VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը որոշել է ԲՀԿ-ն «ծյունինգ» անել՝ ազատվել բոլոր այն կուսակցականներից, որոնք հանրության մոտ միանշանակ չեն ընկալվում, որոնց սուր ելույթները, հարցազրույցները ԲՀԿ-ին քարկոծելու առիթ են տալիս։ Հենց այս համատեքստում է տեղավորվում Գեւորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալու հայտարարությունը։ ԲՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ ամեն բան Ծառուկյանի կամքով է, հակառակ դեպքում Գեւորգ Պետրոսյանը կհայտնվեր Սերգեյ Բագրատյանի կողքին, ում դուրս գալուց հետո ԲՀԿ-ական պատգամավորները կազմակերպված արշավ սկսեցին՝ նրան դավաճանի պիտակ կպցնելով։ Ծառուկյանն է որոշել, որ Պետրոսյանն անկախ պատգամավորների շարքերը համալրի, իսկ թե ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը։ «Բոլոր դեպքերում, կամուրջները չեն այրվելու, Պետրոսյանն էլ եթե ԱԺ չեկավ, անգործ չի մնա»,- ասաց մեր աղբյուրը։ Հերթն այլ պատգամավորներինն է, եւ որքան էլ Նաիրա Զոհրաբյանը հերքում է, սակայն հաջորդն ինքն է լինելու։ Շարքում է նաեւ Միքայել Մելքումյանը, չնայած մեր աղբյուրները կարծում են, որ նա կկարողանա լեզու գտնել եւ գլխի ճարը տեսնել»:
«168 ժամ» օրաթերթը գրում է. «Արդյոք նոյեմբերի 9-ից հետո, իսկ գուցե դրանից առաջ՝ պատերազմի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ ակնթարթ մտածե՞լ է հրաժարական տալու մասին։ Այս հարցի ստույգ պատասխանը հայտնի չէ, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ մտածողն ինքը տեղեկություն չի տրամադրել մտածումի մասին։ Բայց առանց պատասխանն իմանալու անգամ, կարելի է գրեթե ստույգ ենթադրել, թե մտածելու դեպքում ինչո՞ւ է նա հրաժարվել այդ՝ անայլընտրանք թվացող քայլից։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության շուրջ երեք տարիների ընթացքում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ նրանից դուրս անցել է բոլոր կարմիր գծերը, գրված ու չգրված օրենքներն ու նորմերը։ Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների հետ պայքարում Նիկոլ Փաշինյանը հատել է կարմիր գծեր՝ ոչ միայն իշխանության գալուց հետո, այլև դրանից շատ առաջ։ Նա ի սկզբանե քաղաքականությունը դիտարկել է որպես կենաց-մահու պայքար, որտեղ կա՛մ հաղթում ես, կա՛մ ոչնչանում։ Նրան հաջողվել է հաղթել, ինչը հիմք է տվել դիմելու ընդդիմախոսներին քաղաքականապես ու բարոյապես ոչնչացնելու քայլերի։ Նիկոլ Փաշինյանը դա արել է 2.5 տարի, շարունակում է անել նաև այսօր։ Հատելով մարդկային, քաղաքական ու բարոյական բոլոր սահմանագծերը՝ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ինքզինքը՝ որևէ պարագայում իր համար նահանջի, հրաժարականի ու դրանից հետո հանգիստ կյանքի որևէ հնարավորություն չթողնելով։ Եթե ոչ միայն, ապա նաև նահանջի հնարավորության բացակայությունն է Նիկոլ Փաշինյանին ստիպում ամեն գնով կառչած մնալ իշխանությունից, որովհետև նա, ոչ առանց հիմքի, մտահոգվում է, որ առանց իշխանության ինքը, մեղմ ասած, չի կարող հանգիստ կյանք ունենալ։
Բայց եթե պատերազմից առաջ դա այդպես էր միայն ներքին կյանքում, քաղաքական հակառակորդների առումով, ապա պատերազմից հետո պատկերը Նիկոլ Փաշինյանի համար ավելի ողբերգական, նահանջի հնարավորությունն էլ՝ ավելի անկարելի է դարձել։ Պատերազմում Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է շատ ավելի անթույլատրելի կարմիր գծեր՝ Արցախի, նրա ամբողջականության, հազարավոր մարդկային կյանքերի տեսքով։ Արցախյան պատերազմը դարձել է Նիկոլ Փաշինյանի աննահանջության վերջնական դատավճիռը, քանի որ դրանից հետո իշխանություն կորցնելու պարագայում նա լավագույն դեպքում կարող է պատասխան տալ օրենքի առաջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսպիսով, ներքին ու արտաքին կարմիր գծերը հատելով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն դրել է «մահ կամ իշխանություն» փակուղային իրավիճակում, որից գոնե տեսանելի ելքեր չեն ուրվագծվում։ Ի հեճուկս տարիներ առաջ հանրապետությունով մեկ իր իսկ բղավոցների՝ այն մասին, որ «ելք կա»։ Նիկոլ Փաշինյանն ինքը՝ ելք չունենալով ու որպես միակ ելք դիտարկելով իշխանության պահպանումը՝ անելանելի վիճակի մեջ է դրել նաև Հայաստանն ու հայ ժողովրդին։ Ճակատագրի հեգնանքով Հայաստանի համար միակ ելքը դարձել է Նիկոլ Փաշինյանի ելքն իշխանությունից՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Միշտ կլինեն մարդիկ, որոնք իշխանություններին ծառայություններ կմատուցեն, կհաճոյանան՝ մի բան պոկելու ակնկալիքով, կամ էլ՝ իշխանություններին մոտ լինելը, այսպես կոչված՝ շքախմբում լինելը կբարձրացնի նրանց ցածր ինքնագնահատականը։ Եթե մեզանում գեթ մեկ մարդ կա, որը պատրաստ է թշնամուն աջակցել, որ նա հաղթի, և պատրաստ է իր հայրենիքի դեմ աշխատել՝ տեղեկատվություն տալով հակառակորդի բանակին։ Եթե կա գեթ մեկ մարդ, որն ուրախանում է Ադրբեջանի հաղթանակից և բաժակ է բարձրացնում ու շնորհավորում ադրբեջանցիներին (ինչպես ռուսաստանաբնակ մի աղջիկ էր անում)։ Եթե կա մարդ, որն իր հայրենիքի ամբողջականությունը, իր ժողովրդի ապագան կոնկրետ գնով՝ փողով վաճառում է, ուրեմն միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կաջակցեն իշխանություններին։ Անգամ եթե նրանք կործանել են մեր երկիրը, հազարավոր զոհերի ու ավերի պատճառ դարձել, քանիցս ապացուցել իրենց ապաշնորհությունն ու ոչ պիտանիությունը պետական կառավարման գործում։ Այնպես որ, պետք չէ զարմանալ, երբ խեղճ ու կրակ մարդկանց մի խումբ՝ մարզային օլիգարխների, պաշտոնյաների, իշխանական կերակրատաշտին մոտենալ ձգտող անձանց գլխավորությամբ, հավաքվում է ճամփեզրին, և Նիկոլ Փաշինյանի՝ հարյուրավոր ոստիկաններով ու տասնյակ մեքենաներով ուղեկցվող, գերպաշտպանված շարասյունը «պատահաբար» կանգնում է Ուջանում ու Աշնակում, և ժողովրդի վարչապետը շփվում է իրենով հիացած բազմության հետ։ Թողնենք այդ մարդկանց խղճին, թե ինչով են հիացած և ինչից են գոհ։ Բայց այդ թատերականացված տեսարանները ընդամենը մեկ նպատակ ունեն՝ փիառ և ներշնչանք՝ ուղղված հանրության մտածող և իր հրաժարականը պահանջող մասին, որ՝ դուք փոքրամասնություն եք, տեսնո՞ւմ եք՝ անգամ ամոթալի ու հանցավոր պարտությունից հետո մարդիկ պաշտպանում են նրան»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի ԱԺ-ում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Սա նշանակում է թույլատրել, որ փաստաթղթաշրջանառության ժամանակ հայերենից բացի կիրառվի ռուսերենը։ Երեկ ԱՀ որոշ պաշտոնյաներ, բարձրացած աղմուկին ի պատասխան, պարզաբանումներ ներկայացրին՝ ասելով, որ նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, Ռուսաստանի հետ հաղորդակցության խնդիրներին իրավական լուծում տալու անհրաժեշտությամբ, և ռուսերենը պետական լեզու չի դառնալու: Արցախյան մեր աղբյուրները կարծում են, որ եթե հնարավոր լիներ ռուսերենն օրենսդրական փոփոխությամբ պետական լեզու դարձնել, Արայիկ Հարությունյանը ռուսական կողմին հաճոյանալու համար առանց վարանելու կգնար նաև այդ քայլին։ Բայց խնդիրն այն է, որ Սահմանադրությամբ հաստատված է հայերենը՝ որպես Արցախի պետական լեզու, ուստի ցանկացած փոփոխության համար հարկավոր է սահմանադրական փոփոխություն անել, այս դեպքում՝ հանրաքվե իրականացնել։ Մինչդեռ կապիտուլյացիայից հետո իշխանական քարոզչամեքենան հետևողականորեն տարածում է այն թեզը, թե այս իրավիճակում Արցախում հնարավոր չէ քվեարկություն կազմակերպել։ Եթե լեզվի համար հանրաքվե անեն, կառաջանա նաև արտահերթ ընտրությունների հարցը։ Մեզ ասացին, որ Ռուսաստանը մտադիր է նաև Արցախում ռուսական բանկերի մասնաճյուղեր բացել։ Դա ևս անհրաժեշտ է խաղաղապահների ֆինանսական կարիքների համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիայի և սանձազերծված պատերազմից հետո ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին՝ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով դռնփակ ռեժիմով հրատապ քննարկումից հետո, ընդունեց միջազգային հանրությանը, կառույցներին ուղղված ուղերձ՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից անհապաղ հայկական կողմին հանձնել գերիներին, դադարեցնել նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը: Սակայն այդ հայտարարությունից անցել է արդեն երկու ամիս, իսկ ադրբեջանական կողմում, տարբեր տվյալների համաձայն, հարյուրից ավելի գերիներ կան, սակայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերի ընկածներին ազերիները ռազմագերի չեն համարում, այլ հանցագործներ: Եվ, ահա, անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանն ու Աննա Գրիգորյանը երեկ շրջանառության մեջ են դրել նախագիծ՝ «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ»: Այս նախագծով անկախ պատգամավորները նպատակ ունեն միջազգային հանրության ճնշումն ակնկալել ադրբեջանցիների նկատմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախագծի համահեղինակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, թե նախատեսում են քննարկումն անցկացնել փակ ռեժիմով: «Այն կանցկացնենք դռնփակ, որպեսզի քննարկումը չդառնա քաղաքական շահարկումների առարկա: Մեր նպատակը երկրի թիվ մեկ մանդատը ունեցող մարմնի կողմից դատապարտող հայտարարության ընդունումն է, այլ ոչ թե գերիների թեմայով աղմուկ կազմակերպելը», – հավելեց նա: Մեջբերենք հայտարարությունից մի հատված. «ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու՝ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, ուստի պետք է արժանանան միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների խիստ գնահատականին և դատապարտմանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պետք է հանդիպում ունենա «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների հեղինակների հետ: Ինչպես հայտնի է, նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը Համազասպ Դանիելյանի, Հայկ Կոնջորյանի, Սարգիս Խանդանյանի, Վահագն Հովակիմյանի եւ Թագուհի Ղազարյանի հետ առաջարկում է կարգավորել ԶԼՄ դաշտը՝ լրատվամիջոցներին արգելելով տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրների: Նախագծով անանուն աղբյուր են համարվում այն բոլոր դեպքերը, երբ համացանցում գրանցված դոմեյնը, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը տնօրինողների նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Հենց այս կարգավորումն է առաջացրել ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները: Թաթոյանի հետ հանդիպումից հետո ուշացած լսումներ կկազմակերպվեն նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հավելենք, որ Արման Թաթոյանը մինչ օրենքի հեղինակներին հանդիպելը քննարկում էր ունեցել մեդիա ներկայացուցիչների հետ եւ քննադատել նախագիծը՝ ասելով. «Թերի է նախագծերի փաթեթի հիմնավորումը: Այն չի արտահայտում իրական խնդիրների լուծման ռազմավարությունը, նախագծերի լուծումները ներկայացված չեն միջազգային փորձի ու չափանիշների տեսանկյունից, քննարկված չեն գործնական խնդիրներն ու այն, թե հատկապես ինչու է ընտրած առաջարկվող մոդելը, եւ ինչպես է այն լուծելու առկա խնդիրները»: Կարճ ասած, անհեռատես, չկիրառվող նախագիծ է ներկայացվել, որի իրական նպատակը «Տելեգրամ» ալիքների տարածվածության դեմ պայքարն է, ինչն այս օրենքը այդպես էլ չի արդարացնելու»:
«168 ժամ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, նշեց՝ դրական է գնահատում այն. «Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մյուս երկու նախագահների և Արցախի նախագահների հետ միասին, մեր երեսնամյա նորագույն պատմության կերտողներից մեկն է: Կարծում եմ, որ նրա գիտելիքներն աշխարհաքաղաքական իրադարձությունների և հատկապես մեր պետականաշինության և ռազմական գործի ու դիվանագիտության համադրման հարցում այնքան է, որ ինքը գիտի՝ ինչ ներկայացնել հանրությանը, և ինչ է անհրաժեշտ, որպեսզի մեր հանրությունն իմանա»: Սեյրան Օհանյանին խնդրեցինք առանձնացնել հարցազրույցի այն հատվածը, որի վրա ինքը ևս կցանկանար շեշտրադրում անել։ Նա նկատեց. «2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, 2016-2020թթ. մենք ԶՈՒ զարգացման և սպառազինության, ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր ունեինք, մենք անմիջապես փոփոխություններ ենք կատարել և հատկապես օդուժի, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն և քանակությամբ բավական միջոցներ ձեռք բերելու համար: Իսկ ինձնից հետո՝ 2018 թ․, փոփոխություն է կատարվել՝ հաշվի առնելով և կադրային փոփոխությունը ղեկավար կազմում, 2018-2024թթ․ համար են ԶՈՒ զարգացման պլան կազմել, որի մասին ինքը տեղեկացրեց»:
Մեր խնդրանքով անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից նախկին բարձրաստիճան զինվորականների մասին անդրադարձերին, այդ համատեքստում՝ նաև այն ձևակերպմանը, թե «Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի ջեբը», Սեյրան Օհանյանը պարզաբանեց. «Կարծում եմ, որ ՀՀ նախագահի խոսքի իմաստն առաջինը կայանում է նրանում, որ Զինված ուժերում արագ փոփոխություններ են կատարվել ղեկավար կազմում, որը մի կողմից՝ կարելի է հաշվել կադրային պլանավորված գործընթաց, իսկ մյուս կողմից էլ՝ այն բացասական է անդրադարձել ընդհանուր առմամբ կառավարման փորձի վրա: Նախկին զինվորականների կարողությունների, հմտությունների օգտագործումն այս պատերազմում անհրաժեշտություն էր, եթե ոչ՝ հրամանատարական այսօրվա գործող ուղղահայացում, ապա գոնե՝ Արցախում պետք է ստեղծվեր Պետական Պաշտպանության կոմիտե, և դրա շրջանակներում՝ ռազմական խորհուրդ, և փորձառու զինվորականներին յուրաքանչյուրին այս կամ այն՝ թե՛ ռազմական, թե՛ պետական, թե՛ նաև տարածքային պաշտպանության խնդիրներով ընդգրկեին, և այդ առումով փորձառու զինվորականների անուն նշեց հանրապետության նախագահը:
Մյուս իր ասածի իմաստը նրանում է, որ պատերազմի այն պահին, երբ արդեն զգացվում էր այդ պարտության ամբողջ ընթացքը, փորձեցին այս կամ այն կերպ հին զինվորականներին ընդգրկել, բայց արդեն ուշ էր, որովհետև յուրաքանչյուր զինվորական ղեկավար կարող է ինչ-որ ուղղությամբ խնդիր կատարել, եթե ինքն ունի այդ հնարավորությունը, ինքն ունի այդ լծակները, ունի իր հրամանատարական ուղղահայացը, իր շտաբը, իր բոլոր ծառայություններն ու զորատեսակները, որոնց միջոցով նաև համագործակցելով՝ խնդիր է կատարում: Ցանկացած գիտակից անձնավորություն, ով գիտի՝ ինչ է նշանակում՝ պետական կառավարման համակարգ, զինվորական կառավարման համակարգ, կհասկանա՝ եթե մարդ որևիցե պետական կամ զինվորական պաշտոն չի զբաղեցնում, ապա ինքը չի կարող այս կամ այն գործընթացն իրականացնել, մանավանդ՝ զինվորական գործընթացներում, պատերազմական ժամանակահատվածներում յուրաքանչյուր գործունեություն ընթանում է ընթացակարգերի համաձայն: Այսինքն՝ հրամաններ, մարտական կարգադրություններ, նախնական մարտական կարգադրություններ և այլն: Այդ առումով՝ այն անձինք, ովքեր բանակից դուրս են եղել և հետագայում ինչ-որ մի հրամանով չեն ընդգրկվել այս կամ այն կառույցում, նրանք ոչ լծակ ունեին, ոչ էլ հնարավորություն ունեին ինչ-որ խնդիր կատարել»: Դուք էլ չեք ունեցել փաստորեն լծակ՝ մեր դիտարկմանն ի պատասխան՝ պաշտպանության նախկին նախարարն արձագանքեց. «Ես չեմ ունեցել. ես ինչ կատարել եմ, կատարել եմ կամավոր»: Հարցին, թե Սերժ Սարգսյանը մինչև օրս չի կարողացել պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը, ով է եղել Հադրութի պաշտպանության հրամանատարը, Դուք տեղյա՞կ եք՝ ովքեր են եղել այդ ուղղությունների հրամանատարները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ հարցը կարող եք տալ ԳՇ և ՊԲ հրամանատարությանը. իրենք ավելի կոնկրետ կարող են ասել»»:
«168 ժամ» օրաթերթը գրում է. «Տպավորություն է ստեղծվում, որ պատերազմի ընթացքում ինչ-որ արտաքին խաղացող Փաշինյանին ինչ-որ բան է խոստացել, և դրա ազդեցությամբ նա որոշումներ էր չեղարկում, նա ինչ-որ գաղտնի զենքի հույս ուներ: Սա չաշխատեց. Արևմուտքը չաշխատեց, և վերջնարդյունքում նա հայտնվեց այն իրավիճակում, որում հայտնվեց, և շատ են հարցերը: Ինչո՞ւ Շուշին հանձնվեց, երբ կար ռեսուրս այն պահպանելու, ինչո՞ւ նա հրաժարվեց Պուտինի պրոյեկտից, երբ Ալիևը համաձայնում էր միայն 5 շրջանի հանձնման, և Շուշին մնում էր ԼՂ վերահսկողության ներքո...»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: Նա նշել է. որ Ալիևը զարմացել է, որ Փաշինյանը հանձնել է այն, ինչ հանձնել է: Տարասովի գնահատմամբ՝ սա տրագիկոմեդիա է, պատմական դրամա, որն ամբողջությամբ հատուկ քննելու կարիք կա՝ հասկանալու համար, թե ինչ տեղի ունեցավ: Ըստ նրա ՀՀ իշխանությունները ռազմական լուրջ սխալներ են թույլ տվել, ներքաղաքական պայքարը սրվում է, այն ժառանգությունը, որը ստացել էր կորցրեց դիվանագիտական լրջագույն ձախողումների հետևանքով, չկարողացավ կանգնեցնել ուժային սցենարը: Տարասովի կարծիքով՝ ռազմավարական սխալ էր նաև ասել, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել առանց Ռուսաստանի աջակցության, նա ցանկանում էր ողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, իսկ այստեղ պատերազմը սկսվեց Թուրքիայի աջակցությամբ՝ առանց ՌԴ մասնակցության, և ՌԴ-ն կարողացավ պահպանել չեզոքություն, ապա բանակցել եռակողմ հայտարարություն ու տեղակայել խաղաղապահներ գոտում»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Միշտ կարծել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու համար պարտադիր պայմաններ են նախ՝ երկրի ու ազգի հանդեպ պատասխանատվություն, ապա և` բարոյականություն ու բարեվարքություն ունենալը: Դրանք են այն հատկանիշները, որոնցով առաջնորդներն ապահովում են պետականության, դրա ինստիտուտների, խորհրդանիշների, ինստիտուցիոնալացված հիշողությունների շարունակականությունը: Վերը նշվածի մասով մենք մեծ խնդիր ունենք, տիկնայք և պարոնայք հայրենակիցներ: Մի առիթով արդեն ասել եմ, որ Հայաստանի նախորդ բոլոր նախագահներն իշխանության են եկել Արցախով, իշխանությունից հեռացել կամ հեռացվել են Արցախով։ Նիկոլ Փաշինյանը նույնպես գնալու է Արցախով։ Մեր պետականության ինստիտուցիոնալ հիշողության մեջ Արցախի խնդիրը առանցքային դերակատարություն է ունեցել և ապագա պրոցեսներում, անշուշտ, ունենալու է: Նախորդ երեք նախագահների պաշտոնավարման հաջորդականության կապող օղակը գերազանցապես եղել է Արցախը: Նիկոլ Փաշինյանը նույնպես շղթայի օղակներից մեկն է, որը պետք է ապահովեր ինստիտուցիոնալ հիշողության շարունակականությունը: Բայց նա չկարողացավ, չի կարողանում, հետևաբար շղթան կտրվելու ռիսկի տակ է: Դրա կտրվելը նշանակում է Արցախի վերջնական կորուստ և Հայաստանի պետականության գոյության մեծ սպառնալիք: Պետականության վերջնական կորուստ հիմա փորձում են թույլ չտալ նախկին երեք նախագահները, գործող նախագահը, Եկեղեցին, կաթողիկոսները, Մայր բուհը, գիտնականները, մտավորականներն ընդհանրապես, հասարակական-քաղաքական գործիչները: Մտքիս եկան Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա։ Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել»։
Ինչևէ, առաջ անցնենք: Մենք խնդիր ունենք ոչ միայն ներսում ու ոչ միայն թշնամի հարևանների հետ: Մենք խնդիր ունենք քաղաքակրթության հետ առհասարակ: Չգիտես ինչու, մենք ուզում ենք աշխարհի մարդկությանն ապացուցել, որ հոգ չէ, աննորմալ չէ, հակաբնական չէ, հակաքաղաքագիտական չէ պարտված, երկիրը կապիտուլյացիայի տարած ղեկավարի պաշտոնավարման շարունակումը: Եվ ոչ միայն պաշտոնավարումը շարունակելը, այլև հաջորդ ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնին նորից հավակնելը: Մենք ո՞ւմ ի՞նչ ենք ապացուցում, մեր՝ պետականություն ունենալ-չունենալու հաշվին ումի՞ց ենք վրեժ լուծում կամ «ինադ անում»: Պարադոքս է: Հոդվածի սկզբում նշել էի երկրի ու ազգի հանդեպ պատասխանատվության, բարոյականության ու բարեվարքության մասին: Տեսեք՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին պատերազմից հետո անվանել է «ազգակործան պատուհաս», երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանին անվանում է պոպուլիստ և համեմատում Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյի հետ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին որակեց որպես «կապիտուլյանտ» և «խզբզված անհեթեթություն». ի դեպ, եթե ուշադրություն դարձրել եք, նախագահները խուսափում են Փաշինյանի անունն անգամ տալ՝ դրանով իսկ ցույց տալով իրենց արհամարհանքը:
Ուզում եմ անպայմանորեն արձանագրենք հետևյալը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբերմունք ունենք նախկին նախագահների նկատմամբ, նրանք մեր երկրի առաջնորդներն են եղել, իրենց մեջ կրում են ինստիտուցիոնալ հիշողություն, հանդիսանում են մեր պետականության ինստիտուտներից, հետևաբար երկրի ու ազգի նկատմամբ պատասխանատվությունը նաև սկսվում և ավարտվում է այդ գործիչների խոսքին, գնահատականին ու վարքագծին հետևելու ու անհրաժեշտ հետևություններ անելու ցանկությամբ ու կարողությամբ: Հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանի վրա կազդե՞ն գերազանցապես երեք նախագահների, կաթողիկոսների, ի վերջո ողջ հանրության գնահատականները, վերաբերմունքը տեղի ունեցածին: Նիկոլ Փաշինյանն իր հեռացմամբ հնարավորության դուռ կբացի՞ մեր ինստիտուցիոնալ հիշողության շղթան վերջնականապես չկտրելու համար, մեր մեջքը ուղղելու համար, մեզ վերգտնելու համար: Դժվար թե: Նա չի կրում այդ ինստիտուցիոնալ հիշողությունը: Մարդը նժարին է դրել մի կողմից՝ պետությունը, մյուս կողմից՝ պաշտոնը: Ամփոփենք: Գրեթե ամեն օր ականատես ենք Սյունիքում տեղի ունեցող պրոցեսներին: Թուրքը գալիս, իր դրոշը տնկում է այնտեղ, որտեղ ցանկանում է: Դա բացառապես այդպես է: Նիկոլ Փաշինյանին դա չի հետաքրքրում, նա ոչինչ չի ձեռնարկում ու առհասարակ նա ոչինչ չի անում բացի մի բանից՝ քաղաքագիտության բոլոր կանոններին հակառակ շարունակում է զավթած պահել վարչապետի աթոռը՝ ի հաշիվ և ի հեճուկս մեր՝ հայրենիք ու պետականություն ունենալու երազանքների, ներդրած ջանքերի ու թափած արյան»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վաղը՝ փետրվարի 19-ին, Բաքվում նախատեսվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ 9-րդ հանդիպումը: Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանը պնդելու է, որ Վրաստանը շարունակի Հայաստանի երկաթուղային շրջափակումը՝ դրանով փորձելով Հայաստանին ստիպել համաձայնվել տրանսպորտային ենթակառուցվածքները ապաշրջափակելու իր համար ընդունելի պայմանների հետ: Ինչպես միշտ, Ադրբեջանը պատրաստ է իր պահանջները բավարարելու դիմաց Վրաստանին առաջարկել լրացուցիչ ներդրումային ծրագրեր»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդդիմություն եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր այսօրվա որոշ թիմակիցներ անընդհատ խոսել են դպրոցների քաղաքականացվածության մասին: Դրա մասին նրանք բարձրաձայնել են նաեւ իշխանության գալուց հետո: Սակայն այս թեման շարունակում է մնալ հանրային օրակարգում առաջնային քննարկվող հարցերից մեկը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունների համառ ջանքերով բազմաթիվ դպրոցների հոգաբարձուների խորհրդի 9 անդամից առնվազն 6-ը իշխանությանը սատարող անձինք են։ Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ հոգաբարձուների խորհուրդներում հիմնականում ըտրվում են այնպիսի մարդիկ, ովքեր ոչ միայն «սվոյ» են իշխանությունների համար, այլեւ տվյալ դպրոցների գործող տնօրենների հետ տարբեր խնդիրներ ունեն։ Թերթի տեղեկություններով, այս փուլում սպասվում է տնօրենների ընտրության նոր ալիք, եւ մարզպետարաններին ու համայնքապետներին հանձնարարվել է ամեն ինչ անել «նախկիններին սատարած» կամ «նախկինից մնացած», առավել եւս որոշակի ընդդիմադիր հայացքներ ունեցող տնօրեններից ազատվելու համար, զուգահեռ՝ ցանկացած գնով իրենց ցանկալի թեկնածուներին անցկացնել։ Մինչ այս արդեն իսկ այդ սկզբունքով իրականացված «ընտրությունների» արդյունքում դպրոցներում անընդհատ դժգոհության ալիք է բարձրանում, քանի որ հաճախ փորձառու, իրենց գործի գիտակ, արդյունավետ աշխատանքով աչքի ընկած տնօրեններին իշխանությունները փոխարինում են այնպիսի թեկնածուներով, որոնց առաջին «առավելությունն» ու «առաքինությունը» Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին հավատարիմ ու հնազանդ լինելն է: Իշխանական կուլիսներում խոսում են, որ այս թեման շատ կարեւոր է իրենց համար, քանզի՝ «ինչ իմանաս, ամեն ինչ հնարավոր է, ընտրություն կա, բան կա, պետք է պատրաստ լինել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանում քիչ չեն համայնքները (հիմնականում՝ գյուղական), որտեղ ձմռան ամիսներին բավական լուրջ է դրված վառելիքի հարցը, քանի որ գյուղացիներն ուղղակի ի վիճակի չեն գազով կազմակերպել իրենց բնակարանները տաքացնելու հարցը, ստիպված օգտվում են բնափայտից։ Այս թեման առավել խնդրահարույց է հատկապես այն համայնքներում, որոնք գտնվում են անտառային ու անտառամերձ հատվածներում։ Դեռեւս աշնան սկզբից իշխանությունների հատուկ հանձնարարականով խստացված է ծառահատման գործընթացը, եւ գյուղացիները բացառապես օրենքով սահմանված կարգով են կարողանում փայտ ձեռք բերել։ Անտառների պահպանման տեսակետից բնական քայլ է: Սակայն մյուս կողմից՝ թույլատրելի փայտահատման համար սահմանված են բավական մեծ գումարներ, որոնք գյուղացիներն ուղղակի ի վիճակի չեն վճարել։ Թեմայի հետ կապված «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, Լոռու մարզի մի քանի գյուղերում օրերս միջադեպեր են գրանցվել՝ կապված ծառահատման հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, անտառապահներն ու անտառային տեսուչները փորձել են առգրավել գյուղացիների՝ արդեն գյուղ տեղափոխած բնափայտը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել բախում, բարեբախտաբար, առանց լուրջ հետեւանքների»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է շատ վտանգավոր փոփոխություն կատարել Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում: Կառավարությունն առաջարկում է օրենքում այսպիսի ձևակերպում ավելացնել. «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում ՀՀ վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնումը»: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված՝ Հայաստանում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվում: Ստացվում է, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը վերացվում է, և Հայաստանի համայնքապետերին այլևս նշանակելու են վարչապետն ու մարզպետները: Հիմա արդեն պարզ է, թե ինչու է երկարաձգվում ռազմական դրությունը»: