VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջերս կայացած մի հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի մասնակցությամբ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Երբ Վանեցյանը փորձել է քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետ հայտնել, Քոչարյանը կանխել է նրան և ասել. «Նիկոլ, դու նստիր», սրանով նկատի ունենալով, որ Վանեցյանը նախկինում եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անզեն աչքով էլ նկատելի է, որ վերջին շրջանում իշխանամետ որոշ շրջանակներ վերստին ամենօրյա ռեժիմով թիրախավորում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նույնիսկ մի սովորական լուսանկարն էր մեծ աժիոտաժ առաջացրել: Բացի այն, որ նշյալ շրջանակները վաղուց «մասնագիտացել են» երկրորդ նախագահի հարցով և «յոթ երգ գիտեն, յոթն էլ» Ռոբերտ Քոչարյանի մասին, «Փաստի» հավաստի տեղեկություններով, վերջերս նրանք Փաշինյանից նոր հրահանգներ են ստացել այս առումով: Բանն այն է, որ, կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԱԾ հերթական հարցման արդյունքները պարզապես սթրեսի են ենթարկել Նիկոլ Փաշինյանին, որը ջանասիրաբար իր թիմին փորձում է համոզել, որ հատկապես մարզերում ամեն ինչ «OK» է, իրենք տեղերում բարձր վարկանիշ ունեն: Ըստ մեր տեղեկությունների, վերջին հարցման արդյունքներով, Նիկոլ Փաշինյանի դրական վարկանիշը 12 % է, անտիռեյտինգը՝ 48 %: Բայց շատ ավելի զայրացրել է այն հանգամանքը, որ էական աճ է ունեցել հենց Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը՝ հասնելով մոտ 37 %, իսկ անտիռեյտինգը նվազել է մինչև 6 %: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հրահանգ է իջեցվել՝ ինչպես հնարավոր է, վարկաբեկման արշավ սկսել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, որով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ԱԺ ընտրություններ չեն նշանակվում եւ չեն անցկացվում։ Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրություններ: Եթե այս փոփոխություններն ընդունվեն, ապա նույնիսկ վարչապետի հրաժարականից ու 2 շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրելուց եւ խորհրդարանը լուծարելուց հետո ընտրություններ չեն լինի, մինչեւ ռազմական դրությունը չհանվի: Իսկ ռազմական դրությունը կհանի այն ժամանակ, երբ իրեն է պետք, կամ էլ ուսապարկերի խմբակցությունը կարող է ապստամբել եւ հանուն մանդատները պահելու չհանել ռազմական դրությունը: Այդ դեպքում, թեեւ իրավունքի ուժով ԱԺ-ն կհամարվի լուծարված, բայց կշարունակի գործել, քանի դեռ նոր ԱԺ չի ձեւավորվել: Բանն այն է, որ գործող օրենսդրությունը նման կարգավորում արտահերթ ընտրության համար չի սահմանում, եւ ռազմական դրության ժամանակ սահմանափակումը գործում է միայն ԱԺ հերթական եւ ՏԻՄ ընտրությունների դեպքում, փաստորեն, «Իմ քայլն» ավելացնում է արտահերթի պահը եւս՝ հերթական աճպարարությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ընդդիմադիր ուժերն ու հասարակության մի մասը սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր մարդկանց ներգրավել իր կողմը: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանը որոշել է ամեն շաբաթ այցելել որեւէ նախարարություն եւ խորհրդակցություն անցկացրել՝ հավակնոտ առաջարկներ անելով: Օրինակ՝ երեկ նա այցելել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն եւ խոստումներ տվել՝ փորձելով այդկերպ իր կողմը գրավել ուսուցիչներին, մտավորականներին, որոնք եւս վերջերս պահանջում էին վարչապետի հրաժարականը: Մասնավորապես, երեկ խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասել է, որ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա, ապա խոսել է նաեւ գիտության ֆինանսավորման ծավալների եւ ծավալների փոփոխության մասին՝ ասելով, թե հատկապես նոր միջավայրում գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել: Այսպիսով, խոսելով խնդրահարույց ոլորտների մասին եւ խոստումներ տալով՝ նա փորձում է մեղմել այն զայրույթը, որն առկա է մտավորականների, ակադեմիական հանրույթի մոտ: Գաղտնիք չէ, որ վերջիններս եւս տարբեր հայտարարություններով պահանջել են նրա հրաժարականը»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. Հայաստանում արտահերթ ընտրության հնարավորությանը զուգահեռ քննարկվում է, թե որ ուժերին է ձեռնտու ընտրությունը, իսկ որին՝ ոչ: Այդ առնչությամբ կան տարբեր կարծիքներ: Ամբողջ հարցն այն է, որ այստեղ պատկերը հարաբերական է: Իրավիճակի խիստ բևեռացումը բերել է նրան, որ արտահերթ ընտրության, այսպես ասած, շոշափելի շանս նշմարվում է կառավարող մեծամասնության և արմատական ընդդիմության տիրույթում: Իհարկե, կառավարող մեծամասնությունը նոր ընտրությամբ, անկասկած, չի կարող ստանալ այնքան քվե, որքան 2018-ին: Բայց մյուս կողմից կա այնպիսի բարդ ներքաղաքական միջավայր, որ դրանից դուրս գալու համար կառավարող մեծամասնությունը դեմ չի լինի գնալ արտահերթ ընտրության՝ եթե չկա այլ ելք, թեկուզ այդ ընտրությանը կարող է կորցնել բացարձակ մեծամասնությունը: Առավել ևս, որ Սահմանադրության մեջ եղած կայուն մեծամասնության դրույթը տալիս է հնարավորություն համոզիչ հաղթանակի, անգամ առաջին փուլում մեծամասնություն չստանալու դեպքում: Արմատական ընդդիմության պարագայում կա այսպես ասած ձևաչափի հարցը: Ակնառու է, որ նախկին համակարգը կազմող այդ շրջանակն ունի որոշակի համակիրների, իսկ զգալիորեն ճիշտ կլինի ասել՝ շահառուների շրջանակ, որը թույլ կտա էապես հավակնել արտահերթ ընտրության երկրորդ արդյունքի: Բայց ամբողջ հարցն այն է, որ արմատական ընդդիմության ձևաչափը բազմաբևեռ է, և հարց է առաջանում, թե ո՞ւմ է բաժին հասնելու համակիրների և շահառուների սահմանափակ շրջանակը, ըստ այդմ՝ խորհրդարանի երկրորդ ուժ լինելու «ուղեգիրը»՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն, Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ի՞ն, Գագիկ Ծառուկյանի՞ն, թե՞ որևէ այլ սուբյեկտի: Ու քանի դեռ արմատական ընդդիմության շրջանակում լուծված չէ այդ հարցը, հազիվ թե այն գործնական քայլեր կատարի արտահերթ ընտրության շուրջ համաձայնության ուղղությամբ: Մյուս ուժերի պարագայում իրավիճակը հարաբերական է: Կա հանրային մի ստվար հատված, որը երկու բևեռներում չէ, բայց չկա այդ հատվածի հետ արդյունավետ աշխատելու ժամանակ: Արտահերթ ընտրությունը այդ ուժերի համար կարող է հեռանկարային լինել միայն այդ աշխատանքի բանաձևն և օպերատիվ ճանապարհային քարտեզն ունենալու պարագայում: Այդպիսով, միով բանիվ, չկա թերևս արտահերթ ընտրության միարժեք շահառուների և անհեռանկար ուժերի շրջանակ: Կա խնդիր ընտրությանը մասնակցելու բովանդակային ներուժ ունեցող և չունեցող ուժերի առումով:
«Ժողովուրդ» օրաթերթիը գրում է. «Օնիկ Գասպարյանը ազատված չէ ՀՀ ՊՆ ԳՇ պետի պաշտոնից եւ նա օրենքի ուժով կարող է գնալ աշխատանքի եւ կատարել իր ԳՇ պարտավորությունները: Բանն այն է, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցը, եւ Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածը տվյալ դեպքում հստակ սահմանում է, որ եթե վիճարկման հայց է ներկայացվել վարչական ակտի դեմ, եւ դատարանը վարույթ է ընդունել, ապա օրենքի ուժով այդ ակտի կատարումը կասեցվում է մինչեւ վերջնական դատական ակտ կլինի այդ գործով: Ստացվում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է վերադառնա աշխատանքի: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ վարչապետը հանրապետության նախագահին էր ներկայացրել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: Նախագահը այն առարկություններով վերադարձրեց, փետրվարի 28-ին գրություն ուղարկվեց ՀՀ նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով, եւ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ազատվեց պաշտոնից։ Ու հիմա ստացվում է՝ դատարան դիմելուց հետո իրավունքի ուժով Գասպարյանը մնում է ԳՇ պետ։ Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանին Նիկոլ Փաշինյանը միջնորդել է ԳՇ պետ նշանակել, սակայն այսօր ԳՇ պետի ԺՊ-ն տեղակալն է, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը լարված է գեներալիտետի հետ։ Արդյունքում ՀՀ ՊՆ-ն իր պատմության մեջ ամենապառակտված վիճակում է այսօր եւ անկարող սահմանների պաշտպանության հարցում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին զենքի մատակարարման դադարեցումը մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ծանր հարված է եղել, և միայն Դավիթ Տոնոյանի անձնական ջանքերի շնորհիվ են վերականգնվել այդ հարաբերությունները: Այս առումով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստ» օրաթերթին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ օրերին Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել կապ հաստատել ՌԴ նախագահի հետ: Փաշինյանը դիմել է Դավիթ Տոնոյանին (չնայած, ըստ մեր տեղեկությունների, մինչ այդ նրանք իրար հետ չեն շփվել), որպեսզի վերջինս կարգավորի այդ հարցը, և իսկապես ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցություններից հետո զենք-զինամթերքի մատակարարումը վերականգնվում է: Սակայն առաջ են գալիս տեխնիկական խնդիրներ, մասնավորաբար զենք-զինամթերքի տեղափոխման հարցում: Դավիթ Տոնոյանն այս հարցով դիմում է Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո»), որն այդ օրերին իր անձնական միջոցներով ձեռք է բերում երկու ԻԼ-76 ինքնաթիռ և իր թիմով 24-ժամյա ռեժիմով կազմակերպում է զենք-զինամթերքի տեղափոխությունը: Ընդ որում, խոսքը զենքի առքուվաճառքի մասին չէ, այլ տեղափոխման կազմակերպման: Ըստ մեր աղբյուրների, խոսքը 180-ից ավելի թռիչքների մասին է: Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ, ըստ մեր տեղեկությունների, այդ ժամանակահատվածում պետական կառույցներից որևէ աջակցություն չի եղել, ավելին՝ հատկապես քաղավիացիայի բյուրոկրատական քաշքշուկների պատճառով դեռ մի բան էլ հաճախ խանգարել են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի կալանքի գործի քննությունը նորից հայտնվել է Մնացական Մարտիրոսյանի վարույթում։ Փաստաբանները դիմել են գրավ կիրառելու միջնորդությամբ եւ շատ զարմացել են, երբ իմացել են, որ իշխանությունների հայտնի պատվեր կատարող Մացոն է կրկին քննելու։ Երբ հետաքրքրվել են, թե ինչու դարձյալ նույն դատավորի մոտ, բացատրել են, որ այս գործով պետական գաղտնիք հանդիսացող նյութեր կան, իսկ նման գործեր ոչ բոլոր դատավորներն իրավունք ունեն քննելու։ Երեւանում ընդամենը 2 դատավոր կարող է պետական գաղտնիքի գործ քննել՝ Մնացական Մարտիրոսյանը եւ Մեսրոպ Մակյանը։ Մենք հարց ուղղեցինք Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին՝ քանի՞ դատավոր իրավունք ունի քննելու պետական գաղտնիք հանդիսացող գործեր։ Ասաց, որ ամբողջ Հայաստանի տարածքում 37 դատավոր իրավունք ունի գաղտնիք պարունակող գործեր քննել։ 37-ից միայն մեկն է մարզային, 36-ը Երեւանում գործող դատավորներ են։ Փաստորեն, Գալստյանի փաստաբաններին խաբել են, քանի որ գործը որոշել են, որ պետք է քննի իշխանության սրտի դատավորը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի ուժային կառույցներում հետաքրքիր զարգացումներ են նկատվում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, գլխավոր դատախազի պաշտոնում Գուրգեն Ներսիսյանի նշանակումը խառնել է ինչպես Արցախի ուժային կառույցների ղեկավարների, այնպես էլ Արայիկ Հարությունյանի հաշվարկները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարությունյանի նախաձեռնությամբ պաշտոնից ազատման դիմում գրեց Հարությունյանի մերձավորներից Մհեր Աղաջանյանը, որը գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի հունիսին՝ Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելուց հետո։ Հավելենք, որ Գուրգեն Ներսիսյանը եւս դատախազական համայնքից էր, ով, սակայն, Հարությունյանի պաշտոնավարման օրոք հանդես էր գալիս բավականին կոշտ գնահատականներով, իսկ ավելի ուշ, սկզբունքային անհամաձայնություններ ունենալով իշխանությունների հետ, ազատվել էր պաշտոնից եւ իրավապաշտպան գործունեությամբ էր զբաղվում։ Նրան գլխավոր դատախազ նշանակելով՝ Հարությունյանը նպատակ ուներ լռեցնել իր երբեմնի ընդդիմախոսներից մեկին, ինչպես արել էր այլ ընդդիմադիր դեմքերի պարագայում, սակայն Ներսիսյանը Հարությունյանի ու իշխանության կոկորդում ոսկոր է դարձել։
Վերջին մեկ ամսում գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այնպիսի քրեական գործեր են հարուցվել եւ համապատասխան իրավական ընթացակարգեր են ընթանում, որոնք առնչվում են ինչպես հենց Արայիկ Հարությունյանին, այնպես էլ նրա մերձավոր շրջապատին: Թերթի տեղեկություններով, ներքին գործերի նախարարը, ԱԱԾ տնօրենն արդեն իսկ ահազանգել են Հարությունյանին, որ իշխանության ներսում անթույլատրելի գծեր են հատվում, եւ որ գլխավոր դատախազն իրականում իրենց դեմ խոշոր իրավական գործընթաց է ծավալում։ Սակայն Հարությունյանը դեռեւս զերծ է մնում կտրուկ քայլեր ձեռնարկելուց՝ գիտակցելով, որ դա կարող է երկրի ներսում նոր ցնցում առաջացնել։ Ամեն դեպքում գլխավոր դատախազի գործողություններն արցախցիների շրջանում որոշակի հույսեր են արթնացրել, եւ մարդիկ մտածում են, որ հնարավոր կլինի իրավական պատասխանատվության կանչել անձանց, ովքեր ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրանից առաջ աչքի են ընկել ապօրինություններով։ Ի դեպ, Արցախում տեղի ունեցող գործընթացը սկսել է մտահոգել նաեւ ՀՀ իշխանություններին, որովհետեւ, պատճառահետեւանքային կապի առումով, այդ գործերը շոշափում են նաեւ ՀՀ վարչապետի, իշխանությունների գործողությունները, սակայն նրանք դեռեւս Հայաստանի ներսում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով են կլանված եւ Արցախի իրադարձություններին դիտորդի կարգավիճակով են հետեւում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում թեեւ փողոցային պայքար չի ընթանում, բայց լարվածությունը չի թուլանում։ Արցախի ընդդիմադիրները նույնպես մտածում են իշխանությունների դեմ կոշտ պայքարի միջոցների գնալու եւ սինխրոնիզացված պայքար տանելու մասին՝ Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմի դեմ։ Իրենք՝ Արցախում, Հայրենիքի փրկության շարժումը՝ Հայաստանում։ Որոշ տեղեկությունների համաձայն, առաջիկայում Արցախից Հայաստան մի խումբ գործիչներ են ժամանելու եւ հանդիպելու են Շարժման ղեկավարների հետ, որպեսզի քննարկեն ապագա պլաններն ու համատեղ գործողությունների ծրագիրը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա ամիսը բավական հարուստ է լինելու կուսակցաշինության առումով: Երեկ տեղեկացրել էինք «Ազգ, բանակ հաղթանակ» կուսակցության ստեղծման մասին: Բայց սա միակ կուսակցությունը չէ, որ կհիմնադրվի առաջիկայում: Մարտի 21-ին տեղի կունենա «Ձայն» կուսակցության, իսկ ապրիլի առաջին կեսին տեղի կունենան «Կայունություն», «Հայրենասերներ» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունների հիմնադիր համագումարները: Հույս ունենք, որ սրանով կուսակցաշինության բուռն ընթացքը մեր երկրում չի ավարտվի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ մարտիմեկյան հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը եւ երկրի կառավարման մոդելը փոխելու մասին խոսեց՝ նշելով, որ դիտարկում են անցումը կիսանախագահական կառավարման մոդելին, եւ չի բացառվում՝ աշնանը սահմանադրական փոփոխություններ իրականացնեն, սակայն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պարապուրդի է մատնված։ Հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին, ամփոփել են մինչ այդ կատարած աշխատանքը, դրանից հետո, ինչպես հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը մեզ փոխանցեց, նիստեր չեն հրավիրվել, թե ինչու՝ չկարողացավ պատասխանել, ասաց, որ նախագահությունը պետք է հրավիրի։ Պատերազմից հետո, ինչպես հայտնի է, հանձնաժողովի մի շարք անդամներ բոյկոտ են հայտարարել այդ աշխատանքներին՝ «ստեղծված իրավիճակում» ժամանակավրեպ համարելով սահմանադրական փոփոխությունները։ Հանձնաժողովի աշխատանքներին այլեւս մասնակցելու ցանկություն չունի նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը: Պատճառաբանությունը նույնն է։ Ի սկզբանե նիստերին չի մասնակցում նաեւ ԲՀԿ-ից գործուղված ներկայացուցիչը՝ Գեւորգ Պետրոսյանը։ Իոաննիսյանի տեղեկություններով՝ մոտ վեց անդամ դադարեցրել է մասնակցությունը։ Արդարադատության նախարարությունը, սակայն, մինչ օրս հանձնաժողովը չի համալրել՝ նոր թեկնածուներ չի առաջադրել։ Թե ինչու՝ նախարարությունից չհայտնեցին պատճառների մասին։ Մամուլի խոսնակը փոխանցեց՝ երբ նոր թեկնածուներ ներկայացվեն վարչապետի հավանությանը, այդ մասին կտեղեկացնեն հանրությանը»:
«Ժողովուրդ» օրաթերթիը գրում է. «Երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները մոռացած եւ մի կողմ դրած՝ իշխանություններն օրուգիշեր նոր նախագծեր են հեղինակում լրատվամիջոցների դեմ: Բավական չէ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը «ԶԼՄ մասին» օրենքում էր փոփոխություն նախաձեռնել՝ նպատակ ունենալով լրատվամիջոցներին զրկել անանուն աղբյուրներին հղում անելու համաշխարհային իրավունքից, այժմ էլ Ֆինանսների նախարարությունը կրկին նոր նախագիծ է ներկայացրել՝ այս անգամ նպատակ ունենալով զրկել գովազդներից։ Խոսքը վերաբերում է ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի գովազդներին: Նոր նախագծով առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածում փոփոխություն անել։ «Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով՝ բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաեւ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում», – ասվում է փոփոխության մեջ:
Սակայն ուշագրավ է, որ Ֆինանսների նախարարության կողմից արդեն իսկ գովազդները սահմանափակող նախագծեր էին դրվել շրջանառության մեջ, որոնցից մեկով, օրինակ, առաջարկվում էր այս տեսակի գովազդի համար սահմանել էջի 20 տոկոսը, այսինքն՝ դեռ նախարարությունն ինքը չի կողմնորոշվում՝ ինչ անել։ Եթե որոշել են պայքարել խաղամոլության դեմ, ապա ոչ թե պետք է հովանավորեն խաղամոլություն կազմակերպողներին, օգտագործեն խաղամոլությունից գոյացած գումարները ֆեյքերի ֆաբրիկաներ պահելու համար, այլ փակեն նման կազմակերպությունները։ Սակայն խաղամոլության օջախները իշխանությունը պահպանում է, հնարավորություն տալիս նրանց գովազդ տեղադրել, օրինակ, Ֆեյսբուքում, Գուգլում, Յանդեքսում, սակայն լրատվական կայքերում կամ հյուրանոցներում դրանց գովազդը սահմանափակվում է։ Վիճակախաղերի կազմակերիչները, այսպես, թե այնպես, իրենց գումարը կստանան, խաղամոլությունը, այսպես, թե այնպես, կզարգանա մեր երկրում, սակայն լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ, այսինքն՝ կառավարությունը ոչ թե կանանոկարգում է ոլորտը, այլ հերթական անգամ վնասում լրատվամիջոցներին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը Մոսկվայում է: Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շուտով լրանում է սահմանին գազի գնի վերանայման ժամկետը, և այցն ու բանակցությունները հենց այս նպատակով են»։
«Ժողովուրդ» օրաթերթիը գրում է. «Հայաստանում առեւտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել՝ փոխում են հագուստի պիտակները: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ բանավոր զրուցում չեն թաքցնում առեւտրականները՝ նշելով, որ այլ տարբերակ չունեն: Մինչդեռ այս տարվա հունվարի 1-ից արգելվում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրումը, այդ թվում՝ հագուստ եւ կոշիկ: Չնայած արգելքին՝ տեղական շուկան շարունակում է ողողվել թուրքական ծագման կոշիկներով ու հագուստով, բայց չինական պիտականերով: Տեղեկացնենք, որ Թուրքիան իր վիճակագրության մեջ Հայաստանի հետ պաշտոնական առեւտրի վիճակագրություն ցույց չի տալիս. դա կատարվում է Վրաստանի միջոցով։ Թուրքական հագուստ, կոշիկ տնտեսվարողները բերում են վրացական կամ այլ ֆիրմայի անվան տակ։ Բայց վերջերս մեր առեւտրականները սկսել են թուրքական ծագում ունեցող հագուստ ներկրել Ռուսաստանով, որտեղ պիտակները փոխվում են չինականով, երբեմն էլ ներկրում են առանց պիտակի: Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «կարգո» անող ընկերություններից մեկը փոխանցեց, որ իրենք սպասում են, թե երբ են կառավարության կիրառած սանկցիաներն ավարտվելու, ինչից հետո դեպի Թուրքիա ուղղությունը կվերաբացեն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սևանա լճի մակարդակի բարձրացումը նոր պատմական ռեկորդներ է սահմանում: Անցյալ տարվա համեմատությամբ, այս տարի լճի ջրի մակարդակը բարձրացել է արդեն 14 սանտիմետրով: Սա ոչ այնքան եղանակային պայմանների, որքան լճի ջրի պաշարների արդյունավետ և խնայողական օգտագործման արդյունք է: Սևանը այժմ գտնվում է 1900,58 նիշի վրա, և այն դեռ ևս երկուսուկես մետր պետք է բարձրանա»: