VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի որոշումը գզվռտոց է գցել «Իմ քայլում»․ սորոսական թևի պատգամավորները, որպես իշխանության փայատերեր, Նիկոլ Փաշինյանից պահանջում են ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով, որով կփոխվի ընտրական մոդելը, և ռեյտինգայինի փոխարեն կհաստատվի համամասնական ընտրակարգ։ Նրանք հույս ունեն, որ իրենք կկարողանան ցուցակի առաջնային հորիզոնականներում տեղ զբաղեցնել և մտնել խորհրդարան։ Իսկ ռեյտինգայինի դեպքում իրենց շանսերը զրոյական են, հատկապես այն պատճառով, որ սորոսականների նկատմամբ հանրային նեգատիվ վերաբերմունք կա»:
«Հրապարակ» թերթը գրում է. « ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երեկ հայտարարվեց, որ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում։ Գործող օրենսդրության, մասնավորապես, Ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվում են խորհրդարանն արձակվելուց ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր հետո: Իսկ խորհրդարանն արձակվում է վարչապետի հրաժարականից եւ երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվելուց հետո։ Սա նշանակում է, որ եթե ամեն ինչ գնա իր հունով, ապա Նիկոլ Փաշինյանն ապրիլի 22-27-ն ընկած ժամանակահատվածում պետք է հրաժարական տա։ Ի դեպ, 2018-ի ապրիլի 23-ին հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը։ Սակայն չնայած ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարեց, որ առաջիկա օրերին կհանվի նաեւ ռազմական դրությունը, բայց անակնկալները չեն բացառվում։ Եթե խորհրդարանն ընդունի նոր Ընտրական օրենսգիրքը եւ մասնավորապես այն դրույթը, որ ռազմական դրության ժամանակ ԱԺ ընտրություններ չեն անցկացվում, ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրություններ, ապա ընտրության օրվա վերաբերյալ պայմանավորվածությունը ջուրն է ընկնելու, եւ լավագույն դեպքում փոխվելու են ժամկետները, վատագույն սցենարով՝ Նիկոլ Փաշինյանը կարող է անժամկետ մնալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, եթե ռազմական դրությունը չհանվի։ Ի դեպ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ Էդմոն Մարուքյանը պնդել են, որ մինչեւ հունիսի 1-ն անցկացվեն ընտրությունները, սակայն Փաշինյանը համոզել է, որ չեն հասցնի՝ ԿԸՀ-ն պետք է պատրաստվի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների մեծամասնությունն ընդհանրապես տեղյակ չի եղել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Բանն այն է, որ խմբակցության անդամների հետ վերջին՝ փետրվարի 7-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե առաջիկայում անհնար է գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ շատ հարցեր կան, և պնդել էր, որ առանց Ընտրական օրենսգիրք փոխելու պետք չէ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ դա վնաս է լինելու հենց իրենց: Այդ պարագայում ընտրությունները պետք է կայանային հունիսին: Եվ, ահա, թիմի մեծ մասի համար անակնկալ կերպով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Փաշինյանի թիմակիցները մամուլից են տեղեկանում, թե առաջիկայում ինչ է սպասվելու: Իրավիճակը հատկապես հետաքրքիր է այն առումով, որ Փաշինյանն այս որոշումը կայացրել է ընդդիմադիր ուժերի հետ քննարկումներից հետո, և այդ մասին ևս հայտարարեց։ Ստացվում է՝ նա այս որոշումը կայացրեց ընդդիմադիրների հետ քննարկումներից հետո, և վերջիններս ավելի շատ բան գիտեին, քան իշխանական խմբակցության իր գործընկերները: Ինչպես շատ հարցերում, այս հարցում ևս Փաշինյանի թիմն ամենաանտեղյակն է»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեև արտահերթ ընտրությունների օրվա մասին հայտարարվեց երեկ, սակայն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը վաղուց էին պատրաստվում ընտրական գործընթացներին։ Հնարավոր միավորումների, դաշինքների, անգամ ցուցակների կազմման շուրջ քննարկումները սկսվել են մոտ մեկ ամիս առաջ։ Օրինակ, իշխանությունն ուզում է խաղի մեջ մտցնել նոր միավոր՝ Արման Բաբաջանյան-Արամ Սարգսյան դաշինքի տեսքով, ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմում հույս ունեն, որ այդ դաշինքը կարող է հանդիսանալ այս ընտրություններին երրորդ ուժը, այլընտրանքը։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր կմերժեն թե՛ իշխանություններին, թե՛ նախկիններին, իրենց ձայնը տան այդ դաշինքին, այն անցնի խորհրդարան, ապա Փաշինյանի հետ կոալիցիա կազմի։ Փոխարենը ընդդիմության դաշտում միավորումները գլուխ չեն գալիս, Ծառուկյանն ի սկզբանե է ասել, որ միայնակ է մասնակցելու, ամենայն հավանականությամբ՝ Արթուր Վանեցյանը նույնպես դաշինք չի կազմի, այս պահի դրությամբ միակ հնարավոր միավորումը ՀՅԴ-ի ու Ռոբերտ Քոչարյանի միջև է։ Բայց մեծ թվով մանր կուսակցություններ միավորներ կձևավորեն։ Այժմ սկսվել է բուռն բանակցությունների փուլը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կուսակցաշինության բնագավառում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը հիմնականում կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Չվստահելով կամ չվերահսկելով դաշտում գործող կուսակցություններին՝ Քոչարյանը ձևավորում է իր կողմից ամբողջապես վերահսկելի կուսակցություններ, որոնք նախընտրական շրջանում կմիավորվեն մեկ դաշինքում կամ հանդես կգան մեկ միասնական ցուցակով: Կուսակցաշինության հարցում Քոչարյանին ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ռուսահայ օլիգարխիայի որոշ ներկայացուցիչներ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Հայաստանում կվերացվի ռազմական դրությունը: Դա անհրաժեշտ է առաջին հերթին հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար: Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածը սահմանում է. «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ընտրություններ»: Իսկ Սահմանադրության հոդված 119-ն էլ սահմանում է. «Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը»: Միևնույն ժամանակ, ռազմական դրությունը կարող է վերացվել հենց կառավարության որոշմամբ: Իսկ հիմա խոսենք ընտրությունների հետ կապված այլ ժամկետների մասին. Սահմանադրության 90-րդ հոդվածը սահմանում է. «Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»: Այսինքն՝ մինչև օգոստոս այս խորհրդարանը դեռ իրավական ուժ կունենա: Հոդված 158-ն էլ սահմանում է, թե որքան ժամանակ դեռ կառավարության անդամները կմնան։ «Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը»: Այսինքն՝ կառավարությունը հրաժարական է ներկայացնելու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ, և ՀՀ ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ վարչապետի երկու անգամ չընտրվելու ժամկետը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր։ Նա խախտել է բոլոր կարմիր գծերը, անգամ ԱԱԾ է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի մոտ, որ ճնշեն, և նա չկասեցնի ԳՇ պետի ազատման հրամանը։ Բայց դատավորը որոշումը կայացրեց։ Այդ մասին վարչապետին զեկուցել են նախօրեի ուշ երեկոյան։ Նա այնքան է վրդովվել, որ կորցրել է ինքնատիրապետումը, նստել է իրեն սպասարկող մեքենան և կարգադրել քշել։ Վարչապետի շքախումբը կեսգիշերն անց՝ 1։30-ի սահմաններում սկսել է պտտվել Մաշտոցի պողոտայով՝ վեր ու վար։ Առավոտյան նրա աշխատակազմը խայտառակ հայտարարություն տարածեց, որ չեն կատարելու դատարանի որոշումը, իսկ «ուսապարկերը» սկսեցին դատապարտել դատավորին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Շատերի մոտ զարմանք է առաջացրել այն փաստը, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը զբաղվում է ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությամբ։ Նշենք, սակայն, որ Վարուժան Ավետիքյանը ներկայումս ներգրավված է նաև միջազգային արբիտրաժային դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացված մի գործով, որով Ջո Բարկովսկին Հայաստանից պահանջում է 300 միլիոն դոլար։ Թեև Ավետիքյանը մոտ մեկ ամիս առաջ «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել էր իր ներգրավվածությունը այդ գործին, սակայն մեր տեղեկություններով՝ արբիտրաժային այս գործով արդեն առցանց դատավարություններ են եղել, որոնց մասնակցել է նաև Վարուժան Ավետիքյանը և ընդդեմ Հայաստանի ելույթներ է ունեցել։ Նույն նիստին մասնակցել է նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, և այդ փաստն արձանագրվել է նաև վերջինիս կողմից»։
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Ինչպես կատակում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, Արմեն Սարգսյանի ճիզվիտական խաղերի պատճառով ԶՈւ ԳՇ պետի աթոռը վերածվել է «իշաոտուկի», ուր տեղավորվում են միանգամից երեք շտաբի պետ՝ դատարանով վերականգնված Օնիկ Գասպարանը, ժ/պ Ստեփան Գալստյանը և կապիտուլյանտի նշանակած Արտակ Դավթյանը: Հուսանք՝ բանը չի հասնի միաժամանակ երեք իրարից անկապ բանակներ ունենալուն, առավել ևս, որ Օնիկ Գասպարյանն առավոտյան ներկայացավ ծառայության և նստեց իր աշխատասենյակում, և ոչ ոք չփորձեց խանգարել... Սակայն Նիկոլի հայտարարությունը՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, կյանքի կոչեց իր իսկ ստեղծած «երեք միլիոն վարչապետ» երևույթը, որը հղի է քաոսով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ից հերթական անգամ դուրս եկած ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում, և քրեական պատիժ սահմանել պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելու համար: Պետրոսյանն առաջարկում է դրա համար նախատեսել պատիժ մեկ միլիոն դրամ տուգանքից մինչև մեկ տարի ազատազրկում: Պետրոսյանի ակնարկը վերաբերում է պատերազմական շրջանում հասարակությանը ներկայացված ոչ ճշգրիտ տեղեկատվությանը: Կարծում ենք ճիշտ կլինի, եթե ինչ-որ պատիժ սահմանվի նույն կուսակցությանը մեկ անգամից ավելի անդամագրվելու և մի քանի անգամ նույն կուսակցությունից դուրս գալու համար՝ նկատի ունենալով նման արարքի հանրային բարոյականության վրա ունեցած բացասական ազդեցության և վտանգավորության աստիճանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցը խնդրել է հրատապ անցկացնել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Մասնավորապես, օրակարգում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն է, որը քննարկվելու է առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, ապա նաեւ երկրորդ ընթերցմամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ Բարձրագույն դատական խորհրդին օժտեն դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ, եւ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Այսինքն՝ այս նախագծով իրականում ավելանալու են ԲԴԽ լիազորությունները: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանն է այսպիսի փոփոխությունների ցանկություն հայտնել, որպեսզի կառույցի լիազորություններն ավելանան: Բանն այն է, որ նա դեռ չի կորցնում իր հույսը ԲԴԽ նախագահ դառնալու եւ այդ պատճառով էլ ցանկանում է այդ կառույցին նոր լիազորություններով օժտել: Հետաքրքիր է, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է այս հարցը քննարկել առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության եւ առանց նախնական քննարկման, այնինչ մարտի 23-ին գումարվելու է ԱԺ հերթական նիստ, այս նախագիծը կարող էին քննարկել հենց այդ նստաշրջանում, սակայն իշխող ուժը որոշել է դրա համար արտահերթ նիստ գումարել՝ հաշվի չառնելով հրատապ մյուս նախագծերը:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այն, որ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը սկսելու էր նաև մշակութային եղեռն, մեզ համար գաղտնիք չէր: Ձևավորվելով ընդամենը100 տարի առաջ, այս պետությունը սեփականաշնորհում է իր վերահսկողության տակ անցած բնիկ ժողովուրդների մշակութային կոթողները, արվեստի գործերը և ընդհանրապես՝ նրանց կողմից հազարամյակներով ձևավորված ողջ մշակութային ժառանգությունը: Արցախում հազարամյա հայկական կոթողների ոչնչացումն այսօր իրականացվում է Ալիևի բարձր հովանու ներքո և նրա կարգադրությամբ: Օրերս լինելով օկուպացված Հադրութում՝ Ադրբեջանի առաջնորդը, իր պետությանը բնորոշ ձեռագրին հավատարիմ, փորձեց ապացուցել, որ տեղի հայկական եկեղեցին աղվանական է և կարգադրեց դրա վրայից մաքրել հայկական գրառումները: Ադրբեջանի այս վարքագիծը լիարժեքորեն տեղավորվում է այն ցեղասպան քաղաքականության մեջ, որով առաջնորդվել է մշտապես, նաև՝ 21-րդ դարում, ինչը փաստում է այդ պետության կազմում Արցախի գոյության անհնարինության մասին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում և ակադեմիայի ունկնդիրներին զրկել կրթաթոշակից, որը համապատասխանում է ընդհանուր իրավասության դատարանի նիստերի քարտուղարի վարձատրության չափին: Հիմնավորումն այն է, որ ակադեմիայի ունկնդիրների մեծ մասը ուսմանը զուգահեռ կատարում է այլ վճարովի աշխատանք, և ստացվում է, որ կրկնակի է վարձատրվում»: