VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրվ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն այս օրերին ցուցակագրումներ են իրականացնում: Կարծես թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մտքում և մտերմիկ շրջանակում բանավոր կարգով կազմել է առաջիկա արտահերթ ընտրությունների ցուցակը: Մենք տեղեկացանք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմը սև ցուցակում է, ու նրանցից մեկ-երկու հոգի հազիվ թե հայտնվեն նոր ընտրացուցակում: Ապագա խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, չեն լինի Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Սերգեյ Ատոմյանը, Լուսինե Բադալյանը, Անուշ Բեղլոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Կարեն Գրիգորյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ում ամուսինը ԱԺ նախագահի օգնականն է, Համազասպ Դանիելյանը, ում կինը Երևանի ավագանու անդամ է, Արթուր Դավթյանը, Միքայել Զոլյանը, Հովհաննես Իգիթյանը, Աննա Կարապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Կարապետ Մխչյանը, Կորյուն Մկրտչյանը, Էմմա Պալյանը, Եղիշե Սողոմոնյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վանիկ Օհանյանը և, չի բացառվում, մի քանի այժմյան պատգամավորներ ևս: Առաջիկայում կներկայացնենք «Իմ քայլ»-ի մերժվածների մյուս խմբին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» 2018-ի նախընտրական ցուցակը հիմնականում կազմված էր բարձրաստիճան պաշտոնյաներից՝ հիերարխիկ սկզբունքով։ Նիկոլ Փաշինյանին հաջորդում էր Արարատ Միրզոյանը, առաջին կինը Լենա Նազարյանն էր, ապա` փոխվարչապետ Տիգրան Ավինյան, Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, Սասուն Միքայելյան, Լիլիթ Մակունց, Սուրեն Պապիկյան, Զարուհի Բաթոյան, Էդուարդ Աղաջանյան, Ռուբեն Ռուբինյան, Ռոմանոս Պետրոսյան… Մինչդեռ 2017-ին ներկուսակցական քվեարկություններ էին կազմակերպում եւ այլն։ Այս անգամ եւս ցուցակը կազմելու է առաջնորդը՝ միանձնյա, եւ այն արտացոլելու է նրա գոհ կամ դժգոհ լինելը թիմակցից։ Մեր տեղեկություններով, որքան էլ Արարատ Միրզոյանից դժգոհություններին, ըստ ամենայնի, երկրորդ տեղում նրա անունն է լինելու։ Առաջին կնոջ կոչումի համար պայքարում են Լենա Նազարյանն ու Լիլիթ Մակունցը։ Սասուն Միքայելյանը, հավանաբար, կբարելավի իր հորիզոնականը․ նա ձայների լուրջ փաթեթ է տնօրինում Կոտայքի մարզում։ Հորիզոնականները կբարելավեն նաեւ Ռուբեն Ռուբինյանն ու Սուրեն Պապիկյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ չէր մասնակցում ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծն էր։ ԲՀԿ-ից ասացին, որ պատերազմից հետո իշխանության օրակարգով հրավիրված արտահերթերին, որպես կանոն, չեն մասնակցում։ ԲՀԿ-ն քանիցս ասել է, որ իրեն, մեծ հաշվով, չի հուզում, թե որ ընտրակարգով են տեղի ունենալու ընտրությունները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցությունում որոշել են, որ ցանկացած պարագայում ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի ռեյտինգայինի տրամաբանությամբ: Կուսակցության ցուցակը լինելու է պայմանական, իսկ խորհրդարան են անցնելու նրանք, ովքեր իրենց կցված տարածքից առավել մեծ թվով ձայներ կապահովեն կուսակցության համամասնական ցուցակի համար։ Սրանով ուզում են խթանել թե՛ ներքին մրցակցությունը, թե՛ աշխատել իշխանության դեմ՝ չկողմնորոշված լայն զանգվածներին մոտիվացնելով եւ ընտրատեղամասեր ուղղորդելով։ Ըստ երեւույթին՝ նույն տրամաբանությամբ կառաջնորդվեն բոլոր նախկինները, որպեսզի կարողանան իշխանության դեմ պայքարում «կրել»։
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, դեռ վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն արդեն կազմել է արտահերթ ընտրություններին մասնակցության իր թիմի նախընտրական ցուցակը, սակայն, թե ովքեր են ընդգրկված այնտեղ, անգամ ամենամտերիմների հետ չի կիսվում: Սա առիթ է դարձել իշխող ուժի ներսում հիստերիկ ջղաձգումների, քանի որ արդեն իսկ ակնարկներ են արվում, որ ցուցակը բավականին մեծ փոփոխությունների է ենթարկվել, հատկապես գործադիրում այսօր տեղավորված ՔՊ-ականների մասով: Ստեղծված անորոշ իրավիճակով պայմանավորված՝ վերին օղակներից ոմանք արդեն իսկ ապաստան են փնտրում կա՛մ որեւէ կուսակցությունում, կա՛մ, պարզապես, արտերկրում: Այնպես որ, առաջիկայում իր թիմիակիցներին տհաճ անակնկալներ կմատուցի ոչ միայն Փաշինյան Նիկոլը, այլեւ թիմակիցները՝ նրան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ ԲՀԿ-ից դուրս եկած Սերգեյ Բագրատյանը Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի համահեղինակներից մեկն է դարձել։ Երեկ նրան հարցրինք՝ իշխանությունը Ձեր մի ձայնի համա՞ր է Ձեզ իր կողմը քաշել եւ նախագծի համահեղինակ դարձրել։ Բագրատյանը պատասխանեց, որ իշխանությունն է միացել իր նախագծին․ «Դեռեւս 2017 թվականին՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք, այս հարցը կրկին քննարկվում էր։ Ես, Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը եկանք կոնսենսուսի, որ պետք է լինի փակ համամասնական ընտրակարգ, Դաշնակցությունն ասում էր՝ եկեք ամբողջ հանրապետությունում ռեյտինգայինն անենք, ՀՀԿ-ն ասում էր՝ տեխնիկապես բարդ է դա»։ Եթե կոնսենսուս կար, ինչո՞ւ 2017-ին չընտրվեց այդ ընտրակարգը։ Բագրատյանն ասաց․ «Դե, էն ժամանակ էլ դա տեղ չհասավ, սենց մնաց»։ Նրա խոսքով՝ ներկա լարված մթնոլորտում ռեյտինգային ընտրակարգով ընտրությունների գնալու դեպքում ներհայաստանյան պատերազմն անխուսափելի կլիներ։ «Իրար ջարդելու էին։ Չկողմնորոշված զանգվածի վրա էլ թող քաղաքական ուժերն աշխատեն, ի՞նչ խնդիր կա։ Թող էլ չաշխատի էն համակարգը, որ՝ կռիշդ կսարքեմ, սա կանեմ, նա կանեմ»։ Ինքը՝ Բագրատյանը, ռեյտինգայինով է խորհրդարան անցել, սակայն վստահեցնում է, որ նման խոստումներ չի տվել։ «Հիմա ավելի լավ չի՞, որ գաղափարական, քաղաքական խորհրդարան ունենանք»։ Լուլուի պե՞ս։ «Իհարկե, ոչ՝ թող պրոֆեսիոնալներ գան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության նորահայտ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, պարզվում է, մինչեւ Լոռու մարզի դատավոր նշանակվելը աշխատել է ոստիկանական համակարգում: Անդրանիկ Սիմոնյանը բավականին երիտասարդ է, ընդամենը 31 տարեկան, սակայն Արգիշտի Քյարամյանի օրինակով արդեն հասցրել է տարբեր պաշտոններ զբաղեցնել: Նա 2009-2012 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնում նախ` որպես տեսուչ, ապա` ավագ տեսուչ, նաեւ օպերլիազոր: Ապա չորս տարի եղել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ: Արդեն 2020 թվականի հունիսի 22-ին նա նշանակվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Պաշտոնական կենսագրության համաձայն՝ Անդրանիկ Սիմոնյանը սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում եւ Կառավարման ակադեմիայում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում: Սակայն հետաքրքիր է, որ «Քննչական կոմիտեի» մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետությունում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին»: Նկատենք, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվելով է հենց հնարավորություն ստեղծվել պաշտոն ստանալ ԱԱԾ-ում, սակայն փաստ է, որ Անդրանիկ Սիմոնյանն իր այս կարիերայի թռիչքներին հասել է ուրիշների շնորհիվ: Հիմա նրա հովանավորը «Իմ քայլ»-ի քարտուղար Հակոբ Սիմիդյանն է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի 5-րդ տարին: Եվ մինչ թվում էր՝ ապրիլյան պատերազմը պետք է դաս լինի բոլոր իշխանությունների համար, 2020 թվականի 44-օրյա պատերազմն ավելի ցավոտ հետեւանքներ ունեցավ, անդառնալի կորուստներ կրեցինք: Մինչեւ 44-օրյա պատերազմը ներկայիս իշխանությունները խոստանում էին բացահայտումներ կատարել նախորդ իշխանությունների արարքների մասին եւ այդ նպատակով խորհրդարանում անգամ ստեղծել էին 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ժամանակավոր նախագահ Անդրանիկ Քոչարյանը հոխորտում էր, թե բացահայտումներ են անելու, որ նախորդ իշխանությունների օրոք պատերազմը պայմանավորված է եղել, զենք ու փամփուշտ չի եղել եւ այլն։ Հանձնաժողով էր այցելել անգամ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն շուրջ երկու տարվա գործունեությունից հետո ունենք մի իրավիճակ, երբ ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունն այդպես էլ չհրապարակվեց, եւ ավելին՝ ուսումնասիրությունների ընթացքում պարզ դարձավ, որ շատ բաներ պարզապես միֆ են եղել: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր. «Բանակային յուրաքանչյուր միջոցառում վերլուծվում, եւ արդյունքներն ամփոփվում են։ Ի՞նչ եք կարծում, ապրիլյան պատերազմը չի՞ վերլուծվել, դասեր չե՞ն քաղվել։ Անկասկած քաղաքացիական վերահսկողությունը ԶՈՒ նկատմամբ, նոր, թարմ հայացքն ինչ-որ մի բան կարող է հուշել, բայց նորից եմ ասում՝ ես լինեի, այդ հանձնաժողովը չէի կազմի»: Ի պատասխան՝ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն ասել էր. «Սեյրան Օհանյանը սարսափի մեջ է, թող հանգստացնող դեղեր խմի, հանգիստ նստի տեղը»: Բայց այսքանից հետո Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովն այդպես էլ չկատարեց իր առջեւ դրված խնդիրը, եզրակացության հրապարակումը ընդհանրապես դարձավ հակաօրինական, իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո անհրաժեշտություն է առաջացել քննել արդեն այս իշխանությունների արարքները: Մինչ այդ պետք է արձանագրել, որ մեր հողերի հանձնման գործընթացի սկիզբը դրվեց 2016 թվականին՝ Լելե Թեփեի բարձունքով»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեք ոչ լրիվ տարվա մեջ ոչ մի քաղաքական ելույթ չլսեցինք՝ ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ պատգամավորների, ո՛չ էլ նախարարների շուրթերից։ Շշպռոցի, բացահայտումներ, հին ու նոր մեղադրանքներ, սուր խոսքեր, հեգնանք ու հանդիմանություններ՝ ինչքան ասես, բայց ոչ մի քաղաքական վերլուծություն, ոչ մի կոնցեպտուալ ելույթ, ապագային միտված ոչ մի խոսք չի հնչել երկիրը ղեկավարողների, ազգն առաջնորդելու հավակնություն ունեցողների կողմից։ Նրանց բոլոր քայլերն այսրոպեական լուծումների, վերևից (գուցե` դրսից) հրահանգված գործողությունների շարան են, որտեղ ոչ մի ծրագիր չկա։ Պե՞տք է՝ կասեն մեր փրկությունը պատերազմելու մեջ է, պե՞տք չէ՝ խաղաղություն կքարոզեն։ Իրենց շահերից բխո՞ւմ է ռեյտինգային ընտրակարգը՝ կթողնեն, հակասո՞ւմ է՝ կհայտարարեն, որ դրանից պետք է օր առաջ ազատվել։ Այսօր ռուսամետ են և Ռուսաստանի գովքն են անում՝ սազը ձեռքներն առած, վաղը կորոշեն, որ Արևմուտք գնալու ժամանա՞կն է՝ վայրկյան անգամ չեն հապաղի։ Երեք տարի շարունակ այս իշխանությունն ամեն օր ապացուցում է, որ ինքը սկզբունքներ չի դավանում, «իզմ»-եր չունի, բարեկամներ ու թշնամիներ՝ նույնպես։ Իսկ խոսքի ու գործի հակասությունների մասին խոսելն անգամ ավելորդ է։ Եվ այդ անսկզբունքայնությունը, գաղափարների ու հայացքների բացակայությունը նկատելի է ամեն ինչում։ Լինի Ազգային ժողովում ցանկացած՝ ամենավնասակար օրենքների ընդունման տեսքով, թե գործադիրի տարբեր օղակներում անհեթեթ ու անօրինական հրամանների կատարման, սխալ քաղաքականությանը մասնակից դառնալու ձևով։ Երեկ Ազգային ժողովում հնչող ելույթներն ունկնդրելիս մտածում էի՝ ի՜նչ ջերմեռանդությամբ այս նույն մարդիկ կհիմնավորեին, որ չի կարելի օրենքը փոխել։ Եթե, իհարկե, համապատասխան հրահանգ ստացած լինեին»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 23-ին տեղի կունենա Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնության առաջին հիմնադիր համագումարը: «Ինքնիշխան Հայաստանը» նպատակ ունի մասնակցելու ընտրություններին: Մեզ հետ զրույցում Սանասարյանը նշեց. «Հայացք դեպի ՔՊ չի սպասվում: Ընտրություններին կմասնակցենք, բայց նախկինների ու ներկաների հետ դաշինք չենք կազմի»»:
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Կորոնավիրուսով վարակվածների թվի աճով պայմանավորված՝ արտահերթ ընտրությունների հնարավոր չեղարկման վերաբերյալ որևէ կանխատեսում անելուց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը զերծ կմնա, թեպետ գտնում է, որ ամեն ինչ էլ հնարավոր է: - Այս պահին նման մտավախություն չկա, շարժվում ենք՝ ըստ նախանշված օրակարգի: Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել նախընտրական պրոցեսը, գուցե գնանք այդ քայլին: Եթե թվերն աճեն, այդ պահին որոշում կկայացվի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում որոշ շրջանակներ համոզված են, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու նաև Արցախում: Մասնավորապես՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները վստահ են, որ եթե հայաստանյան խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությունը պարտություն կրի, ապա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ինքնաբերաբար հրաժարական կտա, կլուծարվի նաև խորհրդարանը, և տեղի կունենան թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրություններ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Անկախ բոլոր կանխատեսումներից, որ ապրիլ ամսին դրամի արժեզրկման գործընթացը կկանգնի ու անգամ որոշակի կայունացում կնկատվի, դոլարը շարունակում է արժևորվել։ Երեկ արդեն 1 դոլարը արժեր 530 դրամ։ Ֆինանսական շուկայի մասնագետ Արամ Կայֆաջյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դրամի արժեզրկման համար մի շարք գործոններ են դեր խաղում, բայց հիմնական գործոնը արտարժույթի նկատմամբ առաջարկն ու պահանջարկն է։ «Տվյալ դեպքում ավելի հավանական է, որ կա ավելի շատ պահանջարկ, քան առաջարկ։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ ապրիլի վերջին արդեն կայունություն կգնա»,- ասաց Կայֆաջյանը»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած բոլորը խոսում են կոմունիկացիաների բացվելու, ճանապարհների ապաշրջափակման մասին, սակայն որևէ իրական տեղաշարժ այս ուղղությամբ չկա: Պատճառներից մեկն էլ Ռուսաստանի դիրքորոշումն է: Ըստ մեր աղբյուրների՝ Ռուսաստանն այնքան էլ շահագրգռված չէ Մեղրիի միջանցքի բացման հեռանկարով, և ռուսական կողմը պնդում է, որ առաջին հերթին վերաբացվի Ղազախ-Իջևան ավտոճանապարհը, կառուցվի երկաթուղի, որը Ադրբեջանը Թուրքիային կկապի ոչ թե Մեղիի տարածքով, այլ Հայաստանի ներքին երկաթուղային համակարգով: Այսինքն՝ ռուսներն ուզում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեն Հարավկովկասյան երկաթուղիով, որի կոնցեսիոն շահագործողը ռուսական կողմն է: Բայց Թուրքիայի համար Մեղրիով ճանապարհը ավելի շատ աշխարհաքաղաքական նշանակություն ունի, և այդ պատճառով Թուրքիան ու Ադրբեջանը պնդում են Մեղրիի ճանապարհի ապաշրջափակումը, իսկ ռուսական կողմը դիմադրում է»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դատախազությունը խորհրդարան է ներկայացրել 2020թ. գործունեության մասին հաղորդումը, որտեղ արձանագրված է հանցագործության 26.468 դեպք (2019-ին՝ 26.850): 2020թ. հանցագործությունների թիվը նվազել է 1,4 տոկոսով, ինչը տեղի է ունեցել ծանր հանցագործությունների թվի նվազման հաշվին: 2020-ին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 1114 դեպք, որոնցից 157-ը՝ կաշառքի, 160-ը՝ յուրացման, 155-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու։ Ուշագրավ է, որ կոռուպցիոն հանցագործությունների մասով չկա համեմատական, եւ պարզ չէ՝ կոռուպցիոն հանցագործություններն աճե՞լ են, թե՞ նվազել։ Մարդու դեմ ուղղված հանցավորության աճ է արձանագրվել՝ 4410 դեպք, որոնցից 1763-ը կամ 40.0%-ը՝ Երեւան քաղաքում, իսկ 2647-ը կամ 60.0%-ը՝ մարզերում: Նախորդ տարվա համեմատությամբ, ըստ հաղորդման, դեպքերն աճել են 117-ով կամ 2.7%-ով: Հաղորդումը խորհրդարանում կլսվի ապրիլի 13-ի հերթական քառօրյայի ընթացքում։