VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշաագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակը հայտնի է: Ըստ կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ ցուցակը, բնականաբար, կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Երկրորդը կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն է, իսկ երրորդը ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 24-ին Ռուսաստանի հայերի միության շենքում հավաք է կայացել, որտեղ Արա Աբրահամյանը առցանց հանդիպում է ունեցել տարածաշրջանային բոլոր կառույցների ղեկավարների հետ: Աբրահամյանը հայտարարել է, որ ապրիլի 8-ին կայանալու է Ռուսաստանի հայերի միության համագումարը, որտեղ կքննարկվեն կարևոր հարցեր: Մինչև ապրիլի 8-ը Աբրահամյանը մտադիր է այցելել Հայաստան, հանդիպել քաղաքական ուժերի ղեկավարների հետ, որոնք ողջունում են արտահերթ ընտրությունների գաղափարը և համարում են, որ պետք է գան նոր մարդիկ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իշխանությունն իր համար սոցհարցումներ է իրականացրել եւ պարզել, որ ռեյտինգային ընտրակարգով լավագույն դեպքում 22-24 տոկոս ձայն է հավաքելու, քանի որ չունի հեղինակավոր թեկնածուներ, որոնք կկարողանան մարզերում չկողմնորոշված 42 տոկոս էլեկտորատին մոտիվացնել հօգուտ իշխանության։ Փոխարենը՝ համամասնական ընտրակարգի դեպքում 35-37 տոկոս տանելու հավանականություն կա։ Եվ որպեսզի ընտրությունից հետո այդ 35-ը դառնա 50+1, Նիկոլ Փաշինյանը փորձում է մի քանի դաշինք ձեւավորել, որոնք առանձին կմասնակցեն ընտրապայքարին, իսկ ընտրություններից հետո «Իմ քայլի» հետ կոալիցիա կձեւավորեն։ Դրանից մեկը, արդեն գրել ենք, Արման Բաբաջանյան-Արամ Սարգսյան-Լեւոն Շիրինյան եւ այլ իշխանամետների դաշինքը կարող է լինել, թեեւ Արամ Սարգսյանը բոլորին ասում է, որ մենակ է գնալու։ Բայց հնարավոր են նաեւ այլ կոնֆիգուրացիաներ։ Օրինակ՝ փաստաբան Նորիկ Նորիկյանին, որպես անհայտ ուժի, անցկացնել։ Բանակցություններ են գնում նաեւ ՀԱԿ-ի հետ։ Սակայն, նախնական տեղեկություններով, ՀԱԿ-ը դեմ է իշխանամետ դաշտում դիրքավորվելուն, եթե մասնակցեն ընտրություններին, ապա կա՛մ միայնակ, կա՛մ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ։ Հիշեցնենք․ Դեմիրճյանը մերժել էր Փաշինյանի՝ իր հետ գնալու առաջարկը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժումը ընտրությունների մասին հայտարարությունից հետո որոշել է չդադարեցնել լոկալ ակցիաները, իսկ մարտի 28-ին հանրահավաք կանի։ Նպատակը՝ ցույց տալ, որ չի փոխվել պայքարի վճռականությունը։ Մասնակցելու է նաեւ Ծառուկյանը։ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հարցին՝ եթե գնում եք Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունների, ինչո՞ւ եք մնում ՀՓՇ կազմում, ասաց՝ ԲՀԿ-ն չունի երաշխիք, որ Փաշինյանը ապրիլի 20-ից հետո հրաժարական կտա։ Ապա համաձայնեց, որ իրենք առաջնորդվում են «շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքումդ պահի» կարգախոսով։ Ապրիլի 1-ից ՀՓՇ-ն մարզեր կայցելի, առաջիկայում կվերսկսի պատգամավորների տների մոտ «դավաճան» գրությամբ պլակատներ դնելը»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն իր անունից չի մասնակցի ընտրություններին, բայց իր բոլոր ռեսուրսներով՝ մարդկային, նյութական և քարոզչական, կաջակցի «Հայրենիք» կուսակցությանը: Արդեն իսկ պայմանավորվածություն կա, որ տեղերում ՀՀԿ-ական համայնքապետերը կլինեն «Հայրենիքի» ցուցակում և կաշխատեն այս կուսակցության համար»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում եթե կա մի ոլորտ, որը զարգանում է երկրաչափական պրոգրեսիայով, կուսակցաշինությունն է: Մենք արդեն տեղեկացրել ենք մոտ մեկ տասնյակի չափ նոր կուսակցությունների ստեղծման մասին: Առաջիկայում տեղի են ունենալու ևս երկու՝ «Ինքնիշխան Հայաստան» և «Ազգի ձայն» կուսակցությունների հիմնադիր համագումարները: Սրանով կուսակցաշինությունը չի դադարի, և մինչև ընտրություններ կստեղծվեն ևս մի քանի տասնյակ կուսակցություններ»:
«Իրավունք» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ իշխանության ներսում խնդիր կա Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ, և այդ առնչությամբ ամեն ինչ հարթ չէ: Պարզվում է՝ իշխանության ներսում մի մասը սկզբունքորեն անհամաձայնություն ունի ռեյտինգային ընտրակարգի վերացման մասով, մյուսներն էլ գիտակցում են, որ բարձր հեղինակություն ունեցող ներկայացուցիչներ չունեն, այդ պատճառով էլ ցանկանում են ընտրությունները փակ համամասնական ընտրակարգով անցկացնել: - Չեմ կարող ասել, թե ընդդիմության հետ ինչ պայմանավորվածություններ են եղել, ամեն դեպքում, կարծում եմ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, երբ իրականացվում է, պետք է հետևել միջազգային գործընկերների «պահանջներին», որոնց մինչև այսօր հետևել ենք: Վենետիկի հանձնաժողովը մշտապես Ընտրական օրենսգրքի նման կարևորագույն փաստաթղթի շուրջ տվել է եզրակացություն, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի լայն կոնսենսունսի պայմաններում, այսինքն՝ ընդդիմադիրները պետք է իրենց համաձայնությունը տան: Նաև Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելուց 6 ամիս շուտ ընտրություններ տեղի ունենալ չեն կարող: Հիմա չեմ հասկանում՝ մենք թքած ունե՞նք աշխարհի վրա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձի շուրջ նոր բացահայտումներ են եղել: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն ուշագրավ հանգամանքներ է ներկայացրել Արարատ Միրզոյանի մասին: Մասնավորապես, նրա խոսքով՝ դեռ 2007 թվականին թանգարանից կորել էին կարեւոր նմուշներ, եւ կան փաստեր, որ այդ գործով հարցաքննվել են եւ անցնում են այժմ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որոնք այն ժամանակ ասպիրանտներ են եղել: «2007 թվականին, երբ որ ես արդեն տնօրեն էի, պարզվեց որ նախկին տնօրենի օրոք՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ, թանգարանի հազվագյուտ գրականության միավորներից տասնյոթը կորել կամ գողացել են: Այդ ժամանակ քրեական գործ չէր հարուցվել: Երբ ես դարձա տնօրեն, տեղեկացա այդ մասին, եւ քանի որ նախկին տնօրենը հրաժարվեց հանձնում-ընդունում անել, հարուցվեց քրեական գործ: Բոլորովին վերջերս պարզվեց, որ հարցաքննվել են նաեւ ասպիրանտները, որոնց նախկին տնօրենը համարում էր գլխավոր կասկածյալներ», – նշեց նա: Նկատենք, որ սա արդեն երկրորդ սկանդալն է, որ առկա է Արարատ Միրզոյանի անձի շուրջ։ Հիշեցնենք, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե Արարատ Միրզոյանը եղել է Թուրքիայի հատուկ գործակալ, հետո դարձել ՀՀ ԱԱԾ կրկնակի գործակալ, եւ, որպես ապացույց, մի փաստաթուղթ էր հրապարակել, որի տակ հենց Արարատ Միրզոյանի ստորագրությունն էր եւ այնտեղ գրված էր. «Ինձ հայտնի դարձած տեղեկությունները, որոնք կարող են պետական եւ ազգային գաղտնիք պարունակել, պարտավորվում եմ պահպանել գաղտնի»: Սակայն ԱԺ նախագահը հերքել էր այն՝ նշելով. «Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի, եւ Մինասյանը պետք է պատասխան տա նաեւ այս սուտ մատնության համար»: Մինչ օրս, սակայն, քրեաիրավական գնահատականի ականատես չենք եղել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն զինված ուժերի գնդապետին 6 ամիս կալանքի տակ պահելով՝ ցանկացել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք կորզել, սակայն չի հաջողվել, ստիպված են եղել սուսուփուս բաց թողնել։ Խոսքը ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի բաժնի պետ Վահան Ավետիսյանի մասին է, որին ԱԱԾ-ն կալանավորել էր՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի հետ կապված քրեական գործով: Մասնավորապես, գնդապետից ցանկացել են կորզել, թե Սերժ Սարգսյանը ՏՈՐ հակաօդային զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերել եւ «ատկատ» ստացել դրա դիմաց։ Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հասցեին, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ: Հիշեցնենք նաեւ, որ Վահան Ավետիսյանն ապրիլի 3-ին կալանավայրից բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին եւ ասել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում: Ըստ Ավետիսյանի, վերջիններս խոչընդոտում են իր գործունեությունն ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովում: Ավետիսյանը, զինված ուժերից զորացրվելուց հետո, որպես փորձագետ՝ աշխատանքի էր անցել քննիչ հանձնաժողովում: Նշենք, որ այս քրեական գործի ընթացքի վերաբերյալ ոչ մի բան հանրությանը դեռեւս իրավապահները չեն հայտնել։ Վահան Ավետիսյանի պաշտպանը եւս հրաժարվեց պարզաբանումներ տալ՝ ասելով, որ գործը պետական գաղտնիքի անվան տակ է քննվում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբում արշալույսները դեռևս խաղաղ չեն: Բանն այն է, որ, դատարանի որոշման հիման վրա, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը միացած 40 գեներալներից շատերը տարբեր խոսակցությունների ժամանակ կարծիք են հայտնել, թե ՊՆ-ում այդպես շարունակվել չի կարող, և միգուցե առաջիկայում հրաժարականների շքերթ լինի: Միևնույն ժամանակ գեներալների մի մասն էլ ասել է, թե այլևս այլընտրանք չկա, պետք է իրենք մնան և շարունակեն իրենց ծառայությունը՝ հանուն հայրենիքի և բանակի: Ինչպես հայտնի է, վարչապետի որոշմամբ՝ Արտակ Դավթյանը ՊՆ-ում ներկայացվել է որպես ԳՇ պետ, սակայն Օնիկ Գասպարյանն էլ չի հանձնվում. իրեն ազատելու մասին որոշումը դատարանում վիճարկելուց զատ նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրագրող Փայլակ Ֆահրադյանի եւ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի միջեւ եղած միջադեպի գործն արդեն գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Լրագրողը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարել էր, որ Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա: Ավելի ուշ տեսանյութ հրապարակեց, թե ինչպես էր նախարարը հարձակվում լրագրողի վրա, հարվածում նրա դեմքին: Այդ միջադեպից հետո լրագրողը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն, եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Իսկ ի՞նչ է սպասվում դրանից հետո. եթե ՀՔԾ-ն պետք է սկսի այս գործի քննությունը, ապա առաջիկայում պետք է դադարեցվեն Հակոբ Արշակյանի լիազորությունները՝ որպես նախարարի, ինչպես դա եղավ Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի պարագայում: Այս անգամ եւս քննիչը պետք է որոշում կայացնի եւ դադարեցնի նախարար Արշակյանի լիազորությունները, եւ միայն գործի քննության ավարտից հետո պարզ կլինի նապարարի ճակատագիրը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավաբանների է հրավիրել իր մոտ եւ փորձել է հասկանալ, թե ինչ ձեւով կարող են պաշտպանել Հակոբ Արշակյանին եւ այնպես անել, որ նրա լիազորությունները չդադարեցվեն, սակայն նրան զեկուցել են, որ այլ տարբերակ չկա, եւ Հակոբ Արշակյանի լիազորությունները պետք է դադարեցվեն մինչեւ գործի քննության ավարտը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանին հարցրինք՝ ի՞նչ է նշանակում Փաշինյանի՝ Արագածոտնում արած հայտարարությունը, թե «մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիեւն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»։ Պատգամավորը որոշեց խմբագրել «շեֆի» խոսքը, թե ուզում էր ասել՝ մեր տղաները զոհվել են հանուն հայրենիքի։ Այդ դեպքում ինչո՞ւ էր Ալիեւի անունը տալիս։ «Որովհետեւ իրենք միշտ ասել են, որ Արցախը պետք է իրենցը լինի, ամբողջությամբ պատկանի իրենց, բայց այսօր մենք ունենք որոշակի իրավիճակ, որ մի մասը հայկական է, ապրում են հայեր․․․ իմաստը դա է։ Ավելի ճիշտ՝ իմաստն այն էր, որ թշնամիներն իրենց նպատակին չեն հասել»։ Փաստորեն, այդքան տղաների զոհեցիք, որ Ալիեւի մոտ «կո՞զր» ունենաք։ «Չենք զոհել, տղաները զոհվել են իրենց հայրենիքի համար, որ պահեն հայրենիքը, եւ այսօր ունենք հայրենիք»։ Իսկ ինչո՞ւ Փաշինյանը հենց այդպես էլ չասաց։ «Հենց դա է ասել։ Ես ասացի, չէ՞, Ալիեւը մեսիջը տվել էր, որ Ղարաբաղն իրենցն է լինելու, հիմա մենք կարող ենք ասել, որ այդպես չէ, որովհետեւ մենք Արցախ ունենք»։ Իսկ հնարավոր չէ՞ր Ալիեւին դա հասկացնել ոչ թե տղաների կյանքի գնով, այլ՝ բանակցություններով։ «Ինչ հնարավոր եղել է, արվել է»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին, ինչպես պարբերաբար լինում է, Սիրիայում կրկին շիկացել է իրավիճակը: Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական կառավարական ուժերը հրթիռային հարվածներ էին հասցրել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող գրոհայինների նավթի արտահանման բազային: Թուրքիան մի քանի անգամ հրապարակային կոչով դիմեց Ռուսաստանին, որպեսզի զսպի Ասադին: Դրան հետևեց Թուրքիայի օդուժի հարձակումը Սիրիայի Այն Իսայի շրջանի Սայդա գյուղի մերձակայքում տեղակայված սիրիական դեմոկրատական ուժերի մաս կազմող քրդական աշխարհազորի դիրքերի վրա: Եթե Սիրիայի ռուս-թուրքական ձևաչափում արձանագրվում են նման լարումներ և շիկացումներ, ապա օրինաչափորեն պետք է նույն սցենարով զարգացումների ռիսկերը բարձր գնահատվեն նաև Արցախի դեպքում: Այսպիսով, եթե Սիրիայում ռուս-թուրքական հավասարակշռության ձևաչափը կարող է ճաքեր տալ, հետևաբար, Հայաստանը «դատապարտված» է մեծ արագությամբ արդիականացնելու իր անվտանգության համակարգը՝ այն նորագույն սպառազինությամբ հագեցնելով և Ռուսաստանի հետ միասին ուժեղացնելով համատեղ զինված ուժերի համալիրը: Այն դեպքում, երբ Ադրբեջանի բանակը փաստացի սերտաճում է թուրքականի հետ, դրան հակազդելու ճանապարհին այլընտրանք չկա»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Երեւանի փողոցներում գծանշումներ պետք է իրականացնի ոչ թե Երեւանի քաղաքապետարանը, այլ Ճանապարհային ոստիկանությունը, սակայն աշխատանքն այդպես էլ չենք տեսնում: Երեկ խորհրդարանում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին. «Քանի որ Երեւանի քաղաքապետին ԱԺ-ում հարցեր չենք կարողանում ուղղել, Ձեզանից հետաքրքրվեմ՝ որպես լիազոր մարմին. մարդիկ տեսողական հիշողությամբ են մեքենա վարում Երեւանում, գծանշումները բացակայում են, գարնանն ասում են աշնանը կանենք, աշնանն ասում են՝ գարնանը»։ Հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ ավելի ուշ կպատասխանի։ Պատգամավորը հայտարարեց, որ անհամբեր կսպասի պատասխանի, որպեսզի պարզ լինի, թե գերատեսչություններից ում թերությունն է, որ գծանշումներ չեն արվում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ անկախ պատգամավորից պարզել՝ ի վերջո ինչ են պատասխանել նրան ՏԿ նախարարությունից, ում թերացումն է գծանշումների բացակայությունը. «Վաչե Տերտերյանն ինձ ասաց, որ այդ աշխատանքները պետք է իրականացնի Ճանապարհային ոստիկանությունը: Նրան այդպես են ասել Երեւանի քաղաքապետարանից»: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նաեւ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանից պարզել՝ ինչու գծանշումների աշխատանքները չեն կատարվում, սակայն նա այդպես էլ չպատասպանեց մեր հեռախոսազանգերին: Նաեւ գրավոր հարցում ենք ուղարկել եւ կսպասենք արձագանքի»: