Արցախյան վերջին պատերազմից հետո որդեկորույս ծնողների համար հավելյալ ցավ է ոչ միայն գիտակցումը, որ իրենք չեն կարող բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալ՝ ինչպե՞ս է որդին մահացել, ինչո՞ւ է այդ պահին եղել տվյալ վայրում, ո՞ւմ հրամանով և այլն, այլև այն, որ չկա հույս, որ արդար հատուցում կստանան բոլոր նրանք, ովքեր մեղավոր են իրենց զավակների մահվան համար: Եվ սա լոկ խոսքեր չեն:
Արման Հարութի Օհանյանը իր 17 ծառայակից ընկերների հետ զոհվել է հոկտեմբերի 9-ին Հորադիզի շրջանի Իշխանաձոր գյուղի տարածքում: Ինչպես պնդում է հայրը՝ Հարութ Օհանյանը, նրանք զոհվել են հրամանատարի սխալ հրամանի հետևանքով։ Եվ սա հիմնավոր մեղադրանք է, քանի որ հարուցվել է քրեական գործ, անգամ միջնորդությունը բավարարվել էր և հրամանատարի տեղակալի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց կալանավորումը.... սակայն օրերս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը փոխել է Արցախի զորամասերից մեկի հրամանատարի տեղակալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով չհեռանալու մասին ստրագրությամբ։
«Որդիս այսօր կողքիս կլիներ, եթե զինվորներին սխալ հրաման չտրվեր։ Պատերազմի առաջին իսկ օրերին զորամասը մեկնել էր Ջաբրայիլ, մի քանի օր հետո էլ ես գնացի ճակատ՝ նրա կողքին լինելու համար։ Հոկտեմբերի 9-ին հրաման եղավ, որ ամբողջ զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանի Տիլի գյուղից տեղափոխեն։ Հասանք խաչմերուկ, «Ուրալ»-ը գնաց լիցքավորվելու, իսկ հետ գալուց արդեն լսվում էր ԱԹՍ–ի ձայնը: Տղաներին իջեցրեցինք մեքենայից ու ասացինք՝ թաքնվեն։ Այդ ժամանակ եկավ իրենց մարտականի պետը, ասաց՝ ինչի՞ եք կանգնել: Հրամանատարն ասաց՝ ԱԹՍ կա վերևում, ձայնը ուժեղ գալիս է։ Ասաց՝ կապ չունի, նստեք, որ շարժվենք։ Ես էլ գոռացի, ասաց՝ կապ չունի։ Ու շարժվեցինք... 10 րոպե էլ չէր անցել, անօդաչուն հարվածեց երեխեքին, մենք այլ մեքենայով իրենց առջևից էինք գնում»,- VERELQ-ի հետ զրույցում պատմեց նա, ով պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել։
Բացի մեկից՝ մնացած 19 զինծառայողները զոհվել են։ Աչքի առաջ որդուն կորցրած հայրը մեքենայից մի կերպ իջնելով գոռում էր՝ «բռնեք դրան, իրա պատճառով մեր երեխեքը էսպես եղան»։ Բայց ճակատագրական հրաման տվողն արդեն փախուստի էր դիմել:
Երկու ամիս անց՝ դեկտեմբերի 8-ին, Օհանյանի դիմումի հիման վրա քրեական գործ հարուցվեց։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա.Վ-ին դեկտեմբերի 29-ին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության ժամանակ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Ա.Վ-ի նկատմամբ ընտրվեց կալանավորումը որպես խափանման միջոց, բայց երկու ամիս անց, փաստացի, այն փոխվեց:
Այս ընթացքում եղել է նաև որդեկորույց որդու հետ առերեսում, որի ժամանակ Ա.Վ.-ն պնդել է, թե նման հրաման չի տվել, ԱԹՍ–ի ձայն էլ չի լսել: Մեր զրուցակցի խոսքով, նա ուղղակի ստում է, առավել ևս այդ պահին տարածքում շատ մարդ է եղել, և եթե հետաքննեն, ապա հեշտ է ապացուցելը:
«Իսկ հիմա էլ նրան ազատ են արձակել, բայց ես այդ հարցն այդպես չեմ թողնի, կրկին հայց եմ ներկայացրել դատախազություն, որպեսզի ինձ տեղեկատվություն տրամադրեն, թե ինչո՞ւ է նա ազատ արձակվել»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև վերջ գնալու է ու հասնելու է արդարության։
Ավելի ուշ VERELQ-ը Քննչական կոմիտեից պարզեց, որ Ա.Վ-ի խափանման միջոցը փոխվել է պաշտպանի միջնորդության հիման վրա, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ ՀՀ նախագահի 2020թ․ հոկտեմբերի 16-ի հրամանագրով Արման Հարութի Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար։
Լիա Խոջոյան