Ադրբեջանին հանձնված շրջանները Արցախում կարևոր նշանակություն ունեին նաև գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից ու այսօր Հայաստանը լուրջ խնդրի առաջ է կանգնել: Պետությունը պետք է անհապաղ գործի անցնի՝ գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում ասաց գործարար-ֆերմեր Հարություն Մնացականյանը:
Վերջինս պատերազմի ելքի հետևանքով կորցրեց իր վեց տարվա աշխատանքը՝ Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքում շուրջ 200 հեկտար հացահատիկային կուլտուրաներ էր մշակում: Իսկ շրջանը հանձնվեց Ադրբեջանին։
Մնացականյանի խոսքով, 90 000 հա հողատարածք է հանձնվել Ադրբեջանին, որտեղ աճեցվել է մինչև 150 000 տոննա հացահատիկային և հատիկաընդեղենային կուլտուրաներ, չհաշված այգեգործությունը։
"Արցախը ապահովում էր ՀՀ արտադրվող հացահատիկային կուլտուրաների մոտ 20%-ը։ Այդ բացը առաջիկա տարիներին լրացվելու է Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից ներմուծման դեպքում, բացառությամբ հաճարի, քանի որ այդ մշակաբույսն այնտեղ շատ քիչ են մշակում ու հաճարը հիմնականում Հայաստանից է արտահանվել: Ընդ որում, արտահանվել է ոչ միայն ՌԴ, այլև Բելգիա, ԱՄՆ և Իտալիա",- ասաց ֆերմերը։
Այսինքն, ընդգծեց նա, հաճարի հետ կապված Հայաստանը լրջագույն խնդիրներ ունի:
Ինչպիսի՞ լուծում է նա տեսնում ստեղծված իրավիճակում: Մնացականյանը մի տարբերակ է տեսնում՝ առաջիկա տարիներին մեր չմշակվող 200 000-ից ավել գյուղ նշանակության հողատարածքներում նորից մշակության անցնելն է։
Հարցին՝ իշխանությունները ունե՞ն ծրագիր, թե ինչպես լուծեն այս խնդիրը, մեր զրուցակիցն ասաց, որ դեկտեմբերի 22-ին իրեն զանգահարել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հաճարի աճեցման հետ կապված թվային տվյալներ ներկայացնելու խնդրանքով և տեղեկացրել, որ հացահատիկայինի հատիկաընդեղենի հետ կապված նոր ծրագիր են գրում. "Կարծում եմ մոտ օրերս կհրապարակեն",- ասաց նա:
Ինչ վերաբերում է հացահատիկին, ապա Հարություն Մնացականյանը հիշեցրեց, որ Հայաստանն այն հիմնականում ներմուծվում է, քանի որ տեղական արտադրանքը բավարարում է ընդհանուր պահանջարկի մաքսիմում 30%-ը:
Նշենք, որ միայն 2019 թվականին Հայաստանը ներմուծել է 250 հազար տոննա ցորեն, որի գերակշիռ մասը՝ շուրջ 90%-ը, Ռուսաստանից:
Լիա Խոջոյան