24.11.2024
Մամուլ. Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Անցումային վարչապետ Մարուքյանը իշխանությունը կփոխանցի Միքայել Մինասյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին տեղեկությունները հրապարակվելուց հետո քաղաքական կուլիսներում քննարկում են, որ Միքայել Մինասյանը «փչացնում» է Փաշինյանի հավանական «իրավահաջորդին»՝ վարչապետի պաշտոնում Միրզոյանի նշանակումն արդեն կարելի է բացառել։ Ավելին, հանրության ուշադրությունը սեւեռում են Մինասյանի թղթապանակի հաստության վրա՝ ակնարկելով, որ հերթում մյուսներն են։ Նպատակն անցումային վարչապետի պաշտոնին Էդմոն Մարուքյանին կարգելն է, որը մեկ տարի անց՝ ընտրություններում, իշխանությունը կփոխանցի Մինասյանին։ Ի դեպ, իմքայլականները չեն թաքցնում, որ վախենում են այդ սցենարից։ Երեկ, երբ Մարուքյանն իր ելույթում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, Հովիկ Աղազարյանը տեղից նետեց․ «Հա, կտա, բայց պիտի խոստանաս, որ դու վարչապետի թեկնածություն չես առաջադրելու»։ Մեզ հետ զրույցում իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հորդորեց լուրջ չընդունել Միրզոյանի ձեռքով գրված դիմումը՝ ԱԱԾ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին․ «Հերթական սեւացնելու գործընթացն է գնում։ ԱԱԾ-ն փակեց այդ հարցը՝ հերքելով հայտարարությունը»։ Բայց 10 րոպեում հնարավո՞ր էր ձեռագրաբանական փորձաքննություն իրականացնել։ «Ես չգիտեմ՝ իրականացրե՞լ է, թե՞ ոչ։ Ես հավատում եմ ԱԱԾ-ի հայտնած տեղեկատվությանը, քանի որ այն պաշտոնական է եւ որեւէ քաղաքական գործչի հայտարարություն չէ»։ Ա՞յն ԱԱԾ-ին, որը, օրինակ, հորդորում է գերի ընկնելու դեպքում զանգահարել իքս համարի։ «Բոլոր ժամանակների ԱԱԾ-ները շատ լուրջ կառույցներ են, եւ պետք է կառույցի հայտնած տեղեկատվությունը հիմք ընդունել»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։ Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նա նշել է, որ պետական դավաճանության մասին հաղորդումները պարունակում են բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Հատկապես անխոցելի է իրավաբան գիտնականների կողմից ներկայացված հաղորդումը, որը իրավական առումով ենթադրում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալություն։ Դավթյանը անհանգստություն է հայտնել այն մասին, որ ինքը կարող է դառնալ քավության նոխազ այս գործընթացում, սակայն գիտակցելով այս ամենը՝ չի կարող կատարել որեւէ կոնկրետ քայլ՝ Հայաստանի անվտանգության համար նոր սպառնալիքներ չհարուցելու մտավախությամբ։ Մեր աղբյուրը նշեց, որ Դավթյանը չի պատրաստվում իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի արածների համար պատասխանատվությունը եւ ճիշտ պահին կանի բոլոր անհրաժեշտ գործողությունները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները պտտվում են, սակայն դեռ առարկայական չեն, կոնկրետ չկա մատնանշված ժամկետ, այնուամենայնիվ իշխանությունների ներսում՝ կուլիսային մակարդակներում լայնորեն քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն, իշխանությունները լրջորեն պատրաստվում են արտահերթ ընտրությունների: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպում է ունեցել Արամ Սարգսյանի, Գուրգեն Արսենյանի եւ մեկ-երկու այլ քաղաքական ուժերի ղեկավարների հետ ու արդեն Սարգսյանին ու Արսենյանին առաջարկել է միասին մեկ դաշինքով գնալ ընտրությունների: Ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանը նպատակ ունի այդ դաշինքում ներառել նաեւ «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանին, փորձ է արվում այդ դաշինքում ներառել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որպեսզի Փաշինյանի շուրջ լայն կոնսոլիդացիա ապահովվի, ու միասին գնան ընտրությունների: Սակայն այսօրվա դրությամբ միայն հայտնի է որ Արամ Սարգսյանն ու Գուրգեն Արսենյանն են համաձայնել Փաշինյանի հետ դաշինք կազմել: Մյուսների մասով դեռ քննարկումներ են ընթանում: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ արդեն սկսել է հանդիպում-քննարկումներ ունենալ իր կուսակիցների հետ՝ նաեւ մարզերում: Ըստ մեր տեղեկությունների, ՀՀ վարչապետն անձամբ չի մասնակցում այդ պրոցեսներին, ապագա ընտրությունների կազմակերպումը հանձնարարված է ՔՊ-ականներ Սուրեն Պապիկյանին, Ռուբեն Ռուբինյանին, Արայիկ Հարությունյանին, որին առաջիկայում կմիանան Էդուարդ Աղաջանյանը՝ Դիջեյ Էդոն, Ռոմանոս Պետրոսյանը: Առայժմ այս անձինք հանդիպում են իրենց կուսակիցների հետ, ճշտում են տրամադրությունները, պահանջ կա նաեւ մեծացնել կուսակցականների թիվը, ու այժմ իշխանությունները ամենատարբեր խոստումներն են տալիս մարդկանց. մի հատվածին մանր-միջին մակարդակի աշխատանքի են տեղավորում, կամ նման խոստումներ տալիս, միայն թե մազերում համախմբվեն իրենց շուրջ: Ստացվում է՝ եւ իշխանությունը եւ ընդդիմությունը նախընտրական քարոզչությունն արդեն սկսել են, քանի որ 17 կուսակցություններն էլ իրենց հերթին են քայլեր անում այդ ուղղությամբ՝ շրջելով մարզերում: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժությունների են պատրաստվում՝ արդեն Հայաստանի սահմանին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմության փողոցային պայքարը, կարծես թե, մարում է: Համենայնդեպս, ինչ 2021 թվականը սկսվել է, փողոցային պայքարը չի շարունակվում, ու «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ 17 կուսակցությունների լիդերներն առաջվա ակտիվությամբ ու ջերմեռանդությամբ չեն հանդիպում միմյանց հետ, չեն քննարկում առաջիկա անելիքները, եւ ընդդիմության դաշտում այն նույն խուճապային ու անկումային տրամադրություններն են, ինչ իշխանությունների ներսում է: Մենք բազմիցս ենք հրապարակել, որ 17 կուսակցություններից ոչ բոլորի համար է ընդունելի եղել Վազգեն Մանուկյանին ՀՀ վարչապետի միասնական թեկնածու առաջադնելու գաղափարը, ու հատկապես նախօրեին՝ Գյումրիում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո, ավելի է ամրացել քաղաքական լիդերների մոտ այդ տպավորությունը:  Հասկանալի է միաժամանակ նաեւ, որ ընդդիմությունը այս պահին չի կարող ՀՀ վարչապետի իր թեկնածուին փոխել, քանի որ ստացվելու է, որ դեռեւս հաջողություն չունենալով՝ պարտվեցին, եւ Վազգեն Մանուկյանը, այնուամենայնիվ, չկարողացավ դառնալ միասնական թեկնածու: 17 կուսակցության լիդերներն էլ, իրենց օրակարգում ունենալով միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը՝ որպես նպատակ ու ծրագիր, որեւէ այլ մեսիջ հանրությանը չկարողացան այդպես էլ փոխանցել: Դեռեւս նոյեմբերի 9-ից համախմբված 17 կուսակցությունները՝ որպես միասնական ընդդիմություն, մինչեւ այսօր գեթ մեկ հաջողություն չի կարողացել գրանցել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հաստատվեց մեր լուրը` առողջապահության նախարարի պաշտոնից Արսեն Թորոսյանը հրաժարական ներկայացրեց եւ, ի զարմանս անգամ իր ընկերների, համաձայնեց նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի պաշտոնին։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը տեւական ժամանակ ուզում էր ազատվել Աղաջանյանից․ այստեղ որոշակի դերակատարում է ունեցել նաեւ նրա խոսնակ Մանե Գեւորգյանը։ Ինչ վերաբերում է Թորոսյանին պահելուն, որը հետպատերազմյան օրերին քննադատել է Փաշինյանին եւ առաջարկել՝ հեռանալ, պատմեցին, որ Փաշինյանն է ամեն գնով ցանկացել Թորոսյանին պահել իր կողքին՝ որպես ՀԱԿ-ի հետ կապող օղակ։ Այս օրերին, երբ համախոհների բանակը խիստ կրճատվել է, ձգտում է քիչ թե շատ վերականգնել ՀՀ առաջին նախագահի հետ հեռահար համագործակցությունը, եւ Թորոսյանին ակնարկել են կոմպրոմատների եւ առանց իշխանության ապրելու վտանգների մասին։ Իսկ Թորոսյանը մտավախություններ ունի, որ Փաշինյանի հրահանգով արած քայլերի արդյունքում մեծ թվով թշնամիներ է ձեռք բերել, օրինակ՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի դեմ հարուցված քրգործը, ուստի հանգիստ ապրել չի ստացվի, եւ ինքը մտածում է Հայաստանից հեռանալու մասին։ Թերեւս նաեւ սա է պատճառը, որ համաձայնել է պաշտոնին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, նա ԱՆ առաջին փոխնախարարն էր։ Նրա ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր եւ մտերիմ են։ Մասնավորապես՝ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ նախարարության եւ դրա ենթակայության կառույցների հետ։ Բայց ուշագրավն այն է, որ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է։ Եթե տիկինը կիսում է ամուսնու հայացքները հավատքի հարցում, ստացվում է՝ աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս հավատացյալը։ Նորանշանակ նախարարը ողջ օրը չպատասխանեց մեր զանգերին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի ընտրության հարցը չի ընդգրկվել երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում։ Իշխանականները վստահեցրին, որ խնդիրը «տեխնիկական» է՝ եկող քառօրյային կառաջադրեն նրան, նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Սորոսի հիմնադրամի Բորդի անդամ Դավիթ Խաչատուրյանին, եւ քվեարկությունը միաժամանակ կկազմակերպեն։ ԼՀԿ-ից երեկ հայտնեցին, որ դեռ չեն քննարկել՝ ինչպես են քվեարկելու, ամենայն հավանականությամբ, ազատ կթողնեն, որպեսզի Մարուքյանի մտերիմ Ջհանգիրյանն ընտրվի ԲԴԽ անդամ։ Տեղեկացանք նաեւ, որ օրերս Ջհանգիրյանն անձամբ է խնդրել Գագիկ Ծառուկյանին՝ աջակցել իրեն, եւ ԲՀԿ-ն նույնպես «ազատ» քվեարկություն կանի։ Միքայել Մելքումյանն ասաց, որ դեռ չեն քննարկել, թե ինչպես են քվեարկելու։ Նկատենք, որ Ջհանգիրյանը ԲԴԽ է գնում դատական համակարգը «կոտրելու» համար, եւ ԲՀԿ-ն, որն ամենից շատ է հայտնվում իրավապահների թիրախում, սրանով ինքն իրեն զրկում է քաղաքական հետապնդումների չենթարկվելու երաշխիքից»:


«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին մեկնարկեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը, օրակարգում ներառված էր 46 հարց: Արտաքուստ սա քառօրյա նիստերի համար բավականին հագեցած օրակարգ է։ Սակայն առաջին տպավորությունը խաբուսիկ է, քանզի երկրի առաջ ծառացած եւ կենսական նշանակություն ունեցող հարցերից ոչ մեկը չկա։ Փաստացի պառլամենտական երկրի օրենսդիր մարմինը իր օրակարգում ներառում է ստեղծված իրադրության հետ ոչ մի աղերս չունեցող հարցերի մի ամբողջական խմբաքանակ, երբ երկրում տիրում է ակնհայտ քաղաքական ճգնաժամ, պետությունը կանգնած է տնտեսական կոլափսի եզրին, առկա է անվտանգային, սահմանային հարցերի, գերիներին առնչվող չլուծված խնդիրների անվերջ շարան։ Ավելին, երբ առաջարկվում է ԱԺ օրակարգում ներառել անհետ կորածների հայտնաբերման եւ գերիների վերադարձի, ինչպես նաեւ ռազմական գործողության ժամանակ եւ խաղաղ պայմաններում անհետ կորած, գերի ընկած պայմանագրային զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված եւ կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ գերի ընկած քաղաքացիական անձանց ընտանիքի անդամներին դրամական օգնություն տալու ու պետական նպաստ սահմանելու մասին նախագծեր, իշխանական խմբակցությունը միահամուռ դեմ է քվեարկում։ Փոխարենը իշխանության «կարկառուն» պատգամավորներից մեկը թիվ մեկ ամբիոնից հոխորտում է, թե «գերիների հարցը շահարկելն ընդամենն իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է», իսկ մեկ այլ պատգամավորուհի էլ վստահեցնում է, թե՝ «մենք այսօր ունենք լրջագույն խնդիրներ եւ այդ խնդիրների անունը ընդդիմություն է»։  Ինչպես մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետներից մեկը, վիճակն իսկապես չափազանց ծանր է, իսկ «իմքայլականների» պահվածքը ցույց է տալիս, որ նրանք բացարձակ այլ իրականության մեջ են, որը ոչ մի աղերս չունի բուն իրականության հետ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել՝ պատերազմի արդյունքում տուժած իր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտումների վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գանգատը ներկայացվել է հունվարի 15-ին, այն պատրաստվել է միջազգային իրավունքի ոլորտում հայտնի փորձագետների ու ադրբեջանցի իրավաբանների կողմից։ Բողոքում ներկայացված են փաստեր Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անունից ներկայացված գանգատում նշվում է, որ Հայաստանի կողմից նախկինում «օկուպացված» տարածքներում կան մեծ թվով ականներ, որ Ադրբեջանի գյուղերն ու քաղաքները հավասարեցված են հողին, եւ որ «անօրինական զինված ուժերի առկայության դեպքում Ադրբեջանի քաղաքացիներն իրենց տուն վերադառնալու հնարավորությունից զրկված են»։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ նոյեմբերի 21-ին էր հոդված հրապարակել եւ ահազանգ հնչեցրել այն մասին, որ ադրբեջանական կողմը խոսում է 50 մլրդ դոլարի փոխհատուցման մասին, որը Հայաստանի համար աստղաբաշխական թիվ է: Ավելին, Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Կոչին Ահունդզադեն նույնիսկ առաջարկ էր հնչեցրել, թե այդ գումարի դիմաց հայկական կողմը կարող է տալ Զանգեզուրը։ Ավելին, թուրքական հեռուստաընկերությամբ դեռ դեկտեմբերի 8-ին էր նման բովանդակությամբ տեսանյութ հրապարակվել՝ կրկին պահանջելով Զանգեզուրը՝ գումարի դիմաց, ու այդ նյութում Թուրքիայի դատախազությունը Հայաստանի հասցրած վնասները Ադրբեջանին գնահատել էր 820 մլն դոլար: Ավելին, դեռեւս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով ահազանգ էր հնչեցրել, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման եւ դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին:


Եվ հիմա նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը Ադրբեջանի համար իրավական հիմք է առաջացրել Հայաստանի դեմ փոխհատուցման պահանջով հայց հարուցելու համար, որն էլ նրանք արդեն պաշտոնապես կատարեցին: Եվ ուշագրավ է, որ մինչ մամուլը եւ տարբեր գործիչներ բարձրաձայնում էին Ադրբեջանի կողմից նման քայլեր անելու հնարավորության մասին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարում էր, թե նման հայցի մասին խոսում է միայն Գեւորգ Կոստանյանը: Ավելին, Կիրակոսյանը նաեւ 2021-ին հունվարի 16-ին հայտարարեց, թե հայկական կողմը եւս պատրաստվում է ՄԻԵԴ դիմում ներկայացնել: Ստացվում է՝ մինչ հայկական կողմը պատրաստվում է այդպիսի դիմում ներկայացնել, ադրբեջանական կողմն արդեն մեկ քայլ առաջ է անցել եւ արդեն իսկ նման դիմում է ներկայացրել: Իսկ թե ինչու Ադրբեջանը կրկին առաջ անցավ, հայկական կողմն այդպես էլ չի կարողանում մեկնաբանել: Երեկ՝ ամբողջ օրը, Կիրակոսյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի հասկանայինք, թե ինչով է նա զբաված այս օրերին: Այսպիսով, ինչպես պատերազմին էին պատրաստվում մեր երկրում հունիսից, երբ արդեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել էր գրավոր, որ լայնամասշտաբ պատերազմ է սպասվում՝ Թուրքիայի ներգրավմամբ, այնպես էլ իրավական ու դիվանագիտական գործիչներն են պատրաստվում Ադրբեջանի իրավական հարձակումներից պաշտպանվել՝ դանդաղ, կիսաքայլերով ու շատ հաճախ ուշացած, որոնք անխուսափելիորեն էլի բերելու են պարտության»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «38 տարի անց կրկին հայտնվելով Շուշիում՝ Ալիեւը պահը բաց չթողեց արցախցիներին «երկաթե» բռունցքի մասին հիշեցնելու համար: Նման հայտարարություններն առաջին հերթին ուղղված են Ադրբեջանի ներքին լսարանին: Ալիեւը համառորեն փորձում է իր ժողովրդին եւ ինքն իրեն համոզել, որ պատերազմում հաղթել է Ադրբեջանի բանակը, բայց իրականում պատերազմի ելքը որոշել են թուրքական անօդաչու թռչող սարքերը, թուրք զինվորականները, ջիհադիստ ծայրահեղականները եւ աննախադեպ խտությամբ հրթիռահրետանային հարվածները: Ալիեւի այդ հայտարարությունն ուղղված է նաեւ պատերազմի ելքի հետ չհամակերպվող Արցախի ժողովրդին, որը երբեք չի ընդունի իր հազարամյա բնակավայրերի կորստի փաստը: Նա ունի առարկայական վախեր եւ անվտանգությունը սեփական զինված ուժերի համալրմամբ ապահովելու արցախցու ձգտումը գնահատում է որպես ռեւանշի նախապատրաստություն: Պարզ է, որ հրադադարի պայմանավորվածությունների խախտման դեպքում 40-50 հազարանոց ադրբեջանաթուրքական եւ ջիհադիստ ծայրահեղականներով շրջափակված Արցախը միայն 2000 ռուս խաղաղապահներով չի կարողանա դիմակայել հերթական ագրեսիային: Հետեւաբար, Արցախի պաշտպանության բանակի առկայության անհրաժեշտությունը քննարկման ենթակա չէ, ինչպես նաեւ այն, որ այնտեղ ծառայելու են նաեւ կամավորներ Հայաստանից եւ սփյուռքից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական ենթամշակույթի դեմ անխոնջ պայքար մղած կամ, այսպես ասած, «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին պարգեւատրել են: Տեղեկացանք, որ 30 տարեկան երիտասարդ քննիչին գնդապետի կոչում են տվել «օրենքով գողերի» հետ կապված աշխատանքի համար: Իսկ ո՞ւմ գործն է քննել 30-ամյա նորաթուխ գնդապետը: Նա քննել է «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու վերաբերյալ հարուցված քրեական գործը: Գնդապետի կոչումը Մարգարյանը ստացել է նաեւ Գող Ալոյի՝ Ալեքսանդր Մակարյանի գործը քննելու համար: Իսկ ի՞նչ էին արել «օրենքով գողերը». քննիչները պարզել են երկարաշունչ բովանդակությամբ հետեւյալ հանցանքը. «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի եւ «զոն նայող» հանդիսացող քրեական հեղինակության՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու եւ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացիներ են դիմել նրանց: Այս գործով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորության գործերով քննության վարչությունում նախաքննության ավարտ է հայտարարվել: Ասել է թե՝ «օրենքով գողեր» Գող Ալոյի եւ Արսեն Երեւանսկու գործերը քննած փոխգնդապետ քննիչին փոխահատուցել են գնդապետի կոչումով»: