24.11.2024
Մինասյան. Առաջնային է պահպանել «Հրազդան-Ցեմենտը»
prev Նախորդ նորություն

Ընդդեմ մենաշնորհի. Էլեկտրոնային առևտրի համար հստակ խաղի կանոններ են սահմանվում

Կառավարությունը մտադիր է օրենսդրական փոփոխությունների միջոցով հստակ խաղի կանոններ սահմանել, որպեսզի էլեկտրոնային հարթակներում առևտուրն ավելի դյուրին դառնա Հայաստանի քաղաքացիների համար: Անհրաժեշտ օրենքներում փոփոխությունները նախատեսող փաթեթը ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է:

VERELQ-ի հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ հաճախ հանդիպում են դեպքեր, երբ սպառողը ցանկանում է էլեկտրոնային հարթակի օգտագործմամբ որևէ ապրանք ձեռք բերել, բայց ներկայումս կան շատ օրենսդրական խոչընդոտներ:

«Առաջին հերթին խոսքն այն հարկային օրենսդրությամբ նախատեսվող պահանջների մասին է, ըստ որի պետք է ՀԴՄ կտրոն լինի, որն այն դեպքում ուղղակի անհնարին է: Դրա համար մենք վերացնում ենք այդ պահանջը օրենքից: Բացի դա սահմանում ենք, որ էլեկտրոնային վաճառողը ոչ միայն պետք է իր տվյալները նույնականացնի , այլ նաև գնորդը կամ գնելու ցանկություն հայտնողը` մտնելով էլեկտրոնային հարթակ ու կարողանալով այդ գործարքն իրականացնել` իր տվյալները ներառելով»,- նշեց նախարարը:

Փաթեթով բերվել է նաև փոփոխություն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում: Այս պահին գործող օրենսդրության համաձայն, ոչ պարենային ապրանքների մասով միայն սպառողի համար էր հնարավորություն տրված, որ նա կարող է պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքը փոխարինել: Արծվիկ Մինասյանի խոսքով` փոփոխությունները կտան հնարավորություն ոչ միայն փոխելու, այլև ետ վերադարձնելու, իսկ առանձին դեպքերում նաև վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորություն:

«Միտված լինելով սպառողների իրավունքների պաշտպանությանը և մյուս կողմից էլ` վաճառողների համար հնարավորություններն ավելի հստակեցնելով և ավելի կարգավորելի իրավական դաշտ ապահովելով մենք, ըստ էության, ապահովում ենք հավասար պաշտպանություն շուկայում թե' գնորդների, թե' վաճառողների համար: Սա նաև կօգնի ակնհայտորեն մենաշնորհի դեմ պայքարի հիմնական մոտեցմանը, որովհետև էլեկտրոնային հարթակի օգտագործմամբ առևտրի կազմակերպելը և իրականացնելը թույլ է տալիս ներքին գների նկատմամբ հսկողություն իրականացնող սուբյեկտներին այլևս շարժվել շուկայական կանոններով և ոչ թե իրենց դիրքն օգտագործելով փորձել սահմանել ակնհայտորեն անհամաչափ գին»,- ներկայացրեց կարգավորումների տրամաբանությունը նախարարը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես են կարգավորվելու մաքսային վճարումները, քանզի էլեկտրոնային հարթակներից օգտվելիս և բավականին մատչելի ապրանք գնելիս սպառողները, այդուհանդեւրձ, բախվում են թանկ մաքսատուրքերի հետ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ պահպանվում են ԵԱՏՄ շրջանակներում սահմանված կանոնները և այդ իմաստով մեծ փոփոխություն նախատեսված չէ: Այսինքն, եթե որևէ ապրանք ներմուծող այն բերում է Հայաստան վաճառքի և վճարում է մաքսատուրք, ապա այս դեպքում նույնպես այդ մաքսատուրքը կպահպանվի, որպեսզի չաղավաղվի նաև ապրանքի գնագոյացումը: Բայց դա նաև իր դրական ազդեցությունը կունենա:

«Այլ խնդիր է, որ սա կօգնի, որպեսզի առանձին դեպքերում ներմուծողները ոչ թե արհեստական ապրանքի գներ սահմանեն, այլ իրական գնագոյացում ետղի ունենա: Բացի դա, սա, ըստ էության, վարչարարության տեսակետից էլ կպարտադրի, որպեսզի վարչական հսկողության ժամանակ մաքսային մարմիններն առաջնորդվեն ապրանքի ձեռք բերման գնով, այլ ոչ թե տարբեր ենթադրություններ կամ վերլուծություններ իրականացնելով: Որովհետև երբ կա էլեկտրոնային առևտուր և դրա ժամանակ որևէ կոնկրետ ապրանք կամ ապրանքների խումբ X գնով է վաճառվում, այդ դեպքում ակնհայտ է, որ ինվոյսային գինը դրան մոտ պետք է լինի նաև ներմուծողի համար և արհեստական վարչարարության հնարավորությունը սահմանափակվում է»,- հավելեց Էկոնոմիկայի նախարարը: Նշենք, որ փաթեթը կքննարկվի առաջիկա օրերին` ԱԺ արտահերթի շրջանակում: