24.11.2024
Նախարար. Հայաստանը գնում է Ղարաբաղի աստիճանաբար ճանաչմանը
prev Նախորդ նորություն

Մինասյան. Առաջնային է պահպանել «Հրազդան-Ցեմենտը»

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում, որը մեկնարկեց այսօր, դարձյալ «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին նախագիծն է, որի քվեարկությունը երկու շաբաթ առաջ տապալվեց:

Հիշեցնենք, ապրիլի 26-ի ԱԺ նիստում նախագիծը, որն արդեն անցել էր երկու ընթերցում, ընդդիմության ջանքերով տապալվեց և վերջնական չընդունվեց, քանզի պատգամավորները դեմ էին, որպեսզի պետությունը վճարի «ինչ-որ մեկի կուտակած հարկերի դիմաց»: Մինչդեռ Կառավարությունը պնդում է` խոսքը ոչ թե պետական գումարներով ինչ-որ մեկի կուտակած պարտքերը մարելու մասին է, այլ դրանցից գոյացած տույժերը, ինչը հնարավորություն կտա պահպանել արտադրությունն ու 470 աշխատատեղը:

Նախքան նախագծի ներկայացնելը նիստում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը VERELQ-ի հետ զրույցում նշեց, որ այսօր «Հրազդան-Ցեմենտ» գործարանը իսկապես ծանր վիճակի մեջ է և սա մի քայլ է, որ պետությունը նախաձեռնել է իրականացնել գործարանին շանս տալու նպատակով: Բայց որևէ երաշխիք, որ այս փոփոխությամբ գործարանը այնուամենայնիվ կփրկվի, ավելացրեց նա, այս պահին որևէ մեկը չի կարող տալ: Միևնույն ժամանակ Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ եթե այս քայլ չարվի, ապա ոչ միայն կզրկվենք գործարանից ու իր աշխատատեղերից, այլ նաև պետությունը չի կարողանա անգամ ստանալ հարկային հիմնական գումարները:

«Այս նախագիծով ընդամենը քայլ է արվում զիջել տույժերը և ոչ թե գործարանի հարկային մայր գումարները: Մայր գումարները պահպանվում են և պետք է վճարվեն ընկերության կողմից, իսկ բաժնետեր հանդիսացող բանկն իր հերթին ներկայացրել է զարգացման ծրագիր, որի շրջանակում պետք է լրացուցիչ վարկային միջոցներ հատկացնի ընկերությանը, որովհետև այն կարիք ունի նաև վերազինման, այլ ոչ միայն ընթացիկ հումքը ձեռք բերելու: Բայց սա ավելի ապագայի ծրագիր է, քանզի խոսքը մեծածավալ ներդրումների մասին է»,- ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանի խոսքով` այսօր առաջնային է լուծել ձեռնարկության պահպանման հարցը, որը թույլ կտա արտադրել` պահպանելով 470 աշխատատեղ և 200 հազար կիլոտոննայի հասցնելով տարեկան արտադրությունը: Սա էլ, իր հերթին, հետագայում հնարավորություն կտա ավելացնել գումարներ և կատարել ներդրումներ արդեն գործարանը թարմացնելու համար:

«Հետևաբար այս տեսակետից նախագիծը մեկնաբանել կամ ներկայացնել այն կոնտեքստում, թե «Հրազդան-Ցեմենտի» պարտքերը զիջվում են ինչ-որ հանցագործի կամ հանցագործության մեջ կասկածվող անձի ակնհայտորեն իրականությունից դուրս է: «Հրազդան-Ցեմենտի» բաժնետերը ներկայումս չի հանդիսանում այն անձը, ում մասին խոսում են («Հրազդան-ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր- խմբ.):

«Հրազդան-Ցեմենտի» բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականությունը պատկանում է «ՎՏԲ Հայաստան» բանկին, կառավարիչ «Հրազդան-Ցեմենտ տորգ» կազմակերպությունը` ևս, և նշանակված է կառավարիչ, որն իրականացնում է գործարանի կառավարում: Բայց եթե պատգամավորներն ուզում են այլ հարթության մեջ տանել այս հարցը, ապա դա այս նախագծի շրջանակներից դուրս է»,- կրկնեց նախարար Մինասյանը` ակնկալելով կառուցողական մոտեցում արտահերթ նիստի շրջանակում կայանալիք նածագծի քննարկման ժամանակ: