VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երկար լռությունից հետո ծավալուն հարցազրույց ունեցավ՝ անդրադառնալով հանրությանը հետաքրքրող մի քանի հարցերի: Ըստ էության, նախկին նախագահն իր այս հարցազրույցով, որը հրապարակվեց երկու մասով, մի քանի նպատակ էր հետապնդում։ Նախ նա փորձեց ձերբազատվել այն տարածված կարծիքից, թե Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական ծրագիրն է: Բացի այդ, նա անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտության բանակցային պոցեսին եւ բավականին մանրամասն տրամաբանական բացատրություններով փորձեց ապացուցել, որ իր իշխանության տարիներին Հայաստանի դիրքերն իսկապես լավ են եղել: Անդրադառնալով հարցին, թե ինչու իշխանությունը տվեց Նիկոլ Փաշինյանին, իր հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց»։ Ըստ էության, այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը փորձում էր նվազեցնել Կարեն Կարապետյանի վարկանիշը, բայց չստացվեց: Ի վերջո, եթե իշխանությունը փոխանցվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Կարեն Կարապետյանին, ապա ինչո՞ւ 2018 թվականի մայիսի 1-ին Հանրապետական խմբակցությունը չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում եւ մայիսի 1-ին չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին։
2018թ. մայիսի 8-ի ընտրությանը Հանրապետականը կրկին չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, այլ փոխարենը Հանրապետական խմբակցության մի խումբ պատգամավորների, «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների քվեարկությամբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, Հանրապետական կուսակցության բուն կորիզը չէր քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, սակայն կուսակցության հորդորով խմբակցության մի քանի պատգամավորներ ընտրեցին հենց Փաշինյանին, եւ, ըստ այդմ, Հայաստանում իշխանությունը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին։ Սակայն սա էլ ամենը չէ. արդեն հոկտեմբերին Հանրապետական խմբակցության պատգամավորները երկու անգամ չընտրեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, որն էլ հանգեցրեց խորհրդարանի ինքնալուծարմանը: Այսինքն՝ ամենաքիչը երեք անգամ Հանրապետական կուսակցության ուղղակի ջանքերի շնորհիվ է հենց իշխանությունը փոխանցվել Նիկոլ Փաշինյանին: Այս իրողությունները շրջանցելով ի՞նչ խնդիր էր այդպես լուծում Սերժ Սարգսյանը. նա փորձում էր իր նոր հայտարարություններով հանրության մոտ առկա բացասական տրամադրությունները շեղել դեպի Կարեն Կարապետյանը: Ի վերջո, տարբեր հարցումներով Կարեն Կարապետյանը նախկին իշխանության ներկայացուցիչներից միակն է, որը բարձր վարկանիշ ունի Հայաստանում։ Նշենք, որ Կարեն Կարապետյանը որեւէ կերպ չի արձագանքել»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունների սրման լավագույն ապացույցը նրանց թիմերի միջև առկա հակասությունների բացահայտ դրսևորումներն են: Քոչարյանի կողմնակիցները պնդում են, որ իրենք շուտով սկսելու են նոր ընդդիմադիր շարժում, որը ոչ մի կապ չի ունենալու 16 կուսակցությունների ֆորմատի հետ, և իրենք դիմելու են ավելի արմատական քայլերի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների համար երեկ անակնկալ է եղել, երբ նրանք տեսել են իրենց գործընկեր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությունը՝ խմբակցությունից դուրս գալու մասին: Իհարկե, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը տեւական ժամանակ է, որ խմբակցության նիստերին չի մասնակցում, չի շփվում պատգամավորների հետ, անգամ եղել են դեպքեր, երբ անջատել է հեռախոսն ու տեւական ժամանակ կորել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պետրոսյանին հրահանգված է եղել ավելի կոռեկտ լինել ելույթներում, անգամ նկատողություն է ստացել իր բառապաշարի համար: Խմբակցությունից նրան մի քանի անգամ ասել են՝ պատգամավոր է եւ պետք է ավելի կոռեկտ լինի, սակայն չեն էլ պատկերացրել, որ նա օրերից մի օր անակնկալ կլքեր խմբակցությունը: Չի բացառվում, որ նրանից պահանջվի վայր դնել նաեւ մանդատը: Բայց Պետրոսյանը մտադիր է առանձին ակտիվ գործունեություն սկսել։ Այնպես որ, առաջիկայում կարող են հետաքրքիր զարգացումեր լինել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերից շուտ արտահերթ ընտրություններ չի անցկացնի։ Նա ապասում է Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ընտրություններին, որտեղ կփորձարկի իր ուժերը, կհասկանա՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ, ինչպե՞ս գնալ, ե՞րբ։ Տեղեկություններ կան, որ Գյումրիում քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ն արդեն բանակցում է գործող քաղաքապետ, ճակատին մի քանի կուսակցության անուն դաջած Սամվել Բալասանյանի հետ, որ նա դառնա իրենց թեկնածուն։ Քանի որ լուրեր կան, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է Վարդան Ղուկասյանին առաջ մղել՝ որպես Գյումրիի քաղաքապետ, իսկ նրան համարժեք այլընտրանք կարող է լինել միայն Բալասանյանը։ Երեկ նրանց հետ զրուցել չհաջողվեց, Ղուկասյանի մերձավորներից մեկն ասաց, որ նա դեռ որեւէ «շարժ» ցույց չի տվել։ Հիշեցնենք, որ մամուլում լուրեր կային, որ ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցում նախընտրում է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի թեկնածությունը։ Մինչեւ աշուն էլի անուններ ասպարեզ կգան»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայրենի ոստիկանությունը նորից կորցրել է իրականության զգացողությունն ու պատմական հիշողությունը: Վահե Ղազարյանին ու նրա ղեկավարած կառույցին թվում է, թե իրենցից առաջ կյանք չի եղել, ցույցեր չեն եղել, ոստիկանություն՝ ևս: Երեկ ոստիկանությունը մի հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է՝ տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին: Ապա նրբորեն սպառնում են. «Հայտնում ենք, որ նման պարտադրանքը մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություն Չնախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 143- րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը) հատկանիշներով, և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդպիսի ձեռնարկներից, իսկ քաղաքացիները, որոնք բախվել են նման երևույթի, կարող են դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»: Փաստորեն, ոստիկանությունը մոռացել է 2018 թվականի «հեղափոխություն» կոչված իրադարձությունները, թե ինչպես էին բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններից, իրենց իսկ ղեկավարների ցուցումով կամ պարտադրանքով, աշխատողները խմբերով իջնում հրապարակ՝ «Սերժին մերժելու»:
Մասնավորապես, այդ օրերին տեղեկություններ տարածվեցին, որ աշխատանքային ժամերին, օրը ցերեկով, ընդդեմ Սերժ Մարզպանի իշխանության կազմակերպված ցույցերին մասնակցելու էին գալիս «Տաշիր գրուպի», ՀԷՑ-ի, Կարեն Կարապետյանի ազդեցության տակ գործող «Գազպրոմ Արմենիայի», Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» և այլ հայտնի ու անհայտ դեմքերին պատկանող ընկերությունների աշխատակիցներ: Այս ամենը, բնականաբար, տեսնում էր ոստիկանությունն ու որևէ քայլ չէր ձեռնարկում: Ավելին՝ նույն այդ ցույցերին ակտիվ մասնակցում էին դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները՝ խմբերով-շարվեշարան միանալով հեղափոխականների ակցիաներին, չնայած օրենքն արգելում է կրթօջախները քաղաքականացնելը և անչափահասներին էլ ներգրավելը: Իսկ պետական մարմինների՝ նախարարությունների աշխատողներն առհասարակ մեկուկես ամիս չէին աշխատում: Ոստիկանությունը, մյուս իրավապահ մարմինները, կառավարությունը՝ զրո արձագանք: Այն ժամանակ, ի դեպ, Արցախը չէին հանձնել դեռ, 5 հազար և ավելի զոհ ու վիրավոր էլ չէինք տվել, Սյունիքն էլ վտանգված չէր, ընդամենը Սերժին էին մերժում, որ բերեին Նիկոլին: Հիմա իրենց բերած Նիկոլը հայրենիքը դրել է վտանգի տակ, ու հայրենի ոստիկանությունն օրենքով սպառնում է՝ հանկարծ չհամարձակվեք աշխատանքից դուրս գալ և մասնակցել միտինգի՝ հանուն հայրենիքի: Ինչ տարբերություն, ոստիկանությունն այն ժամանակ էլ էր ոստիկանություն, ուղղակի այն ժամանակ ոստիկանապետը Վովա Գասպարյանն էր, հիմա՝ Վահե Ղազարյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց առ այն, թե տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ իրենց աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին, ինչն անթույլատրելի է։ Մենք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանից փորձեցինք պարզել՝ ինքն է՞լ է իր աշխատողներին պարտադրում կամ կոչ անում մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով միտինգներին։ Հակոբյանը նեղսրտեց հարցից. «Այսքան ժամանակ աշխատում եմ, որեւէ մեկին որեւէ բան ասած կա՞մ»։ «Այսօրվա մարդկանց ոնց ուզում, ինչ ուզում ես, ասա, մեկ է՝ իրենց իմացածով, մտածածով են շարժվում, եւ վերջին հաշվով՝ դա ճիշտ է»։ Իսկ գուցե Ձեր աշխատողներն առանց պարտադրանքի՞ են մասնակցում, նկատե՞լ եք։ «Ո՞նց եք Դուք կարծում, երբ հոսքագիծն աշխատում է, կարո՞ղ է մեկը մնա, մնացածը գնան։ Ամեն մեկն իր ֆունկցիան է կատարում։ Ես պարապ աշխատողներ չեմ ունեցել եւ չունեմ։ Հոսքագծում մի աշխատողը չեղավ, հոսքագիծը չի աշխատի»։ Կարող են հոսքագիծն անջատել ու գնալ հանրահավաքի, ինչպես 18-ին էին անում։ «Այդ դեպքում, երբ խանութներում գարեջուր չեղավ, չե՞ք գրելու՝ գարեջուր չկա»,- կատակեց նա՝ շեշտելով, որ իր «թեզը» մշտապես եղել է այն, որ սեփական խելքով ընտրություն կատարեն, ոչ թե ինչ-որ մեկի ասելով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում շարունակում է քաղաքացիների հետ հանդիպումները։ Հարցին՝ հնարավո՞ր է բանակցային գործընթացում փոփոխություն, եթե Դուք գաք իշխանության, նա ասել է․ «Կարծում եմ՝ այո․․․ հարցը դեռ լուծված չէ․․․ պատահական չէ, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է, որ Արցախն ինչ-որ ճանապարհով միանում է Հայաստանի հետ: Դա նշանակում է՝ հարցի լուծումն առջեւում է: Հիմա Հայաստանն ու Արցախը նորից պետք է դնեն Արցախի անկախության հարցը: Թե որքանով միջազգային կառույցները հակված կլինեն գնալ այդ ճանապարհով, 2 բանից է կախված, մեկը՝ Հայաստանն ինչ հզորություն ունի, երկրորդը՝ գեոպոլիտիկ հարաբերությունները տարածաշրջանում: Հստակ է, որ ինչ իշխանություն էլ ձեւավորվի, պետք է ամրապնդի ՀՀ սահմանները եւ բարձրացնի Արցախի հարցը եռանախագահների մոտ»։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ավագ Գաբրիելյանի նախագահությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանին պատկանող գույքի վրա 1 մլն դրամի չափով արգելանք է դրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: 2021 թվականի հունվարի 29-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը դատի էր տվել Անդրեասյանին՝ պահանջելով հատուցել պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը, ինչպես նաեւ ներողություն խնդրել: Իոաննիսյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում վիրավորել էր իրեն, ինչի համար դիմել էր դատարան՝ պահանջելով Անդրեասյանից 1 մլն դրամ փոխհատուցում եւ ներողություն՝ դարձյալ ֆեյսբուքյան էջի միջոցով: «Ես միջնորդություն էի ներկայացրել դատարան հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է: Դատարանը 1 մլն դրամի չափով կալանք է դրել Աշոտ Անդրեասյանի գույքի վրա, ինչպես նաեւ նրան արգելել է մինչեւ վերջնական դատական ակտի կայացումը իր ֆեյսբուքյան էջը ջնջել»,- ասաց Իոաննիսյանը: Նրա խոսքով՝ սա նոր պրակտիկա չէ եւ այդպիսի պրակտիկա է կիրառվել նաեւ Գառնիկ Իսագուլյանի եւ Արտյոմ Խաչատուրյանի դեմ իր հայցերով:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը մտադիր է Արցախում ռուսական բանկերից մեկ-երկուսի մասնաճյուղ բացել: Դա անհրաժեշտ է խաղաղապահ զորախմբի և նրանց սպասարկող անձնակազմի ֆինանսական կարիքների սպասարկման համար: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում Ստեփանակերտում կբացվի «Սբերբանկի» մասնաճյուղ: Հետագայում մասնաճյուղեր կբացվեն Արցախի այլ բնակավայրերում ևս»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ հակասական տեղեկություններ են տարածվում Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին։ Նախ «Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց՝ Ադրբեջանի պահանջով» գրությամբ լուսանկարներ տարածվեցին, ապա գրվեց, որ ռուսներն են դրդել հանել արձանը, քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հերքեց դա։ Ավագանու անդամներից մեկն էլ կանգուն արձանի տեսանյութը տարածեց։ Ինչի՞ց է ծագել աղմուկը։ Մեր աղբյուրն ասաց, որ արձանի պատվանդանը կառուցվել է անցած տարի, սեպտեմբերին պետք է տեղադրվեր կիսանդրին, բայց պատերազմը խանգարել է, եւ այն տեղադրվել է 2021-ի հունվարի 25-ին, սակայն պաշտոնական բացման արարողություն չի եղել։ «Կիսատ աշխատանքներ կան, պետք է ավարտենք, նոր բացումն անենք։ Փողոցը, որտեղ տեղադրվել է, պետք է ասֆալտապատեինք, բայց պատերազմը սկսվեց՝ չարեցինք, եկող տարի է նախատեսվում։ Արձանի երկու կողմը քանդված է, քանդակագործը պիտի գա՝ տեղում շտկի։ Ես չգիտեմ՝ ով էր ինքնագլուխ գնացել, արձանը բացել, ու նման խոսակցություններ տարածվեցին»,- ասաց քաղաքապետը։ Մեզ հայտնեցին, որ ի սկզբանե քաղաքապետին ասվել է, որ կիսանդրին պետք է հանեն-տանեն՝ կիսատ գործն ավարտեն։ «Թե ով էր ասել, ինչու, չգիտեմ»,- ասացին։ Քաղաքապետը, սակայն, վստահեցրեց, որ արձանն իր տեղից չի շարժվելու. «Այս պահին չկա նման խոսակցություն»։ Կիսանդրու հեղինակը քանդակագործ Արմեն Պետրոսյանն է»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմը վեր հանեց բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա էին հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում: Անհրաժեշտություն առաջացավ հետպատերազմյան նոր իրողությունների ներքո վերանայել պետության պաշտպանության և անվտանգության ուղղությամբ իրականացվող գործողությունները կանոնակարգող իրավական նորմերը: Պետական անվտանգության ապահովման բնագավառում ներառվում է նաև քաղաքացիական պաշտպանությունը: Վերջին տարիներին կատարված փոփոխությունների արդյունքում տեղի է ունեցել կարգավորվող ոլորտի խնդիրների և գործընթացների ընդլայնումը: Ոլորտի բարելավումը պահանջում է օրենսդրական դաշտի արմատական փոփոխություններ, և այդ նպատակով էլ լիազոր մարմինը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, մշակել ու հանրային քննարկման է դրել ամբողջությամբ խմբագրված նոր «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի նախագիծը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Այս մասին դեռ փետրվարի 13-ին հայտարարել էր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը: Եվ եթե ԵԱՏՄ-ն նախկինում մշտապես դիտարկվել է միայն նախկին ԽՍՀՄ երկրների ինտեգրացիա, ապա Իրանի միացմամբ այն դուրս կգա այդ շրջանակներից: Հնարավոր անդամակցության պարագայում Իրանը կկարողանա որեւէ կերպ չեզոքացնել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները, նաեւ նոր համագործակցության հարթակ կհանդիսանա Հայաստանի համար: Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իրանի՝ ԵԱՏՄ անդմակացությամբ հատկապես շահագրգռված են իրանցի պահպանողականները: «Նրանք կարծում են, որ կառույցի եւ հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է խորացնել եւ օգտվել նաեւ Հարավային Կովկասում ավտոճանապարհների ապաշրջափակմամբ: Իրանը սա դիտարկում է որպես ուղիղ կապ Նախիջեւանի ճանապարհով դեպի ՌԴ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ճանապարհով: Եվ ինչպես երեւում է, ռուսական կողմը եւս շահագրգռված է այսպիսի հնարավորությամբ», – նշում է նա: Փորձագետի խոսքով՝ Իրանը ԵԱՏՄ-ից սպասում է տնտեսական կապերի զարգացում, նաեւ քաղաքական եւ ռազմական համագործակցություն: Մասնավորապես, իրանական կողմը սպասում է, որ քաղաքական եւ ռազմական համագործակցությունը կարող է անվտանգություն ապահովել Իրանի համար»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Օրինակ՝ առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 158-րդ հոդվածի 36-37-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ: Այսպես, տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին խոչընդոտելը կամ տեսուչների օրինական պահանջներն ու ցուցումները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՜ 500 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամի չափով: Իսկ, ահա, առեւտրի օբյեկտներում գնորդին վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներն օրենքով սահմանված ժամկետում եւ օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը եւ հետ չվերցնելը կամ հետ վերցնելուց եւ փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը կառաջացնի տուգանքի նշանակում՞ 50 հազար դրամից մինչեւ 100 հազար դրամի չափով: Իսկ մինչ այս նկատենք, որ ոչ պարենային ապրանքների խանութներ կան, որտեղ ոչ միայն հետ չեն ընդունում ապրանքը, այլեւ մինչեւ գնելը սպառողին զգուշացնում են, որ իրենց «ներքին կանոններով» չեն կարող հետ ընդունել ապրանքը, ծայրահեղ դեպքում առաջարկում են փոխանակել նույն գինն ունեցող մեկ այլ ապրանքով: Հուսանք՝ տնտեսվարողները օրենքի այս փոփոխությունից կզգոնանան եւ, ի վերջո, կսկեն հարգել ու հաշվի նստել սպառողի իրավունքների հետ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գիտությունների ազգային ակա- դեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ: Նրանք զրուցել են ոլորտի խնդիրների շուրջ: ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին:
–Նախարարի հետ հանդիպում եք ու նեցել. քննարկե՞լ եք ,Բարձրագույն կրթության մասինե օրենքի այն հատվածը, որը վերաբերում է ակադեմիային:
-Մենք քննարկել ենք օրենքը, որը գտնվում է Ազգային Ժողովում, ոչ միայն այն հատվածը, իրականում՝ այն մասը, որը վերաբերում է գիտությանը, եւ կրթության հետ առնչվող այլ հարցեր:
–Պարո՛ն Մարտիրոսյան, ինչի՞ց եք Դուք դժգոհ, կամ ի՞նչն է Ձեզ անհանգստացնում օրենքի փոփոխությունում:
-Այն ձեւով, որով հիմա ներկայացված է, լրիվ չի արտահայտում ակադեմիայի այսօրվա կարգավիճակը: Այն կապված է մեր համակարգի ամբողջ բովանդակությանը: Բացի մեր ակադեմիայի անդամներից, մեր համակարգը ներառում է նաեւ մեր ինստիտուտները:
Այ օրենքի թերությունը, որի համար մենք պայքարում ենք, դրան է վերաբերում:
–Իսկ նախարարը կո՞ղմ էր, թե՞ դեմ Ձեր առաջարկություններին: Ի՞նչ դիրքորոշում ուներ նա:
-Դե, այդ հարցի կապակցությամբ անորոշություններ կան: Իրենք ասում են՝ կաշխատենք մի փոքր խմբագրել:
–Մենք տեղեկացանք, որ Ձեր եւ նախարարի միջեւ ընդհարում է եղել, տարաձայնություններ ունեք: Ո՞րն է խնդիրը:
-Ի՞նչ ընդհարում. եղել է սովորական վեճ այս կամ այն հարցի շուրջ:
–Այսինքն՝ մինչեւ օրենքի գրելն ու քննարկելը Դուք նախապես քննարկում չե՞ք ունեցել: Նախարարի հետ հանդիպում չե՞ք ունեցել:
-Նախ՝ մենք դժգոհություն հայտնեցինք այդ հանձնաժողովում, որը մշակել էր այդ օրենքի նախագիծը: Այդ հանձնաժողովում Գիտությունների ազգային ակադեմիայից մարդ չի եղել հրավիրված: Ես հաշվում եմ, որ դա կոպիտ սխալ է, որովհետեւ հանրապետությունում գիտության կեսը մեր մոտ է:
Ճի՞շտ էր, որ հանձնաժողովներում ինչ քննարկումներ արվել են, ներկա եղել են բուհական ներկայացուցիչներ, ակադեմիայից ներկայացուցիչներ չեն եղել:
–Ի՞նչ են պատճառաբանում, ինչո՞ւ ներկայությունը չեն ապահովել բոլոր բնագավառներից:
-Նրանք չեն ընդունում, որ չեն ապահովել: Իրենք ասում են, որ մենք ավելի այլ ինստիտուտներին, որոնք այսօր գործում են, տվել ենք ավել մեծ ազատության հնարավորություն:
Մենք էլ պնդում էինք, որ այդ ինստիտուտները անազատ վիճակ չունեն:
–Դուք ինչպե՞ս եք գնահատում նորանշանակ նախարարի աշխատանքը: Կարծես նախկին նախարարից դժգո հություն շատ էր, նոր նշանակում կատարվեց: Կարողանո՞ւմ եք աշխատել նոր նախարարի հետ:
-Դե, ընդամենը նոր է նշանակվել: Հնարավորությունները՝ իր հետ քննարկելու, վիճելու, ավելի հեշտ է դառնում, քան նախորդ նախարարի հետ էր: Ընդամենը երկու անգամ եմ հանդիպել նախարարին:
–Կարելի՞ է ասել, որ փոխհամաձայնության եք եկել նախարարի հետ, Ձեր խնդիրների հետ կապված լուծումներ տվե՞լ են:
-Լրիվ ոչ, բայց խոստացել է, որ նորից կնայեն մեր առաջարակները: Վերջում կերեւա՝ որքանով է համապատասխանում մեր ցանկությանը:
-,Բարձրագույն կրթության մասինե օրենքում փոփոխություն կատարելիս որոշված է, որ պետք է համալսարանների ռեկտորներին այսուհետ նշանակի նախարարը. 3 հոգի ընտրեն եւ, ի վերջո, մեկին պետք է նախարարը ընտրի: Դուք կո՞ղմ եք այդ կետին: Չե՞ք կարծում, որ դա կքաղաքականացվի:
-Այդ մեթոդը, որ 3 հոգի ընտրվում են, հետո դրանցից մեկին նշանակում են վերադաս, դա հայտնագործություն է: Դա ես եմ արել, երբ 1993-2006թթ. Եղել եմ համալսարանի ռեկտոր:
Այդ ժամանակ, երբ ֆակուլտետի դեկանները պետք է նշանակվեին, ես, ուսումասիրելով աշխարհում գոյություն ունեցող տարբեր մոտեցումներ, եկա այն եզրահանգման, որ ֆակուլտետի գիտաուսումնական կոլեկտիվը առաջադրում, ընտրում է 3 մարդու եւ ներկայացնում վերադասին: Երկրի ղեկավարը այդ երեքից մեկին նշանակում է: Հիմա այդ սկզբունքն են կիրառել,բայց շատ նեղ ձեւով»: