23.11.2024
Մամուլ. Լիդերների վերջին հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել է, որ չի աջակցի Ռոբերտ Քոչարյանին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ովքե՞ր են ներկայացված լինելու Ռոբերտ Քոչարյանի ցուցակում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ քաղաքական դաշտում դեռեւս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց որոշ կուսակցություններ ընտրացուցակները կազմելու բուռն աշխատանքներով են տարված։ Ամենախիստ քաստինգն անցկացվում են Ռոբերտ Քոչարյանի մոտ․ նա որոշել է ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով ներկայանալ․ ամենատարբեր դաշտերից հեղինակավոր մարդկանց անուններ են տալիս, որոնք հնարավոր է լինեն Քոչարյանի ցուցակում՝ գործարարներից սկսած, վերջացրած գեներալիտետով։ Ռալֆ Յիրիկյանի անունն է շրջանառվում, ԱԱԾ նախկին տնօրեններից մեկի։ Մամուլը գրեց նաեւ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի մասին։ Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կլինի, Ռ․ Քոչարյանի՝ նախագահ աշխատած շրջանի ռեֆերենտներից մեկը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Բանակցություններ են ընթանում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Թեեւ, ըստ որոշ լուրերի, Կարապետյանն ասել է, թե ամեն ինչով կաջակցի, բայց ցուցակում հրաժարվել է տեղ զբաղեցնել։ Չի բացառվում, որ «Դվինի» Արտակ Թովմասյանը միանա այս թիմին, ինչպես նաեւ սյունեցիների նոր հիմնած կուսակցությունը՝ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ։ Լուրեր կան, որ Արփինե Հովհաննիսյանն է լինելու Քոչարյանի ցուցակում առաջին կինը՝ երրորդ համարը։ Իսկ 17-ի մաս կազմող որոշ մարդ-կուսակցությունների առաջնորդները կզբաղեցնեն ավելի հետին հորիզոնականներ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Անկախ ռեյտինգային ընտրակարգի վերացումից՝ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է հենց այդ ընտրակարգի տրամաբանությամբ: Կուսակցության ցուցակը լինելու է պայմանական, իսկ յուրաքանչյուր թեկնածուի կցված է լինելու որոշակի տարածք: Պատգամավորի մանդատ կստանան այն թեկնածուները, ովքեր իրենց կցված տարածքից առավել մեծ թվով ձայն կապահովեն կուսակցության համամասնական ցուցակի համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են նախաձեռնությամբ հանդես գալ՝ ձեւավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին տնօրեններ, բարձրաստիճան սպաներ։ Առաջիկայում նաեւ ասուլիսով հանդես կգան՝ ներկայացնելու ստեղծման նպատակներն ու մասնակիցներին։ Համբարձումյանը մեզ հետ զրույցում չցանկացավ շատ փակագծեր բացել, միայն ասաց․ «Նախաձեռնության նպատակը մեր կոլեգաների ներուժն ի նպաստ մեր հայրենիքի ռացիոնալ օգտագործելն է»։ Իսկ քաղաքական ուղղվածություն ունենալո՞ւ է նախաձեռնությունը, կարո՞ղ է հետո քաղաքականություն մուտք գործեն։ Համբարձումյանն ասաց․ «Ոչ։ Հիմա բոլորը քաղաքականության մեջ են»։ Նախաձեռնության մեջ, ամեն դեպքում, հազիվ թե լինեն ԱԱԾ այն նախկին տնօրենները, որոնք այս իշխանությունների հետ ինչ-ինչ առնչություններ ունեն, օրինակ՝ Էդուարդ Մարտիրոսյանը, որն այսօր ատոմակայանի տնօրենն է, Արգիշտի Քյարամյանը, որը նոր պաշտոնի է սպասում, կամ Արմեն Աբազյանը, եթե մինչ այդ արդեն համալրած լինի ԱԱԾ նախկին տնօրենների ցանկը։ Թեպետ ոչինչ բացառել պետք չէ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը։ Նա 2019 թվականի փետրվարի 6-ին է մարզպետ նշանակվել եւ սրբորեն ծառայել է իրեն նշանակողին եւ իշխանական թիմին, ուստի ազատելու որեւէ պատճառ, իրենց տեսանկյունից, չկա։ Մենք տեղեկացանք, որ Չոբանյանին ոչ թե պաշտոնաթող են անում, այլ պաշտոնն են բարձրացնում՝ տեղափոխում են Երեւան։ Նա նշանակվելու է արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների նախարար՝ երեկ հրաժարական տված Հակոբ Արշակյանի փոխարեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանն արտահերթ նիստ կհրավիրի, օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է։ Այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով, իսկ սա նշանակում է, որ մեկ օրում պարզ կդառնա, թե արտահերթ ընտրություններն ինչ ընտրակարգով են տեղի ունենալու։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բացի ռեյտինգայինից հրաժարվելը, փորձելու են փոխել նաեւ կուսակցությունների եւ դաշինքների անցողիկ շեմը․ կուսակցությունների դեպքում նվազեցնել՝ դարձնելով 4 տոկոս, դաշինքների պարագայում մեկ տոկոսով բարձրացնել՝ 8 տոկոս։ Չի բացառվում նաեւ, որ օրենսգրքում մեծածավալ փոփոխությունները եւս եկող ամսվա մեջ ընդունեն, սակայն պայմանով, որ այն ուժի մեջ է մտնելու 2022 թվականից։ Իշխանությունը սպասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, որը, ըստ որոշ լուրերի, կստացվի ապրիլի 20-ից հետո։ Մի նկատառում եւս․ չնայած Փաշինյանը հայտարարել էր, որ ԸՕ-ն «Իմ քայլի» առաջարկով է փոխվում, սակայն որպես նախագծի հեղինակներ՝ նշվել են «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանի եւ անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանի ու Սերգեյ Բագրատյանի անունները։ Իսկ նախագիծն անցկացնելու համար անհրաժեշտ է 80 ձայն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկելու է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որով իշխանությունները ցանկանում են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առարկություններ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Մեր տեղեկություններով՝ այդ առարկությունների մեջ հիմնականում Ընտրական օրենսգրքում առաջարկվող ռեյտինգային ընտրակարգի փոխարինումն է 100% համամասնական ընտրակարգով։ Եվ, պարզվում է, միայն այս մեկ դրույթի փոփոխությունը շղթայաբար բազմաթիվ փոփոխություններ է պարտադրում։ Ընտրական կարգի փոփոխությանը դեմ է արտահայտվում հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Մասնավորապես, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նաեւ իշխող խմբակցության որոշ պատգամավորների հետ քննարկումների ժամանակ այն տեսակետն է հայտնել, որ օրենսգրքի փոփոխությունները կդժվարացնեն ընտրությունների անցկացումը, քանի որ արդեն հայտարարված են ժամկետներ, եւ որ այդ փոփոխություններից հետո ընտրությունների նախապատրաստումը, հաշվարկը, փոքրամասնությունների ներկայացվածությունը եւ այլ հարցեր պետք է վերանայվեն։


Մուկուչյանն այդ փաթեթի վերաբերյալ առարկություններ է ներկայացրել՝ հիմնավորապես բացատրելով, որ ընդունվելու պարագայում շատ դժվարություններ կառաջանան։ Բացի այդ, հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովը ունի հստակ սկզբունքներ. ընտրություններ չեն կարող տեղի ունենալ ընտրական օրենսգրքի փոփոխություններից 6 ամիս շուտ ժամկետում։ Բացի այդ, ԸՕ-ն պետք է ընդունվի լայն քաղաքական կոնսենսուսով։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից նրա ուղարկած առարկությունների վերաբերյալ, սակայն նա տեւական ժամանակ է՝ չի պատասխանում մեր զանգերին, իսկ, ահա, ԿԸՀ լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ այս փուլում որոշել են ձեռնպահ մնալ ընտրությունների եւ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեկնաբանություններից։ Վերջում հավելենք, որ իրականում Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում ընտրությունների գնալ առանց ռեյտինգային ընտրակարգի։ Պարզապես խմբակցության՝ հասարակական կազմակերպություններ ներկայացնող թեւը պնդում է, որ պետք է ԸՕ-ն փոխվի, եւ լինի 100% համամասնական։ Դա է պատճառը, որ արտահերթով հարցը մտել է ԱԺ օրակարգ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Համազասպ Դանիելյանը և Վահագն Հովակիմյանը խորհրդարան են ներկայացրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Ի տարբերություն գրեթե երեք շաբաթ առաջ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի՝ նոր նախագիծը նախորդի համեմատ արմատական փոփոխություններ չի նախատեսում: Միակ էական փոփոխությունը ռեյտինգային ընտրակարգի վերացումն է. արտահերթ ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով: Մեծացվում են ընտրական տեղամասերը. եթե գործող Ընտրական օրենսգրքով մեկ ընտրատեղամասը կարող էր ունենալ առավելագույնը 2000 ընտրող, ապա առաջարկվող փոփոխություններով՝ այդ թիվ ավելացվել է 200 ընտրողով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020 թվականի ընթացքում կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը եւ Արամ Սարգսյանը: Նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա՝ կատարվել են բազմաթիվ առգրավումներ: Խոսքը դատաքննության հատորների, քրեական գործին կցված ձայնագրությունների եւ այլ նյութերի մասին է: Մեր տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ, եւ դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան: Ներկայումս 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած արյունալի սպանդի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաեւ գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով դեռ կատարվում են համապատասխան դատավարական գործողություններ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ ընդդիմությունը դեռեւս քննարկումների մեջ է՝ մասնակցե՞լ արտահերթ խորհրդարանական ընտրություններին (եթե կայանան), թե ոչ, մասնակցելու դեպքում ի՞նչ ձեւաչափով գնալ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն ինտենսիվ աշխատանքներ է կատարում մարզերում: Ընդ որում, խոսքը նրա մարզային այցելությունների մասին չէ: Բանն այն է, որ Փաշինյանը հիանալի տեղյակ է, որ իր վարկանիշը սարսափելի ցածր է, ուստի, օգտվելով ընդդիմության շարքերում առկա անորոշությունից, փորձում է մի քանի քայլ առաջ ընկնել եւ վիճակը հնարավորինս փրկել: Մասնավորաբար, մեր հավաստի տեղեկություններով, իշխանությունները ոչ միայն կողմնորոշվել են կենտրոնական շտաբի հարցում, այլեւ հստակ աշխատանքային բաժանումներ են իրականացնում մարզերում գործունեություն ծավալելու համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեղերում մարզային իշխանություններից զատ պատասխանատուներ են նշանակվում «հանրապետական մասշտաբի» բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք արմատներով, ծնունդով տվյալ մարզից են: Վերջիններս արդեն ակտիվորեն թիմեր են ձեւավորում, աշխատանքներ են տանում, այսպես կոչված, «ձայն բերողների» հետ: Ընդ որում, այս պահին շատ մեծ դժվարությամբ են հասնում արդյունքի, այն էլ միայն այն բանի հաշվին, որ ընդդիմադիր հիմնական ուժերը դեռեւս հստակ չեն կողմնորոշվել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում պետական համակարգում: Բանն այն է, որ իշխանության մեջ բավականին սուր խուճապ կա այն բանի հետ կապված, որ ակնհայտ աճում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, առավել ևս ՍԴ հայտնի որոշումից հետո: Սակայն, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, անհանգստությունները միայն այս հանգամանքի հետ չեն կապված: Ինչպես տարիների փորձն է ցույց տվել, հայաստանյան չինովնիկական «դասը», հատկապես ուժային կառույցներինը, քաղաքական շատ նուրբ զգացողություն ունի և փոփոխությունները շուտ է զգում։ Եվ ահա, մեր ունեցած տեղեկություններով, այս ընթացքում և հատկապես ՍԴ նշյալ որոշումից հետո պետական ապարատի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ուժայիններից շատերը, սկսել են «սրբագրել» իրենց գործողությունները՝ աչքի առաջ ունենալով, թե, իրենց զգացողությամբ, «վաղվա իշխանությունն» ով է լինելու:  Նրանք ոչ միայն ուղիներ են փնտրում դեպի Ռոբերտ Քոչարյանը, այլև փորձում են կոնկրետ քայլերով մաքրվել՝ հետագայում «խոսելու տեղ ունենալու» նպատակով։ Ավելին, նրանցից շատերը բավական ժամանակ է՝ կտրականապես հրաժարվում են անել այնպիսի բաներ, որոնք կարող են վնասել իրենց այդ ջանքերին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացը վերջին 30 տարվա ընթացքում եղել է վիճելի թեմա այն առումով, որ դրան դեմ հանդես եկողները բերում էին որոշ փաստարկներ, մասնավորաբար, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կնշանակի հրաժարում բանակցային ֆորմատից, ինչն էլ հղի է պատերազմի սպառնալիքով: Իհարկե, ինչպես ասում են, ցանկացած բանակցություն նախընտրելի է, քան պատերազմը, բայց պատերազմ, այդուհանդերձ, եղավ՝ Հայաստանի եւ Արցախի համար վատագույն ելքով: Սա քննարկելու այլ թեմա է, սակայն մեկ բան հստակ է, որ գործող իշխանությունները չկարողացան ապահովել բանակցությունների շարունակականությունը, ինչը հանգեցրեց պատերազմի: Ակնհայտ է նաեւ, որ Արցախի ճանաչման հարցը գերակտուալ դարձավ հենց պատերազմի մեկնարկին, նույնիսկ Արցախի եւ Հայաստանի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների կողմից գործընթաց սկսելու նպատակադրումներ հնչեցին, սակայն դա տեղի չունեցավ ըստ երեւույթին այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իրավիճակն իր ողջ նրբություններով այլ կերպ էր պատկերացնում կամ ընդհանրապես չէր պատկերացնում: Ներկա իրավիճակում քաղաքական դաշտի հիմնական դերակատարները գրեթե չեն խոսում Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին, ինչը հետագա քաղաքական զարգացումներն ու բանակցությունները տեղափոխում է նույն հունի մեջ, ինչ եղել է մինչ այս պահը: Սակայն օրերս «Ադեկվատի» «Սպանել Պողոսին» հերթական հաղորդումից հայտնի դարձավ, որ «Հայրենիք» կուսակցության ծրագրային հիմնադրույթներում ներառված է Արցախի անկախության ճանաչման հարցը՝ նվազագույնը ԼՂԻՄ-ի սահմաններով: Իհարկե, հասկանալի է, որ քաղաքական այս ուժի համար ձգտումներն ավելին են, բայց գոնե նվազագույնն արձանագրված է ծրագրային փաստաթղթերով:


Արթուր Վանեցյանն, ըստ էության, լինելով նաեւ բարձրաստիճան սպա, հասկացել է, որ առանց Արցախի ճանաչման հնարավոր չէ ապահովել Արցախի լիարժեք անվտանգությունն ու գոյությունը: Խնդիրը նաեւ այն է, որ իրերի այսկերպ դասավորվածության պարագայում, երբ պատերազմի ելքով կորսվել է Արցախի բուն տարածքների մի մասը, Արցախի անկախության ճանաչումը ԼՂԻՄ-ի նախկին սահմաններով՝ ներառյալ ՀՀ-ի հետ ցամաքային անվտանգ հաղորդակցության համար անհրաժեշտ միջանցքը Քաշաթաղի տարածքով, հնարավորություն կտա իրավական հենք ապահովել հետագա բանակցությունների համար, հակառակ դեպքում միջազգային հանրության համար ընկալելի չեն լինի Արցախի լիակատար անկախության ձգտումները: Իհարկե, այս ծրագրի ընդլայնումը եւ իրականացումը հնարավոր կդառնա բացառապես այն պարագայում, երբ հայկական երկու պետությունները կուղղեն իրենց մեջքը, բայց ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք կամ նրա վերարտադրության դեպքում դա հնարավոր չէ: Մյուս կողմից՝ քանի որ մեր հասարակության մի ստվար՝ հիմնականում չկողմնորոշված հատված հոգնել է անձերով պայմանավորված ընտրություն կատարելուց, շատ կարեւոր է ծրագրային այսպիսի մոտեցումների շուրջ հանրային ընկալումների ձեւավորումը, ինչն ընտրություններում որեւէ քաղաքական ուժի քվե տալու պատրաստակամության պատճառներից թերեւս դոմինանտը կարող է հանդիսանալ»:


«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում կատարվող գործընթացների թիրախը պետությունն է։ Պետության դեմ արշավը սկսվել է վաղուց։ 2018-ին այդ արշավը ֆունկցիոնալ հաղթանակ է արձանագրել․ իշխանության են եկել կամ բերվել մարդիկ, ովքեր պատրաստ են հանդես գալ պետության դեմ պայքարի առաջամարտիկների դերում։ Արցախյան վերջին պատերազմը՝ ֆորմալ առումով սանձազերծված լինելով Արցախի ու Հայաստանի դեմ, իրականում ուղղված էր պետության, հայկականության դեմ՝ լայն իմաստով։ Պատերազմը՝ հաղթանակ ապահովելով Ադրբեջանին ու Թուրքիային, զգալի հաջողություններ արձանագրեց նաև պետության դեմ պայքարի ներքին ու արտաքին շահառուների համար։ Հիմա հակապետականությունն իրականացվում է այլ հարթությունում, և այսօր տեղի ունեցողը կարելի է համարել հիբրիդային պատերազմ մեր իսկ պետության դեմ։ Իշխանությունն իր ամենատարբեր ներկայացուցիչների միջոցով՝ սկսած Նիկոլ Փաշինյանից մինչև մանդատավոր խեղկատակներ, հանրային գիտակցության մեջ, որպես փափուկ բարձ, սուտ խոստումներով սերմանում է «լավ ապրելու» հեռանկարը, որը կարող է իրականություն դառնալ պետության հաշվին։ Խոսքը ոչ թե ֆորմալ, ատրիբուտիկ, այլ բովանդակային պետության մասին է, որը հենց այս օրերին իշխանությունը դրել է զոհասեղանին։


Վարվող քարոզչության նպատակն իրականում ազգային հիշողության, ազգային արժանապատվության, վերջին հաշվով, ինքնության ոչնչացումն է, որին հակադրվում է բարեկեցիկ կյանքի հեռանկարը։ Հայաստանը վերածվում է տարածքի, որն առանց պետության բովանդակային հատկանիշների՝ կարող է բարեկեցիկ կյանք ապահովել դրանում ապրողների համար, որոնք գուցե կունենան անձնագիր ու ֆորմալ քաղաքացիություն, բայց գործառութային առումով կլինեն այն երկրների հպատակները, որոնք հետևողականորեն կազմաքանդում են Հայաստան պետությունը ներքին ֆունկցիոներների միջոցով։ Պետության վերացման համար ամենակարևոր պայմանը քաղաքացիների գիտակցության մեջ պետության անայլընտրանքայնության վերացումն է։ Պետության ոչնչացման պայմանական սկիզբ կարելի է համարել այն պահը, երբ հասարակության որոշակի շերտի արժեքային համակարգում պետությունը զիջում է իր առաջնայնությունը լավ ապրուստին։ Այդ շերտը, որը, ցավոք, բավական լայն շերտ է, առաջնորդվում է «Ո՞ւմ ա պետք սենց պետությունը» հավաքական մտածողությամբ։ Հիմա իշխանությունը պատասխանում է այդ հարցին՝ իր գործողություններով ցույց տալով, որ պետությունը ոչ մեկին պետք չէ, փոխարենը՝ կարելի է կուշտ լինել առանց պետության։ Այս հարցը ֆորմալ պատասխան է ստանալու հունիսի 20-ի ընտրություններում, եթե, իհարկե, դրանք տեղի ունենան։ Միայն այն, որ գործող իշխանությունը ոչ միայն մասնակցելու է այդ ընտրություններին, այլև կազմակերպելու է դրանք և ունի ձայների մեծ տոկոս հավաքելու թեկուզ տեսական շանս, նշանակում է, որ հայ հասարակությունն արդեն իսկ համաձայնություն է տվել Հայաստանն անպետություն տարածքի վերածելու ծրագրին՝ պայմանով, որ այդ տարածքում քաբաբը կլինի հնարավորինս էժան ու ցանկալի է՝ կետչուպով։ Թուրքական արտադրության, բնականաբար»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մասնագետների համոզմամբ, այսօր մեր երկիրը կանգնած է տնտեսական կոլապսի առաջ, այնինչ իշխանությունները փորձում են ժողովրդից թաքցնել իրական վիճակը: Բազմաթիվ տնտեսագետներ անընդհատ բարձրաձայնում են, որ այսօր էլ վիճակն օրհասական է, սակայն մոտ 4-5 ամիս հետո մեզ իրական արհավիրք է սպասվում, ի մասնավորի՝ գների աննախադեպ բարձրացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ։ Ըստ էության, իշխանություններն այսօր առաջնային պլանում են պահում իրենց քաղաքական հարցերը՝ փորձելով գամված մնալ աթոռից և պահպանել սեփական իշխանությունը։ Նրանք պետբյուջեից դուրս են գրում փաստացի վերջին փողերը, որպեսզի հերթական պարգևավճարը բաժանեն ոստիկաններին ու չինովնիկների տարբեր խմբերի՝ ընտրություններին ինչ-որ հաջողություն գրանցելու համար։ Այլ կերպ ասած՝ առաջնորդվում են պահի ու նեղ քաղաքական շահի թելադրանքով, իսկ թե դրանից հետո ինչ կլինի, դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։ «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով ևս այստեղ քաղաքական հանգամանք կա՝ կապված նախընտրական շրջանի հետ: «Կա զուտ քաղաքական հաշվարկ. հիմա ծախսենք, հիմա օգտագործենք այդ հնարավորությունները՝ իշխանությունը պահելու համար: ՀՀ իշխանությունները պարտքեր են վերցնում, որոնք թույլ են տալու որոշ ժամանակ քիչ թե շատ ծախսեր անել, իսկ առնվազն հաջորդ տարվա համար արդեն նոր պարտք է հարկավոր լինելու, քանի որ չեն ուզում բյուջեն վերանայել: Քանի որ անպատասխանատու քաղաքականություն է վարվում, վտանգ կա, որ ինչ-որ պահից տնտեսական արդեն կառուցվածքային ճգնաժամ կլինի՝ այս անգամ արդեն անկախ համաշխարհային տնտեսական ճգնաժամից»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայելյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Դատախազությունը խորհրդարան է ներկայացրել 2020թ. իր գործունեության մասին հաղորդումը: Ըստ այդ փաստաթղթի՝ 2020թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.468 դեպք (2019-ին՝ 26.850), որից 13.892-ը (2019-ին՝ 14.961-ը)՝ Երևան քաղաքում: 2020թ. հանցագործությունների թիվը նվազել է 1,4 տոկոսով, ինչը տեղի է ունեցել ծանր հանցագործությունների թվի նվազման հաշվին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարությունը ներկրել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի 24 հազար դեղաչափ: Ենթադրվում է, որ դրանով առաջին հերթին պետք է պատվաստվի ռիսկային գոտում աշխատող բժշկական անձնակազմը: Սակայն, ըստ մեր աղբյուրի, բժշկական անձնակազմի շրջանում առանձնապես մեծ ոգևորություն չկա, որի պատճառներից մեկն էլ պատվաստանյութի վատ համբավն է. ընդամենը մեկ շաբաթ առաջ Վրաստանում մահացավ 27-ամյա բուժաշխատող, որը մեկ օր առաջ էր պատվաստվել հիշյալ պատվաստանյութով: Եվրամիության երկրները ևս այս պատվաստանյութի օգտագործման սահմանափակումներ են մտցրել: Ներկա պահին ամենաարդյունավետը համարվում է ամերիկյան Moderna պատվաստանյութը»: