22.11.2024
Ադրբեջան. անթույլատրելի վերաբերմունք հայ ռազմագերիների նկատմամբ - HRW զեկույց
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ո՞ւմ է վստահում Փաշինյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի դեմքով է ներկայանալու ընտրողներին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ նախընտրական շտաբի ղեկավարների հարցում է կողմնորոշվել արդեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ, ճիշտ է, դեռեւս ոչ ֆորմալ (քանի դեռ պաշտոնապես նախընտրական շրջան չէ), բայց փաստացի ձեւավորվում է նաեւ շտաբը, որը ղեկավարելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Հատկապես մարզերում տարվելիք աշխատանքների մասով շտաբի աշխատանքները կոորդինացնելու է նաեւ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես այս երկու անձանց նշանակելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նախ՝ Փաշինյանի ամենահին ու ամենահավատարիմ «զինակիցներից» են, եւ երկրորդ՝ ընդգծված բացասական վարկանիշ չունեն՝ ի տարբերություն մի շարք այլ պաշտոնյաների»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտում իսկական խառնաշփոթ է: Բանն այն է, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ներառված կուսակցության առաջնորդները կողմ են, որպեսզի Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը չհանվի, քանի որ, ըստ իրենց, այդկերպ իրենց կհաջողվի ընտրություններում ցանկալի ձայներ հավաքել։ Իսկ քանի որ իշխանությունները նպատակ ունեն ռեյտինգային ընտրակարգը հանել օրենգրքից, այն դժգոհություն է ստեղծել ընդդիմության համար: Ըստ մեր աղբյուրների՝ անգամ քննարկվում է այն հարցը, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնա այն ճանապարհով, որ ռեյտինգային ընտրակարգը հանվի Ընտրական օրենսգրքից, այդ դեպքում իրենք գուցե չմասնակցեն ընտրությունների, քանի որ ստացվելու է երեւանյան խորհրդարան, ուր ներկայացված չեն լինի մարզերը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս կողմ է ռեյտինգային ընտրակարգի պահպանմանը, բայց նրա թիմի 40 տոկոսը դեմ է, որ ռեյտինգային ընտրակարգը շարունակի գործել: Ի դեպ, նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, ու նաեւ անհրաժեշտ է, որ այն ընդունվի քաղաքական կոնսենսուսի պայմաններում, ուստի այն հանելու համար պետք է խորհրդարանի ընդդիմությունը եւս իր համաձայնությունը տա: Ընդդիմությունը մտահոգված է նաեւ այն հարցի շուրջ, որ, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հայտարարությունը մեծ բլեֆ է, ու, կարծես թե, վերջինս նպատակ չունի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Իսկ թե ինչ հագուցալուծում կստանա այս հարցը, դժվար է ասել, քանի որ այժմ էլ բոլորը շունչները պահած սպասում են, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ հրաժարական կներկայացնի, իսկ հրաժարականի ժամկետը ապրիլի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական վերնախավը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջիկայում մարզային այցելություններով կփորձի պարզել իր իրական վարկանիշը։ Դրանք ոչ այնքան նախընտրական, որքան ստուգողական այցեր են, յուրօրինակ սոցհարցում` սեփական վարկանիշի մասին։ Որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը մտահոգություններ ունի, որ արտահերթ ընտրություններին անգամ վարչական ռեսուրսի կիրառմամբ չի կարողանա վերարտադրվել։ Այցերից ուզում է կողմնորոշվել՝ գնա՞ ընտրությունների, թե՞ ինչ-որ պատրվակով չեղյալ անի հունիսի 20-ի արտահերթը։ Չեղարկելուն կօգնի նաեւ «Իմ քայլի» որոշ պատգամավորների եւ սորոսական ՀԿ-ների պահանջը՝ Ընտրական նոր օրենսգրքի հարցում։ Մենք տեղեկացանք, որ կիրակի օրը նա կրկին կառավարական ամառանոց է հրավիրել «Իմ քայլի» պատգամավորներին եւ քննարկել նոր ԸՕ-ի ճակատագիրը։ Իշխող խմբակցությունից Փաշինյանին հիշեցրել են, որ իրենց թե՛ նախընտրական ծրագրում, թե՛ պատերազմից հետո ներկայացված վեցամսյա ճանապարհային քարտեզում ԸՕ փոփոխություններն են, ուստի չեն կարող ընտրությունների գնալ հին օրենսգրքով։ Փաշինյանն առարկել է, որ արտահերթ ընտրությունների պայմանավորվածությունն ընդդիմության հետ կայացել է հին օրենսգրքի շուրջ, եւ պետք է նրանց հետ համաձայնեցնել։ Որոշ տեղեկություններով, ո՛չ ԲՀԿ եւ ո՛չ էլ ԼՀԿ ղեկավարները կողմ չեն նոր ԸՕ-ին, կարծում են, որ այն «կարվել» է գործող իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի հագով։ Բացի այդ՝ ընտրությունները պետք է օր առաջ տեղի ունենան, նոր օրենսգիրք ընդունելու դեպքում դրանք կուշանան։ Այնպես որ, Փաշինյանը 2 ճանապարհն էլ բաց է պահել՝ ընտրություններ հին ԸՕ-ով, չեղարկում՝ նոր ԸՕ-ն ընդունելու պատրվակով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունում նախընտրական հրմշտոց է, ցուցակի բարձր հորիզոնականներում հայտնվելու մրցապայքարն սկսված է։ «Եկել է Նիկոլ Փաշինյանի կողքից քայլելու, նրա պոստերն առաջինը լայքելու, նրան եւ նրա տիկնոջը հրապարակային պաշտպանելու ժամանակը»,- ասաց մեր աղբյուրը։ Մենք տեղեկացանք, որ խմբակցությունում բուռ քննարկում է ծավալվել, թե ինչու էին շաբաթ օրը Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում Փաշինյանին ուղեկցում ոչ միայն կառավարության անդամները, որոնք, ինչպես ասացին, վարչապետի հորդորով են նրա հետ մարզեր այցելել, այլեւ իմքայլական որոշ պատգամավորներ, ովքեր ռեյտինգայինով չեն ընտրվել Արագածոտնի մարզից։ Իշխանական պատգամավորները փորձել են հասկանալ՝ Նիկոլ Փաշինյա՞նն է հրավիրել նրանց եւ դրանով ցույց տվել ապագա ցուցակի իր տարբերակը, թե՞ նրանք սեփական նախաձեռնությամբ են ուղեկցել վարչապետին։ Իսկ ուղեկցում էին խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, Արփի Դավոյանը, Գեւորգ Պապոյանը, Ալեն Սիմոնյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը վերջին անգամ նույնպես շատ կարճ է տեւել։ Կրկին Ծառուկյանն ասել է, որ եկել է նրա հրաժարականի մասին խոսելու, Փաշինյանն ասել է՝ գնում ենք ընտրությունների, եկեք քննարկենք, որ թեկնածու չեք առաջադրելու, եւ օրը որոշենք։ Մենք նախապես գրել էինք, որ քննարկվում է հունիսի առաջին կամ երկրորդ կիրակի օրը ընտրություն նշանակելու հարցը՝ հունիսի 6 կամ հունիսի 13։ Բանն այն է, որ ապրիլի 7-ին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման, իսկ հրաժարական տալու դեպքում, եթե անգամ ՀՀ վարչապետի ԺՊ լինի, Պուտինը նրան չէր ընդունի, ուստի այդ օրը նա պետք է լիարժեք վարչապետ լինի, ինչը նշանակում է, որ կարող է հրաժարական տալ այցից հետո միայն, ապա երկու շաբաթից պետք է կրկնի հրաժարականը, այդ իսկ պատճառով հունիսի 6-ը դուրս է եկել։ Իսկ հունիսի 13-ին չի համաձայնել Ծառուկյանը, ասելով՝ 13 թիվը լավ թիվ չէ, ուստի որոշել են կանգնել 20-ի վրա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ ռեյտինգային ցուցակով անցած պատգամավորները սկսել են ակտիվորեն պատրաստվել արտահերթ ընտրություններին: Նրանք պնդում են, որ Փաշինյան-Ծառուկյան հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընտրությունները կազմակերպվելու են գործող Ընտրական օրենսգրքով: ԲՀԿ-ի համար գործող Ընտրական օրենսգիրքը առավել քան ընդունելի է, ոչ միայն ռեյտինգային ընտրակարգի, այլ նաև բոնուսային համակարգի պատճառով, որը հնարավորություն է տալիս 7 տոկոս ստացած կուսակցությանը 26 մանդատ ունենալ»:


«168 ժամ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե իշխող քաղաքական թիմն ընտրություններին կմասնակցի Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Սա, իհարկե, կանխատեսելի էր ոչ միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իրենից բացի՝ որևէ այլ դեմք չի հանդուրժում, այլ, որովհետև գործնականում, նրանից բացի, իշխանությունը չունի այլ դեմքեր ընդհանրապես։ Սակայն, եթե դեմքի հարցն իշխանությունը համարում է լուծված, ապա խիստ կասկածելի է «քաղաքական թիմ» կոչվածների պարագան։ Միամտություն կլինի կարծել, թե Նիկոլ Փաշինյանն ընտրությունների կգնա բոլոր հնարավոր մեթոդներով վարկաբեկված 88 հոգանոց իր խորհրդարանական խմբակցությամբ, որոնց նրա կուսակցական խոսնակն արդարացիորեն համեմատել էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ։ Նրանք այլևս օգտագործված ու ժամկետանց ուսապարկեր են, և հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է գտնի նորերին։ Այն տեխնիկական տարբերությամբ, որ նրա նոր քաղաքական թիմը բաղկացած կլինի ոչ թե ուսապարկերից, որով մինչև իշխանության գալը շրջում էր Նիկոլ Փաշինյանը, այլ զրահաբաճկոններից, որով նա շրջում է հիմա՝ արդեն իշխանություն ունեցողի կարգավիճակում։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանին պետք են զրահաբաճկոններ ոչ միայն՝ որպես իր կողմից ամենաշատն օգտագործվող աքսեսուարի իդենտիկության նշան, այլ նաև բովանդակային իմաստով․ նրան անհրաժեշտ են մահապարտներ, ովքեր իրեն կպաշտպանեն քաղաքական հակառակորդներից ու քաղաքացիներից, այնպես, ինչպես իր կարծիքով՝ պաշտպանում է հագուստի տակից այդքան աչք ծակող զրահաբաճկոնը։


Մեծ է հավանականությունը, որ «Իմ քայլի» պատգամավորական ցուցակի, իմա՝ նոր զրահաբաճկոնների քասթինգն արդեն իսկ սկսված է, և Նիկոլ Փաշինյանը՝ կա՛մ անձամբ, կա՛մ առավել հուսալի ուսապարկ–զրահաբաճկոնների միջոցով, զբաղվում է նրանց ընտրությամբ։ Հավակնորդներին ներկայացվող պահանջները դժվար չէ կանխատեսել․ անձի՝ Նիկոլ Փաշինյանի, պաշտամունք, սեփական կարծիքի բացակայություն, քաղաքական հակառակորդներին սեփական դեմքերով և ֆեյք օգտահաշիվներով կեղտոտ հայհոյելու կարողություն, անհայրենիքություն և թուրքերենի ու ադրբեջաներենի վարժ իմացություն։ Ահա այս հատկանիշներով օժտված մի քանի տասնյակ զրահաբաճկոնից բաղկացած կլինի «Իմ քայլի» քաղաքական թիմը, որի դեմքը, ինչպես արդեն հայտնի է, լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Դեմք, որը մարդկանց մի մասի մոտ ասոցիացվելու է պարտության ու դավաճանության, կապիտուլյացիայի ու հայրենազրկման հետ, մյուսների համար՝ ներկայանալու է որպես փրկիչ, որը թույլ չի տալու «նախկինների» ու «թալանի» վերադարձը։ Ահա ուրեմն, նոր հավաքագրվելիք զրահաբաճկոնների թիմի առաքելությունը պետք է լինի՝ քաղաքացիներին համոզել, որ Արցախի 75 տոկոսի հանձնումը, հազարավոր զոհերն ու տասնյակ-հազարավոր վիրավորները, Հայաստանի տարածքին սպառնացող առարկայական վտանգներն էլ՝ վրադիր, պակաս սարսափելի են, քան «նախկինների» վերադարձը։ Նրանք ամեն ինչ պետք է անեն՝ ապացուցելու համար, որ Հայաստանի քաղաքական և, ոչ միայն՝ քաղաքական կյանքում Ալիևի ու Էրդողանի առնվազն միջնորդավորված ներկայությունն ավելի գերադասելի է, քան «նախկինների» ներկայությունը։ Իհարկե, անհեթեթ է հնչում, բայց Հայաստանում ամեն ինչի ու հատկապես իշխանության հիմքում վաղուց ընկած է ոչ թե բանականությունը, այլ անհեթեթությունը, որի տարածմամբ էլ առաջիկա երեք ամիսներին զբաղվելու են մի խումբ զրահաբաճկոններ՝ իրենց փրկչադավաճանական կամ դավաճանափրկչական դեմքի գլխավորությամբ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցից եւ այնտեղ ունեցած ելույթներից հետո, «Փաստ» թերթի տեղեկություններով, ներիշխանական շրջանակներում հիասթափության նոր ալիք է նկատվում։ Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, «արագածոտնյան հավաքները» դիտելով՝ իշխանական պատգամավորները վերջնականապես եկել են այն համոզման, որ Փաշինյանն այլեւս նախկինը չէ. փաստացի այլեւս հնարավոր չէ «օրգանիկ» մարդ հավաքել, բոլորին համոզելով են բերում, կամ ստիպելով, հազար ու մի տեսակ հնարք բանեցնելով: Ավելին, ում էլ բերում են, ի վերջո, բացահայտվում է «թատրոնը», խայտառակ են լինում: Մյուս կողմից, իշխանական պատգամավորները կուլիսներում խոսում են, որ Փաշինյանի ելույթներն այլեւս նախկինի պես չեն ոգեւորում, մարդիկ նրան չեն հավատում. դրա արդյունքում է, որ ինքնակամ որեւէ մեկը չի գալիս նրա հավաքներին, իսկ եթե պատահական այդպիսիք հայտնվում են, արագորեն հեռանում են: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն էլ իր հերթին է դժգոհ, որ նախ՝ հնարավոր չի լինում մարդաքանակ ապահովել, մյուս կողմից՝ որ պետական համակարգը եւ իր թիմը «տակից փախչում են» արդեն: Նա փաստացի մեծ մասին չի էլ վստահում: Ավելին, Փաշինյանը եւս տեղյակ է, որ իր թիմից ոմանք իրենց համար առանձին անվտանգության երաշխիքներ են փնտրում՝ վստահ լինելով, որ նման վիճակում հաստատ իշխանության մնալու մասին պետք է մոռանալ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական երեք ուժերը Հայաստանում սկսել են նախընտրական քարոզարշավը, համենայնդեպս դա են վկայում խորհրդարանական «Իմ քայլը», ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների քայլերը: Եվ սա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունները հունիսի 20-ին անցկացնելու վերաբերյալ միայն ֆեյսբուքյան հայտարարություն է եղել: Խորհրդարանական խմբակցությունները լծվել են գործի, չնայած արտախորհրդարանական ուժերը դեռեւս հրապարակային ոչինչ չեն ձեռնարկում եւ ինչ-որ քայլերի են սպասում իշխանությունների կողմից: Իսկ Հայաստանում հաստատված կարանտինի, մեկ օրում մի քանի հարյուրից ավել կորոնավիրուսի նոր դեպքերի արձանագրման պարագայում կուսակցությունների մարզային այցելություններն այլ կերպ, քան նախընտրական քարոզչություն, դժվար է անվանել: Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից մի քանիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շաբաթ օրն անցկացրին Արագածոտնի մարզում: Նրանք եղան մի քանի քաղաքներում, հավաքներ անցկացրին, ընդ որում՝ վարչապետը չնայած հաճախ դիմակ էր կրում, սակայն սոցիալական հեռավորություն չէր պահում եւ անկաշկանդ ձեռքով բարեւում էր մարդկանց, շփվում տեղացիների հետ:


Խոսքը վերաբերում է նաեւ մյուս ՔՊ-ականներին, եւ անգամ հրապարակված կադրերից է պարզ երեւում, որ նրանցից շատերն անգամ դիմակ չեն կրում համավարակային այս պայմաններում՝ չհարգելով իշխանության սահմանած կարանտինը: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի եւ նրա թիմի մարզային այցերն ամենշաբաթյա բնույթ են կրելու մինչեւ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, իսկ արդեն երեկ նա կուսակցությունում էր հավաքել իր թիմին։ Նկատենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 19-ը սահմանում է. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը եւ ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորեւ անվանվում է նախընտրական քարոզչություն»: Նույն հոդվածը սահմանում է նաեւ. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»: Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ քաղաքական ուժերը օգտվում են ԸՕ 19 հոդվածով նախատեսված իրավունքից եւ 3 ամիս առաջ արդեն սկսել են նախընտրական քարոզչությունը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆիա Հովսեփյանն ու Աննա Գրիգորյանը հանդես են եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ են դրել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։ Մասնավորապես, անկախ պատգամավորները ցանկանում են օրենքով ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը ենթակա է երաշխավորված գնման պետության կողմից: Հիմնավորման մեջ նշվում է, որ պետությունը պետք է 100%-ով երաշխավորի սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: «Պետք է խրախուսենք սահմանամերձ մեր համայնքների բնակիչների շահագրգռվածությունը գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Թշնամուն բավականին մոտ գտնվող հողատարածքները պետք է 100% ով մշակված լինեն: Սահմանամերձ համայնքի բնակիչը պետք է հասկանա, որ պետությունն այս ծանր իրավիճակում իր կողքին է եւ մտածում է իր մասին», – նշում են պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ: Այսպիսով, նախագծի ընդունումից հետո Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին կընձեռվեն սոցիալական աջակցության նոր՝ երաշխավորված հնարավորություններ, կթեթեւանան գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, կբարելավվեն սահմանամերձ համայնքների տնտեսական եւ ֆինանսական պայմանները, կխթանվի տեղի բնակիչների զբաղվածությունը, ինչպես նաեւ նախագիծը կնպաստի գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած եւ չմշակվող վարելահողերի եւ մյուս հողատեսքերի՝ արտադրության մեջ ներգրավմանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ապարանի քաղաքապետ, «Գնթունիկ»-ի սեփականատեր Կարեն Եղիազարյանը այնքան էլ չի հավատում, որ Հայաստանում հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եղիազարյանն ասում է, որ արտահերթ ընտրություններին իր մասնակցության մասին կխոսի միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան հայտարարությունից հետո: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը ընտրություններին մասնակցի «Հայրենիք» կուսակցության ցուցակով Եղիազարյանը ասում է. «Բացառված բաների մասին եք խոսում: Չի կարող նման բան լինել»: Կլինի նման բան, թե ոչ՝ մենք հաստատապես կիմանանք միայն ընտրությունների ժամանակ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովրդական բևեռը, որը մինչև այժմ տարբեր քաղաքական ուժերի և գործիչների միավորում էր, կդառնա կուսակցություն: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա ապրիլի 22-ին: Սա նշանակում է, որ «Սասնա ծռեր» կուսակցության, Հայաստանի եվրոպական կուսակցության և այլ հասարակական ուժերի միավորման արդյունքում կստեղծվի մեկ կուսակցություն»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահի հրամանագրով հետ է կանչվել մերձբալթյան երկրներում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Մեր տեղեկություններով, Մկրտչյանը կնշանակվի Իսրայելում ՀՀ դեսպան։ Ինչպես հայտնի է, Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունները, մեղմ ասած, ջերմ չեն։ Ցեղասպանություն վերապրած հրեաները հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հետաքրքիր է, թե ինչ է անելու այդ ուղղությամբ Տիգրան Մկրտչյանը, եթե նախկինում իր նախկին շեֆից՝ Արթուր Բաղդասարյանից բողոքելով՝ ի թիվս այլ մեղքերի նրան մեղադրում էր Ցեղասպանության ճանաչման հարցում լոբբինգ անելու մեջ։ Այսինքն, ստացվում է, որ դեսպան է նշանակվելու մեկը, որը դեմ է Ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Ի դեպ, ժամանակին այդ մասին հայտնի դարձավ Վիքիլիքսի գաղտնազերծած փաստաթղթերից։ Մկրտչյանին առնչվող հատվածը ներկայացնում ենք առանց խմբագրման։ «ՌՈՒԴՈԼՖ ՓԵՐԻՆԱ -ՕԵԿ նախկին ակտիվիստը բացահայտումներ է անում (կեղտը ջրի երես է հանում). Ավելի ուշ պետքարտուղարության տեղակալի օգնական Բրայզան առանձին հանդիպել է ՕԵԿ արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Տիգրան Մկրտչյանի հետ, ով վերջերս ՕԵԿ երիտասարդական թևի երկու ղեկավարների հետ հրապարակայնորեն լքեց կուսակցությունը։ Մկրտչյանը պնդել է, որ ՕԵԿ-ը զգալի խառնաշփոթի մեջ է, կուսակցության անդամները դժգոհ են Բաղդասարյանի կամայականություններից, կոռուպցիայից ու երկակի խաղերից։ Կուսակցության ղեկավարները արգահատանքով են լցվել՝ իմանալով Բաղդասարյանի՝ ընտրություններից առաջ իշխանության հետ գաղտնի գործարքի շուրջ բանակցելու վերաբերյալ, և վիրավորված են նրա բռնակալական հակումներից։ Մկրտչյանն անդրադարձել է նաև Բաղդասարյանի ստախոսության դեպքերին 2007 թվականի գարնանը Վաշինգտոն և եվրոպական մայրաքաղաքներ վերջինիս այցելությունների ընթացքում։ Զորօրինակ, Բաղդասարյանը Բրայզային անձամբ և ազգային անվտանգության խորհրդի անդամներին ասել է, որ Կոնգրեսին կհամոզի Հայոց «ցեղասպանության» վերաբերյալ գրգռող բանաձև չընդունել, այնինչ անմիջապես հետո կոնգրեսմեն Ռադանովիչի հետ հանդիպման ժամանակ ձեռնամուխ է եղել բանաձևի օգտին եռանդագին քարոզի։ Ամենավարկաբեկիչն, այնուհանդերձ, Մկրտչյանի մեղադրանքներն էին Բաղդասարյանին՝ վերջինիս կողմից ՕԵԿ ցուցակում քաղաքական դիրքորոշում կամ փորձառություն չունեցող անորակ կադրերին տեղեր վաճառելու և գումարները գրպանելու կապակցությամբ»։ 07.YEREVAN1032. 16 օգոստոսի, 2007թ.)»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի կառավարությունը դեռեւս անցած տարվա դեկտեմբերին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի միջոցով հայտարարեց, որ կառավարությունը 25 միլիարդ դրամ է հատկացրել նախարարությանը՝ պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրները լուծելու համար, իբր գերատեսչությունն աջակցության շուրջ 15 ծրագիր է իրականացնելու, օրինակ՝ Արցախում հաշվառում ունեցող յուրաքանչյուր քաղաքացու 68 հազար դրամ է հատկացվում, եւս 15 հազար դրամ հավելավճար՝ սեփականություն չունեցողներին, սակայն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ անցել է չորս ամիս, բայց Արցախում 68 հազարական դրամները չեն ստացել։ Թե ինչու՝ պատգամավորին հայտնի չէ, ենթադրում է, որ ՀՀ կառավարությունը գումարը չի տրամադրել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. ավտոմեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, անհայտ անձինք գողանում են մեքենաների համարանիշները։ Ի դեպ, գողանում են մեքենայի ևւ դիմացի եւ հետեւի համարանիշները: Ավելին, դրանք գողանալուց հետո հանցագործները մեքենայի դիմապակու վրա թողնում են գրություններ եւ առաջարկում Viber-ով կապ հաստատել իրենց հետ, ապա պահանջում համարանիշների վերադարձի դիմաց կլորիկ գումար վճարել՝ լավ իմանալով, որ ճանապարհային ոստիկանությունը, ըստ օրենքի, միանգամից երկու պետհամարանիշները չի վերականգնում։ Այսինքն՝ վարորդները ստիպված են լինում իրենց սեփական համարանիշները կորչելու դեպքում նորից վճարել ընդհուպ մինչեւ մի քանի միլիոն դրամ։ Սովորաբար վարորդները լուռ համաձայնում են գողերին վճարել պահանջվող գումարը, քանի որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերականգնում է միայն մեկ կորցրած համարանիշը։ Օրինակ` եթե գողացել են ձեր մեքենայի 30 LL 030 համարանիշը, որի համար նախապես մասնակցել եք աճուրդի եւ վճարել 300 կամ 400 հազար դրամ, իսկ դրա դիմաց գողերը պահանջում են վճարել 40-50 հազար դրամ, ապա դուք կնախընտրեք համագործակցել հանցագործի հետ, քանի որ, ըստ օրենքի, չեք կարող նույն համարանիշը կրկին ստանալ, իսկ «գոլդ» համար ունենալու համար ստիպված կլինեք դարձյալ մասնակցել աճուրդի եւ 300-400 հազար դրամ վճարել։ Ուշագրավն այն է, որ համարանիշի գողության դեպքերը Հայաստանում մեծ տարածում են գտնում, իսկ ՀՀ ոստիկանությունը, կարծես թե, ոչինչ չի ձեռնարկում դրանք բացահայտելու եւ կանխելու ուղղությամբ։ Տպավորություն է, թե ոստիկանության որոշ օղակների գիտությամբ են թաղային գողերը վարորդների հաշվին բիզնես անում»: