VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման ներսում խմորումները շարունակվում են։ Անգամ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են հակադիր տեսակետներ հայտնում։ Մեր տեղեկություններով՝ ՀՓՇ վերջին հանդիպման ժամանակ Քոչարյանն ասել է, որ պետք է գնալ ընտրությունների ցանկացած պարագայում, սակայն Սերժ Սարգսյանը կտրականապես մերժել է մասնակցության թեզը։ Եթե Քոչարյանն ասում է, որ պետք է շարունակել փողոցային պայքարը, ապա Սարգսյանը պնդում է, թե այն անարդյունք է։ Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընդհանրապես անվստահություն կա, ու այսպես շարունակ: Մենք տեղեկացանք, որ նրանց վերջին հանդիպման ժամանակ տարաձայնություններն ավելի ակնհայտ են դարձել, երբ Քոչարյանը պնդել է, թե պետք է միասնական գնալ ընտրությունների, սակայն Սարգսյանն ասել է, թե ինքը նպատակահարմար չի համարում անգամ ընտրությունների գնալ այս պահին: Սա պատճառ է դարձել, որ ընդդիմության լիդերները արդեն միմյանց հետ հանդիպում են առանձին-առանձին՝ միմյանցից պարզելու, թե ով ինչ նպատակ ունի: Սերժ Սարգսյանը այդ գաղտնի հանդիպումների ժամանակ որեւէ հստակ բան չի ասել. մեկ հայտարարել է, որ չի մասնակցելու, իսկ վերջին օրերին բացատրում է, թե կուսակցությունն է համոզում գնալ ընտրապայքարի, ու որեւէ մեկը չի կարողանում Սարգսյանից պարզել, թե ինչ նպատակ է հետապնդում իրականում: Այս պահին միայն ընդդիմության լիդերներից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է տեղեկացրել, որ ինքը միայնակ է գնում՝ առանց որեւէ դաշինքի: «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը դեռ մտորումների մեջ է. միայն ասել է, որ մասնակցելու է ընտրություններին, իսկ ՀՅԴ-ն եւ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե վերջնական են որոշել միասին ընտրությունների գնալ «Քոչարյան» դաշինքով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում մի կողմից անորոշ վիճակ է՝ չգիտեն, թե ինչ ֆորմատով են մասնակցելու ընտրություններին, մյուս կողմից՝ նախապատրաստական աշխատանքներ են սկսել․ ակտիվացնում են տարածքային կառույցները, ՀՀԿ ցուցակներն են թարմացնում։ Մեզ ասացին, որ կուսակցությունը ճնշում է գործադրել ՀՀԿ նախագահի վրա, որ չմասնակցելու դեպքում իրենք լրիվ դուրս կմնան պրոցեսներից։ Եվ հիմնական հարցն այն է, թե ինչ ֆորմատով մասնակցեն պայքարին, հատկապես եթե Ռոբերտ Քոչարյանն էլ է մտնում խաղի մեջ։ Քոչարյանի հետ դաշինքը գրեթե բացառում են՝ կգնան միայնակ, բայց ՀՀԿ-ում շատերը չեն թաքցնում իրենց համակրանքը Քոչարյանի հանդեպ ու պատրաստ են աշխատել նրա օգտին, հատկապես նրանք, որոնք վերջին ընտրություններից հետո դժգոհ են մնացել Սերժ Սարգսյանից։ Անորոշ է նաեւ այն հարցը, թե ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե խրամատը չի լքում, բայց չի էլ հավակնում ակտիվ դերակատարման, ասենք՝ ցուցակի առաջին համարը լինելուն, եթե, իհարկե, վերջին պահին մտքափոխ չլինի։ Այս առումով ՀՀԿ-ն բարդ ընտրության առջեւ է կանգնած՝ ում գրեն ցուցակի սկզբում, ով է վարչապետի իրենց թեկնածուն։ ԱՄՆ-ում ուսման մեկնած Վիգեն Սարգսյանը բացակայել է երկրից եւ չի կարող մասնակցել այս ընտրություններին, Արփինե Հովհաննիսյանը սառեցրել է անդամությունը, եւ, ասում են, չի բացառվում՝ Քոչարյանի ցուցակով գնա, Արմեն Աշոտյանի հանդեպ նեգատիվը շատ է։ Մի խոսքով՝ քննարկում են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ արտահերթ ընտրությունների հարցը դեռ անորոշ է, բայց քաղաքական դաշտում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որոշ ուժեր անգամ նախընտրական շտաբների ղեկավարների հարցում են կողմնորոշվել։ Իշխող ուժի նախընտրական շտաբը, ինչպես 18-ի ընտրություններում, ղեկավարելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, մարզերում աշխատանքների մասով շտաբի աշխատանքները կոորդինացնելու է նաեւ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Գագիկ Ծառուկյանը որոշել է այդ գործը կրկին վստահել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին։ Եթե Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը որոշի միայնակ մասնակցել ընտրություններին, հնարավոր է, որ նախընտրական շտաբի աշխատանքները համակարգի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ով նմանատիպ փորձ ունի՝ ԲՀԿ-ի շտաբն է 2012-ին եւ 2017-ին ղեկավարել։ «Լուսավոր Հայաստանում» դեռ վերջնական որոշում չկա, բայց մեծամասնությունը կողմ է նախորդ ընտրություններում փորձառություն ձեռք բերած Դավիթ Խաժակյանի թեկնածությանը՝ որպես շտաբի պետի։ Քոչարյանի թիմը, որոշ տեղեկություններով, բանակցում է Հովիկ Աբրահամյանի հետ, ով այս հարցում, կարելի է ասել, մրցակիցներ չունի եւ կազմակերպչական հարցերում անփոխարինելի է։ ՀՀԿ նախընտրական շտաբը 2018-ին Դավիթ Հարությունյանն էր ղեկավարում, հիմա նա գրեթե սառեցրել է ՀՀԿ-ի հետ շփումները, շտաբի ղեկավարի թեկնածուների շարքում է Գալուստ Գրիգորիչի որդին՝ Արման Սահակյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունների գնալու են նոր Ընտրական օրենսգրքով՝ առանց ռեյտինգայինի։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ ընտրակարգի հարցը չի քննարկվել․ «Բայց ես բոլոր քննարկումների ժամանակ հարց եմ ուղղել մեր խորհրդարանական գործընկերներին, թե իրենք ինչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգը լինի՞, թե՞ չլինի։ Մեր խոսակցությունների ժամանակ արձանագրել ենք, որ ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ԼՀԿ-ն թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը։ Իսկ խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, ՀԿ-ների հետ․․․ որոշում է կայացրել, որ գնանք ԸՕ պարզ փոփոխությունների, եւ ընտրությունները կայանան փակ համամասնական ընտրակարգով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել, սակայն Հայաստանի քաղաքական երկնակամարում մեկը մյուսի հետեւից «փրկիչ»-կուսակցություններ են հայտնվում։ Մեր տեղեկություններով, նման պլաններ ունի նաեւ գործարար, «Սարգիս-Կարոլինա» ընկերության հիմնադիր Երվանդ Թարվերդյանը։ Նա կոնսուլտացիաներ է սկսել տարբեր շրջանակների հետ, թե ինչպես, ինչ իմիջով ներկայանա։ Մեզ ասացին՝ նրա գործողությունները թելադրվում են ռուսական շրջանակներից, կուսակցությունն էլ հստակ պրոռուսական ուղղվածություն է ունենալու։ Թարվերդյանը մեծ հավակնություններ ունի, իսկ այսօր պատրաստվում է հանդես գալ մամուլի ասուլիսով` «Հետպատերազմյան քաղաքական ճգնաժամի պայմաններում Հայաստանում առկա տնտեսական խնդիրները եւ դրանց լուծման եղանակները» թեմայով: Թերեւս, հենց ասուլիսի ընթացքում էլ կհայտարարի իր՝ քաղաքականություն մուտք գործելու մասին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մարտի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է 91 կուսակցություն: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ այս մասին նշել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Այդ թվի մեջ են մտնում նաեւ «Ադեկվադ», «Դեմոկրատական այլընտրանք» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները, որոնք պետական գրանցման մասին դիմում են ներկայացրել 2020 թվականին եւ ստացել պետական գրանցում: Իսկ միայն այս տարի՝ 2021 թվականին, պետական գրանցման դիմում են ներկայացրել «Արդարություն եւ հայրենիք», Քրիստոնեա-ժողովրդավարական եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները, որոնք ստացել են պետական գրանցում: Այսինքն՝ Արդարադատության նախարարության պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ մարտի 16-ի դրությամբ Հայաստանում չկա կուսակցություն, որը դիմել է պետական գրանցում ստանալու համար եւ սպասում է դրան: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ առաջիկայում տեղի են ունենալու մի քանի կուսակցությունների հիմնադիր համագումարներ, օրինակ՝ ապրիլի 23-ին տեղի կունենա «Միասնական Հայրենիք» կուսակցության համագումարը: Նշենք, որ այս կուսակցության սկզբնաղբյուրն արցախյան է, որի նախագահը Սամվել Բաբայանն է, այսինքն՝ վերջինս նպատակ ունի կուսակցություն ստեղծել նաեւ Հայաստանում եւ մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եվ թերեւս մինչ այդ այլ կուսակցություններ եւս կդիմեն պետական գրանցում ստանալու համար, քանի որ օրենսդրությունը հնարավորություն է տալիս գրանցում ստանալուց անգամ մեկ օր հետո մասնակցել ընտրությունների: Հավելենք, որ այս պահին պետական գրանցման համար դիմում են ներկայացրել եւ փաստաթղթերի ուսումնասիրության փուլում են գտնվում 2 կուսակցություններ՝ «Արեւ» եւ «Իմ Հայաստան» կուսակցությունները։ Սակայն հետաքրքիր է, որ չնայած այդ 91 կուսակցություններից քչերն են ակտիվ, եւ շատերը մարդ-կուսակցություններ են, սակայն դա չի խանգարում, որ տարիների ընթացքում նորերը ստեղծվեն»:
«168 ժամ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին կայանալիք հնարավոր ընտրություններին ընդառաջ՝ ակտիվացել է Ընտրական օրենսգրքի պահպանման կամ փոփոխության հարցը, որն արհեստականորեն ուռճացվում է այն աստիճանի, որ որոշ ուժեր անգամ դրանով են պայմանավորում իրենց մասնակցությունը։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում են կայացրել փոխել Ընտրական օրենսգիրքը եւ ընտրությունները կանցկացվեն ամբողջական համամասնական կարգով։ Ընտրական օրենսգիրքը, իհարկե, կարեւոր է ընտրությունների բովանդակության ու որակի առումով։ Սակայն Ընտրական օրենսգիրքն այդպիսի նշանակություն կարող է ունենալ սովորական պայմաններում, ստանդարտ ընտրական գործընթացում։ Հիմա Հայաստանում սովորական պայմաններ չեն եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի որոշվելու այս կամ այն քաղաքական ուժի ներկայացվածության համամասնությունն ԱԺ-ում։ Այս ընտրությունները, եթե, իհարկե, դրանք տեղի ունենան, լինելու են Նիկոլ Փաշինյանի մնալու կամ հեռանալու մասին։ Այդ իմաստով հունիսի 20-ին տեղի ունենալիք միջոցառումը ոչ այնքան ընտրություն է, որքան հանրաքվե՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական եւ ոչ միայն քաղաքական ճակատագրի վերաբերյալ։
Իսկ դա նշանակում է, որ ընտրությունների հիմնական բովանդակությունը լինելու են ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի ներկայացրած ծրագիրը կամ խոստումները, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու կամ նրան իշխանությունից հեռացնելու հարցը։ Հենց այդ առանցքի շուրջ էլ բյուրեղանալու են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումները։ Լինելու են, իհարկե, բազմաթիվ եւ բառի ուղիղ ու փոխաբերական իմաստներով բազմագույն կուսակցություններ կամ դաշինքներ, որոնք շրջանցելու են Նիկոլ Փաշինյանին, ճամարտակելու են պայծառ կամ լուսավոր ապագայի մասին՝ իրենց գույների հանգույն, դրանով զբաղվելու են Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային պայմանավորվածություններ ունեցողները։ Բայց անկախ այդ ճամարտակություններից՝ ընտրությունը գլոբալ իմաստով վերաբերելու է Նիկոլ Փաշինյանի մնալուն կամ գնալուն։ Իսկ դա նշանակում է, որ երկրորդական նշանակություն ունի, թե ինչպիսի ընտրակարգով է անցկացվելու ընտրությունը, քանի որ ցուցակներում գրված անուններից կամ դրանց ընտրության կանոնից գրեթե ոչինչ կախված չի լինելու։ Որեւէ նշանակություն չունի՝ Նիկոլ Փաշինյանի անունը գրված է լինելու ռեյտինգայի՞ն, թե՞ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում։
Այդ ցուցակի հաղթանակի համար նա անելու է ամեն ինչ՝ պարզագույն ընտրակեղծիքներից՝ մինչեւ ազդեցության բոլոր հնարավոր միջոցները, ընդհուպ՝ մինչեւ բռնությունների հրահրում, անելու է՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ցուցակի կազմավորման կարգը։ Ցուցակում ընդգրկված անուններն էլ ոչ թե որոշելու են հայկական պառլամենտարիզմի ճակատագիրը, այլ ընդամենը ծառայելու են որպես դեկոր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար։ Հետեւաբար՝ Ընտրական օրենսգրքի հարցը, մեծ հաշվով, տեխնիկական է, որը քաղաքական օրակարգի բովանդակություն դարձնելով՝ դրա շուրջ աղմկող ուժերն ընդամենը շեղում են ուշադրությունն առանցքային եւ ամենակարեւոր խնդրից՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու ռիսկից, որը նույնական է պարտության, կապիտուլյացիայի, հայրենազրկման հետ։ Ընտրությունները, ահա, պատասխանելու են այդ գլխավոր հարցին՝ տեղ ունենալո՞ւ են այդ ամոթալի երեւույթները հայկական իրականության մեջ, թե՞ Հայաստանը զարգացման գոնե տեսական հնարավորություն է ստանալու։ Քաղաքական պայքարը, այդպիսով, ընթանալու է Նիկոլ Փաշինյանին հաստատելու կամ մերժելու տրամաբանությամբ, որից դուրս գործող բոլոր ուժերն իրականում ծառայելու են նրա իսկ իշխանության պահպանմանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր ընտրված Արսեն Մկրտչյանը չունի բարձրագույն իրավաբանական կրթություն: Ամեն դեպքում, դա է վկայում դատավորի պաշտոնական կենսագրությունը: Նախ նշենք, որ, Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն, դատավոր կարող են դառնալ այն թեկնածուները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ստացել են իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով: Իսկ, ահա, Արսեն Մկրտչյանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ նա 1996 թվականին ավարտել է Երեւանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը, այսինքն՝ չունի բարձրագույն իրավաբանական կրթություն, այլ միջազգային իրավունքի մասնագետ է, այնինչ դատավոր նշանակվելու համար անհրաժեշտ է հենց իրավաբանական կրթություն:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչպես է համապատասխան կրթություն չունենալով դատավոր դարձել, Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Իմ մասնագիտությունը իրավագիտությունն է, որակավորումը միջազգայնագետ-իրավաբան: Երկրորդ՝ 2005 թվականին «Կրթության մասին» օրենքում փոփոխություն էր կատարվել, եւ նախկին մասնավոր ավարտածները վերահանձնում էին քննությունները: Կրկին մասնագիտությունը՝ իրավագիտություն: Այսինքն՝ ի սկզբանե մասնագիտության հետ կապված որեւէ խնդիր չի եղել: Դա համարվում է բարձրագույն իրավաբանական կրթություն»։ «Ժողովուրդ» օրաթերթը Արսեն Մկրտչյանի կենսագրությունում մեկ այլ հետաքրքիր դրվագ էլ նկատեց. պաշտոնական կենսագրության համաձայն՝ Մկրտչյանը 1993 թվականի հունիս ամսից մինչեւ 1994 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է ՀՀ զինված ուժերում, իսկ 1990-1996 թվականներին սովորել է Երեւանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ դատավորը սովորել եւ ծառայել է բանակում միաժամանակ: Այս հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Ես ուշացումով եմ ավարտել, ծառայել եմ, հետո կրկին շարունակել կրթությունը: Իսկ ծառայել եմ մեկուկես տարի, քանի որ այն ժամանակ այդքան էր ժամկետը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հաշվի առնելով, թե ինչպես են այս իշխանությունները մեկնաբանում իրավական նորմերը, Սահմանադրությունը, օրենքները, ինչպես են վարվում դրանց հետ, իրավաբանական համայնքում կես լուրջ-կես կատակ խոսում են, թե շուտով կարելի է առ ոչինչ համարել Սահմանադրությունն ու օրենքները և առաջնորդվել բացառապես Նիկոլ Փաշինյանի «հրովարտակներով»: Թեմայի հետ կապված օրեր առաջ փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ասել էր. «Եթե այս իշխանությունը շարունակի գոյություն ունենալ, իրավաբանությունը մեռնելու է: Աշխարհի վրա չկա ու չի եղել որևէ պետություն, որտեղ իշխանությունը կարող է թքել օրենքների վրա, և այդ պետությունն առաջընթաց ունենա ու չմեռնի:Հայաստանը չի լինելու այդ բացառությունը: Եթե մենք գործ ունենք իշխանության հետ, որն ինչ ուզում՝ անում է, ինչ ուզում՝ ասում է, ինչպես ուզում՝ մեկնաբանում է, դրա հետևանքը պետության մահն է լինելու»: Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ պետական ապարատում պաշտոն զբաղեցնող պալատական իրավաբանները ցանկացած դեպքում օրենքները, օրենքի նորմերը, Սահմանադրությունը, ինչպես նաև արդեն ուժի մեջ մտած դատական ակտերը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են մեկնաբանում: «Իրավաբանությունն այսօր ոչ թե վերածվել է փիլիսոփայական գիտության, ինչպես կարծում են շատերը, այլ, կարծես, գոյություն չունի: Այն քաղաքականության կամ քաղաքագիտության ածանցյալ ենթաճյուղ է դարձել. եթե քաղաքականությունը մշտապես մշակվել ու վարվել է իրավունքի գերակայության և մնացած այլ կարևորագույն նորմերի հիման վրա, հիմա այդ ամենը ստվերում է թողնված: Այսօր իրավունքը, օրենքների բարձրագույն արժեք ունենալն ու կարգավորումներն արդեն ածանցյալ են քաղաքականությանը: Այսօր արդեն քաղաքականությունն է որոշում, թե ինչպես պետք է մեկնաբանվի տվյալ նորմը կամ նորմի դրույթը»,- նշում է իրավաբանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փորձագիտական շրջանակները պարբերաբար նշում են, որ արտաքին քաղաքականությունը Հայաստանի գործող իշխանությունները կատարյալ ձախողել են, առավել ևս ռազմագերիների հարցով, կարծես, ընդհանրապես չեն զբաղվում: Օրերս հայտնի դարձավ դրա ևս մեկ ապացույց: Մասնավորաբար, համաշխարհային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը բավականին լուրջ ու կարևոր զեկույց էր հրապարակել և փաստաթղթավորված ներկայացրել, որ հայ ռազմագերիները Ադրբեջանում ենթարկվում են խոշտանգումների ու նվաստացումների։ Երեկ էլ Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ աշխատող երեք պաշտոնյա՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Ժիվկոն համատեղ կոչով դատապարտել են Ադրբեջանին ռազմագերիներին կտտանքների ենթարկելու համար և պահանջել անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին: Ի դեպ, առանձին հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդարանի ամենամեծ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը: «Փաստ» թերթին հայտնի դարձավ, որ այս կարևոր հայտարարությունների հարցում խորհրդարանական դիվանագիտությունն ունի զրո ներդրում: Ինչպես հիմնականում եղել է վերջին երեք տարվա ընթացքում, այս անգամ էլ Բրյուսելում Եվրախորհրդարանի պատգամավորների հետ այս ուղղությամբ աշխատել է ոչ թե իշխանական ուժը կամ խորհրդարանական խմբակցությունը, այլ ՀՀԿ-ն (մասնավորապես կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը) և Բրյուսելի Հայ դատի գրասենյակը: Ի դեպ, ըստ տեղեկությունների, հատկապես այս առումով անգործության է մատնված նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, դեսպան, Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը միջազգային տարբեր շփումների ժամանակ որպես «բրենդ» է ներկայացնում այն հանգամանքը, որ իրենց դեսպանատանն «ամենաշատ կանայք են աշխատում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռեւս այս տարվա հունվարին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որի համաձայն, Երեւանի 12 վարչական շրջաններից 10-ում «կարմիր գծերը» վերացվեցին: Վճարովի ավտոկայանատեղիները գործում են միայն Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում: Մեզ հաճախ են դիմում քաղաքացիները՝ խնդրելով պարզել, թե կոնկրետ որ փողոցներում են մնացել «կարմիր գծերը», եւ արդյո՞ք հնարավոր չէ հրապարակել այդ փողոցների ցանկը: Այս հարցով «Փաստը» դիմեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենսդրական փոփոխությունն արդեն ուժի մեջ է մտել: «Վճարովի ավտոկայանատեղիներ կան Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների բոլոր այն փողոցներում, որտեղ կան կարմիր գծեր: Բացի նրանից, որ այդ փողոցները գծանշված են, բոլոր այդ հատվածներում՝ սկզբում եւ վերջում, կան վահանակներ, որոնք հուշում են, որ այդտեղ վճարովի կայանատեղի է: Ընդ որում՝ եւ՛ Արաբկիրում, եւ՛ Կենտրոնում ոչ բոլոր փողոցներում կան վճարովի ավտոկայանատեղիներ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է առաջնորդվել գծանշումներով ու նշյալ վահանակներով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որը քննարկվելու է Ազգային ժողովում: Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, ըստ որի՝ միջազգային փոխադրումներ կատարող մեքենաները պարտադիր պետք է ունենան թվային տախոգրաֆ: Ավելին, նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի եւ աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաներում: Ի դեպ, օրական վարելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի 9 ժամը: Օրական վարելու ժամերը կարող են տեւել մինչեւ 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ: Իսկ միջին շաբաթական վարելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 48 ժամը, շաբաթվա առավելագույն վարելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մինչեւ 56 ժամ, յուրաքանչյուր քսանչորս ժամվա ընթացքում ավտովարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչեւ առնվազն 9 անընդմեջ ժամի, մեկ շաբաթվա ընթացքում՝ ոչ ավելի, քան երեք անգամ: Արդյոք կհամաձայնեն վարորդները այս պահանջներին՝ ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ հայտնի է, որ վարորդները գումար աշխատելու նպատակով անգամ անքուն գիշերներ են անցկացնում ղեկին»: