Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպմանը մարտի 28-ին խոսել է Հայաստանում արտադրական շղթայի խորացման անհրաժեշտության մասին՝ կապելով պղնձաձուլարանի շահագործումը ապաշրջափակման հետ։
Երկրի ղեկավարի՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ կատարած հայտարարությունը հանրային լայն հնչեղություն է ստացել: Ընդդիամդիրները քննադատում են, Փաշինյանի թիմակիցները՝ փորձում բացատրել կառավարության ղեկավարի միտքը:
Փաշինյանը թյուրիմացության մե՞ջ է
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության մեջ է՝ պղնձաձուլարանի շահագործումը կապելով ապաշրջափակման հետ։
«Այսօր լսեցի երկրի բարձրագույն պաշտոնյայի ելույթը հանրապետության մարզերից մեկում հանրահավաքի ժամանակ առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում կան պղնձի հանքաքարի խոշոր պաշարներ, և մեզ պետք է պղնձաձուլարան։ Նա պղնձաձուլարանի բացումը կապում է երկաթուղու հետ։ Ասեմ, որ պարտադիր չէ, որովհետև, ինչպես միշտ, որևէ մասնագիտական հաշվարկ նրա կողմից չբերվեց։ Օրինակ, որքա՞ն պղնձի խտանյութ և որքա՞ն մաքուր պղինձ է հնարավոր ստանալ մեր երկրում»,- գրել է պատգամավորը ֆեսբուքյան իր էջում։
Նրա խոսքով՝ պղինձը Ալավերդուց Գավառի «Գեղամա» կամ Երևանի կաբելի գործարան կարելի է հասցնել ոչ միայն երկաթուղով կամ ներքին երկաթուղով: «Հիմնավորել պղնձաձուլարանի կառուցումը միայն ապաշրջափակմամբ՝ նշանակում է, մեղմ ասած, խորամուխ չլինել խնդրի էության մեջ»,- գրել է Մելքումյանը։
Հայաստանից մաքուր պղինձ չի արտահանվում
Կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը, փորձելով բացատրել վարչապետ Փաշինյանի միտքը, ներկյացրել է իրավիճակը պղնձի հանքաքարի արտահանման ոլորտում:
Նրա խոսքով, վարչապետն այսօր խոսել է սրա` արտադրական շղթայի խորացման անհրաժեշտության մասին։ «Խտանյութի փոխարեն հնարավորինս վերջնական արտադրանք ստանալու և արտահանելու մասին։ Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ դա անհրաժեշտություն է, և ոչ միայն պղնձի առումով։ Իսկ ասելիքի բուն իմաստը թողած՝ կենտրոնանալ «հանքաքար» բառի վրա, նշանակում է չտարբերակել կարևորը անկարևորից», - գրում է Թունյանը ֆեյսբուքյան իր էջում ու ներկայացնում պղնձի հանքաքարի արտահանման 2020 թ. վիճակագրությունը:
«Հայաստանից մաքուր պղինձ չի արտահանվում։ Հայաստանից արտահանվում է ԱՏԳ ԱԱի 2603 կոդով ապրանքը, որը մաքսային վիճակագրության մեջ կոչվում է պղնձի հանքաքար և խտահանք։ Անգլերեն՝ copper ores and concentrates», - նշել է նա:
Թունյանը հիշեցնում է, որ 2020 թվականին Հայաստանից արտահանվել է 509.8 հազար տոննա, որի մաքսային արժեքը կազմել է 604.4 մլն դոլար։ Ըստ այդմ՝ 1կգ-ի արժեքը կազմել է ընդամենը 1.2 դոլար։
«Մաքուր պղնձի արժեքը մի քանի անգամ բարձր է։ Օրինակ, նույն 2020 թվականին Հայաստան ներմուծված 76 հազար տոննա պղնձալարի (ԱՏԳ ԱԱ 7408) մեկ կգ-ի մաքսային արժեքը կազմել է 4.9 դոլար։ Անգամ ջարդոնի տեսքով պղինձն է (ԱՏԳ ԱԱ 7404) իր արժեքով անհամեմատ բարձր՝ 1կգը 4.6 դոլար», - նշում է նա ու հորդորում համեմատել 1.2 դոլարը 4.6 դոլարի հետ։
Սա, ըստ նրա, նշանակում է, որ եթե արտադրական ցիկլը խորացվեր, և մենք արտահանեինք ոչ թե խտանյութ, այլ պղինձ, «մեր տնտեսությունը դրանից միանշանակ կշահեր»։ «Դրա համար անհրաժեշտ է պղնձաձուլարան, որը կմշակի 500 հազար տոննա խտանյութը և կստանա ավելի բարձր արժեք ունեցող տարեկան տարեկան մոտ 125 հազար տոննա պղինձ։
Մենք ունեցել ենք խոշոր պղնձաձուլարան` Ալավերդու պղնձաձուլարանը, որն այս պահին չի շահագործվում: Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, այն պղինձ չի արտադրում։ ԶՊՄԿ-ն Հայաստանի ամենամեծ բաց հանքում արդյունահանում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են պղնձի և մոլիբդենի խտանյութեր», - եզրափակել է նա: