VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ ընդդիմության լիդերների հանդիպում է տեղի ունեցել: Տեղեկացանք, որ հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քննարկվել է գործող իշխանությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հարցը: Մենք տեղեկացանք, որ շատ նեղսրտած է եղել հատկապես Վազգեն Մանուկյանը, որը հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում ընտրություններին մասնակցել, ավելին՝ շարունակելու է փողոցային պայքարը, որի միջոցով վստահ է՝ կկարողանա հասնել ցանկալի արդյունքի: Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշել է, որ հավաքված ուժերն այդպես էլ իրենց ողջ ռեսուրսը չօգտագործեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու համար, ինչի համար էլ այսօր ունեն նման իրավիճակ, երբ Փաշինյանն է որոշում՝ երբ եւ ինչ ձեւաչափով պետք է գնան ընտրությունների: Ավելին՝ Մանուկյանն իր խոսքը կառուցել է` ակնարկելով, որ իրենց ներսում եղան ուժեր, ովքեր իշխանությունների հետ բանակցությունների գնացին, նրանց հետ հաշվի նստեցին, դրա համար էլ իրենք պարտվեցին: Լիդերներից մի քանիսը փորձել են Մանուկյանին վստահեցնել, որ միայն այս տարբերակով կարող են հասնել իշխանափոխության, բայց Մանուկյանն անդրդվելի է մնացել: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու ձեւաչափին, ապա ընդդիմության լիդերները վերջնական որոշում չունեն: Կարծես թե, բացի ՀՅԴ-ից ու Ռոբերտ Քոչարյանից, բոլորը կարծում են, թե պետք է ընտրություններին մասնակցել առանձին-առանձին: ՀՅԴ-ն ու Քոչարյանը հավանաբար կմասնակցեն «Քոչարյան» դաշինքով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անհատ գործիչների ռեյտինգների ուսումնասիրություններով, հակաիշխանական ճամբարից ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, եւ ընդդիմության ճամբարում հույսեր էին փայփայում, որ նա կմասնակցի ընտրություններին։ Մեր տեղեկություններով, նրան իր ցուցակում պատվավոր տեղ էր նախատեսել նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն փորձերը՝ համոզելու Կարապետյանին, որպեսզի մասնակցի ընտրություններին, դեռ հաջողություն չեն ունեցել՝ նա պայքարող տեսակ չէ։ Ըստ ամենայնի, նրա մասնակցությունն ի վերջո կախված է նրանից, թե ինչ կորոշեն ռուսական իշխանությունները։ Ի դեպ, Կարապետյանն այս ընթացքում ավելի շատ Հայաստանում է եղել, ուստի երկրից բացակայելու հետ կապված որեւէ խնդիր չի առաջանա, ինչն էլ թերեւս հույս էր ներշնչել ընդդիմադիրներին, որ նա ի վերջո կհամաձայնի մասնակցել ընտրություններին։ Նախկին վարչապետի մասնակցությունը կարող է շատերի պլանները խառնել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանը որոշել է Արցախում գործող իր կուսակցության անվանումով կուսակցություն ստեղծել նաև Հայաստանում: Հիշեցնենք, որ 2019թ. Բաբայանը Արցախում գրանցեց «Միասնական հայրենիք» անունով կուսակցություն, որը Արցախի խորհրդարանական ընտրություններում գրավեց երկրորդ տեղը: Հայաստանյան «Միասնական հայրենիք» կուսակցության համագումարը տեղի կունենա ապրիլի 23-ին «Մարիոթ» հյուրանոցում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր ԸՕ-ի ընդունման հարցով Փաշինյանը վերջին օրերին քննարկում է ունեցել ոչ միայն իր թիմի հետ, այլեւ սորոսական ՀԿ-ների, որոնք էլ նրան բացատրել են, որ ճիշտ է՝ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է բոլոր իշխանություններին, բայց ստեղծված իրավիճակում, երբ Փաշինյանն ու թիմը կորցրել են վարկանիշը, հենց իր շահերից է բխում համամասնական ընտրակարգը։ Այս մոդելի դեպքում զգալիորեն կնվազի ընտրողների մասնակցության ցուցանիշը։ Եթե ռեյտինգայինի դեպքում մոտ 1500 թեկնածուն ջանասիրաբար մարդկանց բերելու է քվեարկության՝ աշխատելով իրենց եւ կուսակցության հաղթանակի համար, ապա համամասնականի դեպքում այդ ակտիվությունը չի լինելու, եւ մասնակցությունը կրկնակի նվազելու է, իսկ ինչքան քիչ լինի ընտրողների քանակը, այնքան մեծ է շանսը, որ իշխանությունը 50+1 կհավաքի։ Փաշինյանին կարծես հաջողվել է համոզել, հատկապես, որ վերջին օրերի մարզային «այցերի» ու զոնդաժի արդյունքում պարզել են, որ ՔՊ-ն ու վարչապետը շատ ցածր վարկանիշ ունեն, եւ տարբեր խոստումներով էլ նոր աջակիցներ ձեռք բերել չի ստացվում։ Բայց խաղի կանոնները փոխելու հեռանկարն ընդդիմադիրների մոտ է դժգոհություն առաջացրել։ Մեզ ասացին, որ դեմ են ե՛ւ Գագիկ Ծառուկյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Արթուր Վանեցյանը, միայն ՀՅԴ-ն է համամասնականին կողմ։ Հայրենիքի փրկության շարժումը հնարավոր է առաջիկայում հանրահավաքներն ակտիվացնի, եւ ԱԺ ընդդիմությունն էլ դեմ արտահայտվի իշխանական ԸՕ-ն անցկացնելուն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն կրկին քննարկեց ռազմական դրությունը հանելու նախագիծը, որը որերորդ անգամ են ընդդիմադիրները բերում։ Բայց այս անգամ «Իմ քայլը» սվիններով չընդունեց՝ Արարատ Միրզոյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին․ «Լավագույն լուծումը կլիներ, եթե կառավարությունն ամփոփեր ռազմական դրությամբ պայմանավորված իր աշխատանքները, ինքը նախաձեռներ ռազմական դրությունը հանելը: Բոլորս ակնհայտորեն ընդունում ենք, որ հայտարարված են ընտրություններ, եւ մոտ ապագայում, այսպես թե այնպես, կառավարությունը կամ կառավարող մեծամասնությունը պետք է նախաձեռներ այս գործընթացը»: Քվեարկությունը կկայանա այսօր, սակայն իմքայլականները չունեին հստակ պատասխան՝ կո՞ղմ են քվեարկելու, թե՞ ոչ։ Վերջին խոսքը Փաշինյանինն է․ երեկ նրանք դեռ չէին «ծանուցվել» շեֆի որոշման մասին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հրավիրել է կառավարական ամառանոց՝ քննարկելու հետագա անելիքները: Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է արտահերթ ընտրությունը եւ, մասնավորապես, Ընտրական օրենսգիրքը ընդունելու-չընդունելու հարցը: Հանդիպմանը ներկաներից շատերը բարձրաձայնել են, թե անարդար է, որ իրենց երկար աշխատանքից հետո Ընտրական օրենսգիրքը չընդունվի, եւ ընտրությունները կազմակերպվեն հին ԸՕ-ով: Հատկապես Համազասպ Դանիելյանը, որը գլխավորել է փոփոխությունների քննարկման նպատակով ստեղծված խումբը, դեմ է արտահայտվել: Եղել են մարդիկ, որոնք կիսել են նրա տեսակետը, բայց շատերն էլ կան, որ շարունակում են անընդունելի համարել միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալը: Այսինքն՝ այս պահին հակասական տրամադրություններ կան նաեւ իշխող խմբակցության ներսում: Կիրակի օրը կրկին հավաքվել են, եւ կրկին անորոշություն է եղել մեծապես: Կրկին ընդհանուր հայտարարի չեն եկել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ ԸՕ թեմայով քննարկումները տեղափոխվել էին տարբեր պատգամավորների աշխատասենյակներ: Հատկապես մարզերից ընտրված պատգամավորները դեմ են ռեյտինգային ընտրակարգի չեզոքացմանը: Չի բացառվում, որ նոր Ընտրական օրենսգիրքը ընդունվի արդեն նոր ձեւավորված խորհրդարանում՝ հաջորդ ընտրությունների համար: Իսկ հիմա, եթե լինեն արտահերթ ընտրություններ, դրանք կկազմակերպվեն հին ընտրակարգով, քանի որ նաեւ այդպիսի խոստում է տվել հենց Նիկոլ Փաշինյանը ԼՀԿ եւ ԲՀԿ ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««17+»-ը հիմա էլ դեմ է, որ ընտրություններն անցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով, և պահանջում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն գործող Ընտրական օրենսգրքով: Սրա պատճառն այն է, որ ՀՀԿ-ական համայնքապետերի մեծ մասը պահպանել են իրենց պաշտոնները և ազդեցությունը: Եթե ընտրությունները տեղի ունենան ռեյտինգային ընտրակարգով, քաղաքապետերը կընդգրկվեն ՀՀԿ-ի կամ նախապես որոշված որևէ այլ կուսակցության ցուցակ և ձայներ կապահովեն նախկինների համար: Բնական է, որ պարզ համամասնական ընտրակարգի դեպքում այս մեխանիզմը չի գործի»:
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Կյանքի խոսք» աղանդավորական կառույցի ղեկավար Արթուր Սիմոնյանը շուրջ 4 ամիս ԱՄՆ-ում գտնվելուց հետո շտապ վերադարձել է Երևան: Ըստ նույն լուրերի՝ պատճառն առաջիկա հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններն են և հստակեցումը, թե ում է սատարելու «Կյանքի խոսքը», իհարկե, ներքին կարգով: Ի դեպ, «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հատուկ ծառայությունների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանում գրանցված է մոտ 67 կրոնական կազմակերպություն, այդ թվում՝ 53 աղանդ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 19-ի արտահերթ նիստում իշխանությունը զոռբայությամբ անցկացրեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով Հայաստանում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք։ Մենք տեղեկացանք, որ ԱԺ մի քանի անկախ պատգամավորներ մտադրվել էին ակցիա անել եւ տապալել այդ խայտառակ նախագծի ընդունումը, որը կարող է վտանգել դատարանների անկախությունը։ «Իմ քայլից» անկախացած Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը եւ այլք պատրաստվում էին «գրավել» ԱԺ ամբիոնն ու չհեռանալ՝ հույսով, որ կտապալեն քվեարկությունը։ Բայց նախագիծը տապալելու փոխարեն նրանց ակցիան է տապալվել՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ չհամաձայնեցված գործողությունների պատճառով։ Մեզ ասացին՝ ԼՀԿ խմբակցությունից եղել է համաձայնություն՝ միանալու ակցիային, սակայն, իրենց ասելով, երբ գնացել են քվեարկության ժամին դահլիճ, անկախները դահլիճում չեն եղել։ Անկախներն էլ ասում են՝ իրենք իմացել են, թե ընդդիմությունը չի գալու դահլիճ։ Նաեւ իմացել են, թե քվեարկությունը թողնվելու է հաջորդ օրվան, մինչդեռ «Իմ քայլը» երեկոյան ժամը 8-ի կողմերն է երկրորդ ընթերցումը կազմակերպել, որ շըփ-թըփ անի՝ անցկացնի։ Արդյունքում «գյոզալ» ակցիան տեղի չի ունեցել, իսկ «ուսապարկերը» նորից հերթական վնասակար օրենքն են անցկացրել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում մարտի 19-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթը վրդովմունք է առաջացրել դատական համակարգի ներկայացուցիչների մոտ: Բանն այն է, որ այս փոփոխություններով նախ նոր լիազորություններ են տրվել Բարձրագույն դատական խորհրդին, որը կատարվել է ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ, եւ, բացի այդ, արվել են փոփոխություններ, որոնք, դատավորների խոսքով, կարող են իրենց համար զսպաշապիկ հանդիսանալ: Մասնավորապես, դատավորներին անհանգստացրել է այն դրույթը, համաձայն որի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից եւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն կունենան նաեւ քաղաքացիները: Ընդ որում, հստակեցված չէ, թե դա որ փուլում կարող է կատարվել, ինչը ենթադրում է, որ դատավարության ցանկացած փուլում նման գործողությունը հնարավոր է: Այսինքն` արդարադատություն իրականացնող դատավորներին առավել ակտիվ քաղաքացիները կկարողանան վերցնել վերահսկողության տակ` դրանից բխող բոլոր վատ հետեւանքներով: Հավելենք, որ խորհրդարանում այս փոփոխությունները քննդատել էին ինչպես ընդդիմության ներկայացուցիչները, այնպես էլ անկախ պատգամավորները: Եւ այս նախագիծը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կյանքի չի կոչվի: Այն բողոքարկվելու է Սահմանադրական դատարանում, որտեղ, ըստ շատ իրավաբանների, փշրվելու է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նոր նախագիծ: Գործող օրենքը ընդունվել է 1996 թվականին, և ԱԱԾ կարծիքով՝ կորցրել է իր արդիականությունը: Ըստ նախագծի հեղինակների՝ դրանով կներդրվեն գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված նոր գործիքակազմեր և լուծումներ»:
«Իրավունք» թերթը գրում է. «Թեև վերջին ժամանակներս միայն հաճախակիանում են նոր պատերազմի մասին խոսակցությունները, սակայն «Իրավունքի» հետ զրույցում ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը միանգամայն այլ կարծիք հայտնեց: Անդրադառնալով նոր պատերազմի վտանգին՝ գեներալը վստահություն հայտնեց.
-Աբսուրդի ժանրից են այն կանխատեսումները, թե իբր պատերազմի վտանգ կա: Այսօր ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն գնա նման արկածախնդրության: Բայց ոչ թե այն պատճառով, որ չեն կարող կամ չեն ուզում:
-Այսի՞նքն:
-Էրդողանն էլ, Ալիևն էլ շատ լավ գիտեն, որ Հայաստանի դեմ որևէ, առավել ևս՝ ռազմական քայլը Ռուսաստանն անպատասխան չի թողնի:
-Այսինքն՝ Սյունիքի, Զանգեզուրի մասով մտահոգություններ չունե՞ք:
-Մտահոգություններ ունեմ, բայց ռազմական գործողություններ նաև հենց այդ հատվածում ես գոնե մոտ ապագայում բացառում եմ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանյան որոշ խանութներում եւ սուպերմարկետներում ձու չկա: Եթե ձու կա, ապա փոքր խանութներում, այն էլ՝ 90 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից: Նրանց պատմելով՝ սուպերմարկետներում փոքր չափի մեկ հատիկ ձուն սկսում է 75 դրամից, միջինը՝ 86 դրամից, իսկ մեծ չափի ձվի մեկ հատիկի գինը սկսում է 100 դրամից: Փոքր խանութներում եւ շուկաներում հնարավոր է ձեռք բերել հատիկով ձու, հատն էլ՝ 90 դրամից սկսած: Այս թեմայի շուրջ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց իր պարզաբանումը. «Մենք խնդրել ենք պետական մարմիններին ձվի շարժը՝ արտադրությունից մինչեւ խանութ եւ խանութից դուրս ուսումնասիրել: Մեր կարծիքով՝ արհեստական դեֆիցիտ առաջացնում են միջնորդ կազմակերպությունները, մեր առաքիչները, այդ թվում նաեւ փոքր խանութները: Մարտի 23-ից սկսել է ձվարկումը, եւ մենք առաջիկայում ակցիաներ ենք կազմակերպելու, որտեղ ձվի գինը 50 դրամից չի բարձրանա: Բայց շատերը այս պահին իրենց ձեռքերը տաքացնում են այս խնդրի վրա, հատկապես մեր էքսպեդիտորները, որոնց դուրս ենք թողել մինչեւ Զատիկի տոնը: Նրանցից ամեն մեկը 5-6 դրամ փող է աշխատում, այժմ մենք ուղիղ առաքում ենք իրականացնում խոշոր ցանցերին: Բայց մինչ այդ, նրանք վերցնում են ձուն եւ տալիս փոքր խանութներին, որոնք 85-90 դրամով են վաճառում»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը և Աննա Գրիգորյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Գնումների մասին» օրենքում, որը կպարտավորեցնի կառավարությանը երաշխավորված գնում ապահովել սահմանամերձ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքի համար: Սահմանամերձ համայնքների բնակչությանը աջակցելը իսկապես կարևոր է, բայց պետք է հասկանալ, թե ինչ պետք է անի պետությունը այդ արտադրանքը, օրինակ՝ հազարավոր տոննաներով դեղձը: Ավելի իրատեսական է արտադրանքի սուբսիդավորումը, երբ պետությունը յուրաքանչյուր կիլոգրամ արտադրանքի համար լրավճար է տրամադրում: Այդպես է, օրինակ, վարվում Վրաստանը խաղողի, իսկ Ադրբեջանը՝ բամբակի դեպքում»: