22.11.2024
Գնալու եմ մինչև վերջ. որդին զոհվել է աչքի առաջ, ճակատագրական հրաման տվածն ազատ արձակվել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Անդրանիկ Քոչարյանը՝ վարչապետի թեկնածու. Փաշինյանը տեղյա՞կ է «պլան Բ»-ից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրպարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին անընդհատ տեղեկություն ենք ստանում, որ «ԻՔ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գաղտնի կոնսուլտացիաներ է վարում տարբեր պատգամավորների և ուժային բլոկի պաշտոնյաների հետ, թե իբր Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված ծրագիր են մշակել, այն է՝ իշխանական հերթական «պլան Բ»-ն։ Ըստ այդ պլանի, հարմար մի պահի իշխանական պատգամավորները հարց են բարձրացնում խորհրդարանում՝ քննարկել վարչապետի վստահության հարցը, քննարկում են, վերջում անակնկալ անվստահություն են հայտնում։ Հայտարարվում է, որ Անդրանիկ Քոչարյանը ամենափորձառուն է, արդեն վերահսկում է մի քանի ուժայինների՝ սկզբում ի պաշտոնե, իսկ հետպատերազմյան շրջանում իր իսկ լոբբինգով նշանակվածներին, ի դեմս, մասնավորաբար, ՊՆ Վաղարշակ Հարությունյանի, ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի։ Արդյունքում նա վարչապետի թեկնածու է առաջադրվում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը հանդիպումների ժամանակ վստահեցնում է, թե այդ պլանը մտածվել է Նիկոլ Փաշինյանի հետ միասին, սակայն դրա մասին վարչապետն անձամբ չի ուզում ասել։ Դեռևս ճշտել չստացվեց, թե պատգամավորներից քանիսն են համաձայնել Փաշինյանից հետո ընտրել իրեն, սակայն բավականին երկար ժամանակ է՝ տեղեկություններ են պտտվում, որ Անդրանիկ Քոչարյանը «Իմ քայլում» ունի իրեն ենթարկվող պատգամավորների որոշակի քանակ։ Ըստ մեր իշխանական աղբյուրների, Անդրանիկ Քոչարյանը նաև նշում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը ևս դեմ չի լինի ստորագրել իր նշանակման հրամանագիրը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելուց առաջ իշխանությունն անցած շաբաթ՝ փետրվարի 18-ին, քննարկում է կազմակերպել Ծաղկաձորի «Արարատ ռեզորտ» հյուրանոցում՝ փորձելով ցույց տալ, որ նախագծի շուրջ կա քաղաքական կոնսենսուս։ Սակայն քննարկմանը ԱԺ ամենամեծ ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն, ինչպես նաեւ արտախորհրդարանական ազդեցիկ ուժերը չեն մասնակցել։ Ներկա են եղել ԼՀԿ-ի, «Ժառանգության», ՔՈ-ի, «Սասնա ծռերի», Արման Բաբաջանյանի կուսակցության ներկայացուցիչները, չի բացառվում՝ այլ մարգինալ ուժեր եւս։ Մեր աղբյուրի դիտարկմամբ, ներկա էին նրանք, ովքեր խնդիր չեն տեսնում Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրությունների գնալու հարցում։ «Նախ՝ հրավերի համար որեւէ նախապայման չկար, 2019-ի գարնանից գործընթացը մեկնարկել է, հիմա հասել է ավարտական փուլին։ Երկրորդ․ ով նման բան է ասել, անհեթեթություն է դուրս տվել»,- ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ Վերջինս նույնպես ներկա է գտնվել հավաքին։ ԸՕ-ում կատարված փոփոխությունների մասին գործընկերներին տեղեկացրել է «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում իշխանությունից հեռանալու, իրեն քննադատելու յուրաքանչյուր փորձ։ Ոչ միայն «դավաճանող» է անմիջապես հայտնվում նրա սեւ ցուցակում, այլեւ նրա ընկերները, հարազատները։ Իսկ հեռացողին երաշխավորած անձն ուղղակի տեռորի է ենթարկվում առաջնորդի կողմից, անարգանքի սյունին գամվում։ Կարող է կեսգիշերին ինչ-որ տեղեկություն ստանալ եւ «դավաճանի» ընկերոջը, մտերիմին ստիպել, որ նա հավատարմության երդում տա, հրաժարվի ընկերոջից, «արյամբ» քավի հեռացողի մեղքը։ Թիմակիցներն ուղղակի սարսափում են նրա գիշերային զանգերից ու sms-ներից, որոնք հոգեբանական սթրեսի են ենթարկում նրանց»:


«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին բոլոր հանրային գործողությունները, ի թիվս այլ զգացողությունների, իսկ գուցե առավելապես առաջացնում են հիմնականում խղճահարություն։ Նորմալ մարդն այլ կերպ չի կարող վերաբերվել մեկին, ով մի քանի հարյուր մետր ճանապարհն անցնում է մի քանի հազար ոստիկանների ուղեկցությամբ, անցնում է գլխիկոր, վախվորած հայացքով։ Նիկոլ Փաշինյանը վախենում է, վախենում է այնքան, որ արդեն չի կարողանում, իսկ գուցե չի ցանկանում թաքցնել սեփական վախը։ Այդ վախն արտահայտվում է ոչ միայն ոստիկանապատ փողոցով քայլելիս։ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը եւս վախի ու խեղճության համադրություն էր։ Նախկին Նիկոլ Փաշինյանից գրեթե ոչինչ չի մնացել․ չկան նախկին բղավոցներն ու հայհոյախոսությունը, նա կորցրել է նախկին էնտուզիազմն ու էներգիան։ Երբեմնի հարձակվող Նիկոլ Փաշինյանն այսօր ընդամենը պաշտպանվողի դերում է, ընդ որում, պաշտպանվում է շատ անտաղանդ՝ չգիտակցելով անգամ, որ հանուն ներքին հարաբերությունների պարզաբանման արված միջպետական ավանտյուրայի համար կարող է շատ թանկ վճարել։ Նիկոլ Փաշինյանին դա եւս չի հուզում, թերեւս, այն հույսով, որ նաեւ միջազգային գործընկերներն իրեն կվերաբերվեն խղճահարությամբ ու հաշիվ չեն պահանջի անպատասխանատու հայտարարությունների համար։ Դժվար է ստույգ ասել՝ արդյոք Փաշինյանն այս խղճահարություն առաջացնող կերպարի մեջ մտել է գիտակցված հաշվարկի արդյունքո՞ւմ՝ հույսով, որ հասարակությունը կառաջնորդվի «ընկածին չեն խփում» սկզբունքով, թե՞ իրականում իսկապես նրա վախերն այնքան շատ են, որ այլեւս չի կարողանում թաքցնել դրանք։


Անկախ ամեն ինչից, խղճահարություն առաջացնող երկրի ղեկավարը ծանր ու անթույլատրելի դեպք է։ Հատկապես, երբ իրականում այդ ղեկավարն իր գործողություններով ու անգործությամբ մսխել է անգամ խղճահարություն առաջացնելու պարզ, մարդկային իրավունքը։ Առավել եւս, որ խղճահարության որեւէ չափաբաժին նրան չի կարող ազատել այն պատասխանատվությունից, որը կրում է Արցախի 75 տոկոսը հանձնելու, 5000-ից ավելի զոհերի ու 10 հազարից ավելի հաշմանդամների համար։ Ընդամենը երկուսուկես տարվա ընթացքում ինքն իրեն «ամենակարող» ներկայացնող Նիկոլ Փաշինյանը վերածվեց վախեցած, ոստիկանների թիկունքում թաքնվող, կցկտուր տեքստեր արտասանող մեկի։ Ժողովրդական սերը, որը նրան դարձրել էր «ամենակարող», վերափոխվել է ժողովրդական ատելության, որը Նիկոլ Փաշինյանն ամեն օր ավելացնում է՝ կառչած մնալով իշխանությունից։ Իշխանությունը նրա համար դարձել է փակ շրջան․իշխանության ամեն օրն ավելացնում է սեփական վախերը, բայց նա պատրաստ չէ հրաժարվել իշխանությունից, քանի որ միայն դրա պահպանման մեջ է տեսնում իր՝ գոնե ժամանակավոր փրկությունը։ Իսկապես խղճահարության արժանի իրադրություն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության դաշտում որոշակի խմբավորումներ-վերադասավորումներ են ընթանում։ Ամենայն հավանականությամբ, մի քանի բլոկ կձեւավորվի՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Թեեւ ոչ ոք դեռ չգիտի, թե երբ կկայանան այդ ընտրությունները, բայց դրանք կարող են շատ անսպասելի հայտարարվել, եւ քաղաքական ուժերը կարող են պատրաստ չլինել դրան, ինչպես, մեծ հաշվով, եղավ 2018 թվականին։ 17 կուսակցություններից միմյանց հետ ճանապարհ կգնան, հավանաբար, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը եւ քոչարյանական թեւը։ Ընդ որում, ՀՅԴ-ն՝ որպես ավանդական եւ ինստիտուցիոնալ կուսակցություն, հավակնում է առավել գերակշիռ դերակատարում։ Սակայն, որպես կանոն, ցուցակ կազմելու ժամանակ գործընկերները համաձայնության չեն գալիս, եւ հավանական դաշինքը, դեռ չստեղծված, քանդվում է։ Հանրապետականն ու ԲՀԿ-ն իրենց համարում են ամենակայացած եւ ընտրական մեծ փորձ ունեցող ուժեր, ուստի հակված են միայնակ գնալու։ Մյուսներից քիչ թե շատ միավորվելու շանսեր ունի Հրանտ Բագրատյանը՝ մի քանի մանր կուսակցությունների հետ։ Մի բլոկ էլ կարող է ձեւավորվել ակտիվ պրոռուսական ուժերից, որոնք նոր ՍՍՀՄ ձեւավորելու գաղափարի կողմնակիցն են։ Ամեն դեպքում, արդեն հստակ է, որ առաջիկա ընտրություններին մեծ թվով մասնակիցներ են լինելու՝ փոքր ձայներով, եւ հստակ առաջատար ու մեծամասնություն չի ձեւավորվելու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ հայ օլիգարխները՝ ի դեմս «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի, «Մոնարխի» սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի եւ Կամո Ավագումովի, մոտ օրերս ժամանելու են Երեւան։ Մարտի 2-ին Սամվել Կարապետյանի եղբոր՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի 60-ամյակն է։ Այն, մեր տեղեկություններով, նշելու են Կարապետյանների կառուցած նոր ռեստորանում, որը կոչել են «Բենեդիկտ»։ Այսինքն՝ այդ օրը «երկուսը մեկում են անելու»՝ ե՛ւ ռեստորանի բացումը, ե՛ւ ծննդյան արարողությունը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ համացանցում հենց պետական մարմինների կողմից Նիկոլ Փաշինյանին հերքելու սենսացիոն հիթ - շքերթ սկսվեց: Նախ՝ դատախազությունը, ապա ԳՇ-ն հերքեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զորախումբը պատերազմի ժամանակ լքել է դիրքերը: Երկու կառույցներն էլ հայտնել են, որ զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել՝ ըստ էության փաստելով, որ Փաշինյանը հերթական անգամ ստել է:  Լուրը մեկնաբանելու խնդրանքով «Փաստը» դիմեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին, ով նշեց, որ բարձր է գնահատում փաշինյանական կեղծիքներին տուրք չտալու պետական այս կառույցների համարձակությունը: «Ինչպես այս դեպքում՝ Փաշինյանի բոլոր ստերն ու կեղծիքները հերթով ջրի երես են դուրս գալու»,- նշեց Բաբայանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ռուսական կողմը երեկ ամեն կերպ կշտամբում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Իսկանդեր»-ին վերաբերող հայտարարությունների համար, պարզվում է՝ վարչապետի աշխատակազմը փորձում է պետական գաղտնիքի անվան տակ պատերազմին վերաբերող այլ հանգամանքներ թաքցնել: Նախ՝ ամեն ինչի մասին սկզբից. 23-ի երեկոյան՝ «Առաջին լրատվական»-ի եթերում հրապարակված հարցազրույցի ժամանակ, Փաշինյանը, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ը ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը». «Թող հարց տա՝ ինչու «Իսկանդերը» չի պայթել, կամ ինչու է այն պայթել, օրինակ, 10% -ով»։ Եվ, ահա, այս հայտարարությանն անդրադարձ եղավ ամենատարբեր մակարդակով։ «Հայտարարելով ռուսական «Իսկանդեր»-ների անաշխատունակության մասին՝ Փաշինյանը պետք է, ինչպես ասում են, «պատասխան տա ասածի համար»» ,- ասել է «Իսկանդեր»-ի մշակողներից ինժեներ-կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյովը։ Նա հավելել է, որ ինքը տասնյակ անգամներ վկա է եղել համալիրի փորձարկմանը եւ ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը չպայթի։ Իսկ որպեսզի նման բան պատահի, պետք է կա՛մ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կա՛մ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ այստեղ դեռ պետք է պարզել՝ արդյոք թերուսները չեն սպասարկել «Իսկանդեր»-ներով կրակելուց առաջ։


Իսկ հիմա անդրադառնանք մեկ այլ հետաքրքիր հանգամանքի. այդ հարցազրույցում եղան հայտարարություններ, որոնք ուղիղ պատասխան էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Փաշինյանը փորձում է արդարացնել վերջինիս հարցադրումը, թե ինչու «Իսկանդեր»-ը չի կիրառել, սակայն փորձում է խնամքով թաքցնել նրա մեկ այլ հարցադրումը, թե ինչու է պատերազմի օրերին 600 դոլարով զրահաբաճկոն ձեռք բերվել: Բանն այն է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ, խոսելով «թալանի եւ լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով հերքել կամ հաստատել Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Նշված հարցադրումների կապակցությամբ հայտնում ենք, որ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, այդ կատեգորիայի ծառայությունների եւ ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»: Այսինքն՝ պետական գաղտնիքի անվան տակ փորձում են գերթանկարժեք գնով զրահաբաճկոններ գնելու աղմուկը մարել եւ, ըստ էության, կարեւոր տեղեկություն թաքցնել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին տված հարցազրույցում «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը իսկական սկանդալի պատճառ է դարձել: Դրան արդեն արձագանքել են ոչ միայն ռուսական լրատվամիջոցները, այլև փորձագիտական և պաշտոնական շրջանակները՝ «վատ պարողին գիտենք՝ ինչն է խանգարում» ձևակերպման հանգվույն: Փաշինյանին ռուսները փաստացի մեղադրում են սուտ խոսելու մեջ: Բազմաթիվ փորձագետների համոզմամբ, Փաշինյանը շարունակում է սխալներ գործել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հանդեպ: Դիտավորյալ թե չգիտակցելով, այլ խոսակցության թեմա է: Սակայն ուշագրավ է, որ այս հայտարարությանը նախորդել էր իշխանամերձ որոշ շրջանակների հակառուսական հերթական հիստերիան, որը փորձագետներից շատերը համարում են ամենևին ոչ պատահական: Ընդ որում, դարձյալ թիրախավորվում են 102-րդ ռազմաբազան ու, որ ամենատարօրինակն է, նաև ռուս խաղաղապահները: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր խնդիր ունի, որը մինչև վերջ պետք է հասցնի: «Խոսքը հակառուսականության տարածման, ռուսական գործոնի հանդեպ ատելություն սերմանելու մասին է: Դաշնակցի հանդեպ անվստահության ու ատելության քարոզը, որը քողարկված տեսք ունի, պետք է ավարտին հասցնի: «Իսկանդերի» հետ կապված անհեթեթությունն այդ նպատակն ուներ»,-ասաց նա: Սրան զուգահեռ նույն շրջանակները նորից սկսել են «ներքին թշնամիների» թեմայի շրջանառությունը, թե իբր Հայաստանի ինքնիշխանությունը, պետությունը վտանգված է... ընդդիմադիրների կողմից: Շատերի համոզմամբ, ներկայումս իշխանություններն ու իշխանության սպասարկուները նոր թափով են վերսկսել այն ամենը, ինչն ի վերջո հանգեցրեց ձախողման բոլոր ոլորտներում, պատերազմի ու խայտառակ պարտության»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախից հետեւողական լուրեր են հասնում, որ Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանն ինքնաբուխ է որոշել Արցախում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, անգամ չի խորհրդակցել, թե արդյոք անհրաժեշտ է Արցախում ռուսերեն լեզուն դարձնել որպես պաշտոնական լեզու: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս հարցերի շուրջ զրուցել Արցախի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու կամ ում է հաճոյանում՝ առաջ ընկնելով հայերենը ստվերելու իր պաշտոնական քայլով: «Իհարկե, որպես թիմակիցներ, իրավաբանների, մասնագետների հետ քննարկումներ ունեցել ենք»,- հայտարարեց Հարությունյանը: Մեր դիտարկմանը, թե ինքն այդ փոփոխությունը համաձայնեցրել է արդյոք ռուսական կողմի հետ, պատգամավորն ասաց. «Մենք տարբեր գերատեսչությունների հետ քննարկել ենք, արդյոք ունեն նման խնդիր շփվելուց, թե չէ, նաեւ փորձառու իրավաբանների հետ ենք քննարկել, թե արդյոք պետական կամ պաշտոնական լինի, արդյոք հակասահմանադրական է, թե ոչ, մենք քննարկումներ ունեցել ենք, փորձել ենք հասկանալ՝ արդյոք նամակագրությունը խնդիր է ռուսերեն լեզվով, թե չէ, ու համապատասխան պատասխաններ ենք ստացել, որոնք մեր որոշման մեջ հիմք են հանդիսացել»: Ի դեպ, Արցախի կառավարությունը դեռեւս այս նախաձեռնությանը չի արձագանքել։ «Դեռ չկա կառավարության եզրակացությունը»,-եզրափակեց Հարությունյանը: Նկատենք, որ Հարությունյանը չհերքեց, որ ինքնագլուխ է որոշել ռուսերենը դարձնել 2-րդ պաշտոնական լեզուն Արցախում, որը միանշանակ չի ընդունվել անգամ վիրավորված, բայց վերակենդանացող Արցախում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սերգեյ Բագրատյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ ցանկանում են փոփոխություն կատարել «Զենքի մասին» ՀՀ օրենքում: Նրանք ցանկանում են օրենքով ամրագրել, որ սահմանամերձ համայնքի բնակիչները կարող են զենք ունենալ՝ ակոսափող որսորդական հրազենի տեսքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հրազեն կրելու իրավունքի ձեռքբերման հարցով պատգամավորներին դիմել են հենց սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչներ՝ հիմնավորելով, որ դա, բացի այն, որ որսորդությամբ զբաղվելու առավել արդյունավետ միջոց է, այլեւ քաղաքացիների անվտանգության լրացուցիչ երաշխիք է, որը կբարձրացնի անվտանգության եւ վստահության զգացումը: Հավելենք, որ նախագծի հիմնավորման մեջ նշված է. «2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորվում են նոր սահմաններ, եւ, այդ փաստով պայմանավորված, առաջացել է անհրաժեշտություն, որպեսզի «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրվի նոր խմբագրությամբ, որով ակոսափող որսորդական հրազեն կրելու իրավունքի ձեռք բերումը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված, որոշ սահամանամերձ բնակավայրերում հաշվառված եւ փաստացի բնակվող քաղաքացիների համար կիրականացվի պարզեցված կերպով»: Իսկ թե ինչպիսի նոր պատուհաս կդառնան օրինական կարգով գյուղացիներին հասանելիք զենքերը, ժամանակը ցույց կտա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական դրամը շարունակում է արժեզրկված մնալ. ՀՀ առեւտրային բանկերում երեկվա դրությամբ ամերիկյան դոլարի առքի առավելագույն գինը 524-525 դրամ է, վաճառքինը՝ 529 դրամ: Զգալի բարձրացել է նաեւ եվրոյի փոխարժեքը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում երեկ 635-636 դրամ է եղել, իսկ վաճառքինը՝ 646-647 դրամ։ Իսկ մինչեւ պատերազմի ավարտը՝ նոյեմբերի սկիզբ, դոլար հնարավոր էր գնել 495 դրամով, բայց հետպատերազմյան շրջանում դոլարը թանկացել է շուրջ 30 դրամով։ Հայաստանում, դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումը մասնագետները կապում են այդ շուկայում առաջացած դեֆիցիտի հետ. մարդիկ իրենց դրամային խնայողությունները դոլարի են վերածում։ Բայց դոլարի փոխարժեքի բարձրացումն իր ազդեցությունն է թողել Հայաստան ներկրվող բենզինի շուկայի վրա. «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390 դրամով, իսկ «Պրեմիումը»՝ 410 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունից, անդրադառնալով բենզինի թանկացմանը, «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին. «Մեզանից չէ կախված, ընդհանուր շուկայի արժեքները փոխվում են, եւ մենք նոր արժեքներն ենք ներկայացնում: Այո՛, նաեւ կապ ունի դոլարի փոխարժեքի բարձրացման հետ»: