է, որ դրա մասին կբարձրաձայնի, երբ ԱԺ-ում ընդունվի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, եւ ռեյտինգայինից անցումն ամրագրվի։ Եթե հիմա խաղաքարտերը բացի, չի բացառվում, որ ցուցակից դուրս մնացածները դեմարշ անեն եւ չքվեարկեն փոփոխությանը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սոցիոլոգիական ընկերություններից մեկը 2018 թվականի ամռանը հարցում էր անցկացրել և արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը 98 տոկոս է։ Դրանից ընդամենը երկուսուկես տարի անց 98 տոկոսից միայն հուշերն են մնացել, լավագույն դեպքում՝ 28-30 տոկոսի տեսքով։ Պատմաբաններն ապագայում, կարծում եմ, կուսումնասիրեն Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը և կփորձեն հասկանալ, թե ինչպես կարելի է երկու տարում այդ անսահման սերն ու վստահությունը փոշիացնել, երկիրն ու հասարակությունը հասցնել այս վիճակին։ Կփորձեն հասկանալ, թե այդ որ քայլերն ու արարքներն էին պատճառը, որ ժողովրդի կողմից իշխանության բերված անձը նման անձնական անկում գրանցեց՝ բոլոր ասպարեզներում ևս անկում ու անթույլատրելի հետընթաց ապահովելով։ Սակայն անգամ անկումն էլ կարևոր չէ, այլ այն փակուղին, որի մեջ հայտնվել է մեր երկիրը 2018 թվականից հետո իշխանության եկած թիմի պատճառով։ Իհարկե, առաջին հերթին փակուղում է հայտնվել հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը․ ո՛չ կարողանում է հրաժարական տալ ու հեռանալ, ո՛չ էլ կառավարել երկիրը։ Նրան մերժում են ներսում և դրսում։ Նա չի տիրապետում պետության ղեկավարի լծակները, չի կարողանում որոշումներ կայացնել, իրադարձությունների ընթացքը տնօրինել, հանրային համերաշխությունը վերականգնել, արտաքին ու ներքին վտանգները կանխել և այլն։ Բայց նաև չի կարողանում հրաժարական տալ ու հեռանալ։ Այս պարագայում հեռանալը՝ նրա աչքին, կյանքից, ապրելուց հրաժարվելուն համազոր բան է։ Ընդ որում՝ ոչ միայն իր, այլ նաև իր ընտանիքի համար։ Եվ դրանում նաև ընդդիմության, հասարակության մեղքը կա՝ սպառնալիքների տարափի տակ վարչապետի կյանքն ու աթոռը նույնացան և ստիպեցին, որ նա իր վերջին ուժերով կառչի այդ աթոռից։ Այս շղթան հարկավոր է կտրել, հարց է՝ ինչպես»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը կքննարկվի ապրիլի 13-ին մեկնարկելիք ԱԺ հերթական քառօրյայում: Այդ փոփոխությունների ամենակարևոր արդյունքը կլինի ռեյտինգային ընտրակարգի վերացումը և պարզ համամասնական ընտրակարգի ընդունումը: Անցողիկ շեմը 5 տոկոսից կիջեցվի 4 տոկոսի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված ՍԴ հայտնի որոշման առնչությամբ գրեթե բոլորն էլ վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը չի թաքցնի իր զայրույթն ու դժգոհությունը եւ անպայման կարտահայտվի: Եվ ահա, Արմավիրի մարզում նա ասել է, թե «որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»: Շատերի համոզմամբ, այս հայտարարությամբ Փաշինյանը խոստովանում է, որ Մարտի 1-ի գործը բացառապես քաղաքական է եւ ուղղորդվում է գործող իշխանությունների կողմից, քանզի, ի վերջո, ի՞նչ գործ ունի երկրի վարչապետը որեւէ քրեական գործի առնչությամբ որոշումներ կայացնելու հետ: «ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երբեւիցե չի թաքցրել եւ չի թաքցնում, որ իշխանության գալուց հետո ինքն ուղղակիորեն գործեր է սարքում, գործեր է կարում, անում է այն, ինչ իրեն ձեռնտու է՝ արհամարհելով եւ՛ օրենքները, եւ՛ Սահմանադրությունը: Իշխանության գալուց հետո ասում էր՝ «մարտի 1-ի գործը մեզ համար բացահայտված է»: Բայց անգամ այն դեպքում, երբ բացահայտ խայտառակվել է, առանց ամաչելու նույն տրամաբանության մեջ կրկին հայտարարություններ է անում, ինչը զարմանալի չէ: Նա բացահայտ ցույց է տալիս, որ հետքայլ չի անելու, որ նոր գործեր են սարքելու, կարելու, որպեսզի նույն Ռոբերտ Քոչարյանին եւ Մարտի 1-ի գործով անցնող նախկին պաշտոնյաներին, իրենց կարծիքով, «ահ ու սարսափի» մեջ պահեն», «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի կարծիքով էլ, ՍԴ-ի շուրջ ամբողջ գործընթացն այս գործով էր պայմանավորված. «Եթե ուզում են կարդալ, թող կարդան: Մեծ հաշվով, այդ ընթերցանությունն ընդամենը կարող է բարձրացնել որոշ անձանց իրավագիտակցության մակարդակը, թեպետ կարծում եմ, որ հատկապես «Իմ քայլի» ներկայացուցիչների համար դա ինչ-որ առումով արդեն ուշ է: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ շատ ավելի արտահայտիչ է սորոսական ուղղվածություն ունեցող գործիչների պնդումները՝ կապված ՍԴ դատավորների ընտրության ընթացակարգերի հարցերի հետ: Եվ հենց այդ պնդումներից կարելի է ուղիղ հետեւություն անել, որ ՍԴ երեք դատավորի հեռացնելու, ՍԴ-ն կազմալուծելու ամբողջ գործընթացը պայմանավորված է եղել հենց այդ գործով եւ հենց այդ գործով ցանկալի որոշում կայացնելու նպատակով»,-ասաց Մելիքյանը»:
«168 ժամ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախընտրական պլատֆորմը պարզ է ու պարզունակ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատում, որպես դրա հետևանք՝ տնտեսության զարգացում և բարեկեցության աճ, փողի ավելացում, մի խոսքով։ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է կրկին իրեն ընտրել՝ կյանքի բարելավման համար։ Նրա առաջարկը նույնն է, ինչ ընտրություններին մասնակցող բոլորի առաջարկը՝ մարդկանց կյանքի բարելավում։ Այն «փոքր» նրբությամբ, որ նա դա առաջարկում է ընդամենը հինգ ամիս առաջ առնվազն 5000 հայորդիների սպանած, ավելի քան 10.000 հայորդիների վիրավոր ու հաշմանդամ դարձրած պետությունների հետ հարաբերությունների հաստատման ճանապարհով։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է գործարք՝ լավ կյանքի հեռանկարի դիմաց մոռանալ հազարավոր զոհերին ու վիրավորներին, համակերպվել Արցախի կորստի հետ և շարժվել առաջ։ Կա վտանգ, որ հասարակությունը կարող է համաձայնել այդ գործարքին, որովհետև առաջարկվողը լավ կյանքն է, այսինքն՝ փողը, որն այդքան կարևոր է միջին վիճակագրական և ոչ այդքան վիճակագրական հայի համար։ Գործարքն էլ որքան ճղճիմ է, նույնքան վտանգավոր, քանի որ դրա հիմքում ընկած է «փող՝ մոռացության դիմաց» սկզբունքը, և եթե դա հաջողի արցախյան պարտության պարագայում, ապա կարող է կիրառվել նաև, օրինակ, Հայոց ցեղասպանության առնչությամբ, ինչի սերմերը ցանվում են հենց այս օրերին։ Վճարողներն էլ կարող են սպասվածից ավելի առատաձեռն գտնվել։
Ահա այս սցենարի իրականացման համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նետվել մարտի, որում իրեն վերապահել է՝ գելխեղդի, սեփական քաղաքական հակառակորդներին էլ՝ գայլերի դերը։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կենդանական մոդելը շատ պարզունակ է, պարզապես նա բացահայտում է այդ մոդելի միայն մի մասը։ Իսկ ամբողջական մոդելն այն է, որ նա պատրաստ է Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ ցուցաբերել նապաստակի հեզություն՝ պայմանով, որ ներքին հակառակորդներին վերաբերվելու է՝ որպես գելխեղդ։ Այսպիսով, առաջիկա ընտրություններում հաղթելու հավակնություն է ներկայացնում մեկը, ով անձամբ իրեն համեմատում է գելխեղդի հետ, որը ոչ թե սովորական, այլ կենդանակերպի նշանով երկվորյակ գելխեղդ է, ինչպես նրա քաղաքական երկվությունը մեկնել էր իր կուսակիցներից ամենաանմեկնելին․․․ ․․․Մարդը, ում գործունեության արդյունքում թուրքական հայտնի «Գորշ գայլեր» կազմակերպությունը դպրոց է բացում «դժգույն ու դժբախտ» Շուշիում, ցանկանում է պայքարել ներքին գայլերի դեմ, այսինքն՝ նրա համար գայլերն այդուհանդերձ ընդունելի են, պայմանով, որ նրանք պետք է լինեն թուրքական ծագմամբ։ Կամ գուցե գայլերի հետ համեմատությունը կապված է ժողովրդի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքին․ բոլորը գիտեն, թե ում են պաշտպանում հովիվների գելխեղդները գայլերից։ Ով՝ ով, բայց Նիկոլ Փաշինյանն ամենալավը գիտի ժողովրդի որակների մասին, առանց որոնց նա չէր կարող դառնալ «ժողովրդի վարչապետը»։ Մնում է պարզել հովիվներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի հերթական նախընտրական այցն էր Արմավիրի մարզ․ այցելել էր Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան եւ Արտաշար համայնքներ: Իշխող թիմը դասեր է քաղել Արագածոտնի անհաջող այցից, եւ Արմավիր են մեկնել մի քանի տասնյակ մեքենաներով, մարդկանցով, որպեսզի «մասովկայի» խնդիր չունենան։ Չնայած դրան, այստեղ այցելությունն անամպ չի անցել։ Մեզ պատմեցին, որ Զարթոնք գյուղում մի խումբ երիտասարդներ գյուղի մուտքի մոտ հավաքվել են, աղմկել, ազդանշաններ տվել, եւ վարչապետի շարասյունը նախընտրել է գյուղ չմտնել՝ միանգամից ուղեւորվել են գյուղի գերեզմանատուն, որը գյուղից կտրված տարածքում է։ Մեզ հետ զրույցում Զարթոնքի համայնքապետը հաստատեց լուրը, որ կառավարական հյուրերն ուղիղ գերեզմանոց են գնացել՝ առանց գյուղ մտնելու։ Բայց ասաց, որ պատճառն այն է, որ ուշ ժամ էր, այլ ոչ թե երիտասարդների բարձրացրած աղմուկը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն իշխանությունը լայն թափով սկսել է այն: Կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին Արմավիրի մարզում էր: Սակայն ուշագրավ է, որ այցի ժամանակ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն վարչական ռեսուրս են կիրառել, այլ նաեւ նպաստում են կորոնավիրուսի թվի աճին: Զավեշտալի է, որ Արմավիրի մարզի յոթ գյուղերում լինելուց, մարդկանց ձեռքով բարեւելուց, գրկելուց հետո Փաշինյանն անցկացրել է Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Վերջինս հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները հատկապես փակ տարածքներում եւ հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ եւ կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերման աշխատանքների վրա: Մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս. նախընտրական քարոզչությունը դեռ չմեկնարկած՝ վարչապետն արդեն խախտել է այն: Մասնավորապես, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին քաղաքացիներին հայտնելը, որ որոշում է կայացվել ասֆալտը պետության հաշվին վերանորոգել, վարչական ռեսուրսի կիրառման օրինակ է: Այս դրվագում պաշտոնեական դիրքն օգտագործվեց մրցակիցներից վեր լինելու համար, եւ պարզ է, որ ընդդիմադիրները չէին կարող նման բան առաջարկել, քանի որ չունեն կառավարող լծակներ»:
«168 ժամ» թերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմից եւ Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից հետո՝ մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակված Արա Այվազյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա այդ պաշտոնին: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նրան կփոխարինի ՀՀ ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը: Մեր տեղեկություններով՝ լրջագույն քաղաքական տարաձայնություններ կան Արա Այվազյանի եւ ՀՀ իշխանությունների՝ մասնավորապես՝ նրանց վարած քաղաքականության, դրա իրականացման մշակույթի միջեւ: Իշխանական տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, հաճախ են ՀՀ ԱԳ նախարարի հետ չհամաձայնեցված կամ ՀՀ արտաքին պաշտոնական քաղաքականությանը հակասող հայտարարություններով հանդես գալիս, որոնք հետագայում խնդիր են դառնում դիվանագիտական կորպուսի համար: Այդ տարաձայնությունները, ի դեպ, սկսվել են Այվազյանի պաշտոնավարման հենց սկզբից եւ նրա՝ 2020 թվականի դեկտեմբերին Մոսկվա կատարած այցից, որի շրջանակում Արա Այվազյանը բավականին կոշտ ձեւակերպումներով հանդես եկավ Թուրքիայի տարածաշրջանային կործանարար քաղաքականության եւ հատկապես Արցախյան պատերազմում դերակատարության մասին, որից հետո տեղեկություններ տարածվեցին, որ դա բարկացրել է Փաշինյանին եւ խոսակցության պատճառ դարձել Փաշինյանի եւ Այվազյանի միջեւ: Նման դրվագներն այս ամիսներին քիչ չեն եղել եւ հատկապես վերաբերել են Թուրքիայի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների հեռանկարին: Հենց այդ պատճառով է, որ վերջին ամիսներին բազմիցս տարածվում են լուրեր Արա Այվազյանի հրաժարականի մասին, որն ինքը՝ նախարար Այվազյանը, համառորեն հերքում է:
Նման խնդրահարույց դրվագներից հերթականը կարծես Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի՝ Հանրային Հեռուստաընկերությանն օրերս տված հարցազրույցն է, որի ընթացքում Գրիգորյանը խոսում է Թուրքիայի հետ հարաբերություններում շտկումներ անելու անհրաժեշտության մասին: ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նախ՝ Արա Այվազյանն անդրադառնալով Արմեն Գրիգորյանի պնդումներին, ասաց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի կողմից՝ ակնարկելով, որ Արմեն Գրիգորյանը չի արտահայտում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը: Ապա նախարարը նաեւ ասաց, որ ՀՀ դիվանագիտության գերակայությունների շարքում է Ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը, Հայաստանը շարունակում է հանդես գալ՝ որպես Ցեղասպանության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների պայքարի կանխարգելման օրակարգի առաջամարտիկ:
Նա հիշեցրեց, որ անկախացումից ի վեր ՀՀ-ն տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ խոսելով Ցյուրիխյան արձանագրություններից։ Նա կարեւորեց հարաբերություններում փոխադարձության սկզբունքը: «Իսկապես ազնիվ եւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր նախաձեռնությունը չփոխադարձվեց Անկարայի կողմից։ Որպեսզի իրապես մեր տարածաշրջանում խաղաղություն լինի, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ արմատական փոփոխությունների կենթարկի ՀՀ-ի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը եւ կվերացնի թշնամական գործողությունները»,- նշեց նախարարը։ Ակնհայտորեն իշխանության շարքում ներկայումս միայն ՀՀ ԱԳ նախարար Այվազյանն է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսում է իրատեսական եւ բաց տեքստով: Եվ, փաստորեն, այսօր ԱԺ-ում Արա Այվազյանի՝ իշխանությունից արմատապես տարբերվող մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ պատահական չէին, եւ նա պատրաստվում է հեռանալ: Արա Այվազյանը, թերեւս, իրավիճակին չհարմարվող միակ դիվանագետը չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ դիվանագիտական կորպուսում ժամանակ առ ժամանակ իրավիճակը պայթյունավտանգ է իշխանության այս կամ այն ներկայացուցչի այս կամ այն հայտարարության, կայացրած անտրամաբանական որոշումների ու նշանակումների պատճառով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ արմատական փոփոխությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը եւ կվերացնի թշնամական գործողությունները», – երեկ Ազգային ժողովում պատասխանելով ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին` հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Սակայն հետաքրքիր է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ 1991 թվականից ի վեր Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմին ակտիվ մասնակցում է Թուրքիան, որն էլ ահաբեկիչ վարձկաններ էր ուղարկում հայ զինվորի դեմ կռվելու։ Այդուհանդերձ, նկատենք, որ վերջին օրերին իշխանական վերնախավն այլ հռետորաբանություն է օգտագործում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ երեք անգամ խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, թե ոչ. «Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք», – ասել էր նա:
Հիմա էլ արտաքին գործերի նախարարը հայտարարում է, թե Թուրքիան կվերացնի թշնամական գործողությունները: Սակայն հետաքրքիր է՝ ինչ է տեղի ունեցել, եւ ինչի դիմաց պետք է Թուրքիան փոխի իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Պաշտոնյաների այս պահվածքը երկու բան է նշանակում՝ կա՛մ որեւէ բան է Հայաստանը խոստացել, ու հասարակությունը դարձյալ չգիտի, կա՛մ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք դարձյալ քաղաքացիներից գաղտնի են պահվել: Բայց սա դեռ ամենը չէ. ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին՝ կապված Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին, պատասխանել է. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ղարաբաղի, հատկապես՝ Հադրութի շրջանի վերաբերյալ մենք շատ հստակ արտահայտվել ենք, եւ ԱԳՆ-ն ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը մեր պատկերացրած Արցախի հարցի լուծման վերաբերյալ, եւ այնտեղ մեծ տեղ է զբաղեցնում դեօկուպացիայի դրույթը», – նշել էր նա: Նկատենք՝ Արա Այվազյանի խոսքում որեւէ բառ չկա Շուշիի մասին։ Ի՞նչ է ստացվում, իսկապե՞ս Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք է եւ մեզ պետք չէ՞։ Եվ մի բան էլ. պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ նախարար Այվազյանն ասաց, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մշտապես խոսել է ղարաբաղյան հարցը պատերազմով լուծելու մասին, անգամ՝ բանակցությունների ժամանակ: Բայց այս իրողությունը մեր աչքի առաջ ունենալով՝ ե՛ւ վարչապետը, ե՛ւ ԱԱԽ քարտուղարը, ե՛ւ մի շարք պատգամավորներ խոսում են խաղաղության մասին՝ միակողմանի խաղաղության։ Այստեղ տեղին է հիշեցնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւյալ խոսքերը. «Մեր ուժը մեր թուլության մեջ է»։ Այսինքն՝ հանրահավաքներում քննադատում են առաջին նախագահին, բայց առաջնորդվում նրա թեզերով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 10-ին Գագիկ Ծառուկյանը որոշել է դարի հարսանիքն անել։ Ավագ որդու հարսանիքն այնքան տպավորիչ կազմակերպել, որ դուստրերի հարսանիքներին չզիջի։ Ասում են՝ երկար ու բարդ քասթինգ են արել եւ 1700-1800 մատուցողից ընտրել 800-ին։ Հյուրերին դիմավորելու են մոդելի ստանդարտներով աղջիկներ, որոնց եւս ընտրել են հատուկ մրցույթով, 1.77 հասակ ունեցող 24 աղջիկների համար միանման զգեստի մոդելավորումն էլ վստահվել է հանրահայտ մոդելյոր Արամ Նիկոլյանին։ Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը ծրագրված էր դեռ անցած հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա պատերազմը խանգարեցին, եւ այն անորոշ ժամանակով հետաձգվեց։ Հարսանիքը կկայանա Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հետպատերազմյան Արցախի այս ծանր օրերին, երբ պետական կառավարման համակարգը գերծանրաբեռնված է գործում, համակարգը արդիականացնելու, չաշխատող կամ ուռճացված օղակներում օպտիմալացումներ անելու փոխարեն, Արցախից բարձր որակավորման կադրերի հոսք է նկատվում: Խնդիրն այն է, որ պատերազմից հետո, իր դիրքերը պահելու և իշխանության տապալում թույլ չտալու նպատակով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ արցախյան մեր աղբյուրների, ընդդիմադիրների «բերանները փակելու» հեշտ ճանապարհն է ընտրել: «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարման ամենատարբեր օղակներում են տեղավորում այն անձանց, ովքեր պատերազմից հետո ակտիվ բողոքում էին իշխանությունների և անձամբ Հարությունյանի դեմ: Նախորդ շաբաթ արցախյան լրատվականներից մեկը հարցում էր ուղարկել նախագահական, որի արդյունքները պարզապես զարհուրելի էին:
Հարցումից պարզ է դառնում, որ Արցախի նախագահն ունի 40 օգնական, խորհրդական, խորհրդատու, ներկայացուցիչ: Հետպատերազմյան Արցախում, որը կորցրել է իր տարածքի 70-75 տոկոսը, նախագահը կտրուկ մեծացրել է օգնական-խորհրդականների թիվը: Ի դեպ, ինչպես այս ցանկում, այնպես էլ գործադիր մարմնի տարբեր օղակներում կարելի է հանդիպել երբեմնի ընդդիմադիր դեմքերի, ովքեր նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կոշտ հայտարարություններ էին անում Արայիկ Հարությունյանի հասցեին, իսկ այսօր տեղավորվել են կառավարման համակարգի տարբեր օղակներում՝ նախարարներից մինչև տարատեսակ օգնականներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական «հաշիվների» արդյունքում աշխատանքից ազատվում են բանիմաց կադրերը՝ իրենց տեղը զիջելով երբեմնի ակտիվիստներին: Նրանցից մի մասին ավելի ցածր պաշտոններ են առաջարկվում, որոշներին էլ առաջարկում են առանց պաշտոնի ամսական «քեշ» գումար՝ «մինչև մի տեղ բացվի»: Հետևանքն այն է, որ պաշտոնական, մասնագիտական աճի բացակայության պայմաններում ոմանք նախընտրում են մեկնել Հայաստան կամ ՌԴ, որովհետև պետական համակարգի միջին ու բարձր օղակներում նախընտրությունը տրվում է նախկին ընդդիմադիրներին,ավելի կոնկրետ՝ նրանց, ովքեր համաձայնում են պաշտոնի դիմաց «աչք փակել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք պարբերաբար ստանում ենք տեղեկություններ, որ մարզային մի շարք դպրոցներում չկան որոշ առարկաների ուսուցիչներ։ Ընդհուպ, առանձին դեպքերում երեխաներն ավարտում են դպրոցը՝ առանց տվյալ առարկան ուսումնասիրելու: «Փաստ» օրաթերթը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով պատասխանել՝ կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե մարզային դպրոցներում որ առարկաների ուսուցիչների պակաս կա։ Նախարարությունից մեր հարցմանը պատասխանել են, որ 2021 թվականի հունվար ամսվա դրությամբ հանրապետության 9 մարզի 101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով։ «Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք»,- նշված է պատասխանում՝ հավելելով, որ այս թվերն անընդհատ փոփոխվում են: Նույն պատասխանից նաև պարզ է դառնում, որ ամենաշատը ուսուցիչների պակաս կա Կերպարվեստ (86), Երգ, պար, երաժշտություն (80), Հայ եկեղեցու պատմություն (79) առարկաների պարագայում, ամենաքիչը՝ Մայրենի (1), Մաթեմատիկա (5) և Ռուսաց լեզու (7) առարկաների»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Օտարերկրացիների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս փոփոխությունների նպատակը օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանում աշխատելու հնարավորություն ընձեռելն է և այդ հարաբերությունների կանոնակարգումը: Գաղտնիք չէ, որ Հայաստանի շատ ընկերություններ ցանկություն ունեն ներգրավելու աշխատանքային միգրանտների, սակայն Հայաստանի օրենսդրությունը չի կարգավորում աշխատանքային միգրացիան: Հիմա այդ բացը փորձ է արվում լրացնել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հեռուստատեսային կապուղիների համար մրցույթին մասնակցած կազմակերպություններից մի քանիսը, որոնք շահել են հանրային մուլտիպլեքսի սլոթները եւ ներդրումներ անելու մեծ-մեծ պարտավորություններ ստանձնել, կանգնել են փաստի առաջ։ Հայաստանի քանդվող ու սնանկացող տնտեսությունն այդքան հնարավորություններ չի ընձեռում՝ մեծ ներդրումներ անելու, եւ գրեթե բոլորը ֆինանս հայթայթելու խնդիրներ ունեն։ Նրանցից մի քանիսն անգամ մեծ պարտքեր են կուտակել՝ չվճարված աշխատավարձի տեսքով։ Մեզ ասացին, որ հեռուստաընկերությունները հիմա բանակցում են որոշ բանկերի հետ՝ վարկ վերցնելու համար։ Եվ անգամ արդեն համաձայնության են եկել։ Ուշագրավ է, որ բանկում գրավադրվելու է ոչ թե ռեալ գույք կամ հզորություններ, այլ հենց կապուղին աշխատեցնելու լիցենզիան, որը նրանց տրվել է 7 տարի ժամկետով։ Փաստորեն, լիցենզիան նույնպես հարստություն է, որի դիմաց կարելի է վարկ ստանալ։ Հետաքրքիր է՝ եթե վարկը չկարողանան վճարել, եւ այդ լիցենզիան անցնի վարկ տված բանկին, ի՞նչ է անելու բանկը դրա հետ։