VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը որոշել է սեփական թիմով մասնակցել հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրություններին։ Նրա թիմակիցներն արդեն գրանցել են կուսակցությունը՝ «Իմ Հայաստան»։ Պետռեգիստրի կայքում, որպես գրանցման ամսաթիվ, նշված է 2021 թվականի մարտի 31-ը։ Կուսակցության նախագահ Նարեկ Սամսոնյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ կուսակցության համաժողովը նոյեմբերի 30-ին են արել։ Կուսակցության հիմնական կազմում կլինեն Մինասյանի ընկերներն ու «Արմնյուզ» հեռուստաընկերության դեմքերը՝ Արա Սաղաթելյան, Արման Սաղաթելյան, Ռուբեն Մխիթարյան, Աբրահամ Գասպարյան, Կարեն Բեքարյան, Նարեկ Սամսոնյան, Անժելա Էլիբեգովա, Ռուբեն Մելիքյան եւ այլք։ Ու թեեւ Սամսոնյանն է կուսակցության նախագահը, բայց նախընտրական ցուցակը, նախնական տեղեկությամբ, կգլխավորի Արա Սաղաթելյանը։ Սամսոնյանը չբացառեց՝ այնպես չէ, թե ինքը դեմ կլիներ դրան, բայց նաեւ նշեց, որ ընտրություններին մասնակցելու վերջնական որոշում դեռ չունեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի առաջին տասնօրյակում կգումարվեն ՀՅԴ կառույցների ժողովները, որպեսզի քննարկեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության մասնակցության հարցերը։ ՀՅԴ-ում, ըստ որոշ լուրերի, գերիշխող են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով մասնակցելու տրամադրությունները։ Ավելին, կան տեղեկություններ, որ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ընտրացուցակում երկրորդ համարն է լինելու։ Չնայած դրան՝ ՀՅԴ-ական մի ստվար զանգված ընդհանրապես դեմ է Փաշինյանի վարչապետությամբ ընտրությանը մասնակցելուն եւ նրա իշխանության վերարտադրությունը լեգիտիմացնելուն։ Մարզային ժողովներից հետո Ծաղկաձորում կամ Վանաձորում կգումարվի ՀՅԴ գերագույն ժողովը, որին կմասնակցեն ստորադաս ժողովներում ընտրված պատվիրակները եւ քվեարկությամբ կորոշեն առաջիկա ընտրություններին իրենց մասնակցել-չմասնակցելու եւ մասնակցելու ձեւաչափի հարցերը։ Մեզ ասացին, որ ԳԺ-ին դրսից կուսակցականներ էլ կժամանեն, բայց հրավիրյալի կարգավիճակում՝ ոչ վճռական ձայնի իրավունքով։ Իսկ ԳԺ-ն նախատեսվում է ապրիլի վերջերին կամ մայիսի սկզբներին։ Ժողովը նաեւ ՀՅԴ գերագույն մարմին կընտրի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած մամուլը գրել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծվող նախընտրական դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակում լինելու է ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, սակայն, ըստ մեր աղբյուրի, այս պահին Ռոբերտ Քոչարյանը ցուցակի առաջին եռյակում այլ կին թեկնածու է որոնում: Քոչարյանը ցուցակում ընդգրկվող յուրաքանչյուր թեկնածուի համար սոցիոլոգիական հարցում է պատրաստում, որի նպատակը ինչպես տվյալ թեկնածուի վարկանիշը, այնպես էլ հակավարկանիշը որոշելն է: Ըստ այդ հարցումների՝ ընտրողների ճնշող մեծամասնությունը հայտարարել է, որ ոչ մի պարագայում իրենց ձայնը չեն տա Արփինե Հովհաննիսյանին: Հովհաննիսյանի համար լուրջ լոբբինգ է անում Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» նախընտրական ցուցակն այս անգամ տարբերվելու է նախորդից։ Ի տարբերություն 2018-ի, երբ ցուցակը ձեւավորում էր կուսակցության վարչությունը, եւ վարչության հիերարխիայի ներկայացուցիչներին, այսպես ասած, իրավունք էր տրված մի խումբ «յուրայինների» մտցնել ցուցակ, այս անգամ Փաշինյանը միայնակ է կազմում ցուցակը, եւ այն արտահայտելու է նրա՝ որեւէ կուսակցից գոհ կամ դժգոհ լինելու փաստը։ Հաջողվեց պարզել, որ առաջին տասնյակը հետեւյալ պատկերն է ունենալու, թեեւ նախնական է․ այն կգլխավորի Փաշինյանը, երկրորդ-չորրորդ տեղերը կբաշխվեն Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի եւ Լենա Նազարյանի միջեւ, դեռ վերջնական որոշում չկա՝ ով է լինելու առաջինը։ Հինգերորդ հորիզոնականում Փաշինյանը տեսնում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, ապա՝ Սուրեն Պապիկյանին, ութերորդը՝ Տիգրան Ավինյանին, եւ քանի որ ցուցակի 30 տոկոսը պետք է կանանց ընդգրկել, եւ ամեն 4-րդը պետք է կին լինի, իններորդ հորիզոնականը կհատկացնեն Լիլիթ Մակունցին, տասը՝ Արայիկ Հարությունյանին։ Ի դեպ, Լիլիթ Մակունցի եւ Արփի Դավոյանի միջեւ, որոշ տեղեկություններով, լուրջ մրցապայքար է գնացել 2-րդ կնոջ տեղի համար, ի վերջո, հաղթել է Մակունցը, չնայած պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ ՀՀ դեսպանի կարգավիճակում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ԲՀԿ-ական, այժմ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կընդգրկվի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում: Բագրատյանը, որն անգամ ԲՀԿ-ական լինելու ժամանակ չէր թաքցնում իր պրոիշխանական պահվածքը, խոստացել է աշխատել Վայոց ձորի մարզում՝ թերևս հույս ունենալով, որ ընտրությունների հաջող արդյունքի դեպքում կարող է վերանշանակվել մարզպետի պաշտոնում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքային մթնոլորտը գնալով լարվում է: 2021 թվականի հունվարի 18-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյան նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, կամայական որոշումներ են կայացվում մի շարք ոլորտներում։ Դրանց հերթով անդրադառնալու ենք: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել, այսպես ասած, «ֆեյքերի ՊՈԱԿ» -ի աշխատակիցներից, որ աշխատավարձը ուշացվել է: Այդ ուշացումը վարչապետին կից պետական ոչ առեւտրային կազմակերպության աշխատակիցները կապում են հենց Արսեն Թորոսյանի հետ, որը մարդկանց անհիմն ազատումների հրահանգներ է տվել, մի ողջ բաժիններ փակելու պահանջներ ներկայացրել: Վերջին շրջանում ՊՈԱԿ-ում լարված են աշխատում գրեթե բոլորը, քանի որ հախուռն, անձնավորված հրահանգները հոգնեցրել են արդեն բոլորին: Արսեն Թորոսյանին ով դուր չի գալիս, միանգամից պահանջում է ազատել: «Ժողովուրդ» օրաթերթի ստացած տեղեկությունների համաձայն՝ ՊՈԱԿ-ի հիմնական աշխատանքային երկու ուղղությունններից՝ վերլուծական եւ ստեղծագործական, Թորոսյանը դժգոհ է հատկապես վերլուծական բաժնից։ Մեզ փոխանցեցին, որ կոնֆլիկտային իր բնավորությամբ հայտնի (մամուլն այդ մասին շատ է գրել) Թորոսյանը թիրախավորում է մարդկանց, հրահանգում պիտակավորել, վարկաբեկել նրանց համացանցում «ֆեյքեր»-ով եւ ՊՈԱԿ-ի ազդեցության տակ գտնվող անհայտ ծագման «ֆեյք» կայքերով: Թեեւ հաճախ դա անում է վարչապետի անունից, բայց անգամ ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանը մի քանի անձերի մասով արդեն հասցրել է ճշտել վարչապետից, որ նա տեղյակ չի եղել Թորոսյանի ինքնագործունեությունից: Մի խոսքով, Թորոսյանն իրեն ազատություն է շնորհել. տեսնենք` մինչեւ ուր կհասնի, քանի որ մի պաշտոնյա էլ կար վարչապետի շրջապատում, նույնկերպ էր իրեն դրսեւորում, սկանդալով հեռացվեց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում կուսակցաշինության բումը շարունակվում է։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 10 կուսակցություն է գրանցման հայտ ներկայացրել։ Ապրիլի 10-ին նշանակված է «Սարգիս-Կարոլինա» ընկերության տնօրեն Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որը կկայանա Մելիք Ադամյանի կառավարության նիստերի դահլիճում։ Իշխանական աղբյուրը վկայում է, որ կուսակցաշինությունը խրախուսվում է իշխանությունների կողմից։ Անձամբ Նիկոլ Փաշինյանն է հանձնարարել աջակցել նորաթուխ ուժերին, որ հնարավորինս շատ կուսակցություն մասնակցի ընտրություններին եւ որքան հնարավոր է՝ շատ փոշիանան ընդդիմության ձայները։ Ըստ օրենքի՝ ԱԺ չանցած կուսակցությունների ձայները բաշխվում են անցած ուժերի վրա, եւ առյուծի բաժինը հասնում է իշխանությանը։ Այսինքն՝ արդյունքում շահելու է Փաշինյանը։ 2018-ին այդ «փոշին» կազմել է 17 տոկոս, որից 10-ը ստացել է «Իմ քայլը», եւ նրա 73 տոկոսից 10-ը հակառակորդների ընտրաձայներն էին։ Իշխանությունը հաշվարկել է, որ վարչական ռեսուրսով կձգի 40 տոկոսի, կգումարվի 10-15 տոկոս «փոշին», ԸՕ-ն նաեւ 3 տոկոս բոնուս է նախատեսում ամենաշատ քվե ստացողին, որ նա ձեւավորի կայուն մեծամասնություն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես բոլոր քաղաքական ուժերի մեծ մասի պարագայում է, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւս նախընտրական եռուզեռի մեջ է՝ հանդիպումներ են ունենում, ցուցակներ ճշտում: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել. ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մերժել է կուսակցության ցուցակի բարձր հորիզոնականներում ընդգրկել մի քանի գործարարների ու հանրությանը ոչ անհայտ անձանց՝ հարուցելով գործընկերներից ոմանց զարմանքը: Մարուքյանը, սակայն, հանգստացրել է գործընկերներին՝ ասելով, թե վերջին փակ հարցումները ցույց են տվել, որ ԼՀԿ-ն ապագա խորհրդարանի անցողիկ ուժերից է, եւ ինքը չի ցանկանում իր հավատարիմ զինակիցների ու կուսակցության «հին գվարդիայի» հաշվին կասկածելի դեմքեր տանել խորհրդարան: «Փաստի» տեղեկություններով, որպես ընդհանուր առմամբ լոյալ եւ քաղաքակիրթ ուժի, ԼՀԿ ցուցակում հայտնվելու ցանկություն է հայտնել մասնավորաբար հանրությանը հայտնի երկու գործարար: Մեր աղբյուրը, սակայն, այս պահին զերծ մնաց անուններ հրապարակելուց»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը Ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխումների իրականացումից հրաժարվեց Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվության արդյունքում: Հանձնաժողովից ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ասել էին, որ իրենց համար ընդունելի կլինի, եթե օրենքից հանվի ռեյտինգային ընտրակարգը, որպես իշխանության ձևավորմանը կրիմինալի մասնակցությունը խրախուսող միջոց, սակայն Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխությունները պետք է արվեն ընտրություններից առնվազն 6 ամիս առաջ և քաղաքական կոնսենսուսի պայմաններում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հետեւանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը հանրային լայն հարթակում հետաքրքրության արժանացավ հատկապես այն պատճառով, որ թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների առարկա է դարձել։ «Փաստ» թերթը դեռեւս անցած տարվա իր համարներից մեկում գրել էր, որ ՀՀ իշխանություններն ամեն կերպ խուսափելու են Ապրիլյան հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը հրապարակելուց։ Օրերս մեր տեղեկությունը փաստացի վերահաստատեց այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ զեկույցը չի հանրայնացվի, եւ դրա հետ կծանոթանան սահմանափակ թվով մարդիկ։ «Զեկույցին ծանոթանալու իրավունք կստանան այն պաշտոնյաները, որոնք գաղտնի եւ հույժ գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունեն, նաեւ նրանք, ում ԱԱԾ-ն հատուկ թույլտվություն կտա»,- ասել է նա: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանություններին ուղղակի ձեռնտու չէ ՀՀ-ում ներկայումս ստեղծված քաղաքական ճգնաժամի ֆոնին հրապարակել այդ զեկույցը։ Մյուս կարեւոր պատճառը, ըստ մեր տեղեկությունների, կապված է նրա հետ, որ եզրակացության հրապարակումից հետո պայթելու են մի շարք միֆեր, որոնք մինչ այդ գոյություն ունեին Ապրիլյան պատերազմի շուրջ (զինվորները կռվել են բահերով, դիրքերում խոտ են կերել, դիզվառելիք չի եղել եւ այլն)։ Սրանք այն միֆերն են, որոնք այսօրվա իշխանությունները դեռեւս ընդդիմադիր եղած ժամանակ շահարկել են եւ դարձրել են ժողովրդին մոլորության մեջ գցելու հիմնական դրոշակներից մեկը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, զեկույցը չհրապարակելու հաջորդ պատճառներից է որոշ զինվորականների՝ մեղմ ասած, ոչ «վառ գույներով» ներկայանալու հեռանկարը: Խոսքը մասնավորաբար նրանց մասին է, որոնք ներկայումս իշխանության սիրելիներն են»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հասարակությունն իրավունք ուներ ակնկալել, որ պատերազմում պարտված ղեկավարը, եթե ոչ կապիտուլյացիան ստորագրելու օրը, ապա որոշ ժամանակ անց հրաժարական կտար՝ տեղը զիջելով իր թիմից մեկին կամ խորհրդարանի առաջադրած անձին, և երկրում տեղի կունենար իշխանափոխություն։ Հասարակությունը կարող էր հույս ունենալ, որ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը կգիտակցեր այդ աթոռի իմաստը և պատասխանատվության տարրական զգացում կունենար ու կհասկանար, որ հրաժարականն աշխարհի վերջը չէ՝ դա քաղաքակիրթ ու պատվախնդիր մարդու քայլ է։ Մարդու, որը ձախողվել է իր պաշտոնում, անգամ եթե տվյալ պահին համարում է, որ իր մեղքն այդ ձախողման մեջ մեծ չէ։ Հասարակությունը կարող էր ակնկալել, որ այս մի ղեկավարը, որը նախորդների համեմատ ավելի երիտասարդ է և հանրային աջակցության շնորհիվ է եկել իշխանության, կառչած չի լինի աթոռից և կգիտակցի, որ ժամանակին հեռանալն ամենակարևոր քայլն է։ Բայց ենթադրենք, որ հանրային սպասումները չափազանցված էին, և դրանք քաղաքակիրթ երկրներին են բնորոշ։ Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այնքան են «սիրել» իշխանական հաճույքները, որ հեռանալը նրանց այսօր մահվանը համազոր պատիժ է թվում, և կարծում են, որ անարդար է ընդամենը 3 տարի պաշտոնավարելը, երբ նախկիններն առնվազն 6-10 տարի պաշտոնավարել են։ Բայց չէ՞ որ պետք է կույր լինես՝ չտեսնելու համար, և բացարձակ հիմար՝ չհասկանալու համար, որ երկիրը շարունակում է գահավիժել և քանդված ու ավերված համակարգերն օրեցօր ավելի են քայքայվում։ Հասկանալի է, որ իշխանությունների հույսն անգրագետ մարդկանց քվեն է, որոնք դեռ մոլորության մեջ են և ևս մի քանի տարի կշարունակեն հավատալ իրենց իսկ կերտած կուռքին, բայց մի օր անպայման գալու է նաև քո «2018 թվականի ապրիլի 23-ը»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում հարցաքննվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը, ինչպես նաեւ ծանուցում է ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Չկարողացանք, սակայն, պարզել՝ Փաշինյանն արդեն հարցաքննվել է, թե ոչ, քանի որ հրավերը վերջերս է ուղարկվել, իսկ վարչապետն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, չի շփվում որեւէ մեկի հետ։ Իսկ, ահա, Արտակ Դավթյանը հարցաքննվել է այն ժամանակ, երբ դեռ նորից իրավունքի ուժով չէր զբաղեցրել ԳՇ պետի աշխատասենյակը։ Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը: Բանն այն է, որ Մովսես Հակոբյանը պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին խոսելիս մի շարք աղմկահարույց հայտարարություններ էր արել, պնդել, որ չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, Զինված ուժերում կրճատվել է մարտավարական, եւ ավելացել, այսպես ասած, «թուղթ ստորագրող» կամ օպերատիվ օղակը։ Բացի այդ, նրա պնդմամբ, անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։ Եվ, ահա, պաշտոնյաներին հարցաքննության հրավիրելը հենց այդ մասով բացահայտումներ անելու նպատակ է հետապնդում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցը: Հիշեցնենք, որ այս հարցով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան էր դիմել մարտի 10-ին: Եվ, ահա, Սահմանադրական դատարանը որոշել է դիմումն ընդունել քննության եւ որոշել օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Արմեն Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաեւ նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության եւ դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում: Ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները եւ ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչեւ այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս եւ հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման եւ կիրառման համատեքստում»: Հավելենք, որ այս գործով առաջին նիստը տեղի կունենա երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ձվի շուկայում Սուրբ Զատկի տոներին որոշակի սցենարով քաոս էր. որոշ խանութներում քաղաքացիները մի քանի հատիկ ձու գնելու համար ստիպված էին երկար հերթ կանգնել, հրմշտել իրար եւ ձեռքից ձեռք ձու խլել: Կարճ ասած՝ ձվի շուկան վերահսկողությունից դուրս էր մնացել: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գլխավորող Գեղամ Գեւորգյանն իրականում տնտեսական ոստիկանի իր գործառույթները չիրականացրեց: Մասնագետների կարծիքով՝ այս կառույցը ճիշտ չի վերահսկել շուկան այն դեպքում, երբ մի քանի օր առաջ բարձրաձայնվում էր ձվի հնարավոր դեֆիցիտի մասին: Ի դեպ, այս խնդրի մասին «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգել էր դեռեւս մարտի 24-ին։ Այնուամենայնիվ, ձվի դեֆիցիտի երկու վարկած է շրջանառվում. նախ՝ Սուրբ Զատիկից մի քանի օր առաջ որոշ անձինք, սուպերմարկետներից արկղերով ձու գնելով, պահեստավորել են իրենց ավտոտնակներում, որպեսզի արհեստական դեֆիցիտ առաջացնեն՝ հող նախապատրաստելով ներկրման անվան տակ պահեստների ձուն թանկ գնով վաճառելու համար: Սակայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձու ներկրելու ցանկություն հայտնած անձանց զգուշացրել է՝ եթե ներկրում են, ապա պետք է պատշաճ մակնշում ապահովեն, ինչը չեն կարողացել: Ինչո՞ւ չեն կարողացել. քանի որ նրանք պետք է շուկա հանեին ավտոտնակներում պահեստավորած ձուն: Բանն այն է, որ Ռուսաստանից չեն կարող հավկիթ ներկրել, քանի որ այնտեղ եւս ձվի խնդիր կա, իսկ Իրանից հնարավոր չէ ներկրել, որովհետեւ փակ է սահմանը։ Մյուս վարկածի համաձայն՝ մարտից մինչեւ նոյեմբերի վերջ տնտեսվարողները չեն կարողացել ածան հավերի գլխաքանակը թարմացնել, մինչդեռ տարվա մեջ այն պետք է երկու անգամ թարմացվի, որ կարողանան հանրապետությունում առկա ձվի պահանջարկը ամբողջությամբ բավարարել: Կորոնավիրուսի եւ ռազմական դրության պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել Հոլանդիայից, Գերմանիայից, Վենգրիայից ավելի թանկ գնով ձեռք բերել ինկուբացիոն ձու եւ ճուտ: Բերել են, դրել են, բայց ժամկետը ուշ է եղել, եւ, մարտից սկսած, օրական անհրաժեշտ 1 մլն 285 հազար հատ ձվի փոխարեն արտադրվել է 900 հազար հատ»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում բնակիչների համար կյանքը դարձել է ոչ ապահով: Մարտի 19-ից մինչ օրս այդ համայնքից 20 կով է անհետացել, որից գտնվել է միայն մեկը: Սակայն ուշագրավ են այդ 13 կովերի անհետացման հանգամանքները: Մասնավորապես, համայնքում առկա տեղեկատվության համաձայն՝ 13 կովերը ոչ թե ադրբեջանական կողմ են անցել, այլ հենց շուռնուխցիներն են այն վերցրել գյուղացի Գավրուշի ընտանիքից միջանձնային հարաբերությունների պատճառով: Եվ այս առումով հակասական են նաև պաշտոնական մեկնաբանությունները: Օրինակ՝ Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է. «Ո՛չ հայկական սահմանապահները, ո՛չ ռուսական սահմանապահները չեն հաստատել, որ անցել են, իսկ ադրբեջանական կողմը մեկ հերքել է, մեկ հաստատել: Գավրուշի տղան գնացել է այնտեղ, չեն գտել: Ես այլ ինֆորմացիա եմ ստացել, որը չեմ կարող հրապարակել», – ասել էր Ղահրամանյանը՝ խորհրդավոր գաղտնիություն պահելով: Իսկ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այդ 13-ի մասով ադրբեջանցիները ռուսներին ասել են՝ կգտնենք, կբերենք: Կարող է՝ անցել են, կարող է՝ չեն անցել»։ Ու այդպես էլ անհասկանալի մնաց՝ ի վերջո որտեղ են 13 կովերը։ Ու որքան էլ համայնքի ղեկավարը սուտասան է անվանում պատգամավորին, սակայն միևնույն ժամանակ պաշտոնական հաստատում էլ չի եղել, որ այդ 13 կովերը ադրբեջանական կողմում են: Ստացվում է՝ Սյունիքի սահմանամերձ համայնքում ապրողներն իրականում լուրջ խնդրի առջև են կանգնած: Անվտանգ չէ ոչ միայն սահմանը, այլ հենց գյուղերի ներսում նախ կենդանիների, նաև, բնականաբար, մարդկանց կյանքը։ Փաստ է, որ կովերը չկան, փաստ է, որ սահմանը հսկողները հայկական և ռուսական կողմից հստակ ինֆորմացիա չեն տրամադրում, փաստ է, որ չի էլ հաստատվել երրորդ կողմից արված գողության վարկածը։ Կարճ ասած՝ անիշխանություն»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Նախագծով առաջարկվում է օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը: Հիշեցնենք, որ ներկայումս կորոնավիրուսային հիվանդության պատճառով հիվանդների հերձումն արգելված է: Նման փոփոխությունը հիմնավորվում է հերձման ժամանակ անհատական պաշտպանական միջոցների կիրառման արդյունավետությամբ»: