23.11.2024
Ընդունել Արցախը վերադարձնելու ռազմավարությո՞ւնը, թե՞ կապիտուլիացիայի ակտը
prev Նախորդ նորություն

Բենզինը թանկանում է, Երևանը՝ փոսախեղդ վիճակում. դե եկ, վարորդ, ու մի խենթանա

Վարորդների համար ևս մի գլխացավանք. քիչ էին մայրաքաղաքի փոսերով լի փողոցները, որոնց մեջ, ինչպես սև հումոր են անում տաքսու վարորդները, «երեխան ընկնի՝ կկորի», բենզինի գինն էլ շարունակում է իր թռիչքը դեպի վեր: Ընդ որում, առանց որևէ շանսի, որ այդ աճը կանգ կառնի ու մենք էլ շունչ կքաշենք:


Բենզինի գինը հասել է 430 դրամի (ռեգուլյար): Թանկացել է հենց այն բենզինը, որի էժանացումը 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը, հպարտ ժպիտով, ներկայացրեց որպես իր կառավարության լուրջ ձեռք բերում «100 փաստ Նոր Հայաստանի մասին» ասուլիսի ժամանակ: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչ կապ ուներ այսպես կոչված թավշյա հեղափոխությունը տնտեսական այս երևույթի հետ կամ կարելի է մտածել, որ համաշխարհային տենդենցները շատ են հարցնում, թե երկրի ղեկին ով է: Ինչևէ, նախկինում թունդ ընդդիմադիր, ներկայումս վարչապետ Փաշինյանն այդ ժամանակ նաև հայտարարեց, թե Հայաստանում «տնտեսական մենաշնորհները վերացված են»: Ընդամենը 1,5 տարի անց ունենք հակառակ պատկերը՝ բենզինը թանկանում է, ընդ որում, ինչպես օրերս «ուրախացրեց» ՏՄՊՊՀ-ն, այս թանկացումը լինելու է շարունակական, մենաշնորհներն էլ շարունակում են ծաղկել խնամի-ծանոթ-բարեկամ տիրույթում: Ինչ խոսք՝ նոր Հայաստան հին բարքերով:


Բոլորս հիշում ենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ բացահայտվեց, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը ձեռք է բերել «ՌԱՆ ՕՅԼ» ընկերությունը: Մամուլը գրեց՝ գործարքն այնքան էլ հարթ չի անցել, իսկ նպատակը մեկն  է՝ մենաշնորհ  հաստատել ՀՀ բենզինի շուկայում: 


Ընկերությունից, բնականաբար, հերքեցին այս լուրերը. 


««ՍԻԼ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «ՌԱՆ ՕԻԼ» ընկերությունը: Բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն, պետք է հիշեցնել, որ Հայաստանը շուկայական երկիր է, և յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել բիզնես գործունեությամբ, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ «ՍԻԼ կոնցեռնը» Հայաստանում զբաղվում է բիզնես գործունեությամբ և ՀՀ օրենսդրությամբ իրավունք ունի ձեռք բերել, հիմնել և զբաղվել տարատեսակ բիզնեսներով՝ այդ թվում վառելիքի ներկրմամբ, առքով և վաճառքով:


Ինչ վերաբերում է մենաշնորհ հաստատելուն, պետք է հատուկ արձանագրել, որ շուկայում ոչ թե մենաշնորհ է ստեղծվում, այլ հակառակը՝ ստեղծվում է մրցակցություն, որից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները՝ ստանալով ավելի լավ որակի վառելիք` ավելի մատչելի գնով: Տնտեսության զարգացումը մրցակցության արդյունքում է լինում, այլ ոչ նախկին տարիների նման` ստեղծված և քարացած մենաշնորհների»,- ասված էր ընկերության տարածած հայտարարության մեջ:


Եվ ահա, մեկ ամիս անց մենք ունենք մի իրավիճակ, երբ «ՌԱՆ ՕԻԼ» բենզալցակայաններում այսօր բենզինը (ռեգուլյար) վաճառվում է 390 դրամով, իսկ մնացած բենզալցակայաններում՝ 430 դրամով: Թե ինչպես է այդպես ստացվում՝ կբացատրեն տնտեսագետները: Սոցիալական ցանցերում հերթական գնաճից, նաև երկաթե նժույգները երևանյան աննախադեպ փոսերում վնասող վարորդները զուգահեռներ են անցկացնում բոլոր ժամանակների իշխանությունների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի (լֆիկ Սամո) շաքարավազի մենաշնորհի հետ, երբ իր ներկրած շաքարավազը միշտ 30-50 դրամով էժան էր, քան մյուս տնտեսավարողներինը, որոնք կամաց-կամաց դուրս մղվեցին շուկայից: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ թելերով, այսպես ասած՝ տասնամյակների խորքից եկող կապերով է Խաչատուր Սուքիասյանը փոխկապակցված ներկայիս իշխանությունների հետ, և գուցե մեղադրանքները, թե «ՌԱՆ ՕԻԼ»-ի գործարքով նա փորձում է մենաշնորհ սահմանել վառելիքի շուկայում այնքան էլ չափազանցված չէի՞ն: Մյուս կողմից, մի ամիսը դեռ կարճ ժամանակահատված է նման եզրահանգումներ անելու համար, առավել ևս, որ տնտեսագետներն էլ պնդում են, որ ընկերությունը մենաշնորհային դիրք չունի: Բայց անվերահսկելի գնաճը, ընդ որում մեր կյանքի բոլոր ոլորտներում, ստիպում է հավատալ բոլոր տեսակի կուլիսային ինտրիգներին:


Իսկ ի՞նչ է ասում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Ասում է, որ կորոնավիրուսային մոտիվներով ծանր 2020 թվականից հետո համաշխարհային տնտեսական գործընթացների վերականգմանը զուգընթաց նաև սկսվեց կարգավորվել նավթի և նավթամթերքի շուկաներում պահանջարկը, ինչը նպաստեց նավթի գների բարձրացմանը: Ու, մասնավորապես, 2020 թվականի ապրիլ և 2021 թվականի փետրվար ամիսներին «Brent» տեսակի նավթի բորսայական միջին գինը բարձրացել է շուրջ 134%-ով։ Սրան գումարած դրամի արժեզրկումը, արդեն իսկ ձեռք բերված վառելիքի սպառումը և այլ ուսումնասիրությունները, ըստ ՏՄՊՊՀ-ի, փաստում են, որ «մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2021 թվականին ձեռքբերված խբաքանակները դեռևս չեն իրացվում և առկա մնացորդների ավարտից հետո առավել թանկ գնով ձեռքբերված խմբաքանակների իրացումը կարող է հանգեցնել իրացման գների լրացուցիչ բարձրացման»։


Սիրելի վարորդներ, երբ երևանյան փողոցներում մեքենա եք վարում ու ամեն 2-3 մետրը մեկ փոսն ընկնելուց այն փախցնում, իսկ հետո էլ աչքը գցում մոտակա բենզալցակայանի սարսափազդու գներին ու մտաբերում բոլորի ազգականներին, ովքեր ուղղակի կապ ունեն այդ երկու երևույթների հետ, փորձեք, այնուամենայնիվ, քիչ նյարդայնանալ: Ասում են, նյարդային համակարգը հանգստացնելու համար լավ օգնում է, երբ մեքենայում սիրած երաժշտության փոխարեն միացնում ես աուտոթրենինգ որևէ ծրագիր ու անհոգ ինչ-որ ձայն քեզ խորհուրդ է տալիս այդ պահին հիշել կապուտակ ծովն ու խաղաղ երկինքը: Իսկ թե որքան ժամանակով այս մեթոդը կօգնի մեր գնաճա-փոսային իրականությունից կտրվել վարորդներիս՝ նույնպիսի մեծ հարցական է, որը վաղուց կախված է մեր պետության գլխին:


Լիա Խոջոյան