VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս ժամանակահատվածում բարիդրացիական հարաբերություններ է փորձում կառուցել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս տարբեր հարցերի վերաբերյալ Մարությանը խորհրդակցում է նրանց հետ՝ չնայած այն բանին, որ մինչեւ այս երբեւէ նման բան չէր արել: Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը իշխանությունների հետ հակադրվել է, կտրել բոլոր իր կապերը նրանց հետ ու փորձում է մաքուր դուրս գալ այդ պաշտոնից։ Ավելին, Մարությանն անկեղծացել է իր շրջապատում ու հայտարարել, որ կառավարության անպատասխանատվության հետեւանքով է, որ ինքը մինչեւ այսօր չի կարողացել իր տված խոստումները կատարել՝ վերազինել տրանսպորտը, վերակառուցել վերելակները եւ այլն: Ըստ Մարությանի՝ ինքը երբ դիմել է կառավարություն ֆինանսական աջակցություն ստանալու համար, որպեսզի այդ աշխատանքներն իրականացնի, խոստացել են, բայց չեն տվել: Եվ Մարությանն ասել է, թե ինքն այդ հարցերում քաշքշուկների մեջ է հայտնվել։ Հիմա Մարությանը փորձում է ամեն գնով իրեն արդարացնել ու գոնե քաղաքապետարանում իր վարկանիշը վերականգնել: Տեղեկացնենք, որ մարտի 16-ին կայանալու է Երեւանի ավագանու հերթական նիստը»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Առաջին լրատվական»-ին տված բացառիկ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հերքել Ամուլսարի հանքի շահագործման հնարավորությունը: Ամուլսարի շահագործումը կարող է լրացնել տնտեսական և հարկային եկամուտների այն բացը, որը առաջացել է Սոթքի հանքի շահագործումը փաստացի դադարեցնելուց հետո»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ղեկավարած կառույցում, կարելի է ասել, միայնակ է մնացել։ Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո հին ԵԿՄ- ականները երես են թեքել իշխանություններից եւ համարում են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա։ «Միքայելյանի եւ իշխանության հենարանը մնացել են Սափեյանները եւ Արամ Զավենիչի կուսակից Ռոմիկ Մխիթարյանը»,- ասաց մեր աղբյուրը։ Սասուն Միքայելյանը փորձում է հավաքներ կազմակերպել, խրոխտ ելույթներ ունենալ, թեեւ նրա կողքին, լավագույն դեպքում, 40-50 մարդ է մնացել։ Իսկ երեկ էլ Միքայելյանը հայտարարեց, թե ԵԿՄ-ում նոր՝ երիտասարդ մարդկանց են հավաքագրում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հայ հասարակությունը քննարկում է հայկական ավիացիայի շուրջ ծագած հերթական սկանդալը՝ Boeing 737 տիպի օդանավի առեւանգման եւ Իրանում կատարած վայրէջքի հետ կապված, Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածում, թե «Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին եւ ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ»: Սակայն ամբողջ հարցն այն է, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այս օրերին Հայաստանում չէ, նա ընտանիքի հետ հանգստի է մեկնել։ Փետրվարի 7-ին, մեր տեղեկություններով, նա Երեւան-Դուբայ-Մալդիվներ չվերթով մեկնել է Մալդիվյան կղզիներ՝ հանգստանալու։ Սպասում էին, որ պետք է վերադառնար նախօրեին, սակայն դեռ չի վերադարձել։ Թեեւ կոմիտեում վաղուց հաշտվել են առանց ղեկավարի աշխատելու իրողության հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին հրամաններից մեկը եղել է այն, որ ուղիղ 1 միլիոն դրամով կրճատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատավարձը։ Արսեն Թորոսյանն Արման Հովակիմյանին ամսական 5 միլիոն դրամ աշխատավարձ էր սահմանել։ Ուշագրավ է, որ այս աստղաբաշխական աշխատավարձի մասին կոլեկտիվն իմացել է կրճատումից հետո, երբ այն դարձել է 4 մլն, եւ շոկի մեջ է ընկել․ Հովակիմյանի տեղակալները մի քանի անգամ պակաս աշխատավարձ են ստանում, էլ չենք խոսում բժշկական անձնակազմի մասին։ ԲԿ տնօրենը երեկ չցանկացավ խոսել այս թեմայով, հարցին, թե ճի՞շտ է, որ նախարարն իր աշխատավարձը 1 միլիոնով իջեցրել է, տնօրենը պատասխանեց․ «Իսկ ճի՞շտ է, որ Դուք ինձ նման հարցեր եք տալիս», ապա՝ ճիշտ չէ։ Եվ ասաց՝ գաղտնիք է, թե ինքն ինչքան աշխատավարձ է ստանում։ 5 միլիոն դրա՞մ։ «Ասում եմ՝ դա գաղտնիք է»։ Նախարարի խոսնակն էլ մեզ փոխանցեց, որ աշխատավարձն անձնական նեղ հարց է, ինքը չի կարող նման ինֆորմացիա տալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս իշխանության մեջ բոլորը չէ, որ նախկինների ու ներկաների բաժանման կողմնակից են։ Ոմանք դեմ են նախկիններին սեւացնելու քաղաքականությանը եւ անգամ չեն ժխտում իրենցից առաջ աշխատած անձանց վաստակը։ Մեզ պատմեցին, որ երբ անցած տարեվերջին ՊԵԿ գործունեության տարեկան ամփոփ տեսաշարն են պատրաստել, ֆիլմի միայն 1 կադրում է եղել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Ֆիլմը նայելով՝ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանձնարարել է խմբագրել՝ ավելացնել Անանյանի հատվածը։ Ասել է, որ մինչեւ 2020թ․ հունիսը՝ գրեթե կես տարի, պարոն Անանյանն է եղել նախագահը, պետք է համամասնությունը պահպանել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Փաստաբան Լուսինե Հակոբյանը կարծում է, որ ԲԴԽ անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանի դեմ սկսված դատական պրոցեսը իրականացվում է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նախաձեռնությամբ: Դատավոր Կարինե Պետրոսյանը դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները ԲԴԽ անդամի պաշտոնում, հիմնավորելով, որ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ է ընտրվել օրենքի խախտմամբ՝ նա 65 տարեկան է: Մինչդեռ այդ պահանջը չի վերաբերում գիտնական իրավաբաններին: Լուսինե Հակոբյանը պնդում է, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին և դատարան դիմած դատավոր Կարինե Պետրոսյանին տեսել է երևանյան սրճարաններից մեկում, և կարծում է, որ այդ հանդիպումը անմիջական կապ ունի Պետրոսյանի ներկայացրած դիմումի հետ»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը դատի է տվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն ու սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Նա պահանջում է սահմանված կարգով իր կենսաթոշակը վերահաշվարկել եւ ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարն իրեն վճարել: Ալվինա Գյուլումյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ 3 դատավորների լիազորությունների դադարեցումից հետո նրանցից 2-ի կենսաթոշակները հաշվարկվել են ՍԴ օրենքի մասին մի կետով, իսկ իրենը՝ մեկ այլ կետով, եւ արդյունքում ինքը ստանում է նրանց ստացած կենսաթոշակի կեսից էլ պակաս: Հարցին՝ ի՞նչ խնդիր է առաջացել, որ իր կենսաթոշակն այլ կերպ է հաշվարկվել, Գյուլումյանը պատասխանեց. «Ասում են՝ դուք 2014 թվականին այստեղ չեք աշխատել, բայց ես էլի դատավոր եմ եղել Եվրոպական դատարանում: Մի քիչ իրավական նրբություններ կան, եւ ես գտնում եմ, որ խտրական վերաբերմունք է դրսեւորվել, ու օրենքը սխալ է մեկնաբանվել, հիմա տեսնենք՝ դատարանն ինչ կորոշի»: Հայցը փետրվարին 22-ին ներկայացվել է Վարչական դատարան եւ մակագրվել դատավոր Գեւորգ Սոսյանին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Աշոտ Հակոբջանյանին նշանակել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Հակոբջանյանն Արցախի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո, երբ ներքաղաքական ճնշումը պիկի էր հասել։ Մասնավորապես, Վիտալի Բալասանյանի պահանջն էր՝ ազատվել ուժային կառույցի ղեկավարներից։ Հակոբջանյանի նկատմամբ կար հանրային դժգոհություն, ինչպես Հայաստանի ոստիկանության աշխատակիցներին էին Շուշի ուղարկել եւ պարտադրել առանց պատրաստվածության սահման գնալ, այնպես էլ՝ Արցախի ոստիկաններին։ Նա ներգրավված է եղել նաեւ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին պատերազմի օրերին Շուշիի բերդ տանելու գործում՝ քրեակատարողական հիմնարկներն Արցախում ոստիկանապետի վերահսկողության ներքո են։ Սակայն Հակոբջանյանն Արցախի նախագահի մտերիմներից է, ակտիվ է եղել նախագահական ընտրությունների քարոզարշավին։ Փաստորեն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է կադրային փոխատեղումներով փորձում թոզ փչել հանրության աչքերին՝ ցույց տալով, թե իբր գնում է արմատական փոփոխությունների, նույնը Արայիկ Հարությունյանն է անում»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Կանխատեսելի էր, որ Արցախի Հանրապետության տարածքներ Թուրքիայի ռազմական էքսպանսիային հետևելու էր նաև տնտեսական ներխուժումը: Այդ երկիրն Անդրկովկասում առաջին հերթին ցանկանում է ամրապնդվել տնտեսապես, որն այնտեղ ներկա գտնվելու ավելի երկարաժամկետ հիմքեր կապահովի նրա համար: Դրա ակնառու դրսևորումներն առկա են Վրաստանում: Չնայած Արցախյան պատերազմը նոր է ավարտվել, և վաղ է խոսել դրանց հետևանքների վերացման մասին, սակայն Թուրքիան սկսել է գործուն քայլեր ձեռնարկել զավթած տարածքներում նաև իր տնտեսական ներկայությունն ունենալու ուղղությամբ: Նախորդ շաբաթ Թուրքիայի տնտեսական հարաբերությունների հանձնաժողովը կազմակերպել էր «Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորումը»: Թուրքական կողմն ակնկալում է Հայաստանի և Արցախի կառուցողական վերաբերմունքը: Սակայն խնդիրն այն է, որ թուրքական երկու պետությունները հեռու են կառուցողականությունից, նախ՝ կոշտ ռազմական հռետորաբանությամբ, ներքին կոմունիկացիաները փակ պահելով, ինչպես նաև պատերազմից մի քանի ամիս անց էլ մեծ թվով ռազմագերիներ պատանդ պահելով: Նման իրավիճակում անտրամաբանական է տնտեսական համագործակցության, առավել ևս՝ ագրեսիայի ենթարկված կողմի կառուցողականության մասին խոսելը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանից Եվրամիության երկրներ արտագաղթը շարունակվում է: Տուրօպերատորները, որոնք կազմակերպում են ԵՄ մեկնելու և այնտեղ փախստականի կարգավիճակ ստանալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների մեկնումը, գտել են նոր միջանկյալ երկիր՝ Մալդիվյան կղզիները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020 թվականը ոչ միայն տնտեսական ցուցանիշների համար է վատ եղել, այլ նաեւ իրավապահ համակարգի համար է ոչ բեղմնավոր տարի եղել: Գլխավոր դատախազությունը, օրինակ, երեկ ամփոփել է նախորդ տարի տեղի ունեցած տնտեսական հանցագործությունների վիճակագրությունը: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանց թիվը նվազել է: Մասնավորապես, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10 տոկոսով նվազ է՝ 2019-ի համեմատ (931): 2020-ին վարույթում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ, որն էլ, 2019-ի համեմատ, նվազ է 155-ով: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այդ գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ դրամը, ինչպես նաեւ 13,5 մլրդ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի եւ դրամական միջոցների վրա: Բյուջեն թալանած մկները, կարելի է ասել, անպատիժ են մնում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Օրինակ՝ միայն Լոռու մարզում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 700-ով: Արագածոտնի մարզում 200-ով է նվազել բնակչության թիվը, Արարատում՝ 100-ով, Գեղարքունիքում՝ 300-ով, Շիրակում՝ 400-ով: Մեկ տարվա ընթացքում Սյունիքի մարզում բնակչության քանակը նվազել է 1300-ով: Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 1300 բնակչի նվազումը մտահոգիչ է, որքան էլ որ նկատի ունենանք, որ արտագնա աշխատողներ են եղել նրանց մեջ։ Իսկ, ահա, Վայոց ձորի մարզում 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակիչների քանակը կազմել է 17 հազար 100, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 16 հազար 900. այս մարզում 200-ով է պակասել բնակիչների քանակը: Մյուս բացասական նորությունն այն է, որ սահմանամերձ Տավուշի մարզում բնակիչները պակասել են 800-ով: Երեւանում հակառակ պատկերն է. մայրաքաղաքում բնակիչների թիվն ավելացել է 8000-ով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Երեւանում բնակիչների քանակը կազմել է 1 մլն 84 հազար մարդ, այս տարվա նույն ժամանակահատվածում` 1 մլն 92 հազար մարդ: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ նախկին եւ ներկայիս իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, բնակություն հաստատում մայրաքաղաքում։ Այս հարցում ձախողեց նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը»: