VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը քննարկում է այսօր կազմակերպվելիք միջոցառումների երկու սցենար: Մի մասը կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Երևանին զուգահեռ՝ հանրահավաքներ և փողոցային այլ միջոցառումներ կազմակերպվեն մյուս քաղաքներում ևս՝ դրանով կաթվածահար անելով ամբողջ երկիրը, սակայն ընդդիմության ղեկավարության մեծամասնությունը հակված է ուժերը կենտրոնացնել Երևանում՝ այն տրամաբանությամբ, որ իշխանության հարցը որոշվում է Երևանում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ՝ մինչեւ օրվա վերջ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չստորագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված միջնորդությունը, որով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պետք է ազատվի աշխատանքից: Նրան ազատելու որոշման մասին երեկ առավոտյան հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ի՞նչ է ասում ՀՀ մայր օրենքը այդ մասին. ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածը, որը սահմանում է հանրապետության նախագահի լիազորությունները Զինված ուժերի բնագավառում, նախատեսում է. «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»: Այսինքն՝ ստացվում է՝ վարչապետը առաջարկել է ազատել Օնիկ Գասպարյանին, սակայն նախագահը դեռ չի ընդունել այդ առաջարկը, եւ Գասպարյանը շարունակում է մնալ Զինված ուժերի շտաբի պետը: Բացի այդ, մայր օրենքի 139-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է, թե ինչ է լինում այն դեպքում, երբ նախագահը հրաժարվում է ստորագրել վարչապետի առաջարկը: «Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»: Այսինքն՝ ՀՀ նախագահը կարող է վերադարձնել Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը. եթե Նիկոլ Փաշինյանը չընդունի վերադարձը, նախագահը կարող է այն ուղարկել ՍԴ, որտեղ ամիսներ անց միայն կքննվի սահմանադրականության հարցը: Այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը շարունակելու է մնալ Գլխավոր շտաբի պետ: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ ստացվում է` Օնիկ Գասպարյանին կամայական ազատելը հեշտ գործ չէ…»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ընդդիմության առաջնորդներին, Վազգեն Մանուկյանին մեղադրում էր դավաճանության մեջ՝ հիշեցնելով նրա հայտարարությունը, որ պատերազմի օրերին զանգել է գեներալներին եւ սպաներին ու ասել, որ չկատարեն Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Ապա հերթական աբսուրդ հայտարարությունն արեց, որ այսօր «բարձրաստիճան զինվորականները լքել են իրենց ծառայությունը»։ Փաշինյանի հայտարարությունը շոկ է առաջացրել պաշտպանական գերատեսչությունում․ այդ հայտարարությունից, կարելի է ասել, հինգ րոպե անց ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ սրբագրելով վարչապետի վրիպումը եւ վստահեցնելով․ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը»: Ուշագրավ է, որ ժամանակին Փաշինյանի թիմակիցները Հրանտ Բագրատյանին անարգանքի սյունին էին գամում այն հայտարարության համար, թե Ալիեւի տեղը լիներ, կհարձակվեր Հայաստանի վրա։ Հիմա Փաշինյանը բաց տեքստով ասում է, որ զինվորականները լքել են իրենց դիրքերը, Ալիեւ, համեցիր։ Իսկ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «ես համոզված եմ, որ շատ գեներալներ եւ բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունն ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո», արձագանքեց ԳՇ-ն․ «ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որեւէ մեկի կողմից կամ չի՛ արվել որեւէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների եւ սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ եւս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպասում էին, թե երբ են ստանալու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, տեղակալներին, գեներալներին ու գնդապետներին ձերբակալելու որոշումները: «Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցների իր աղբյուրներից պարզեց, որ ե՛ւ ՀՀ դատախազությունից, ե՛ւ ՀՀ քննչական կոմիտեից, ե՛ւ ԱԱԾ-ից ՀՀ կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ չեն ենթարկվելու անօրինական որեւէ հրամանի: Ավելին, բացատրել են, որ ռազմական դրության պայմաններում որեւէ դեպքում Օնիկ Գասպարյանին կամ որեւէ այլ զինվորականի չեն ձերբակալի, չեն միջնորդի ձերբակալության համար, հետեւաբար ՀՀ կառավարությունը հասկացել է, որ ուժային կառույցներից միայն փոքրիշատե իրենց վերահսկողության տակ է մնացել ՀՀ ոստիկանությունը, սակայն ոստիկանությունն էլ զինվորականներին ձերբակալելու իրավունք չունի, ռազմական ոստիկանությունն էլ դժվար թե գնա այդ համարձակության: Օ. Գասպարյանը, նրա տեղակալները եւ հայտարարությանը միացած հինգ կորպուսների հրամանատարները կշարունակեն պաշտոնավարել եւ ապահովել մեր երկրի սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, իսկ ներքաղաքական զարգացումները դեռ կշարունակեն ծավալվել: Հավելենք, որ ուժային կառույցների աշխատակիցների պնդմամբ՝ զինված հեղաշրջման փորձ չի եղել, քանի որ ԳՇ պետը, բացի հայտարարությունից, որեւէ քայլ չի արել, զինված գործողություն չի արել իշխանության յուրացման համար, հետեւաբար ապօրինություն կլինի նրան ձերբակալելը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել, արագ կանչել մերձավոր թիմակիցներին․ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Վահագն Հովակիմյան, ասել է, որ եթե իրավիճակը կտրուկ սրվի, հնարավոր է երկրում պարետային ժամ մտցնենք, գնացեք պատրաստեք նախագիծը։ Պատմեցին, որ Միրզոյանը հեռացել է բավականին դժգոհ, թեեւ չի բարձրաձայնել։ Ուշագրավ է, որ երեկ նա չերեւաց հրապարակի հանրահավաքում։ Ավելի ուշ Փաշինյանը հանձնարարել է բոլորին՝ նախարարներ, մարզպետներ՝ մարդ բերել հանրահավաքի։ Երեկ ահազանգեր ստացանք, որ օլիգարխներն էլ են մասնակցել․ Խաչատուր Սուքիասյանը, Սամվել Ալեքսանյանը, «Սպայկայի» տնօրինությունն իրենց աշխատակիցներին պարտադրել են մասնակցել հանրահավաքին։ Մի քանի ավտոբուս մարդ է բերել, օրինակ, Արթիկի քաղաքապետարանը։ Իսկ նախորդ օրերին տագնապ է հայտարարվել այն զինծառայողների շրջանում, որոնք պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի ամառանոցն էին պաշտպանում՝ բոլորին կանչել են արտահերթ ծառայության։ Արդյունքները գոհացրել են իշխանական խմբակին․ օրվա վերջում նրանք հաղթական տրամադրություններ ունեին՝ իրենք էլ չէին սպասում, որ այդքան մարդ կհաջողվի բերել հրապարակ»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր անհատական նախաձեռնությամբ՝ Նիկոլ Փաշինյանին խոստացել է ստեղծված իրավիճակում արցախցիներին Հայաստան տեղափոխելով՝ աջակցություն ցուցաբերել, որպեսզի մասնակցեն վերջինիս ցույցերին: Մասնավորապես՝ «Ազատ Հայրենիք», «Քաղաքացիական միացյալ դաշինք» եւ «Միացյալ Հայրենիք» կուսակցությունները պատրաստականություն են հայտնել հաջակցություն Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի 830 քաղաքացու տեղափոխել Հայաստան: Սակայն, վերոնշյալ նախաձեռնությունը տապալվել է: Ըստ նույն աղբյուրների՝ վերոնշյալ կուսակցական գրասենյակներից զանգերին կուսակից ընկերները պատասխանել են հայհոյանքներով եւ մերժել միանալ Հարությունյանի նախաձեռնությանը: Ավելին՝ մինչեւ իսկ հրաժարվել են խոստացված 20 հազար դրամներից: Ըստ էության, մինչեւ այս պահը չի հաջողվել արցախցուն բանակի դեմ դուրս հանել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, կեսօրից հետո Երեւանի օդում ինքնաթիռներ երեւացին։ Մարդկանց թվաց, թե նորից Նիկոլ Փաշինյանն է ինքնաթիռները բարձրացրել, որ վախի ու տագնապի մթնոլորտ ստեղծի երկրում։ Սակայն քիչ անց այդ ինքնաթիռները պտտվեցին Ազատության հրապարակի վրայով եւ թեւերն օդում շարժեցին՝ ավիացիայում սա ողջունելու նշանն է։ Պարզվեց, քանի որ զինուժի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները միացել են ԳՇ հայտարարությանը եւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու նրանց թվում է նաեւ ԶՈՒ ավիացիայի պետը, ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երեւանի օդային տարածքում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, թե անհանգիստ են Հայաստանում տիրող իրավիճակով, սակայն միեւնույն ժամանակ այն համարում են մեր երկրի ներքին գործը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ՌԴ խորհրդարանականներից եւ պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Օրինակ՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը նշեց. «Տեղի ունեցող իրադարձությունները համարում եմ բացառապես ինքնիշխան Հայաստանի ներքին գործը»: Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել: Իսկ, օրինակ, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց. «Հայաստանում վերջին իրադարձությունները չեն անդրադառնա ՌԴ-ի հետ նրա հարաբերությունների վրա: Ժողովուրդը այդպես չի ցանկանում, բայց ցանկացած դեպքում այնտեղ երբեք չի գա որեւէ հակառուսական ուժ: Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կարող են Մոսկվային մեղադրել ինչ-որ բանում, բայց Հայաստանի մեծ մասը շահագրգռված է Ռուսաստանի հետ բարեկամությամբ ու համագործակցությամբ»: Հավելենք, որ այստեղ տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւ ասել, թե անհանգստությամբ եւ ուշադրությամբ են հետեւում այստեղ տեղի ունեցող զարգացումներին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ վաղ առավոտյան, Հայաստանի ներքաղաքական կյանքը փոթորկվեց Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունից հետո: Վերջինս նշել էր. «Իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»: Դրան հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը. «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ… Օնիկ Գասպարյանը կա՛մ պետք է ինքնակամ հեռանա, կա՛մ ՀՀ նախագահը պետք է ստորագրի նրա ազատման միջնորդությունը»: Նախքան Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամներ Նիկոլ Փաշինյանի մոտ են կանչվել, այդ թվում եւ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, եւ քննարկել են նախ արտահերթ ընտրությունների գնալու հարցը, ապա վերլուծել են, թե ինչու ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը դուրս եկավ ՀՀ իշխանությունների դեմ: Իշխող ուժի մոտ համոզում կա, որ ռուսական կողմից է եղել ճնշում Օնիկ Գասպարյանի վրա, ինչն էլ հանգեցրել է նման զարգացումների, սակայն իրենք չպետք է տրվեն ռուսական ճնշումներին։
Ու այս իրավիճակում ուշագրավ զուգադիպությամբ արձագանքեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն` հայտարարելով. «Թուրքիան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանության բռնազավթման փորձերին։ Դա վերաբերում է նաեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»։ Ընդդիմությունն էլ հայոց բանակին աջակցելու նպատակով երեկվանից փակեց Բաղրամյան պողոտան եւ սկսեց շուրջօրյա նստացույց Բաղրամյան պողոտայում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ու մինչ մեր երկրում իշխանության կռիվ է, կառավարությունն էլ չի պատրաստվում ո՛չ հրաժարական տալ, ո՛չ էլ արտահերթ ընտրությունների գնալ առկա լարվածությունը թոթափելու համար, մեր հարեւան, բայց ոչ բարեկամ Ադրբեջանի կառավարության եւ «Անգլո Աժիան Մայնինգ» (Anglo Asian Mining plc) ընկերության միջեւ համաձայնություն է ձեռք բերվել, որ բրիտանական ընկերությունը սկսելու է շահագործել Սոթքի, Կաշենի եւ Վեջնալի (Զանգելան) հանքավայրերը։ Սրանք, նկատենք, մինչեւ արցախյան սեպտեմբերից սկսված պատերազմը շահագործվել են հայկական «Գեոպրոմայնինգ Գոլդ» (Սոթք) եւ «Վալլեքս Գրուպ» (Կաշեն) ընկերությունների կողմից, որոնք այդ տարածքներում կատարել էին մեծ ներդրումներ (մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար)։ Բայց պատերազմում կրած մեր խայտառակ պարտությունից երեք ամիս անց մեր պահանջատիրության բացակայության պայմաններում Ադրբեջանը բրիտանական ընկերությանը տվել է ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունները: Դե ինչ, սպասենք նորանոր տապալումների»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունը երեկ տապալեց ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը՝ չներկայանալով նիստին։ Ընդդիմությունն արտահերթ նիստ էր հրավիրել ռազմական դրությունը վերացնելու նպատակով։ Փոխարենը իշխող թիմում երեկ կրկին ակտուալ էր արտահերթ ընտրությունների թեման․ նրանք կարծում են, որ հենց ընտրություններ չանելու պատճառով այսպես սրվեց ներքաղաքական իրավիճակը, ու մտադիր են առաջիկա օրերին հարցը բերել ներկուսակցական օրակարգ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԿՄ վարչության նախկին անդամ, «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ Ռուբեն Գևորգյանը մտադիր է կուսակցություն ստեղծել և համալրել ընդդիմադիր կուսակցությունների շարքերը: Գևորգյանը կուսակցությունը ստեղծելու է իր ղեկավարած միությունը կուսակցության վերածելու ճանապարհով: Նախկինում Գևորգյանը խորհրդարան էր եկել ԲՀԿ-ով, սակայն վերջին ընտրությունների ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց նրան ԲՀԿ ցուցակ վերցնել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին թեժ քաղաքական գործընթացներ են սպասվում Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներ Գյումրիում և Վանաձորում: Այս քաղաքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ, որոնց արդյունքում էլ ընտրվելու են քաղաքապետերը: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ընտրություններին, բայց չի հստակեցրել, թե որ կուսակցության ցուցակով, իսկ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ չի որոշել, թե ում թեկնածությունը կպաշտպանի Գյումրիի քաղաքապետի ընտրություններում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրանքների գների անընդհատ թանկացումը դրամի արժեզրկմամբ պայմանավորելը այնքան էլ արդարացված չէ, քանի որ ապրանքները թանկանում են առաջանցիկ տեմպերով, այսինքն՝ տոկոսային ավելի մեծ հարաբերակցությամբ, քան արժեզրկվում է դրամը: Սա հնարավորություն է տալիս ներկրողներին գերշահույթ ստանալ, իսկ հասարակության մոտ դժգոհություն գեներացնել: Ըստ էության, դրանով պետք է զբաղվեր իշխանությունը, որը, սակայն, նման մանր խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Արցախում հրադադարի հաստատումը հնարավոր եղավ ապահովել ռուսական խաղաղապահ զորախմբի ներգրավման միջոցով: Վերջինիս ներկայությունն ընդունելի էր հակամարտող երկու կողմերի համար էլ: Հրահրելով պատերազմը՝ Թուրքիան ցանկանում էր խախտել Անդրկովկասում առկա ուժային հավասարակշռությունը: Չնայած նա հասավ որոշակի տարածաշրջանային ներկայության, բայց չհաջողվեց էական փոփոխել Անդրկովկասի ուժային հիմնական հարաբերակցությունը: Նախորդ օրը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարեց, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության աճը կարող է բացասաբար ազդել Արցախում տիրող իրավիճակի վրա: Ըստ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության՝ նա հիշեցրել է, որ Ռուսաստանի միջնորդության շնորհիվ են Արցախում ռազմական գործողությունները դադարեցվել, և սկսվել է ճգնաժամի կարգավորման գործընթացը»: